ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0245/02/14
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան
Դատավորներ՝ |
Ա. Սմբատյան |
Կ. չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
տ. պետրոսյան |
|
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | ||
|
|
Մ. Դրմեյան |
|
|
Գ. Հակոբյան |
Ս. Միքայելյան | ||
Ն. Տավարացյան |
2019 թվականի ապրիլի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ալբերտ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու, պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Հովհաննիսյանի ընդդեմ Լորիկ Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ալբերտ Հովհաննիսյանը պահանջել է Լորիկ Վարդանյանից բռնագանձել 445.000 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև նշված գումարին հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումարը՝ սկսած 15.06.2008 թվականից մինչև պարտավորության կատարման օրը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) 09.02.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Խառատյան, Գ. Կարախանյան, Ս. Թորոսյան) 21.07.2016 թվականի որոշմամբ Լորիկ Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.02.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 22.12.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.08.2018 թվականի որոշմամբ Ալբերտ Հովհաննիսյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին բավարարվել է, պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է`տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումը վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալբերտ Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով Վերաքննիչ դատարանը չի իրականացրել բողոքին կից ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, իսկ նրա եզրահանգումները և դատողությունները չեն բխում գործում առկա ապացույցներից: Մասնավորապես` սույն գործով բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից: Միջնորդության հետ ներկայացվել է հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու մասին ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 13.07.2018 թվականի որոշումը, մարտական գործողությունների մասնակից լինելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների պաշտպանության վարչության կողմից 27.07.2011 թվականին տրված թիվ 7318 վկայականը, ըստ որի՝ բողոք բերած անձն իրավունք ունի օգտվելու մարտական գործողությունների մասնակցի համար ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից: Միաժամանակ բողոք բերած անձը փաստարկել է, որ կենսաթոշակառու է, 3-րդ կարգի հաշմանդամ և միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից նրա փաստարկներն ու ներկայացրած ապացույցները հաշվի չեն առնվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն վերացնել Վերաքննիչ դատարանի 08.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու, պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասերով:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն`վերաքննիչ բողոքում նշվում են բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`ա) պետական տուրքի վճարումից ազատում (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլոց, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, «Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Ալբերտ Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 22.12.2017 թվականի վճռի դեմ: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություններ (հատոր 4-րդ գ.թ. 7-11): Ընդ որում, պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը ներկայացվել է այն հիմնավորումներով, որ Ալբերտ Հովհաննիսյանը կենսաթոշակառու է, 3-րդ կարգի հաշմանդամ, պատերազմական գործողությունների մասնակից, որպիսի փաստերը հաստատող ապացույցները գտնվում են գործում (հատոր 1-ին գ.թ. 13-14): Միջնորդությունում միաժամանակ նշվել է, որ այդ ամենը հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 13.07.2018 թվականի որոշմամբ իրեն տրամադրվել է անվճար իրավաբանական օգնություն՝ կցելով նշված որոշման պատճենը (հատոր 4-րդ գ.թ. 13-14):
Վերաքննիչ դատարանը, 08.08.2018 թվականի «Բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու, պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարումից ազատելու մասին Ալբերտ Հովհաննիսյանի միջնորդությունը և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերի պատճենները` բողոքաբերի ընտանեկան (գույքային) դրության վերաբերյալ ապացույցներ չեն՝ նրան պետական տուրքի վճարումից ազատելու համար (հատոր 4-րդ գ.թ. 18-20):
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործում առկա՝ Ալբերտ Հովհաննիսյանի անձնագրի, 01.04.2010 թվականի կենսաթոշակառուի վկայականի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 20.09.2013 թվականի տեղեկանքի, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 13.07.2018 թվականի թիվ 1624/18-Ա որոշման ուսումնասիրման արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալբերտ Հովհաննիսյանը 77 տարեկան է, կենսաթոշակառու և 3-րդ կարգի հաշմանդամ, որպիսի հանգամանքները կարող են վկայել նրա որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտության մասին:
Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում տրված «հաշմանդամ» հասկացության բնորոշումը, այն է՝ հաշմանդամ անձ, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն, գտնում է, որ նման կարգավիճակի ձեռքբերումը վկայում է անձի մոտ առողջական խնդիրների մասին, որոնց հետևանքով վերջինս հնարավոր է չկարողանա զբաղվել աշխատանքային գործունեությամբ, ինչն իր հերթին կարող է հավաստել աշխատավարձի կամ այլ եկամտի բացակայությունը, որպիսիք անմիջականորեն ազդում են անձի գույքային դրության վրա:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կենսաթոշակառու և հաշմանդամ լինելու հանգամանքները վկայում են անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտության մասին, որպիսի փաստական հանգամանքների առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում ևս կարող են վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի՝ գույքային ծանր դրության վերաբերյալ:
Նման պայմաններում ելնելով անձի՝ արդարադատության մատչելիության գործնականում ապահովման նպատակից և անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայության սկզբունքից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի փաստարկները և ներկայացրած ապացույցները վերաբերել են նրա գույքային դրությանը և բավարար են եղել՝ Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի վճարումից ազատելու գծով պետական տուրքի վճարման արտոնության կիրառման համար, հետևաբար պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է ոչ իրավաչափորեն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի խախտման արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ սահմանափակելով բողոք բերած անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մասնակիորեն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասերով վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.08.2018 թվականի «Բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու, պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող | Տ. պետրոսյան |
վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ն. Տավարացյան |