Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.18
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2016
Дата вступления в силу
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0189/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0189/02/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան  

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 

 Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գյուլնարա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Գյուլնարա Սարգսյանի` վնասի հատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Գյուլնարա Սարգսյանից բռնագանձել 380.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնաս, որից 200.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանական ծառայության վճար, իսկ 180.000 ՀՀ դրամը՝ որպես տրանսպորտային և մասնագետ ներգրավելու համար կատարված ծախսեր:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Սեդրակյան) (այսուհետ` Դատարան) 01.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2015 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 01.07.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուլնարա Սարգսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համայնքը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Գյուլնարա Սարգսյանի գործողություններով Համայնքին վնաս է պատճառվել, քանի որ վերջինս թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործի շրջանակներում ստիպված է եղել իր իրավունքները պաշտպանելու համար կատարել ծախսեր: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի ոչ իրավաչափ գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, իսկ անձի՝ իրավունքների և ազատությունների (թեկուզև ենթադրյալ) դատական պաշտպանության իրավունքի իրականացումն ինքնին չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գյուլնարա Սարգսյանը թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործի շրջանակներում իրացրել է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իր իրավունքը: Նման պայմաններում թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործի շրջանակներում Համայնքի կատարած դատական ծախսերը չեն կարող դիտվել որպես վերջինիս պատճառված վնաս, քանի որ Գյուլնարա Սարգսյանի՝ դատական պաշտպանության իրավունքի իրացմանն ուղղված գործողությունները չեն կարող գնահատվել որպես ոչ իրավաչափ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ 3-2431(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշման մեջ նշված նորմին տրված մեկնաբանություններին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.07.2015 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գյուլնարա Սարգսյանի անհիմն գործողությունների՝ ակնհայտ անհիմն հայցապահանջ ներկայացնելու արդյունքում Համայնքին պատճառվել է 350.000 ՀՀ դրամի վնաս, որը ենթակա է հատուցման Գյուլնարա Սարգսյանի կողմից: Սույն գործով ապացուցվել է այն հանգամանքը, որ Գյուլնարա Սարգսյանի մեղքով Համայնքն իր իրավունքների պաշտպանության նպատակով կատարել է ծախսեր և կրել է վնասներ: Մասնավորապես, Համայնքը, հաստիքով իրավաբան չունենալու պատճառով, իր շահերը պատշաճ իրականացնելու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր է կնքել փաստաբան Արսեն Դանիելյանի հետ: Ներկայացուցչի մասնակցությունը դատարանում ապահովելու համար կատարվել են տրանսպորտային ծախսեր: Համայնքի աշխատակազմում ճարտարապետի թափուր հաստիքի պատճառով տվյալ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցի պարզաբանման համար հրավիրել է նաև համապատասխան ճարտարապետ-մասնագետ, որի կողմից մատուցված ծառայության համար ևս կատարվել են ծախսեր:

Գյուլնարա Սարգսյանի ներկայացրած հայցապահանջն ակնհայտ անհիմն է եղել, քանի որ նրա կողմից չեն պահպանվել ՀՀ կառավարության կողմից շինարարական թույլտվություն ստանալու համար սահմանված պայմանները, բացի այդ, Գյուլնարա Սարգսյանի կողմից ներկայացրած նախագիծը հողազավթումով է, ինչը բացահայտվել է հրավիրված ճարտարապետի կատարած մասնագիտական զննության արդյունքում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ըստ Գյուլնարա Սարգսյանի հայցի ընդդեմ Համայնքի՝ շինարարության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.02.2015 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է Գյուլնարա Սարգսյանի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Նշված որոշմամբ ՀՀ վարչական դատարանը դատական ծախսերին անդրադարձել է և կողմերի միջև բաշխել միայն պետական տուրքը (հատոր 1-ին, գ.թ. 50):

2. Համայնքի և «Արսեն Դանիելյան» Ա/Ձ-ի միջև 22.08.2014 թվականին կնքված թիվ ՀՀԿՄԲՔ-ԾՁԲ-58 ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն՝ Արսեն Դանիելյանը պարտավորվել է պատվիրատուին մատուցել փաստաբանական ծառայություններ, մասնավորապես՝ Համայնքի անունից հանդես գալ ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործով, իսկ նույն պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի գինը սահմանվել է 200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 3):

3. 18.09.2014 թվականի թիվ 7715 բանկային փոխանցմամբ «Արսեն Դանիելյան» Ա/Ձ-ի հաշվին մուտքագրվել է 200.000 ՀՀ դրամ, իսկ վճարման նպատակը բաժնում նշվել է՝ «փաստաբանական ծառայություն» (հատոր 1-ին, գ.թ. 20):

4. Համայնքի ղեկավարի օգնական Հ. Լալայանի 17.03.2015 թվականի զեկուցագրով՝ ուղղված Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասանյանին, հայտնվել է, որ թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործով Համայնքին պատճառվել է զգալի նյութական վնաս` 200.000 ՀՀ դրամ վճարվել է փաստաբան Արսեն Դանիելյանին, 150.000 ՀՀ դրամ պետք է վճարվի ճարտարապետ-մասնագետ Հայկ Վարդանյանին, և 30.000 ՀՀ դրամի չափով կատարվել են տրանսպորտային ծախսեր (հատոր 1-ին, գ.թ. 15):

5. Սույն գործով Համայնքի հայցի առարկան 380.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի հատուցումն է, որպես հայցի փաստական հիմք Համայնքը վկայակոչել է թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործի շրջանակներում գործի քննության հետ կապված իր կողմից դատական ծախսեր կատարելու հանգամանքը, իսկ որպես հայցի իրավական հիմք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը (հատոր 1-ին, գ.թ. 1-2):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-2431(ՎԴ) քաղաքացիական գործով 26.01.2007 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վարչական դատավարության կարգով գործի քննության հետ կապված դատական ծախսերը կարող են դիտարկվել որպես պատճառված վնաս, և արդյո՞ք այդ ծախսերը որպես վնաս ենթակա են հատուցման մեկ այլ հայցով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ օրենսդիրը գործի քննության հետ կապված այլ ծախսերի մեջ, iոter alia (ի թիվս այլոց), ներառել է կողմերի` գործի քննության վայր ժամանելու (…) հետ կապված ծախսերը, դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները և դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ: Նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռի եզրափակիչ մասը բովանդակում է եզրահանգում` դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է (...)։ Հայցից հրաժարվելու կամ դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերի հատուցման պարտականությունը, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը կողմը դիմել է այն վերադարձնելու մասին։ Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե չի լուծել դատական ծախսերի հարցը:

Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ գործի քննության վայր ժամանելու (…) հետ կապված ծախսերը, դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները և դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը վարչական դատավարությունում դիտարկվում են որպես դատական ծախսեր, հետևաբար որպես դատական ծախս գործն ըստ էության լուծող դատական ակտով պետք է բաշխվեն կողմերի միջև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել այդպիսի ծախսերի կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: եթե վարչական դատարանը համապատասխան ապացույցի առկայության դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտով չի անդրադառնում դատական ծախսերի` կողմերի միջև բաշխման հարցին, ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի հիմքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով:

Մյուս կողմից, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

Այլ կերպ ասած՝ բացի լրացուցից վճիռ կայացնելու պահանջով վարչական դատարան դիմելու հնարավորությունից՝ կողմերին վերապահված է վարչական դատարանի դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարանը համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում դատական ծախսերի` կողմերի միջև բաշխման հարցին, կամ կողմերի կարծիքով վարչական դատարանի կողմից դատական ծախսերը բաշխվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ, կողմերը զրկված չեն դատական ծախսերի բաշխման մասով վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր դեպքերում վարչական դատավարության կարգով գործի քննության հետ կապված դատական ծախսերը կողմերի միջև բաշխվում են համապատասխան ապացույցների առկայության դեպքում: Վերոշարադրյալը նշանակում է, որ կողմերը, իրավունք ունենալով ակնկալել վարչական դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտով կողմերի միջև դատական ծախսերի բաշխման հարցի լուծում, միաժամանակ պարտավոր են գործի քննության ընթացքում դատարանին ներկայացնել դատական ծախսերը հավաստող ապացույց, քանի որ գործում այդպիսի ապացույցների առկայությամբ է պայմանավորված դատական ծախսերի առկայությունը, եթե առանձին ծախսերի վերաբերյալ օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

Միաժամանակ հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին այն դեպքերում, երբ ՀՀ վարչական դատարանում գործի քննությունն ավարտվել է գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասը սահմանել է ՀՀ վարչական դատավարության կարգով քննվող գործի վարույթի կարճման հիմքերը, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը նախատեսել է, որ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման հնարավորությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ ու 97-րդ հոդվածների և ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համադրված վերլուծության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ վարչական դատարանի կողմից վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելն ըստ էության եզրափակում է վարչական գործի քննությունը, ավարտում գործի վարույթը` առանց բավարարման թողնելով իր ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանության խնդրանքով դատարան դիմած անձի պահանջը: Ավելին՝ վարչական գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումն իր իրավաբանական հետևանքների տեսանկյունից նմանվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերին: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշները, ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման իրավական բնույթը, ինչպես նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման, այդ թվում` գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումները, գտնում է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը և հաշվի առնելով գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման իրավական բնույթը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ դատական ծախսերի հարցը չլուծելու դեպքում վարչական դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել դատական ծախսերի բաշխման վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին կետի տառացի մեկնաբանությունից, համաձայն որի՝ լրացուցիչ վճիռ կայացնելու իրավասությունը վերապահված է բացառապես վճիռ կայացրած դատարանին, մինչդեռ վարչական դատարանում գործի վարույթը կարճելու դեպքում վճիռ չի կայացվում, ինչը փաստացի զրկում է դատարանին գործի վարույթը կարճելու դեպքում լրացուցիչ վճիռ կայացնելու հնարավորությունից:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով գործի վարույթը կարճելու մասին որոշումների բողոքարկման հնարավորության վերաբերյալ վերն արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ դատարանը չի լուծել դատական ծախսերի բաշխման հարցը, գործին մասնակից անձինք զրկված չեն դատական ծախսերի բաշխման մասով վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ դատական ծախսերը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումը վերաբերում է նաև վարչական դատարանում գործի վարույթը կարճելու դեպքերին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքերում, երբ վարչական դատավարության կարգով գործի քննության ընթացքում կողմերը չեն ներկայացնում դատական ծախսերը հաստատող ապացույցներ, վերջիններս գործի քննության ավարտից հետո զրկվում են վարչական դատավարության կարգով այլ գործի շրջանակներում այդպիսի ծախսերը պահանջելու հնարավորությունից, քանի որ դատական ծախսերի առկայությունը պայմանավորված է կոնկրետ գործի առկայությամբ, իսկ դատական ծախսերի բաշխման հետ կապված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումների տրամաբանությունից հետևում է, որ օրենսդիրը կոնկրետ գործի շրջանակներում կատարված դատական ծախսերի բաշխման հարցը լուծելու հնարավորություն նախատեսել է բացառապես այդ գործի շրջանակներում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատավարության կարգով գործի քննության հետ կապված դատական ծախսերը չեն կարող առանձին հայցի առարկա դառնալ նաև քաղաքացիական դատավարությունում հետևյալ պատճառաբանությամբ․

ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանը հանդիսանում է մասնագիտացված առաջին ատյանի դատարան, որն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ դատական օրենսգրքի հիման վրա վարչական դատարանի ստեղծմամբ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականի հունվարի 1-ից ներդրվեց մասնագիտացված վարչական արդարադատության ինստիտուտը:

Վարչական դատարանում վարչական գործերով դատավարության կարգը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և ՀՀ դատական օրենսգրքով, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է վարչական դատավարության սկզբունքները: Առանձին սկզբունքներ էականորեն տարբերվում են քաղաքացիական դատավարության սկզբունքներից, մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածն ամրագրում է գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, որը վարչական դատավարությանը բնորոշ կարևորագույն սկզբունքներից մեկն է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանվել է վարչական դատավարության կարգով գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման կարգը, որը ունի վարչական արդարադատությանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ: Այսպես, օրինակ, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա (…), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե որոշումը, գործողությունը կամ անգործությունը ճանաչվում է ոչ իրավաչափ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա ընդունված (կատարված) լինելու պատճառով, և եթե այդ փաստաթղթերը կամ տեղեկությունները ներկայացրել է դատավարության մասնակիցը, ապա դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող է դրվել այդ մասնակցի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նա տեղյակ չի եղել կամ չէր կարող տեղյակ լինել տվյալ փաստաթղթերի կամ տեղեկությունների կեղծ լինելու մասին:

Հաշվի առնելով, որ դատական ծախսերի բաշխման նպատակը դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետության ապահովման մաս է կազմում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական արդարադատության ոլորտում դատական ծախսերի բաշխումը՝ այդ ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված, չի կարող քննության առարկա դառնալ քաղաքացիական դատավարության շրջանակներում:

Միաժամանակ սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ անդրադառնալով վարչական դատավարության կարգով քննվող գործով դատական ծախսերի և վնասի ինստիտուտների հարաբերակցությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ նույն օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով վնասի ինստիտուտի իրավական վերլուծությանը և արձանագրելով, որ քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, նշել է, որ միակ բացառությունն օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում:

Վերոնշյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Նշված իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա): Անձի` իրավունքների և ազատությունների (թեկուզև ենթադրյալ) դատական պաշտպանության իրավունքի իրականացումն ինքնին չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն: Անձի` դատական պաշտպանության իրավունքի իրականացումն առանց իրավական հիմնավորման չի կարող դիտվել որպես այլ անձին (մասնավորապես, դատավարության մյուս կողմին) վնաս պատճառելու դրսևորում (տե՛ս, Շուշանիկ Գրիգորյանն ընդդեմ Արարատ Մովսիսյանի թիվ 3-2431(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի բռնագանձման հիմքը նույնական չէ վնասի պատճառման հետևանքով առաջացած պարտավորությունների ընդհանուր հիմքերի հետ, քանի որ դատական ծախսերի կազմի և բաշխման հետ կապված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերն այն ծախսերն են, որոնք կողմը կատարում է դատական կարգով իր իրավունքները պաշտպանելու համար, իսկ դատական ծախսերի բաշխման ընդհանուր սկզբունքն այն է, որ անձը, ում օգտին կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտը, պետք է դատական ծախսերի հատուցում ստանա մյուս կողմի հաշվին: Մինչդեռ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ վարքագծի միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Պատասխանողի կրած դատական ծախսերը հայցվորի կողմից նրան պատճառված վնաս չեն կարող դիտարկվել, քանի որ հայցվորը, իր ենթադրյալ իրավունքի պաշտպանության նպատակով դիմելով դատարան, չի դրսևորել հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծ: Այս երկու ինստիտուտների տարբերությունը դրսևորվում է նաև վրա հասնող հետևանքների առումով՝ դատական ծախսերը հատուցվում են խելամտության սահմաններում, այսինքն` դրանց իրական ծավալը կարող է ավելի մեծ լինել, քան փաստացի հատուցման չափը, սակայն վնասի ինստիտուտի առնչությամբ այս սկզբունքը կիրառելի չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` վնասները ենթակա են հատուցման ամբողջ ծավալով:

Սույն գործի փաստերի համաձայն` Գյուլնարա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Համայնքի՝ շինարարության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի 24.02.2015 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Նշված որոշմամբ ՀՀ վարչական դատարանը դատական ծախսերին անդրադարձել է և կողմերի միջև բաշխել միայն պետական տուրքը:

Սույն գործով Համայնքը հայց է ներկայացրել դատարան` պահանջելով Գյուլնարա Սարգսյանից բռնագանձել 380.000 ՀՀ դրամ` որպես թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործով կատարված դատական ծախսերի տեսքով պատճառված վնաս, որից 200.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանական ծառայության վճար, իսկ 180.000 ՀՀ դրամը՝ որպես տրանսպորտային և մասնագետ ներգրավելու համար կատարված ծախսեր՝ հայցի իրավական հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը:

Դատարանը, մերժելով հայցը, արձանագրել է, որ մասնագետ ներգրավելու համար կատարված ծախսերի հարցը ենթակա էր քննության թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործի շրջանակներում, հետևաբար այդ ծախսի բռնագանձման պահանջը` որպես վնաս, տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում անհիմն է և չի բխում քաղաքացիական օրենսդրության տրամաբանությունից, ինչպես նաև արձանագրել է, որ թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործի վարույթը կարճելու մասին 24.02.2015 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը փաստաբանական ծառայության վճարին որպես դատական ծախսի չի անդրադարձել, իսկ որոշման հրապարակումից հետո Համայնքը չի դիմել վարչական դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով, և գտել է, որ հայցապահանջի և հայցապահանջի իրավական հիմնավորման չհստակեցման և համապատասխան ապացույցների անբավարարության պայմաններում չի հիմնավորվում Գյուլնարա Սարգսյանի կողմից Համայնքին վնաս պատճառելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և գործն ուղարկելով նոր քննության, պատճառաբանել է, որ գործով հիմնավորվել է այն հանգամանքը, որ թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործով Գյուլնարա Սարգսյանի գործողություններով Համայնքին վնաս է պատճառվել, մասնավորապես` Համայնքը վերոնշյալ վարչական գործով` որպես պատասխանող, ստիպված է եղել իր իրավունքները պաշտպանելու համար կատարել ծախսեր, որպիսի հանգամանքը Դատարանը հաշվի չի առել:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանությանը, արձանագրում է հետևյալը.

Համայնքը, հայց ներկայացնելով դատարան, պահանջել է Գյուլնարա Սարգսյանից գումար բռնագանձել` որպես պատճառված վնաս, ընդ որում, նշել է, որ այդ գումարի մի մասն են կազմում թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործով փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումները, իսկ մյուս մասը` նույն գործի քննության ընթացքում Համայնքի կողմից կատարված տրանսպորտային և մասնագետ ներգրավելու համար ծախսերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Համայնքի հայցի առարկան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի հիմքով 380.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի հատուցումն է, որ մեկ այլ՝ վարչական գործի շրջանակներում գործի քննության հետ կապված դատական ծախսերի բռնագանձման պահանջ է: Այսինքն՝ տվյալ դեպքում Համայնքը գումարի բռնագանձման պահանջի շրջանակներում մեկ այլ՝ վարչական գործի դատական ծախսերը դիտարկել է որպես իրեն պատճառված վնաս: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Գյուլնարա Սարգսյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, իրականացրել է 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իր իրավունքը:

Ավելին՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ վարչական դատավարության կարգով դատական ծախսերի բաշխումը կարող է իրականացվել բացառապես կոնկրետ գործի շրջանակներում: Հետևաբար Համայնքը պետական տուրքից բացի այլ դատական ծախսերի բաշխման հարցի լուծում ակնկալելու դեպքում պարտավոր էր վարչական գործի շրջանակներում ներկայացնել դատական ծախսերը հիմնավորող ապացույցներ, որոնց առկայության պայմաններում ՀՀ վարչական դատարանի կողմից դատական ծախսերի բաշխման հարցը չլուծվելու դեպքում զրկված չէր ՀՀ վարչական դատարանի որոշումը դատական ծախսերի բաշխման մասով բողոքարկելու իրավունքից: Մինչդեռ տվյալ պարագայում թիվ ՎԴ/4837/05/12 վարչական գործով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման շրջանակներում դատական ծախսի բաշխման և այդ որոշման բողոքարկված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանն այդ հարցը համարում է լուծված և գտնում է, որ Համայնքը չէր կարող այլ գործի, մասնավորապես, քաղաքացիական գործի շրջանակներում ակնկալել նման հարցի լուծում:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցը մերժելով, կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով վարչական գործի շրջանակներում կատարված դատական ծախսը որակելով որպես վնաս, սխալ եզրահանգման է եկել գործի ելքի վերաբերյալ:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով հանդերձ:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.04.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Գյուլնարա Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը` 11.400 ՀՀ դրամի չափով (380.000 ՀՀ դրամ x 3%), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է բռնագանձման Համայնքից հօգուտ Հայաստանի Հանրապետության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2015 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 11.400 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան