«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011479
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
14 հոկտեմբերի 2011 թ. |
թիվ 269-Ն |
ո ր ո շ ու մ
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/02 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 74-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների համար ընդհանուր կապիտալի և իրացվելիության նորմատիվներ սահմանելու պահանջը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համար դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ անվերադարձելի բանկային երաշխիք ներկայացնելու պահանջը,
Նպատակ ունենալով կարգավորել վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, դրանց համար սահմանվող տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և սահմանաչափերը,
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 72-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է .
1. Հաստատել «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի ««Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին» թիվ 240-Ն որոշմամբ հաստատված «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ի 15-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի ««Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ը հաստատելու մասին» թիվ 74-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ի 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2) Դեպոնացրել է.
ա) 2011 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը` 20 միլիոն ՀՀ դրամ կամ ՀՀ դրամով արտահայտված արժեթղթեր, կամ ներկայացրել է 20 միլիոն ՀՀ դրամի անվերադարձելի բանկային երաշխիք, որոնք հանդիսանում են էլեկտրոնային փող օգտագործողների նկատմամբ էլեկտրոնային փող թողարկողի ունեցած պարտավորությունների մարումը երաշխավորող միջոց: Դեպոնացված միջոցները կարող են օգտագործվել Կանոնակարգ 17/02-ով սահմանված դեպքերում և կարգով:
բ) 2012 թվականի ապրիլի 1-ից վճարահաշվարկային կազմակերպության դեպոնացվող միջոցների պահանջի առկայությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, իսկ դեպոնացվող միջոցների դեպոնացման պայմանները` կանոնակարգ 17/02-ով սահմանված կարգով:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 17/02
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը (այսուհետ` Կանոնակարգ) համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների (այսուհետ` վճարահաշվարկային կազմակերպություն) գործունեությունը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և սահմանաչափերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ տնտեսական նորմատիվները.
1) ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվ,
2) իրացվելիության տնտեսական նորմատիվ` վճարահաշվարկային կազմակերպությունների բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը:
3. Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվը (Ն1 նորմատիվ) սահմանվում է.
1) 2011 թվականի հոկտեմբերի 1-ից` 30 մլն (երեսուն միլիոն) ՀՀ դրամ,
2) 2012 թվականի ապրիլի 1-ից` 70 մլն (յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ,
3) 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ և դրանից հետո` գործող վճարահաշվարկային կազմակերպությունների և նոր ստեղծվող վճարահաշվարկային կազմակերպությունների համար` 100 մլն (հարյուր միլիոն) ՀՀ դրամ:
4. Վճարահաշվարկային կազմակերպությունների բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն2 նորմատիվ) սահմանվում է 100 տոկոս` մինչև 100 մլն (հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումարի ցպահանջ պարտավորությունների դեպքում, իսկ 100 մլն (հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումարը գերազանցող ցպահանջ պարտավորությունների դեպքում՝ 100 մլն (հարյուր միլիոն) ՀՀ դրամ` գումարած 100 մլն (հարյուր միլիոն) ՀՀ դրամը գերազանցող մասի 70 տոկոսը, բացառությամբ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունների, որոնց բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը (Ն2 նորմատիվը)՝ յուրաքանչյուր պահի պետք է կազմի 100 տոկոս:
(4-րդ կետը լրաց. 13.01.15 թիվ 3-Ն)
5. Նոր ստեղծվող, ինչպես նաև գործող վճարահաշվարկային կազմակերպությունների համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը կարող է համալրվել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվի (հաշիվների) վրա առկա դրամական միջոցներով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
6. Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` Ն1 տնտեսական նորմատիվը հաշվարկվում է ամսական, իսկ իրացվելիության` Ն2 տնտեսական նորմատիվը՝ օրական կտրվածքով:
7. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է սույն Կանոնակարգի 3-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված ժամանակացույցի առաջին ամսաթվերի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն չափը:
8. Վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի առավելագույնը 50 տոկոսի չափով:
9. Հիմնական կապիտալը սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված տարրերի հանրագումարն է: Հիմնական կապիտալի տարրերը հետևյալն են.
1) կանոնադրական կապիտալ` բաղկացած արտոնյալ և սովորական բաժնետոմսերից, այդ թվում` բաժնետոմսերի հավելավճարներից: Ընդ որում,
ա. եթե վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը կամ կանոնադրական կապիտալի մի մասը համալրվել է նյութական ակտիվներով, ապա կանոնադրական կապիտալի` նյութական ակտիվներով համալրված մասը ընդգրկվում է հիմնական կապիտալի հաշվարկում, բայց ոչ ավելի, քան սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվի 25%-ը,
բ. եթե վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը կամ կանոնադրական կապիտալի մի մասը համալրվել է ոչ նյութական ակտիվներով, ապա կանոնադրական կապիտալի` ոչ նյութական ակտիվներով համալրված մասը ընդգրկվում է հիմնական կապիտալի հաշվարկում, բայց ոչ ավելի, քան սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվի 25%-ը,
2) պահուստային ֆոնդ (առկայության դեպքում),
3) չբաշխված շահույթ (եկամուտների պահուստներ): Ընդ որում, վճարահաշվարկային կազմակերպության չբաշխված շահույթն ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:
9.1. Վճարահաշվարկային կազմակերպության հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով:
(9.1-ին կետը լրաց. 13.01.15 թիվ 3-Ն)
10. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.
1) Վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վճարահաշվարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից, որի արժեքը հավասար է վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծության և վճարահաշվարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի ու վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների արժեքի (նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումար` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով) տարբերության գումարներից նվազագույնին: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Այն արտահայտվում է հետևյալ բանաձևով`
ՎՊ=min [ՎՊՀ, ՀԿ*0.25-(ՆԱՍԱ+ՆԱԿՆ-ՆԱԱՄ-ՆԱԱԶ-ՆԱՎԳ)],
եթե [ՀԿ*0.25-(ՆԱՍԱ+ՆԱԿՆ-ՆԱԱՄ-ՆԱԱԶ-ՆԱՎԳ)],≥0 և
ՎՊ=0, եթե [ՀԿ*0.25-(ՆԱՍԿ+ՆԱԿՆ-ՆԱԱՄ-ՆԱԱԶ-ՆԱՎԳ)]<0,
որտեղ`
ՎՊ - լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող` վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,
ՎՊՀ - վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,
ՀԿ - վճարահաշվարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքն է,
ՆԱՍԿ- վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող ու վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքն է,
ՆԱԿՆ - վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող ու վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների կապիտալ ներդրումների արժեքն է,
ՆԱԱՄ - վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող ու վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների գծով կատարված ամորտիզացիոն հատկացումներն են,
ՆԱԱԶ - վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող ու վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների արժեզրկումից կորուստներն են,
ՆԱՎԳ - վճարահաշվարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող ու վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների վերագնահատումից կորուստներն են:
2) հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,
3) այլ պահուստներից,
4) վճարահաշվարկային կազմակերպության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Ընդ որում, վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն` լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ: Ընդ որում, ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարիների հունվարի 1-ից լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով:
11. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում վճարահաշվարկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները: Ընդ որում, սույն Կանոնակարգի իմաստով` վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են այն ակտիվները, որոնք վճարահաշվարկային կազմակերպության կողմից օգտագործվում են վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, վճարահաշվարկային գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ վճարահաշվարկային կազմակերպությունը և նրա մասնաճյուղերը մատուցում են վճարահաշվարկային ծառայություններ:
12. Սույն Կանոնակարգի իմաստով երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
1) փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով,
2) փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի,
3) փոխառությունն ամբողջությամբ վճարված է,
4) փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց,
5) փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության համար սահմանվող տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը:
13. Վճարահաշվարկային կազմակերպության բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (իրացվելիության տնտեսական նորմատիվը) հաշվարկվում է
Ն2 = |
Աբի |
բանաձևով, |
Պցպ |
որտեղ`
Աբի = |
(Աբի1+Աբի2+...+ԱբիՆ) |
բանաձևով, |
Ն |
որտեղ` Աբի1, Աբի2, ..., ԱբիՆ - վճարահաշվարկային կազմակերպության բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն» -ը հաշվետու ամսվա օրերի թիվն է,
Պցպ - միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է.
Պցպ = |
(Պցպ 1+ Պցպ 2+...+ Պցպ Ն) |
բանաձևով, |
Ն |
որտեղ` Պցպ1, Պցպ2, ..., ՊցպՆ - վճարահաշվարկային կազմակերպության ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը հաշվետու ամսվա օրերի թիվն է:
14. Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված ցպահանջ և մարման սահմանված ժամկետ չունեցող տոկոսները), այդ թվում` ժամկետանց պարտավորությունները: Ընդ որում, սույն Կանոնակարգի իմաստով` ժամկետանց են այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ արբիտրաժային դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ արբիտրաժային դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ:
14.1. Սույն կարգի իմաստով էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներգրավված պարտավորությունների՝ վերջիններիս Հաճախորդների Հաշվառման Հաշիվներին առկա միջոցները համարվում են ցպահանջ պարտավորություններ՝ անկախ այն հանգամանքից, որ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունը ինքնուրույն սահմանել է դրանց մարման ժամկետ:
(14.1-ին կետը լրաց. 13.01.15 թիվ 3-Ն)
15. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի «4-6» ենթակետերում նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների), որոնց համար չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված արժեթղթերը:
1) Կանխիկ դրամական միջոցներ, ներառյալ` ճանապարհին գտնվող և վճարային տերմինալներում գտնվող դրամական միջոցները), կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր: Ընդ որում, կանխիկ դրամական միջոցները և կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում պետք է կազմեն բարձր իրացվելի ակտիվների ընդհանուր գումարի առնվազն 30 տոկոսը,
2) ցպահանջ ավանդներ,
3) բանկային ոսկի, ներառյալ` ճանապարհին գտնվող բանկային ոսկին,
4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց` մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,
5) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,
6) ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում հաշվարկային հաշիվներ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համար սահմանել դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ անվերադարձելի բանկային երաշխիք ներկայացնելու պահանջ:
17. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից որպես դրամական (փողային) փոխանցումների գծով պարտավորությունների մարումը երաշխավորող միջոց (այսուհետ` երաշխավորող միջոց) կարող են հանդիսանալ`
1) դեպոնացված դրամական միջոցները (փող),
2) դեպոնացված արժեթղթերը,
3) անվերադարձելի (անհետկանչելի) բանկային երաշխիքը:
18. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է կիրառել սույն Կանոնակարգի 17-րդ կետի «1-3» ենթակետերում նշված միջոցներից ցանկացածը, ինչպես նաև կիրառել մի քանի միջոց միաժամանակ:
(18-րդ կետը փոփ. 13.01.15 թիվ 3-Ն)
19. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է փոխարինել իր կողմից կիրառվող երաշխավորող միջոցը` այդ մասին գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկին:
20. 17-րդ կետի «1-3» ենթակետերում նշված միջոցները չեն կարող օտարվել, գրավադրվել կամ այլ կերպ օգտագործվել դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպության ընթացիկ գործունեության ժամանակ:
21. Երաշխավորող միջոցները կարող են օգտագործվել` բացառապես Կենտրոնական բանկի կողմից սույն Կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՈՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
22. Դրամական միջոցների դեպոնացումն իրականացվում է միայն ՀՀ դրամով:
23. Դրամական միջոցների դեպոնացումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից որևէ մեկում դեպոնացման համար բացված բանկային հաշիվը դրամական միջոցներով համալրելու միջոցով` դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող և տվյալ բանկի միջև կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագրի հիման վրա:
24. Բանկային հաշվի սպասարկման պայմանագրում պետք է հստակ սահմանված լինեն սպասարկման հետևյալ պայմանները`
1) հաշվում առկա դրամական միջոցները հանդիսանում են դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության` դրամական (փողային) փոխանցումների գծով պարտավորությունների մարման երաշխավորման միջոց, որը չի կարող գրավադրվել կամ օգտագործվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ընթացիկ տնտեսական գործունեության ժամանակ,
2) հաշիվը վարվում է ՀՀ դրամով,
3) հաշվի վրա միջոցների մուտքագրման սահմանափակումներ չկան,
4) հաշվից ելքերը կարող են կատարվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գրավոր կարգադրությամբ` միայն Կենտրոնական բանկի թույլտվության առկայության դեպքում, որը կարող է դրվել կարգադրության վրա կամ ներկայացվել Կենտրոնական բանկի կողմից վավերացված առանձին նամակով,
5) հաշիվը չի կարող փակվել առանց Կենտրոնական բանկի թույլտվության,
6) դեպոնացված միջոցների բանկային հաշիվը վարող բանկը չի կարող տվյալ հաշվից մարել վճարահաշվարկային կազմակերպության` իր կամ այլ անձանց նկատմամբ եղած պարտավորությունները:
25. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դեպոնացման համար բացված բանկային հաշվի պայմանագրի պատճենը և փաստացի դեպոնացումը վկայող տեղեկանք` համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 1-ի:
26. Դեպոնացման ենթակա գումարի մեծության փոփոխման վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ Կենտրոնական բանկը տեղեկացնում է այդ մասին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՈՆԱՑՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
27. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը, որպես երաշխավորող միջոց, կարող է դեպոնացնել միայն Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված արժեթղթեր:
28. Դեպոնացվող արժեթղթերի մեծությունը հաշվարկվում է արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքով:
29. Սույն Կանոնակարգի 27-րդ կետով սահմանված արժեթղթերի դեպոնացումն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիլեր հանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկի մոտ բացված հատուկ դեպո հաշվի միջոցով` դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության և տվյալ բանկի միջև կնքված դեպո հաշվի պայմանագրի հիման վրա:
30. Դեպո հաշվի պայմանագրում պետք է հստակ սահմանված լինեն հետևյալ պայմանները`
1) դեպո հաշվում առկա արժեթղթերը հանդիսանում են դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության` դրամական (փողային) փոխանցումների գծով պարտավորությունների մարման երաշխավորման միջոց և չեն կարող օտարվել, գրավադրվել կամ այլ կերպ օգտագործվել վճարահաշվարկային կազմակերպության ընթացիկ գործունեության ժամանակ,
2) դեպո հաշվի վրա արժեթղթերի մուտքագրման սահմանափակումներ չկան,
3) դեպո հաշվից արժեթղթերի ելքագրում (բացառությամբ արժեթղթերի մարման) կարող է իրականացվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գրավոր կարգադրությամբ միայն Կենտրոնական բանկի թույլտվության առկայության դեպքում, որը կարող է ներկայացվել Կենտրոնական բանկի կողմից վավերացված առանձին նամակով կամ ելքի կարգադրության վրա` Կենտրոնական բանկի կողմից թույլտվության հատուկ վավերացմամբ:
4) դեպո հաշվում առկա արժեթղթերը կարող են փոխարինվել նույն ընթացիկ (շուկայական) արժեքին համարժեք` սույն Կանոնակարգով սահմանված այլ արժեթղթերով` դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից նախօրոք մուտքագրելով փոխարինող արժեթղթերը դեպո հաշվի վրա, այնուհետև ներկայացնելով փոխարինվող արժեթղթերի ելքագրման կարգադրություն (արժեթղթերի փոխարինման դեպքում Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում). դեպո հաշիվը չի կարող փակվել առանց Կենտրոնական բանկի թույլտվության,
5) դեպոնացված արժեթղթերի դեպո հաշիվը վարող բանկը չի կարող տվյալ հաշվից մարել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության` իր կամ այլ անձանց նկատմամբ եղած պարտավորությունները,
6) դեպոնացված արժեթղթերը կարող են օգտագործվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից սույն Կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված կարգով,
7) դեպոնացված արժեթղթերի արժեկտրոնային եկամուտները կարող են ազատ տնօրինվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից,
8) դեպոնացված արժեթղթերի մարման դեպքում մարման արդյունքում ստացված դրամական միջոցները դեպոնացնող բանկի կողմից մուտքագրվում են դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության անունով բացված հատուկ դրամային հաշվի վրա` տեղեկացնելով այդ մասին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը, որը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում տալ կարգադրություն դեպոնացնող բանկին ձեռք բերել մարված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքին համարժեք այլ արժեթղթեր:
31. Ձեռք բերված արժեթղթերը մուտքագրվում են դեպոնացված արժեթղթերի դեպո հաշվի վրա, որից հետո հատուկ դրամային հաշվում առկա մնացորդային գումարը կարող է ազատ տնօրինվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից: Ընդ որում, 5 աշխատանքային օրվա ընթացքում դեպոնացնող բանկին կարգադրություն չներկայացնելը համարվում է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության համաձայնությունը հատուկ դրամային հաշվում առկա գումարը սույն Կանոնակարգի 6-րդ գլխի համաձայն դեպոնացնելու և համապատասխան բանկային հաշվի պայմանագրի բացակայության պարագայում` այդ պայմանագիրը կնքելու և դեպոնացվող դրամական միջոցների բանկային հաշիվ բացելու համար:
32. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում արժեթղթերի դեպոնացման համար բացված դեպո հաշվի պայմանագրի պատճենը և արժեթղթերի փաստացի դեպոնացումը վկայող տեղեկանք` համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 2-ի:
Գ Լ ՈՒ Խ 7
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՆՎԵՐԱԴԱՐՁԵԼԻ (ԱՆՀԵՏԿԱՆՉԵԼԻ) ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
33. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը, որպես դրամական փոխանցումների գծով պարտավորությունների մարման երաշխավորող միջոց, կարող է ներկայացնել սույն գլխով սահմանված պահանջներին բավարարող անվերադարձելի (անհետկանչելի) բանկային երաշխիք:
34. Երաշխիքը կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից:
35. Տրամադրվող անվերադարձելի (անհետկանչելի) բանկային երաշխիքը պետք է պարունակի հետևյալ դրույթները`
1) երաշխիքը հանդիսանում է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության` դրամական (փողային) փոխանցումների գծով չմարված պարտավորությունները երաշխավորող միջոց,
2) երաշխիքի բենեֆիցիարը հանդիսանում է Կենտրոնական բանկը,
3) երաշխիքը պետք է տրամադրված լինի առնվազն մեկ տարի ժամկետով,
4) երաշխիքը կարող է օգտագործվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից սույն Կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված կարգով:
36. Դրամական (փողային) փոխանցումների գծով պարտավորությունների երաշխավորման գործընթացի անընդհատության ապահովման համար երաշխիքի ժամկետը լրանալուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում նույն գումարի և նույն պայմաններին բավարարող նոր անվերադարձելի (անհետկանչելի) բանկային երաշխիք կամ դրամական (փողային) միջոցների կամ արժեթղթերի դեպոնացումը հավաստող տեղեկանք` սույն Կանոնակարգի 5-րդ և 6-րդ գլուխների համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 8
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
37. Եթե դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունն ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի պահանջները, ապա նա պարտավոր է այդ մասին դիմում ներկայացնել Կենտրոնական բանկ` դիմումին կցելով պարտատերերի ցուցակը, որում պետք է նշված լինեն նրանց անունները (անվանումները), անձնագրի տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, պարտավորությունների չափը և տեսակը: Այդ ցուցակում պետք է ներառել նաև այն պարտատերերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց նկատմամբ պարտավորությունների կատարման ժամկետը չի լրացել:
38. Կենտրոնական բանկը, դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո ուսումնասիրում է դրանք և եռամսյա ժամկետում որոշում է ընդունում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված դիմումը մերժելու կամ բավարարելու մասին:
39. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե ուսումնասիրության արդյունքում չեն հայտնաբերվում դրամական (փողային) փոխանցումների գծով չմարված պարտավորություններ:
40. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված դիմումը Կենտրոնական բանկի կողմից բավարարվելու դեպքում Կենտրոնական բանկը որոշում է ընդունում տվյալ կազմակերպության` պարտատերերի պահանջները բավարարելու ի վիճակի չլինելու մասին: Որոշման մեջ նշվում են պարտատերերի պահանջների բավարարման չափը` ըստ արժույթների, պարտատերերի անունները (անվանումները), անձնագրի տվյալները, բնակության (գտնվելու) վայրը: Որոշումը կազմվում է երկու օրինակից: Որոշման մեկ օրինակը ընդունման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է տվյալ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը:
41. Կենտրոնական բանկը որոշման ընդունման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշման մեկ օրինակը ուղարկում է նաև այն առևտրային բանկին, որտեղ գտնվում են դեպոնացված դրամական միջոցները, արժեթղթերը կամ այն առևտրային բանկին, որը տրամադրել է բանկային երաշխիքը:
42. Դեպոնացված դրամական միջոցների կիրառման դեպքում բանկը Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ստանալու պահից սկսում է վճարում կատարել պարտատերերին` սույն Կանոնակարգի 37-րդ կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշված ցանկի համաձայն:
43. Անվերադարձելի (անհետկանչելի) բանկային երաշխիքի կիրառման դեպքում Կենտրոնական բանկը կարգադրություն է ներկայացնում երաշխիք տված բանկին` հանձնարարելով եռօրյա ժամկետում վճարել երաշխիքով սահմանված գումարը սույն Կանոնակարգի 37-րդ կետով սահմանված` Կենտրոնական բանկի որոշման մեջ նշված ցանկի համաձայն:
44. Դեպոնացված արժեթղթերի կիրառման դեպքում Կենտրոնական բանկը նախաձեռնում է դեպոնացված արժեթղթերի հետգնում և դրանից ստացված միջոցները փոխանցում է դեպոնացնող բանկի հաշվի վրա` կարգադրելով վճարել պարտատերերին` սույն կանոնակարգի 37-րդ կետով սահմանված` Կենտրոնական բանկի որոշման մեջ նշված ցանկի համաձայն:
45. Կենտրոնական բանկի որոշմամբ հաստատված պարտատերերի ցուցակներում ընդգրկված պարտատերերը երաշխավորող միջոցների հաշվին փոխհատուցման պահանջներ կարող են ներկայացնել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից 6 ամսվա ընթացքում:
46. Սույն գլխով սահմանված կարգով պարտատերերի ցուցակում չընդգրկված, ինչպես նաև սույն Կանոնակարգի 45-րդ կետով սահմանված ժամկետից ուշ պահանջներ ներկայացնող պարտատերերի պահանջները չեն բավարարվում:
47. Դեպոնացված միջոցներն անբավարար լինելու դեպքում սույն գլխում նշված պարտատերերի միջև դրանք բաշխվում են պահանջների գումարներին համամասնորեն:
48. Այն դեպքում, երբ պարտատերերի պահանջները դեպոնացված միջոցների հաշվին ամբողջությամբ չեն բավարարվում, ապա դրանք կարող են բավարարվել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
49. Պարտատերերի պահանջների բավարարման արդյունքում մնացած դրամական միջոցները կամ պարտատերերի չհայտնաբերման դեպքում երաշխավորող միջոցները վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են տնօրինել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից 6 ամիս հետո:
Գ Լ ՈՒ Խ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
50. Սույն Կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց ղեկավարները կրում են պատասխանատվություն` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:
(հավելվածը լրաց., փոփ. 13.01.15 թիվ 3-Ն)
Հավելված 1 |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հոկտեմբերի 14-ի |
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ
Սույն տեղեկանքը տրվում է ________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
կազմակերպությանը՝ գրանցված ________________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը)
հասցեում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու համար և վկայում է այն մասին, որ վերոնշյալ կազմակերպությունը, ս.թ.
________________________________________________________________________________ , բանկում
(բանկի լրիվ անվանումը)
դեպոնացրել է ____________________________________________________________________դրամական միջոցներ:
(դեպոնացված գումարի չափը ՀՀ դրամով)
Վերոնշյալ կազմակերպության հետ կնքվել է բանկային հաշվի պայմանագիր, որտեղ սահմանված են հաշվի վարման և սպասարկման հետ կապված բոլոր պայմանները:
Հարգանքներով, | __________________________________________________________ |
(բանկի անվանումը) | |
__________________________________________________________ | |
(բանկի բարձրագույն մարմնի պաշտոնը և անուն/ազգանունը, ստորագրությունը) | |
Կ.Տ. |
|
Հավելված 2 |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հոկտեմբերի 14-ի |
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ
Սույն տեղեկանքը տրվում է ________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
կազմակերպությանը՝ գրանցված ________________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը)
հասցեում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու համար և վկայում է այն մասին, որ վերոնշյալ կազմակերպությունը, ս.թ.
_________________________________________________________________________________ բանկում
(բանկի լրիվ անվանումը)
դեպոնացրել է _______________________________________________________ (ընթացիկ (շուկայական) արժեքով)
(ընթացիկ (շուկայական) արժեքի մեծությունը տառերով)
__________________________________________________________________________
:(դեպոնացված արժեթղթի տեսակը)
Վերոնշյալ կազմակերպության հետ կնքվել է արժեթղթերի դեպո հաշվի վարման և սպասարկման պայմանագիր:
Հարգանքներով, | __________________________________________________________ |
(բանկի անվանումը) | |
__________________________________________________________ | |
(բանկի բարձրագույն մարմնի պաշտոնը և անուն/ազգանունը, ստորագրությունը) | |
Կ.Տ. |
|