Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-53-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 17.1

 

ԱՌԱՆՁԻՆ ԽՈՒՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 288.2.

Սույն գլխի գործողության ոլորտը և սահմանափակումները

 

1. Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպության, այդ թվում՝ դրա իրավահաջորդ կազմակերպության հետևյալ գույքի վրա.

1) հողամասի վրա, որի նկատմամբ իրավունքները «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի կամ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով փոխանցվել են այդ կազմակերպությանը.

2) շենքի կամ շինության վրա, այդ թվում` անավարտ, որը կառուցվել է մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա:

2. Առանձին խումբ անշարժ գույքի հետ կատարվող գործարքների նկատմամբ կիրառելի չէ սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասը:

3. Սույն գլխի դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքի միայն առաջին օտարման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 288.3.

Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները և կարգը

 

1. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:

2. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով:

3. Սույն հոդվածը տարածվում է նաև առանձին խումբ անշարժ գույքերի` այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրման դեպքերի վրա:

 

Հոդված 288.4.

Առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման կարգը

 

1. Առանձին խումբ անշարժ գույքը հատուցելի եղանակով կարող է օտարվել միայն բաց աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գույքն աճուրդի կարող է դրվել սույն օրենսգրքի 288.3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայության դեպքում:

2. Բաց աճուրդով օտարվելիս առանձին խումբ անշարժ գույքի վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ սահմանված գնից, որը պետք է տրված լինի հրապարակային սակարկությունների մասին հրապարակային ծանուցում կատարելու օրվան նախորդող առավելագույնը մեկ տարի առաջ:

3. Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 288.5.

Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման առանձնահատկությունները

 

1. Առանձին խումբ անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց կարող է փոխանցվել միայն ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքներին՝ նվիրաբերության կարգով, իսկ պետությանը՝ նվիրատվության կարգով:

2. Առանձին խումբ անշարժ գույքը նվիրաբերության կարգով ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցվելուց հետո տվյալ գույքի նկատմամբ շարունակվում են կիրառվել սույն գլխի կանոնները:

 

Հոդված 288.6.

Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքների անհատույց փոխանցման առանձնահատկությունները

 

1. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:

2. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով:

 

Հոդված 288.7.

Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման առանձնահատկությունները

 

1. Առանձին խումբ անշարժ գույքի գրավի պայմանագրով գրավառու կարող է հանդես գալ միայն պետությունը, համայնքը կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված իրավաբանական անձը:

2. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:

 

Հոդված 288.8.

Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելու հետևանքները

 

1. Սույն գլխով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 26

Երևան

ՀՕ-53-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան