Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-620
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

14 փետրվարի 2006 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1997 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 29-ի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան: Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2005 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 1997 թ. մայիսի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:

Վերոհիշյալ համաձայնագրով Կողմերի իրավասու մարմինները սահմանված չափաքանակներով մուտքի թույլտվություններ են փոխանակում, որոնք ավտոտրանսպորտային միջոցներին իրավունք են տալիս մուտք գործել միմյանց տարածքներ և, համաձայնագրի 4 հոդվածի համաձայն, ազատվել սահմանված հարկերից և տուրքերից:

2. Տվյալ հարցի կարգավորման նպատակով 2005 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում ստորագրվել է սույն արձանագրությունը, որով Կողմերը պարտավորվում են չգանձել մուտքի և ելքի տուրք (ներառյալ ճանապարհային վճարները և մաքսային տուրքերը) կամ վճարումներ և հարկեր միմյանց տարածքներում գտնվող ավտոտրանսպորտային միջոցներից, որոնք իրավասու մարմինների թույլտվությունների հիման վրա նախատեսված չափաքանակի սահմաններում կատարում են փոխադարձ կանոնավոր ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ, բացի`

ա) վճարովի ճանապարհային ցանցի ենթակառուցվածքների օգտագործման համար նախատեսված գանձումներից` այլընտրանքային անվճար ճանապարհների առկայության դեպքում,

բ) տրանսպորտային միջոցի` Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված քաշը, չափսերը կամ բեռնվածությունը գերազանցելու դեպքում կատարվող գանձումներից:

3. Արձանագրությամբ նախատեսվում է, որ վերոհիշյալ հարկային արտոնությունները չեն տարածվում մյուս Կողմի տարածքում նախատեսված չափաքանակից ավելի քանակությամբ փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների վրա:

4. Արձանագրությունում նախատեսված է դրույթ` դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ:

5. Արձանագրությունը կատարված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարընթերցման դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1997 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 29-ի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 փետրվարի 2006 թվականի

ՍԴՈ-620

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան