Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.14
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.06.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
24.06.2016
Дата вступления в силу
24.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԲ-04/15

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ փաստաբան

Ս. ՍԱՖԱՐՅԱՆԻ

դիմող

Բ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ

 

2016 թվականի հունիսի 24-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշման դեմ Բագրատ Նապոլեոնի Նալբանդյանի և Նարինե Ալեքսանդրի Նալբանդյանի լիազորած անձ, փաստաբան Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. Սյուզաննա Սարգսյանի անհայտ կորելու կապակցությամբ ներկայացված հաղորդման հիման վրա ոստիկանության Վարդենիսի բաժնում 2004 թվականի հունիսի 8-ին հարուցվել է թիվ 31201004 քրեական գործը:

2004 թվականի հուլիսի 12-ին որոշումներ են կայացվել Բագրատ և Նարինե Նալբանդյաններին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին, և նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով:

2004 թվականի օգոստոսի 31-ին Գեղարքունիքի մարզի դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի փետրվարի 4-ի դատավճռով ամբաստանյալ Ն.Նալբանդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 12 (տասներկու) տարի ժամկետով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի հիման վրա մասնակիորեն գումարվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի փետրվարի 10-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով:

Ամբաստանյալ Բ.Նալբանդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալները և նրանց շահերի պաշտպան Ս.Սաֆարյանը: ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2005 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ ներկայացված վերաքննիչ բողոքները թողել է առանց բավարարման, իսկ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի հուլիսի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել փաստաբան Ս.Սաֆարյանը, ամբաստանյալ Ն.Նալբանդյանը և տուժողի իրավահաջորդ Աղաբեկ Սարգսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքները` առանց բավարարման: Ս.Սաֆարյանի բողոքը թողնվել է առանց քննության:

5. Նարինե, Բագրատ և Արևիկ Նալբանդյանների գանգատների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան կամ Դատարան) 2015 թվականի մարտի 31-ին Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատներ թիվ 9935/06 և 23339/06) վճիռ է կայացրել, որով ճանաչել է դիմումատուների` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) երաշխավորված իրավունքների խախտման փաստը:

Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2015 թվականի մարտի 31-ի` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Բագրատ և Նարինե Նալբանդյանների լիազորած անձ, փաստաբան Ս.Սաֆարյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշման վերանայման վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Բագրատ և Նարինե Նալբանդյաններին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2004 թվականի մայիսի 30-ին` ժամը 18:30-19:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 60 հասցեում գտնվող տան խոհանոցում Նարինե Նալբանդյանն իր դուստր Արևիկ Նալբանդյանի համադասարանցի, Վարդենիս քաղաքի անչափահաս բնակչուհի Սյուզաննա Սարգսյանի և իր դստեր անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Ս.Սարգսյանի հետ, որի ընթացքում, սեղանի վրայից վերցնելով «Ջերմուկ» տեսակի հանքային ջրի շիշը, որը կիսով չափ լիքն է եղել, դիտավորությամբ հարվածել է նրա քթի շրջանին` պատճառելով քթոսկրի բեկորային կոտրվածք, այնուհետև նույն շշով երկու-երեք անգամ հարվածել է Ս.Սարգսյանի գլխի տարբեր մասերին` պատճառելով փակ, բութ գանգուղեղային վնասվածք: Ստացված վնասվածքների հետևանքով Ս.Սարգսյանը գիտակցությունը կորցրել է և անգիտակից վիճակով ընկել հատակին:

Տեղի ունեցածից և ստեղծված իրավիճակից Ն.Նալբանդյանը մի պահ կորցրել է գիտակցությունը: Այդ պահին խոհանոց է մտել վերջինիս ամուսին Բագրատ Նալբանդյանը և տեսնելով տեղի ունեցածը` ջուր է ցանել կնոջ դեմքին, ուշքի բերել նրան և իմացել, որ կինն է շշով հարվածել Ս.Սարգսյանի դեմքին ու գլխին:

Այնուհետև, Բ.Նալբանդյանը կնոջ հորդորով գնացել է իրենց տանը կից օժանդակ կառույց, որտեղից մետաղյա հաղորդալար է բերել և դրանով մարմնի հետևում կապել է Ս.Սարգսյանի ձեռքերը, որպեսզի ավելորդ շարժումներ և փախչելու փորձ չկատարի, իսկ Ն.Նալբանդյանը շորի կտորով կապել է նրա բերանը, որպեսզի չգոռա և օգնություն չկանչի: Նշված գործողությունները կատարելու պահին Ս.Սարգսյանը թեև անգիտակից վիճակում է գտնվել, բայց կենդանի է եղել: Անգիտակից վիճակում Ս.Սարգսյանին թողել են խոհանոցում, իրենք դուրս եկել այնտեղից և դուռը փակել` մտածելով, որ վերջինս ստացած վնասվածքներից դանդաղ կմահանա:

Շուրջ 5-6 ժամ անց` լույս մայիսի 31-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, Նարինե և Բագրատ Նալբանդյանները, մտածելով, որ Ս.Սարգսյանն ստացած վնասվածքներից արդեն մահացել է, երկուսով միասին նրա մարմինը խոհանոցից դուրս են բերել բակ, այնուհետև իրենց հողամասի միջով տարել մինչև հողամասի վերջը, դռնակով դուրս բերել փողոց և տարել, գցել իրենց պարսպից շուրջ 15-20 մետր հեռավորության վրա գտնվող Վարդենիս քաղաքի նախկին կենտրոնական ջեռուցման չգործող համակարգի մազութի բետոնապատ հորը, որը շուրջ 1.5 մետր խորությամբ լցված է եղել ջրով, որտեղ էլ վերջինս մահացել է:

Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Ն.Նալբանդյանը պոլիէթիլենային տոպրակում եղած Ս.Սարգսյանի վերնաշապիկով մաքրել է խոհանոցում եղած արյունը և մյուս հետքերը: Վերնաշապիկը, ինչպես նաև Բ.Նալբանդյանի կողմից Ս.Սարգսյանի անդրավարտիքի հետևի գրպանից հանած չորս հազար դրամը տոպրակի հետ միասին այրել է իրենց տանը կից օժանդակ կառույցի ջրատաքացուցիչ վառարանում, իսկ գոյացած մոխիրը հավաքել, տարել լցրել է նույն հորի մեջ:

Այսպիսով, քթոսկրի բազմաբեկոր կոտրվածքներ և գանգուղեղային փակ, բութ վնասվածք պատճառած վիճակում Ս.Սարգսյանի ձեռքերը և բերանը կապելով և շուրջ 5-6 ժամ խոհանոցում պահելուց հետո կիսակենդանի վիճակում հորը գցելով` Ն.Նալբանդյանն իր ամուսնու` Բ.Նալբանդյանի հետ միասին, դիտավորությամբ, առանձին դաժանությամբ սպանել է Ս.Սարգսյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 199-202):

7. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Դատարանը, գնահատելով և վերլուծելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները իրենց համակցությամբ և ներքին համոզմամբ, գտնում է, որ ձեռք բերված ապացույցները ավելի քան բավարար են գործով մեղադրական դատավճիռ կայացնելու համար և ապացուցված է համարում, որ ամբաստանյալները կատարել են արարք, որը համապատասխանում է ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերին, այն է` Նարինե և Բագրատ Նալբանդյանները ապօրինաբար, դիտավորությամբ և առանձին դաժանությամբ, Սյուզաննա Սարգսյանին զրկել են կյանքից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 325-331):

8. Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալներ Նարինե և Բագրատ Նալբանդյանների ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդ. 2-րդ մասի 5-րդ, 7-րդ կետերով կատարած հանցավոր արարքը հիմնավորված է սույն և առաջին ատյանի դատավճռում շարադրված ապացույցներով, եզրահանգումներով, հետևություններով և արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 167-174):

8.1. Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի հուլիսի 1-ի դատական նիստի արձանագրության համաձայն` «(...) Ն.Նալբանդյանը հայտնեց, որ իր շահերի պաշտպան Ս.Սաֆարյանը իրեն հանդիպել է մեկուսարանում, և պայմանավորվել են, որ նա դատաքննությանը չի ներկայանալու, որի կապակցությամբ ինքը այս պահից հրաժարվում է պաշտպանից և այլ պաշտպան չի ցանկանում, խնդրեց շարունակել և ավարտել գործի քննությունը:

Ամբաստանյալ Բագրատ Նալբանդյանը միացավ Նարինե Նալբանդյանի միջնորդությանը և նույնպես խնդրեց նիստը շարունակել փաստաբանի բացակայությամբ և որ ինքը նույնպես այլ պաշտպան ունենալ չի ցանկանում:

Նախագահողը հայտարարեց, որ նկատի ունենալով, որ ամբաստանյալները հայտարարել են այս փուլից պաշտպանից հրաժարվելու մասին, ուստի ընդունում է փաստը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 56-57):

9. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի որոշման համաձայն` «(...) [Վ]ճռաբեկ բողոքներում նշված հիմքերով դատապարտյալ Նարինե Նալբանդյանի և տուժողի իրավահաջորդ Աղաբեկ Սարգսյանի նյութական և դատավարական իրավունքի խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով վերաքննիչ դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքներում բերված փաստարկները դատավճիռը բեկանելու հիմքեր չեն կարող հանդիսանալ, ուստի վճռաբեկ բողոքները պետք է թողնել առանց բավարարման:

Ինչ վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքին, ապա դատական քննության ընթացքում նրա հետ ունեցած համաձայնությունը լուծելուց և ամբաստանյալների կողմից նրանից հրաժարվելուց հետո նա դադարել է որպես պաշտպան մասնակցել քրեական գործով վարույթին, հետևաբար, նա չի դասվում այն սուբյեկտների շարքը, որոնք ՀՀ քր. դատ.օր-ի 404 հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավունք ունեն վճռաբեկության կարգով բողոքարկել վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռը: Փաստորեն, վճռաբեկ բողոք է բերել այն անձը, ով չունի այդ իրավունքը, ուստի ՀՀ քր.դատ.օր-ի 407 հոդվածի 3-րդ մասի համաձայն բողոքը պետք է թողնել առանց քննության (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 236):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի պնդմամբ Եվրոպական դատարանի դատական ակտում արտահայտված իրավական դիրքորոշումները հիմք են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշումը և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Եվրոպական դատարանը երեք դիմումատուների նկատմամբ ճանաչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, ինչը կասկածի տակ է դնում նախաքննության ընթացքում` 2004 թվականի հուլիսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում, ապացույցների ձեռքբերման աղբյուրների օրինականությունը: Նալբանդյանների մեղադրանքի հիմքում առանցքային և հիմնական դեր են ունեցել նրանց ինքնախոստովանական ցուցմունքները, որոնք, սակայն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` անթույլատրելի են և պետք է հանվեն ապացույցների շարքից:

Անդրադառնալով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի` զուգակցված 6-րդ հոդվածի 3-րդ կետի (գ) ենթակետի հետ, և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներին` բողոքաբերն ընդգծել է, որ ամբաստանյալների` պաշտպանից հրաժարումը եղել է ոչ թե անձանց կամքի ազատ դրսևորում, այլ կրել է հարկադրված բնույթ, քանի որ դատարանի կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ անվտանգության միջոցներ, անտեսվել են պաշտպանի կողմից դատարան չներկայանալու օբյեկտիվ և հարգելի պատճառների առկայությունը, ուստի թույլ է տրվել պաշտպանության իրավունքի խախտում: Ամբաստանյալների պաշտպանության իրավունքը խախտվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի կողմից պաշտպանի ներկայացրած բողոքն առանց քննության թողնելու արդյունքում, որը Եվրոպական դատարանի կողմից գնահատվել է որպես բողոքաբերների` դատարան դիմելու մատչելիության իրավունքի խախտում:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշման վերանայման վարույթ, բեկանել վերոնշյալ որոշումը, ինչպես նաև բեկանել Բագրատ և Նարինե Նալբանդյանների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի փետրվարի 4-ի և Վերաքննիչ դատարանի` 2005 թվականի հուլիսի 2-ի դատավճիռները, գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Եվրոպական դատարանի` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռն արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշումը վերանայելու հիմք է:

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…):

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:

(…)»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Արարատ Մուրադխանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ/01/13, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ/05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշումները):

13. Այսպես` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Նարինե Նալբանդյանի (Երկրորդ դիմումատու) և Արևիկ Նալբանդյանի (Երրորդ դիմումատու) նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում, բոլոր երեք դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի խախտում: Եվրոպական դատարանը փաստել է նաև, որ Բագրատ Նալբանդյանի (Առաջին դիմումատու) նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատարանի մատչելիության իրավունքի խախտում, Առաջին և Երկրորդ դիմումատուի նկատմամբ՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքների խախտումներ` զուգակցված 6-րդ հոդվածի 3-րդ կետի (գ) ենթակետի հետ` այն առումով, որ Առաջին և Երկրորդ դիմումատուները զրկված են եղել արդյունավետ իրավաբանական օգնությունից:

14. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Եվրոպական դատարանը, վերահաստատելով իր նախադեպային իրավունքում ձևավորած` խոշտանգումների բացարձակ արգելքի և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ գործերով ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ իրավական դիրքորոշումները և դրանք կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, նշել է, որ Երկրորդ և Երրորդ դիմումատուների ներկայացրած ապացույցները վկայում են քննարկվող ժամանակահատվածում նրանց մոտ մարմնական վնասվածքների առկայության մասին: Այսպես` ոստիկանության Վարդենիսի բաժնից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց անմիջապես հետո Երկրորդ դիմումատուն հետազոտվել է բժշկի կողմից, և նրա մոտ հայտնաբերվել են ոտքերի վնասվածքներ: Կառավարությունը չի կարողացել բացատրել, թե ինչպես է Երկրորդ դիմումատուի մոտ առաջացել նման լուրջ այտուցվածություն, որը հանգեցրել է արյունատար անոթների վնասվածքի և կապտուկների, իսկ այն փաստարկը, որ այտուցվածությունն առաջացել է Երկրորդ դիմումատուի արյան բարձր ճնշման հետևանքով, չի հիմնավորվել որևէ բժշկական կամ այլ ապացույցով: Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Երկրորդ դիմումատուն ոստիկանության Վարդենիսի բաժնից ազատ է արձակվել ոտքերի բավականին լուրջ վնասվածքներով, ինչի կապակցությամբ Կառավարությունը որևէ արժանահավատ բացատրություն չի ներկայացրել:

Ինչ վերաբերում է 2004 թվականի հուլիսի 10-ին Երկրորդ դիմումատուի մասնակցությամբ անցկացված քննչական գործողության տեսագրությանը, ապա Եվրոպական դատարանը նշել է, որ այն ինքնին չի կարող դիտվել որպես բավարար ապացույց անազատության մեջ գտնվելու ընթացքում Երկրորդ դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք չդրսևորելու վերաբերյալ` հատկապես, որ նրա մոտ հայտնաբերված վնասվածքները եղել են ոտքերի վրա և չէին կարող տեսանելի լինել տեսագրության մեջ: Եվրոպական դատարանը, անդրադառնալով 2004 թվականի հուլիսի 12-ի կալանքի նիստի ժամանակ Երկրորդ դիմումատուի կողմից տրված ցուցմունքներին, ընդգծել է, որ եթե ենթադրյալ վատ վերաբերմունքից տուժած անձը դրանից անմիջապես հետո որևէ բողոք չի ներկայացրել կամ, ինչպես սույն գործում, ժխտել է վատ վերաբերմունքի ենթարկված լինելու փաստը, ապա այն դեռևս չի կարող ծառայել որպես վատ վերաբերմունքի բացակայության մասին վկայող բավարար ապացույց, քանի որ տուժողի արած հայտարարությունների վրա կարող են լուրջ ազդեցություն ունենալ նման վատ վերաբերմունքի հետևանքով առաջացած սթրեսը, տրավման և վախը, հատկապես, երբ անձինք շարունակում են մնալ անազատության մեջ:

Վերոշարադրյալի արդյունքում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Երկրորդ դիմումատուի նկատմամբ ոստիկանության Վարդենիսի բաժնում դրսևորված վատ վերաբերմունքը հասել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դաժանության նվազագույն աստիճանի (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 99-103-րդ կետերը):

14.1. Երրորդ դիմումատուի կապակցությամբ Եվրոպական դատարանը փաստել է, որ 2004 թվականի հուլիսի 16-ին կատարված հետազոտության ընթացքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են արձանագրվել:

Եվրոպական դատարանն անընդունելի է համարել Կառավարության այն հայտարարությունը, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկական եզրակացությունը պատշաճ ապացույց չէ, քանի որ նրանում նշված չեն արձանագրված վնասվածքների պատճառները` շեշտելով, որ այդ փաստաթուղթը ներկայացվել է քրեական հետապնդման մարմիններին, ովքեր, սակայն, չեն վիճարկել դրա արժանահավատությունը կամ ճշգրտությունը, չեն հերքել այդ վնասվածքների և Երրորդ դիմումատուի` ոստիկանության Վարդենիսի բաժնում մնալու միջև հնարավոր կապը (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 104-105-րդ կետերը):

Ինչ վերաբերում է նրան, որ Երրորդ դիմումատուն հիվանդանոց է գնացել ոստիկանության բաժնից ազատվելուց միայն հինգ կամ վեց օր անց, Եվրոպական դատարանն ընդգծել է` «(…) Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ գործի քննության ժամանակ նա եղել է անչափահաս և ում ծնողները դեռևս կալանավորված են եղել: Դատարանը չի թերագնահատում այն չափազանց խոցելի իրավիճակը, որի մեջ հայտնվել էր երրորդ դիմումատուն, ինչպես նաև այն վախն ու տառապանքը, որ նա ամենայն հավանականությամբ վերապրել է գործի քննության ժամանակ, որի պատճառով էլ ազատ արձակվելուց անմիջապես հետո նա բողոքներ ներկայացնելու համար որևէ քայլ չի ձեռնարկել: Հետևաբար, և հաշվի առնելով այն փաստը, որ ուշացումը գործի հատուկ հանգամանքներում չի կարող դիտարկվել որպես ոչ խելամիտ ուշացում, Դատարանը չի ցանկանում որևէ մեծ կարևորություն տալ այս ուշացմանը, որն ամեն դեպքում չի կարող համարվել այնքան կարևոր, որ կասկածի տակ դնի երրորդ դիմումատուի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացրած գանգատը (տե՛ս mutatis mutandis, Բալողն ընդդեմ Հունգարիայի, թիվ 47940/99, § 49, 2004 թվականի հուլիսի 20)» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 106-րդ կետը):

Բացի այդ, Եվրոպական դատարանը փաստել է, որ թե՛ ներպետական մակարդակում, թե՛ Դատարանում Երրորդ դիմումատուի` վատ վերաբերմունքի վերաբերյալ տված ցուցմունքները համապատասխանում են բժշկական եզրակացությունում առկա վնասվածքների նկարագրությանը, իսկ Երկրորդ դիմումատուն` երրորդ դիմումատուի մայրը, ազատությունից զրկված լինելու ընթացքում վատ վերաբերմունքի է արժանացել մոտավորապես նույն ժամանակահատվածում, ենթադրաբար նույն մարդկանց կողմից և նույն քրեական գործի շրջանակներում իրականացված քննության ընթացքում (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 107-108-րդ կետերը):

Արդյունքում Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) Հաշվի առնելով երկրորդ և երրորդ դիմումատուների նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկությունները, խոստովանական ցուցմունքներ ստանալու համար նման վերաբերմունք ցուցաբերելու ոստիկանների ակնհայտ մտադրությունները, այն փաստը, որ երկրորդ և երրորդ դիմումատուները մայր ու աղջիկ են և հետևաբար, երկուսն էլ հավանաբար ուժգին տառապել են մեկը մյուսի կրած ցավից, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ երրորդ դիմումատուն անչափահաս էր, Դատարանը գտնում է, որ խնդրո առարկա վերաբերմունքը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով կարող է որակվել որպես խոշտանգում» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 110-րդ և 112-րդ կետերը):

14.2. Ինչ վերաբերում է Առաջին դիմումատուին, ապա Եվրոպական դատարանը նշել է, որ գործի նյութերում չկա բժշկական բնույթի որևէ ապացույց, որը թույլ կտար եզրակացնել, որ դիմումատուն ենթարկվել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի վերաբերմունքի (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 111-րդ կետը):

14.3. Եվրոպական դատարանը եզրակացրել է նաև, որ իշխանությունների կողմից վատ վերաբերմունքի մասին դիմումատուների պնդումների առնչությամբ արդյունավետ և պատշաճ քննություն չի իրականացվել, ուստի բոլոր երեք դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 128-130-րդ կետերը):

15. Եվրոպական դատարանն արձանագրել է Առաջին և Երկրորդ դիմումատուների` արդյունավետ իրավաբանական օգնությունից զրկված լինելու փաստն այն հանգամանքով պայմանավորված, որ դատարանում դատավարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինների կողմից անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը նշել է. «(…) [Ե՛Վ Առաջին ատյանի], և՛ վերաքննիչ դատարանների նիստերը, ըստ երևույթին, անցկացվել են առաջին և երկրորդ դիմումատուների, նրանց ընտանիքի անդամների և փաստաբանների նկատմամբ անընդհատ սպառնալիքների, հայհոյանքների և ֆիզիկական բնույթի ոտնձգությունների մթնոլորտում: Պարզվում է, որ բազմաթիվ առիթներով ծեծկռտուքներ են եղել, կամ փաստաբանները ֆիզիկական վնասվածքներ են ստացել: Իրավիճակն այնքան վատ է եղել, որ փաստաբանները ստիպված են եղել չներկայանալ դատական նիստերին` վախենալով իրենց անվտանգության համար, և ներկայացրել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում` մեկը ոստիկանությանը: Դատարանը կասկած չունի, որ դատարանում նման իրավիճակը պետք է որ բացասաբար ազդեր փաստաբանների ուշադրության կենտրոնացման վրա և նրանց թույլ չտար պատշաճ ձևով կատարել իրենց գործառույթները: Այն պետք է որ վախի զգացողություններ առաջացրած լիներ և, հնարավոր է, բացասաբար ազդած լիներ դատարանում փաստաբանների վարքագծի, ինչպես նաև գործի հետ կապված ընդհանուր աշխատանքների վրա: Ի վերջո Դատարանը նշում է, որ այս իրավիճակը շարունակվել է ամբողջ դատավարության ընթացքում` առաջին և երկրորդ ատյաններում, որոնք կոչված են եղել հրապարակային դատական նիստի ժամանակ պարզել փաստերի և իրավունքի հետ կապված հարցերն ու կայացնել դատավճիռ (…)» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 143-րդ կետը):

Եվրոպական դատարանը համոզիչ չի համարել Կառավարության փաստարկն այն մասին, որ փաստաբանների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվել էին համապատասխան միջոցներ` ընդգծելով, որ երբեք չի նշվել, ինչպես նաև գործում չի եղել որևէ ապացույց առ այն, որ ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածում թվարկված պաշտպանության միջոցներից որևէ մեկը: Ի հակադրություն Կառավարության դիրքորոշման` Եվրոպական դատարանը շեշտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածը թույլատրում է վարույթն իրականացնող մարմիններին սեփական նախաձեռնությամբ ձեռնարկելու պաշտպանության միջոցներ, ինչը, ըստ երևույթին, չի արվել:

Արդյունքում արձանագրվել է, որ դատական նիստերի անցկացման ձևը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի (գ) ենթակետով սահմանված երաշխիքները (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 141-142-րդ, 144-րդ կետերը):

16. Առաջին դիմումատուի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման կապակցությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև բողոքը պատշաճ լիազորված անձի կողմից դատարան ներկայացնելու պահանջն ինքնին չի խախտում դատարանի մատչելիության իրավունքը, այնուամենայնիվ, կոնկրետ դեպքում Վճռաբեկ դատարանը, Առաջին դիմումատուի փաստաբանի ներկայացրած վճռաբեկ բողոքը քննության չառնելով, հաշվի չի առել, որ վերջինիս կողմից փաստաբանի ծառայություններից հրաժարվելու հանգամանքը եղել է շատ անորոշ:

Մասնավորապես, Եվրոպական դատարանը նախ և առաջ ընդգծել է այն փաստը, որ 2005 թվականի հուլիսի 8-ին փաստաբանն այցելել է քրեակատարողական հիմնարկում գտնվող Երկրորդ դիմումատուին` ըստ երևույթին պաշտպանի կարգավիճակով, ինչից հետո մի քանի օր անց բողոք է ներկայացրել: Եվրոպական դատարանը զարմանալի է համարել այն, որ Երկրորդ դիմումատուն, ով միայն մի քանի օր առաջ ենթադրաբար հրաժարվել էր իր փաստաբանի ծառայություններից, կհանդիպեր այդ փաստաբանի հետ, և որը կհանգեցներ վերջինիս կողմից բողոքը ներկայացնելուն: Ավելին` զուգահեռ դատավարություններում այդ փաստաբանը շարունակել է ներկայացնել դիմումատուներին (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 146-147-րդ կետերը):

Եվրոպական դատարանն առավել կարևորել է Առաջին և Երկրորդ դիմումատուների կողմից փաստաբանական ծառայություններից հրաժարվելու համապատասխան հանգամանքների գնահատումը` նշելով, որ «(…) Կոնվենցիայով երաշխավորված իրավունքից թույլատրելիության սահմաններում հրաժարվելը, պետք է հստակ հիմնավորվի և պետք է իրագործվի այնպիսի նվազագույն երաշխիքների պահպանմամբ, որոնք կհամապատասխանեն դրա կարևորությանը (…): Դատարանն արդեն հաստատել է, որ մոտավորապես տասն ամիս տևող դատավարության ամբողջ ընթացքում դատական նիստերն անցկացվել են շարունակական վախի և դիմումատուներին ու իրենց փաստաբաններին ուղղված հայհոյանքների և ֆիզիկական բնույթի ոտնձգության մթնոլորտում: 2005 թվականի հուլիսի 1-ի դատական նիստին նախորդող նիստերը աչքի են ընկել հատուկ բռնությամբ, այդ թվում` փաստաբան Ս.–ի նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական հարձակմամբ, որի հետևանքով փաստաբանը հրաժարվել է ներկայանալ, եթե դատարանի դահլիճում չապահովվի անվտանգությունը: Դատարանը լուրջ կասկածներ ունի, արդյոք նման հանգամանքներում փաստաբանի ծառայություններից հրաժարվելու որոշումը կարող է իսկապես համարվել կամավոր և անվերապահ, ինչպես նաև պայմանավորված լինել առաջին և երկրորդ դիմումատուների ազատ` առանց որևէ արտաքին ազդեցությունների, կամքի դրսևորմամբ (…)» (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 148-րդ կետը):

Վերոշարադրյալի հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը հիմնականում սահմանափակվել է 2005 թվականի հուլիսի 1-ի դատական նիստի արձանագրությանը հղում կատարելով և մանրամասն չի ուսումնասիրել համապատասխան հանգամանքները, ինչի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել է անձի` դատարան դիմելու իրավունքը (տե՛ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 149-րդ կետը):

17. Հիմք ընդունելով Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ դիմումատուների` Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված համապատասխան իրավունքների խախտման փաստը և ղեկավարվելով Կոնվենցիոն պահանջներով ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշումը վերանայելու հիմք է:

18. Այսպես` Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտում արձանագրվելու դեպքում պետությունները Նախարարների կոմիտեի հսկողությամբ ազատ են Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանված իրենց պարտավորությունների կատարումն ապահովող այնպիսի ընդհանուր և (կամ) անհրաժեշտության դեպքում` անհատական միջոցների ընտրության հարցում, որոնք վերջ կտան Դատարանի արձանագրած խախտումները և հնարավորինս կշտկեն դրանց հետևանքները (տե՛ս Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250): Սակայն որոշ դեպքերում Եվրոպական դատարանը նպատակահարմար է գտել մատնանշել կոնկրետ միջոցառումների տեսակները, որոնք ամենապատշաճը կլինեն մինչև խախտումն առկա իրավիճակի վերականգնումը («restitutio in integrum») հնարավորինս ապահովելու համար (տե՛ս, Assanidze v. Georgia [GC], գանգատ թիվ 71503/01, կետ 202, Broniowski v. Poland [GC], գանգատ թիվ 31443/96, կետ 194): Միևնույն ժամանակ, եթե «restitutio in integrum»-ը գործնականում հնարավոր չէ ապահովել, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125):

Հաշվի առնելով Եվրոպական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Ժ.Սեֆիլյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(…) Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը,

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում (…)» (տե՛ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը):

19. Այսպիսով, Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum»-ն ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա:

Սույն դիրքորոշումը բխում է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականի դրույթներից, ըստ որի՝ գործի վերաքննությունը կամ դատաքննության վերաբացումը բացառիկ դեպքերում հանդես է գալիս որպես ամենապատշաճ, եթե ոչ միակ միջոցը` հասնելու «restitutio in integru-ին, եթե նյութական կամ դատավարական իրավունքի խախտումն իր բնույթով այնպիսին է, որ լուրջ կասկած է հարուցում ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ, և դիմումատուն շարունակում է կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ (տե՛ս, mutatis mutandis, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 27-րդ կետը):

20. Հաշվի առնելով «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» վճռով Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 13-16-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումնների բնույթը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև խախտումը եղած իրավիճակի վերականգնման ամենապատշաճ միջոցը վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ գործի նոր քննության իրականացումն է:

20.1. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկման առարկա հանդիսացող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշման վերանայման արդյունքում Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի փետրվարի 4-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի հուլիսի 2-ի դատավճիռները պետք է բեկանել և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր դատաքննության ընթացքում դատարանը, վերացնելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բագրատ Նապոլեոնի Նալբանդյանի և Նարինե Ալեքսանդրի Նալբանդյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2005 թվականի օգոստոսի 12-ի որոշումը վերանայել:

2. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի փետրվարի 4-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի հուլիսի 2-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Նարինե Նալբանդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան