«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10306152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2006 թ. |
N 88-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ե) կետի և 19-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Կ. Ճշմարիտյան
Հավելված |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջներում (այսուհետ` Պահանջներ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունների իմաստը:
2. Պահանջներով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագրին (այսուհետ` վկայագիր) ներկայացվող պահանջները:
3. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից մշակված արտադրական վտանգավոր օբյեկտի վկայագիրը պետք է համապատասխանի Պահանջներին:
4. Վկայագրում արտացոլվում և ամփոփվում են տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարների հավանականության, դրանց բնույթի ու մասշտաբների, աշխատողների, բնակչության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության, դրանց կանխարգելման և վերացման համար նախատեսված միջոցառումների, ինչպես նաև միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին:
5. Վկայագրի էջերը համարակալվում, կարվում և հաստատվում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից:
6. Վկայագիրը ներառում է հետևյալ բաժինները.
ա) արտադրական վտանգավոր օբյեկտի բնութագիրը,
բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների ռիսկի վերլուծումը և գնահատումը,
գ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության համակարգը:
Վկայագիրը մշակելիս, արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը կարող է ներառել նաև արտադրական վտանգավոր օբյեկտի առանձնահատկություններն ընդգծող լրացուցիչ տեղեկություններ:
7. Արտադրական վտանգավոր օբյեկտի բնութագիրը բաժնում տրվում են հետևյալ տեղեկությունները.
ա) արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները,
բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեսակն ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչների` նշելով «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի որ կետին համապատասխան է օբյեկտը բնութագրվում որպես վտանգավոր,
գ) տվյալներ բնակլիմայական պայմանների մասին, եթե բնակլիմայական պայմանները կարող են ազդել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնոլոգիական գործընթացին,
դ) իրականացվող գործունեության նկարագիրը՝ նշելով նպատակը, արտադրանքը, տեխնիկատեխնոլոգիական տվյալները (կարող է ներկայացվել բլոկ-սխեմայի տեսքով),
ե) արտադրական վտանգավոր օբյեկտում օգտագործվող տեխնիկական միջոցների համառոտ նկարագրությունը:
8. Արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների ռիսկի վերլուծումը և գնահատումը բաժնում տրվում են հետևյալ տեղեկությունները.
ա) արտադրական վտանգավոր օբյեկտում հնարավոր տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների բացահայտումը, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարների մասշտաբները, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ծանրության աստիճանը,
բ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված, դրա բացակայության դեպքում` գիտականորեն հիմնավորված արտադրական վտանգավոր օբյեկտում հնարավոր տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների հավանականության թույլատրելի քանակական ցուցանիշները,
գ) հնարավոր տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների հավանականության գնահատումը,
դ) արտադրական վտանգավոր օբյեկտում հնարավոր ամենավտանգավոր (վատթարագույն) տեխնածին վթարի զարգացման վերլուծությունը,
ե) արտադրական վտանգավոր օբյեկտում հնարավոր ամենահաճախ կրկնվող տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի հանգամանալի վերլուծությունը:
9. Արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության համակարգը բաժնում տրվում են հետևյալ տեղեկությունները.
ա) տեխնիկական անվտանգության ծառայության մասին (պատասխանատու անձանց ազգանունները, պաշտոնները, որակավորումը),
բ) տեխնիկական կանոնակարգերի, անհրաժեշտ տեխնիկական անվտանգության այլ նորմատիվ փաստաթղթերի պահպանման և օգտագործման վերաբերյալ,
գ) արտադրական վտանգավոր օբյեկտում օգտագործվող դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և տեխնիկական անվտանգության ապահովման այլ տեխնիկական համակարգերի մասին,
դ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների ռիսկի նվազեցման նպատակով իրականացված աշխատանքների, այդ թվում տեխնիկական անվտանգության ծառայության պարբերական զննումների մասին,
ե) արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին:
10. Վկայագիրը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության` օրենքին համապատասխան:
11. Վկայագրում կատարվող փոփոխությունները պետք է համապատասխանեն Պահանջներին: