ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը «ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը» բառերից հետո լրացնել «(զարգացման ոլորտներով պայմանավորված վերջնարդյունքները)» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան՝ ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի բազմազանություն առաջարկող, զարգացման որևէ ոլորտի գերակայմամբ կամ հիմնական ծրագրից առնվազն երկու բաղադրիչով տարբերվող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.».
3) 15-րդ կետի «երաշխավորած» բառը փոխարինել «հաստատած» բառով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.
«15.1) նախադպրոցական ծառայության կրթական ծրագիր՝ նախադպրոցական հիմնական ծրագրի մեկ կամ մի քանի բաղադրիչների ներառմամբ կազմված կամ հիմնական ծրագրի ծավալի առավելագույնը 2/3-ը ներառող ծրագիր, որը մասնակիորեն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.».
5) 21-րդ կետը «միջոցառումներ» բառից հետո լրացնել «, որոնք հանդիսանում են նախադպրոցական կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի անբաժանելի մասեր» բառերով.
6) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) մանկավարժական աշխատող` դաստիարակության և ուսուցման մեթոդների կիրառման միջոցով սաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում՝ լրացուցիչ) ծրագրերի յուրացմանը, համապատասխան գիտելիքի և հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի և դիրքորոշման ձևավորմանը նպաստող, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներն ու սաների խնամքն ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատող.».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ և 26-րդ կետերով.
«25) դաստիարակ` նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաների առողջության պահպանման և ամրապնդման, խնամքի, սաների կողմից նախադպրոցական կրթական ծրագրերի յուրացումն ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.
26) մենթոր հաստատություն՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընտրած նախադպրոցական ուսումնական հաստատություն, որը վերապատրաստումների, խորհրդատվությունների և մշտադիտարկումների իրականացման միջոցով նպաստում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում 6-րդ մասի 8-րդ կետի «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝
1) նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունները.
2) նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի.
3) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը. ուսումնադաստիարակչական հիմնական ուղղությունները և, դրանցով պայմանավորված, կրթական ծրագրի բաղադրիչները.
4) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված՝ կրթության բովանդակության հասանելի մակարդակն ապահովվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթական ծրագրերի (հիմնական, այլընտրանքային) միջոցով:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով.
1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.
2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.
3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.
4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում.
5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.
6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում.
7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), մասնաճյուղի ղեկավարը, դաստիարակը, դաստիարակի օգնականը, հոգեբանը, հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, ֆիզկուլտուրայի հրահանգիչը, երաժշտության դաստիարակը, բուժաշխատողը, լրացուցիչ կրթական ծառայության մանկավարժը և այլ մանկավարժական աշխատողներ:»:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է համապատասխանի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկով և պաշտոնների նկարագրով դաստիարակի պաշտոնի համար սահմանված որակավորման պահանջներին կամ ունենա միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և հատուկ դասընթացի միջոցով (այսուհետ՝ մոդուլ) ձեռք բերի նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 20 կրեդիտ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կրեդիտներ կարող է տալ մանկավարժի որակավորում շնորհող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած մոդուլով:»:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «մանկավարժական» բառից հետո լրացնել «կամ գիտամանկավարժական» բառերով:
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են:»:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.»:
Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հաստատում է նախադպրոցական կրթական և նախադպրոցական ծառայությունների ծրագրերը.».
2) 6-րդ կետի «տնօրենների և մանկավարժական աշխատողների» բառերը փոխարինել «տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի» բառերով.
3) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17) սահմանում է նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը.».
4) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 24-րդ կետի «կարող է սահմանել» բառերը փոխարինել «սահմանում է» բառերով.
6) 25-րդ կետը «սահմանում է» բառերից հետո լրացնել «պետական և» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ և 27-րդ կետերով.
«26) հաստատում է մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթների սահմանման կարգը.
27) հաստատում է նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը:»:
Հոդված 11.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-57-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
