Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.05.20/4(21) Հոդ.450.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2506/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2506/02/09

2011 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

                  Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Յուրի և Սիլվա Զարգարյանների ընդդեմ Արշակ Զարգարյանի, Գայանե Բարսեղյանի և Արթուր Հարությունյանի` առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Յուրի և Սիլվա Զարգարյանները պահանջել են անվավեր ճանաչել Արշակ Զարգարյանի և Գայանե Բարսեղյանի միջև 03.09.2009 թվականին և Գայանե Բարսեղյանի ու Արթուր Հարությունյանի միջև 08.10.2009 թվականին կնքված էքսկավատորի առուվաճառքի պայմանագրերը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2010 թվականի որոշմամբ Յուրի և Սիլվա Զարգարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 29.01.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2010 թվականի որոշմամբ Դատարանի 22.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Յուրի և Սիլվա Զարգարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ, 306-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` էքսկավատորի տեխնիկական վկայագիրը, Գայանե Բարսեղյանի և «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև կնքված տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև Արթուր Հարությունյանի և «ՇՄՇ-23» ԲԲԸ-ի միջև կնքված մեխանիզմի վարձակալության պայմանագիրը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պետք է արձանագրեր վերոհիշյալ ապացույցների ոչ պատշաճ գնահատում, քանի որ դրանց պատշաճ գնահատման արդյունքում Դատարանը կփաստեր, որ վեճի առարկա երկու գործարքներն էլ կնքվել էին հստակ իրավաբանական հետևանքներ առաջացնելու մտադրությամբ և առաջացրել են այդ հետևանքները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Գայանե Բարսեղյանը և Արթուր Հարությունյանը տարբեր ընկերությունների հետ կնքել են էքսկավատորի վարձակալության պայմանագրեր, փաստացի շահագործել են նշված գույքը: Նշվածը նույնպես վկայում է էքսկավատորի առուվաճառքի պայմանագրերի կնքման պահին նրանց իրական մտադրությունների մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Դատարանի վճռով կատարված եզրահանգումները օրինական են և հիմնավոր, իսկ առուվաճառքի պայմանագրերը` կեղծ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության 05.11.2009 թվականի թիվ 13-4799 գրության համաձայն` HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշի էքսկավատորը հաշվառվել է Արշակ Զարգարյանի անվամբ /հիմք` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2009 թվականի վճիռը/ (հատոր 1-ին, գ.թ. 46)։

2. 03.09.2009 թվականի էքսկավատորի առուվաճառքի պայմանագրով Գայանե Բարսեղյանն Արշակ Զարգարյանից գնել է HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը (հատոր 1-ին, գ.թ.99)։

 3. 17.09.2009 թվականի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով Գայանե Բարսեղյանը վարձավճարի դիմաց «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին է հանձնել HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը (հատոր 3-րդ, գ.թ. 7)։

4. 08.10.2009 թվականի էքսկավատորի առուվաճառքի պայմանագրով Արթուր Հարությունյանը Գայանե Բարսեղյանից գնել է HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը (հատոր 1-ին, գ.թ.97, հատոր 3-րդ, գ.թ. 12)։

5. 14.01.2010 թվականի մեխանիզմի վարձակալության պայմանագրով Արթուր Հարությունյանը վարձավճարի դիմաց «ՇՄՇ-23» ԲԲԸ-ին է հանձնել HYNDAI R-170 W-7 մակնիշի10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը (հատոր 3-րդ, գ.թ. 8-10)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործարքի կեղծ լինելը փաստելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ այն կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, այսինքն` նպատակ չի հետապնդել կողմերի համար առաջացնել իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

 Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արշակ Զարգարյանի և Գայանե Բարսեղյանի միջև կնքված 03.09.2009 թվականի էքսկավատորի առուվաճառքի պայմանագիրը և Գայանե Բարսեղյանի ու Արթուր Հարությունյանի միջև կնքված 08.10.2009 թվականի էքսկավատորի առուվաճառքի պայմանագիրը կեղծ գործարքներ են, որոնցով իրականում Արշակ Զարգարյանը նպատակ է ունեցել խուսափել Յուրի և Սիլվա Զարգարյանների հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով հաստատվում է այն փաստը, որ վերոնշյալ գործարքները կնքվել են առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է 17.09.2009 թվականի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը, համաձայն որի` Գայանե Բարսեղյանը վարձավճարի դիմաց «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին է հանձնել HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը, ինչպես նաև 14.01.2010 թվականի մեխանիզմի վարձակալության պայմանագիրը, համաձայն որի` Արթուր Հարությունյանը վարձավճարի դիմաց «ՇՄՇ-23» ԲԲԸ-ին է հանձնել HYNDAI R-170 W-7 մակնիշի 10-86ՏԼ պետհամարանիշով էքսկավատորը, որոնք վկայում են կողմերի` իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության մասին:

Ինչ վերաբերում է Արշակ Զարգարյանի` Յուրի և Սիլվա Զարգարյանների հանդեպ ունեցած պարտավորությունների առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստը բավարար չէ` պատասխանողների միջև կնքված գործարքները կեղծ լինելու, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության բացակայությունը հաստատված համարելու համար:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 02.12.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել. Յուրի և Սիլվա Զարգարյանների հայցը մերժել:

2. Յուրի և Սիլվա Զարգարյաններից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև հօգուտ Արթուր Հարությունյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան