ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.5-րդ հոդվածի 7-րդ մասի «կամ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից» բառերը հանել:
Հոդված 2. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 137-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «տրամվայով» բառը հանել, «քաղաքային և մերձքաղաքային» բառերը փոխարինել «ներքաղաքային» բառով, «հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով» բառերը փոխարինել «կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով (միկրոավտոբուսներով)» բառերով, իսկ «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով» բառերը փոխարինել «տվյալ երթուղում սահմանված տոմսի արժեքի կրկնապատիկի չափով» բառերով:
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 137.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 137.1. | Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը |
1. Առանց Հայաստանի Հանրապետության և փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետության միջև կնքված տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով (բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի) կամ միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 137.2-րդ հոդվածի 1-12-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներքաղաքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ ներքաղաքային երթուղիներում՝ տասնապատիկի չափով:
5. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
7. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
9. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 137.7-րդ և 137.8-րդ հոդվածներով.
«Հոդված 137.7. | Ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը |
1. Առանց ուղևորների անվանացուցակի ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կամ սահմանված խմբից ավելի կամ այլ ուղևորների փոխադրումը (բացառությամբ յուրաքանչյուր 10 ուղևորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղևոր)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների խախտումներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առաջացնում է տուգանքի նշանակում՝
Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և (կամ) հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր՝
ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով.
միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 137.8. | Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման պահանջները խախտելը |
1. Հայաստանի Հանրապետությունում առանց տախոգրաֆի կահավորված բեռնատար տրանսպորտային միջոցներով կամ ավտոբուսներով միջպետական փոխադրումներ իրականացնելը (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների) կամ առանց թվային տախոգրաֆի քարտի, եթե տրանսպորտային միջոցը կահավորված է թվային տախոգրաֆով (բացառությամբ քարտի կորստի, գողության, վնասվելու կամ անվավերության համար «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմին դիմում ներկայացնելու դեպքում) կամ առանց քարտը թվային տախոգրաֆում տեղադրելու, կամ առանց «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներով սահմանված՝ վարորդի աշխատանքի ռեժիմի պահպանման միջպետական փոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 169-րդ հոդվածը «ենթակա գործունեությամբ զբաղվելը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման)» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի առաջին պարբերության «137.1-137.6» թվերը փոխարինել «137.1-137.8» թվերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. հունվարի 14 ՀՕ-18-Ն |