«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2002 թվականի N 1236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.03.04 N 291-Ն)
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում ստեղծել կենսառեսուրսների կառավարման գործակալություն` պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
(1-ին կետը փոփ. 11.03.04 N 291-Ն)
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
(«ա» ենթակետը լրաց. 11.03.04 N 291-Ն)
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
(«բ» ենթակետը լրաց. 11.03.04 N 291-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աշխատակազմի ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 11.03.04 N 291-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ կենսաբազմազանության պահպանության և կենսառեսուրսների կառավարման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը խմբ. 11.03.04 N 291-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, ներառյալ անտառների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանն աջակցությունը.
բ) էկոհամակարգերի բազմազանության ու դրանց կենսապաշարների պահպանության ու վերարտադրության ապահովումը.
գ) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման, գույքագրման, տեղեկատվական բանկի ու կենսապաշարների կադաստրների ստեղծման ու վարման իրականացման, ապահովումը.
դ) կենսաբազմազանության մոնիտորինգի համակարգի ստեղծման ու իրականացման ապահովումը.
ե) կենդանական և բուսական բնական պաշարների օգտագործման թույլատրելի չափաքանակների հաստատման համար հիմնավորումների ապահովումը.
զ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն օգտագործման աշխատանքների համակարգումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) իր իրավասության սահմաններում ապահովում է կենսաբազմազանության ու կենսառեսուրսների պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ոլորտին վերաբերող նորմատիվամեթոդական ակտերի մշակումը.
բ) ապահովում է բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունների կազմակերպումն ու դրանց իրականացումը.
գ) ապահովում է կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման և վերարտադրության միջոցառումների իրականացումը.
դ) հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների պետական հաշվառումը, գույքագրումը և մոնիտորինգի իրականացումը, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարումը.
ե) մասնակցում է էկոհամակարգերի վիճակի գնահատմանը, գիտական հիմնավորումների և կանխատեսումների ձևավորմանն ու ծրագրերի իրականացմանը.
զ) ըստ տարածագործառնական հատկանիշների՝ էկոհամակարգերի և դրանց կենսապաշարների օգտագործման ու վերարտադրության համար առաջարկությունների ձևավորումը.
է) ապահովում է էկոհամակարգերի և դրանց կենսապաշարների օգտագործման ու վերարտադրության ոլորտում գիտափորձնական միջոցառումների իրականացումը.
ը) կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) ձևակերպումը և պայմանագրերի կնքումը:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է բնապահպանության նախարարը (այսուհետ՝ նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է կենսաբազմազանության պահպանության և կենսառեսուրսների կառավարման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղեկալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը՝
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով.
դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) նախարարին առաջարկություններ է ներկայացնում գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժգ) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ, կամ դրա անհնարինության դեպքում նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կենդանական ռեսուրսների կառավարման բաժին
Բուսական ռեսուրսների կառավարման բաժին
Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժին
Դենդրոպարկերի կառավարման բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |