ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 17.1
ԱՌԱՆՁԻՆ ԽՈՒՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 288.2. |
Սույն գլխի գործողության ոլորտը և սահմանափակումները |
1. Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպության, այդ թվում՝ դրա իրավահաջորդ կազմակերպության հետևյալ գույքի վրա.
1) հողամասի վրա, որի նկատմամբ իրավունքները «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի կամ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով փոխանցվել են այդ կազմակերպությանը.
2) շենքի կամ շինության վրա, այդ թվում` անավարտ, որը կառուցվել է մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա:
2. Առանձին խումբ անշարժ գույքի հետ կատարվող գործարքների նկատմամբ կիրառելի չէ սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասը:
3. Սույն գլխի դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքի միայն առաջին օտարման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Հոդված 288.3. |
Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները և կարգը |
1. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
2. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով:
3. Սույն հոդվածը տարածվում է նաև առանձին խումբ անշարժ գույքերի` այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրման դեպքերի վրա:
Հոդված 288.4. |
Առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման կարգը |
1. Առանձին խումբ անշարժ գույքը հատուցելի եղանակով կարող է օտարվել միայն բաց աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գույքն աճուրդի կարող է դրվել սույն օրենսգրքի 288.3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայության դեպքում:
2. Բաց աճուրդով օտարվելիս առանձին խումբ անշարժ գույքի վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ սահմանված գնից, որը պետք է տրված լինի հրապարակային սակարկությունների մասին հրապարակային ծանուցում կատարելու օրվան նախորդող առավելագույնը մեկ տարի առաջ:
3. Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 288.5. |
Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման առանձնահատկությունները |
1. Առանձին խումբ անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց կարող է փոխանցվել միայն ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքներին՝ նվիրաբերության կարգով, իսկ պետությանը՝ նվիրատվության կարգով:
2. Առանձին խումբ անշարժ գույքը նվիրաբերության կարգով ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցվելուց հետո տվյալ գույքի նկատմամբ շարունակվում են կիրառվել սույն գլխի կանոնները:
Հոդված 288.6. |
Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքների անհատույց փոխանցման առանձնահատկությունները |
1. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
2. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով:
Հոդված 288.7. |
Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման առանձնահատկությունները |
1. Առանձին խումբ անշարժ գույքի գրավի պայմանագրով գրավառու կարող է հանդես գալ միայն պետությունը, համայնքը կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված իրավաբանական անձը:
2. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
Հոդված 288.8. |
Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելու հետևանքները |
1. Սույն գլխով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-53-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
