ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության (նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթության), արտադպրոցական, մասնագիտական կրթության (այսուհետ՝ կրթության բնագավառ) և բարձրագույն կրթության ոլորտներում սույն օրենքով սահմանված հարաբերությունների և գործընթացների իրականացման, ինչպես նաև տվյալ ոլորտները կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ տեսչական վերահսկողություն կազմակերպելու և իրականացնելու հետ կապված այլ իրավահարաբերություններ:
Հոդված 2. | Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենսդրությունը |
1. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներից, կրթության ոլորտը կարգավորող այլ օրենքներից և նորմատիվ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Հոդված 3. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) տեսչական մարմին՝ կրթության բնագավառի տեսչական վերահսկողություն իրականացնող պետական մարմին.
2) լիազոր մարմին՝ կրթության բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.
3) կրթության բնագավառի տեսչական վերահսկողություն՝ կրթության բնագավառի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ սույն օրենքով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման, կրթության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով իրականացվող գործընթաց.
4) տեսչավորում՝ հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անցկացվող համալիր գործառույթ, որն ուղղված է կրթության բնագավառում պետական քաղաքականության ապահովմանը, կրթության որակի գնահատմանը կամ կրթության կազմակերպման առկա խնդիրների բացահայտմանը, խորհրդատվության տրամադրմանը.
5) դիտարկում՝ սույն օրենքով սահմանված կարգով ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների պարզաբանման նպատակով տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթ՝ ուղղված սովորողների (սաների) կրթական իրավունքների պաշտպանությանը.
6) վերահսկվող սուբյեկտ՝ սույն օրենքով սահմանված կրթության բնագավառի ուսումնական հաստատություն կամ այդ բնագավառում կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն, սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև բարձրագույն ուսումնական հաստատություն։
Հոդված 4. | Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները |
1. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն են՝
1) Հայաստանի Հանրապետությունում կրթության որակի բարձրացմանն աջակցումը.
2) կրթության բնագավառի քաղաքականության սկզբունքների առավելագույն իրացման ապահովումը.
3) կրթության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարմանն աջակցումը.
4) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված գործընթացների անհամապատասխանությունների և խախտումների կանխարգելմանը, խնդիրների բացահայտմանը, կարգավորումների բարելավմանն աջակցումը.
5) սովորողների կրթության իրավունքի, կրթության և վերջնարդյունքների հասանելիության հավասար հնարավորությունների ապահովումը։
2. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության խնդիրներն են՝
1) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների կատարմանն ուղղված կանխարգելիչ գործառույթների իրականացումը.
2) կրթության բնագավառի շահառուների կրթական իրավունքների պաշտպանությանը միտված կանխարգելիչ գործառույթների իրականացումը.
3) հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական ծրագրերի իրացման գործընթացների և սովորողների կողմից այդ ծրագրերի յուրացման հնարավորությունների ապահովմանն աջակցումը.
4) ձեռք բերված տվյալների վերլուծությունը և նպատակային կառավարումը.
5) կրթական գործընթացների և ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը.
6) կրթության բնագավառում ռիսկերի գնահատումը և կառավարումը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 5. | Տեսչական մարմնի լիազորությունները |
1. Տեսչական մարմինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն՝
1) կրթության բնագավառում և բարձրագույն կրթության ոլորտում կրթական ծրագրի համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և յուրաքանչյուր որակավորման կամ կրթական ծրագրի աստիճանի լիցենզիայի համար սահմանված պայմանների պահպանման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների (բացառությամբ արտադպրոցական կրթության)՝ լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների հավաստիության նկատմամբ.
2) հանրակրթության (այդ թվում՝ նախադպրոցական կրթության), նախադպրոցական ծառայությունների և արտադպրոցական կրթության նկատմամբ՝ հետևյալ ուղղություններով.
ա. նախադպրոցական կրթական ծրագրերի համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջներին, զարգացնող միջավայրի չափանիշներին, ըստ տարիքային խմբերի և զարգացման ոլորտների՝ սաների կրթական և զարգացման վերջնարդյունքներին ու սաներից ակնկալվող կարողունակություններին ներկայացվող պահանջներ,
բ. հանրակրթական ուսումնական հաստատությունում իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի (հանրակրթական պետական ծրագրերի) պահանջներին, ներառյալ ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքին և ուսումնական պլանի կազմման կանոններին, առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին, տարեկան ուսումնական ժամանակացույցներին, դասացուցակներին, երաշխավորված դասագրքերի ցանկին՝ անկախ հանրակրթական պետական ծրագիրն իրականացնող կազմակերպության կազմակերպական-իրավական ձևից,
գ. հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրերի համապատասխանությունը հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերին, պետական չափորոշիչների պարտադիր պահանջներին, տվյալ ծրագրի հաստատման կարգին,
դ. լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված ուղղություններով երաշխավորված արտադպրոցական ծրագրերի պահանջների ապահովում,
ե. հանրակրթության յուրաքանչյուր կրթական ծրագրի մակարդակում փոխադրական (այդ թվում՝ էքստեռն), ավարտական, պետական ավարտական քննությունների (ստուգման) անցկացման ընթացակարգերը,
զ. պետական հանրակրթական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման համապատասխանություն սահմանված չափանիշներին (կարգին),
է. նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության, խմբերի կազմավորման, պարապմունքների կազմակերպման, նախադպրոցական ծրագրերին և ծառայություններին ներկայացվող պահանջների և տևողության համապատասխանություն,
ը. հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկված և պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաներին բացահայտելու և հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկելու գործողություններ, այդ թվում՝ սահմանված ժամկետից ուշ ընդգրկվող երեխաների կրթություն կազմակերպելու գործընթաց,
թ. ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների գործունեության՝ լիազոր մարմնի երաշխավորած պայմաններին համապատասխանություն,
ժ. հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնառությունը դասարանային (խմբային), անհատական, տնային ուսուցման կամ հեռավար (դիստանցիոն) կրթության միջոցով ապահովելու, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները ապահովելու գործընթացներ,
ժա. հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերի, դասագրքերի, ուսումնառության նյութերի, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութի առկայություն,
ժբ. նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվների, ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշների համապատասխանություն երեխաների տարիքային և զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվներին,
ժգ. պետական հանրակրթական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին օրենքով և ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությամբ վերապահված պարտականությունների կատարման իրավաչափություն,
ժդ. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման (մրցույթի անցկացման, ընտրության կամ նշանակման) գործընթացներ,
ժե. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների՝ սահմանված անվանացանկին, զբաղեցրած պաշտոնի նկարագրերին, իսկ պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների դեպքում՝ նաև օրինակելի հաստիքացուցակին համապատասխանություն,
ժզ. արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների՝ պաշտոնների անվանացանկին, դրանց նկարագրերին համապատասխանություն,
ժէ. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածվող փաստաթղթերի համապատասխանություն սահմանված անվանացանկին և ձևերին, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության ընթացքում դրանց վարման կանոնների ապահովում,
ժը. օրենսդրությամբ սահմանված այլ ուղղություններ.
3) մասնագիտական կրթության նկատմամբ՝ հետևյալ ուղղություններով.
ա. մասնագիտական ուսումնական հաստատությունում իրականացվող՝ լիցենզավորված որակավորման մոդուլային ծրագրի համապատասխանությունը մասնագիտական կրթության յուրաքանչյուր որակավորման բնութագրիչին, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման պահանջներին, որակավորումը (ուղղվածությունը) ապահովող փաստաթղթերին և ուսումնամեթոդական փաթեթին,
բ. հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու դեպքում՝ միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչով սահմանված առարկաների նվազագույն ցանկի ու ծավալի ապահովման պայմաններ,
գ. յուրաքանչյուր ուսումնական տարի լրիվ կամ մասնակի կրթաթոշակի ձևով պետական կամ հանրային մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թվի՝ հատկացված տեղերին (այդ թվում՝ նպատակային ուսուցման) համապատասխանություն,
դ. պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրելու համապատասխանությունը սահմանված չափանիշներին և պայմաններին (դեպքը, հիմքը և չափը),
ե. մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության, ուսանողների՝ մեկից ավելի մասնագիտական կրթություն ստանալու, մեկ հաստատությունից այլ հաստատություն կամ մեկ որակավորման ծրագրից այլ ծրագիր տեղափոխվելու, ինչպես նաև ուսանողների ուսումնառությունը ընդհատելու, ազատելու կամ հեռացնելու միջոցով դադարեցնելու կամ ուսումնառությունը դադարեցրած անձի ուսանողական իրավունքը վերականգնելու ընթացակարգեր,
զ. պետական ամփոփիչ ստուգում անցկացնելու, վերահանձնելու, ինչպես նաև սահմանված ժամկետից շուտ կամ ուշ որակավորում շնորհելու ընթացակարգերի հիմքեր,
է. մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգի պահպանում, մրցույթ չհայտարարելու դեպքեր,
ը. պետական մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի մրցութային ընտրության և նշանակման գործընթաց,
թ. պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին առաջադրելու, փոխարինելու և նրա լիազորությունները դադարելու կամ դադարեցնելու հիմքեր։
2. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության միջոցառումներից ստացված կամ ձեռք բերված տվյալների հիման վրա տեսչական մարմինը՝
1) իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող տարեկան հաշվետվությունների ուսումնասիրություն և վերլուծություն.
2) իրականացնում է բացատրական աշխատանքներ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման վերաբերյալ, ուսումնական հաստատություններին իրազեկում է նրանց իրավունքների և պարտականությունների մասին, իրականացնում է խորհրդատվություն, կանխարգելիչ աջակցություն.
3) կազմում է հաշվետվություններ, միջնորդագրեր, հանձնարարականներ, կարգադրագրեր, որոշումներ, ակտեր, եզրակացություններ, տեղեկանքներ, արձանագրություններ, վերլուծություններ և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր։
Հոդված 6. | Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության ձևերը |
1. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվում է ստուգման, տեսչավորման, դիտարկման և օրենքով սահմանված այլ ձևերի միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողության ձևերի հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
3․ Վերահսկողության շրջանակում անհրաժեշտ՝ տեսչական մարմնին հասանելի տեղեկատվական համակարգերում առկա թվայնացված տվյալները ձեռք են բերվում բացառապես այդ համակարգերի միջոցով՝ առանց վերահսկվող սուբյեկտին այցելելու կամ վերջինից դրանք պահանջելու։
Հոդված 7. | Ստուգման իրականացումը |
1. Ստուգումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:
2. Ստուգման ընթացքում ստուգաթերթերի հարցերին պատասխանելու համար գործածվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա թվայնացված տվյալները։
3. Ստուգման ընթացքում ստուգաթերթի համապատասխան հարցերը պարզաբանելիս տեսչական մարմնի ծառայողն օգտագործում է սյունակաշարեր, որոնցով գնահատվում է նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջի կատարման աստիճանը: Սյունակաշարերը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:
4. Վերահսկվող սուբյեկտների գործունեության անհատական ռիսկի բաղադրիչը հաշվարկելիս հիմք են ընդունվում նաև սույն օրենքով սահմանված տեսչավորման արդյունքները:
Հոդված 8. | Տեսչավորման իրականացումը |
1. Տեսչավորումն իրականացվում է տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրի մաս կազմող տեսչավորման տարեկան ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) համապատասխան:
2. Ծրագիրը կազմվում է՝ հիմք ընդունելով տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված առաջնահերթությունները և կրթության բնագավառում առկա ռիսկերը:
3. Ծրագիրը ներառում է տեսչավորման ենթակա հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), վերջին տեսչավորման ավարտի տարին, ամիսը, ամսաթիվը, մասնագիտական կրթության որոշակի մակարդակում տվյալ որակավորումը հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում՝ տվյալ որակավորման անվանումը։
4. Ծրագրում փոփոխությունները կատարվում են տեսչական մարմնի կառավարման խորհրդի համաձայնությամբ:
5. Ծրագիրը և դրանում կատարված փոփոխությունները տեղադրվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքում դրանց հաստատումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Տեսչավորումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են տեսչական մարմնի անվանումը, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, տեսչավորում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տեսչավորման գործընթացում ներգրավված մասնագետների անունը, ազգանունը, տեսչավորման ձևաթղթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեսչավորման ընթացքում, տեսչավորման ժամկետը, տեսչավորմամբ ընդգրկվող ժամանակահատվածը և իրավական հիմքերը:
7. Տեսչավորում իրականացնելու մասին հրամանը նախքան տեսչավորումն սկսելը ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տեսչավորման ենթակա ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ տեսչավորման վայրում չգտնվելու կամ տեսչավորում իրականացնելու վերաբերյալ հրամանն ստորագրությամբ ստանալու փաստը չհավաստելու դեպքում տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձն այդ մասին նշում է կատարում տեսչավորում իրականացնելու մասին հրամանում և ստորագրում:
8. Տեսչավորման ընթացքում կիրառվում են ուսումնական հաստատության կրթական գործընթացի գնահատման ձևաթղթեր, որոնք հաստատվում են տեսչական մարմնի ղեկավարի հրամանով:
9. Ձևաթղթերը պարունակում են ուսումնական հաստատության տեսչավորման ենթակա կրթական գործընթացի գնահատման համար անհրաժեշտ հարցեր:
10. Տեսչավորման գործընթացում կարող են ներգրավվել նաև մասնագետներ: Մասնագետների վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տարեկան բյուջեի միջոցներից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
11. Տեսչավորման ընթացքում կարող են իրականացվել հետևյալ գործողությունները.
1) գրավոր առաջադրանքների, թեստերի կամ այլ միջոցներով սովորողների գիտելիքների գնահատում.
2) ուսումնական պարապմունքների (դասերի) լսումներ.
3) ուսումնական հաստատությունում բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծության կամ կրթական գործընթացի կազմակերպման առանձին խնդիրների պարզաբանման նպատակով տեսչավորման ընթացքում սովորողների, նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատության աշխատողների հետ հանդիպումների կամ վերջիններիս շրջանում հարցումների իրականացում.
4) սույն մասի 1-3-րդ կետերով կատարված գործողությունների արդյունքների հիման վրա ուսուցչի (դաստիարակի)՝ տվյալ առարկայի դասավանդման բնութագրի կազմում՝ ըստ ձևաթղթերի:
12. Ուսումնական հաստատությունում տեսչավորման առավելագույն ժամկետը տասնհինգ աշխատանքային օր է: Տեսչավորումն սկսված է համարվում սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու պահից:
13. Տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ տեսչավորում իրականացնելու մասին հրաման տված պաշտոնատար անձի որոշմամբ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասն աշխատանքային օրով:
14. Տեսչավորման ընթացքը կասեցվում է, եթե՝
1) տեսչավորման իրականացումն անհնար է առանց այնպիսի տեղեկության ճշտման կամ ձեռքբերման, որն անհրաժեշտ է տեսչավորման հետագա ընթացքի համար.
2) գործում է անհաղթահարելի ուժ, կամ առկա է տեսչավորման իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է տեսչավորման ընթացքը.
3) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
15. Տեսչավորման ընթացքը կասեցվում է տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի հիմնավորված զեկուցագրի հիման վրա՝ տեսչավորում իրականացնելու մասին հրաման տված պաշտոնատար անձի որոշմամբ, մինչև այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքների վերանալը: Դրանք վերանալուց հետո տեսչավորում իրականացնելու մասին հրաման տված պաշտոնատար անձի որոշմամբ տեսչավորումը վերսկսվում է:
16. Տեսչավորման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմվում է եզրակացություն, որն ստորագրում են տեսչավորումն իրականացրած տեսչական մարմնի ծառայողը և տեսչավորմանը մասնակցած մասնագետը: Եզրակացությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում մասնագետը ներկայացնում է հատուկ կարծիք: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այդ մասին մասնագետն ստորագրությամբ նշում է կատարում տեսչավորման եզրակացության մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է եզրակացությանը՝ որպես եզրակացության անբաժանելի մաս:
17. Տեսչավորման եզրակացությունում նշվում են՝
1) կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.
2) տեսչական մարմնի անվանումը, տեսչավորման ժամկետը, տեսչավորմամբ ընդգրկվող ժամանակահատվածը.
3) տեսչավորում իրականացնելու մասին հրամանի վավերապայմանները.
4) տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) տեսչավորմանը մասնագետների մասնակցության դեպքում՝ նրանց անունը, ազգանունը (հատուկ կարծիքը՝ առկայության դեպքում).
6) ուսումնական հաստատության անվանումը, համապատասխան կրթական ծրագրի մակարդակը, այդ թվում՝ մասնագիտական կրթության մակարդակի որակավորումը, հիմնական կրթության հիմքով իրականացվելու դեպքում՝ նաև որակավորումը.
7) ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը.
8) տեսչավորման ձևաթղթի անվանումը, հերթական համարը:
18. Տեսչավորման եզրակացությունը պարունակում է նաև ուսումնական հաստատության ուժեղ և զարգացման ենթակա կողմերի, հայտնաբերված խնդիրների և ռիսկային գործոնների, ուսումնական հաստատությանը ներկայացված առաջարկությունների, ուսումնական հաստատության կրթության որակի ընդհանուր և ըստ բաղադրիչների գնահատականների, ինչպես նաև ներգրավված մասնագետների իրականացրած գործառույթների ամփոփ նկարագրությունը և սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկությունները:
19. Տեսչավորման եզրակացությունը կարող է պարունակել նաև այլ տեղեկություններ, որոնք տեսչական մարմնի գնահատմամբ կարող են նշանակություն ունենալ ուսումնական հաստատությունում կրթության որակի բարձրացման համար: Տեսչավորման եզրակացությանը կցվում են տեսչավորման ընթացքում կիրառված ձևաթղթերը։
20. Տեսչավորման եզրակացությունն ստորագրվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն, պաշտոնական կամ տեսչավորված ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի հայտնած էլեկտրոնային փոստի հասցեով կամ փոստային առաքմամբ) ներկայացվում է տեսչավորված ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ուսումնական հաստատության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եզրակացության վերաբերյալ կարող է ներկայացնել առարկություններ կամ դիտողություններ, որոնք կցվում են եզրակացությանը և կազմում դրա անբաժանելի մասը:
21. Տեսչավորման եզրակացությունն ստորագրվելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է նաև լիազոր մարմնին և հրապարակվում է տեսչական մարմնի պաշտոնական կայքում:
22. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը տեսչական մարմնի պաշտոնական կայքում տեղադրվում, ինչպես նաև լիազոր մարմնին և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին (այսուհետ՝ Գրասենյակ) է տրամադրվում տեսչական մարմնի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված տեսչավորումների վերաբերյալ հաշվետվությունը, որի ձևը հաստատում է Գրասենյակի ղեկավարը:
Հոդված 9. | Կրթության բնագավառում դիտարկման իրականացումը |
1. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են տեսչական մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման հիմքերը, դիտարկման նպատակը, ժամկետը, ուսումնական հաստատության անվանումը, կրթական ծրագրի մակարդակը, հասցեն (գտնվելու վայրը): Դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է տեսչական մարմնի ծառայողի՝ տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրած հիմնավորված զեկուցագրի հիման վրա: Զեկուցագիր ներկայացվում է այն դեպքում, երբ տեսչական մարմինն ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների վերլուծության արդյունքով սովորողների կրթական իրավունքների խախտման վտանգը բարձր է գնահատում, կամ երբ նույն խնդրի վերաբերյալ ստացվել են երկու կամ ավելի գրավոր տեղեկություններ, դիմումներ կամ բողոքներ:
2. Դիտարկման ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել դիտարկումն իրականացնելու համար:
3. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկում իրականացնելու մասին հրամանը նախքան դիտարկում սկսելը ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
4. Դիտարկման ընթացքում կարող են կիրառվել ձևաթղթեր: Դիտարկման ձևաթղթերը հաստատվում են տեսչական մարմնի ղեկավարի հրամանով: Ձևաթղթերը պարունակում են սովորողների կրթական իրավունքների ապահովման աստիճանը գնահատելու համար անհրաժեշտ հարցերը, որոնք պարզաբանվում են տվյալ դիտարկման ընթացքում:
5. Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երեք անընդմեջ աշխատանքային օր:
6. Դիտարկման հրամանում նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիտարկում իրականացնող անձը կազմում է տեղեկանք, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող ուսումնական հաստատության անունը (անվանումը), կրթական ծրագրի մակարդակը, հասցեն (գտնվելու վայրը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաև բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և հղումը նորմատիվ իրավական ակտի այն դրույթին (դրույթներին), որի (որոնց) պահանջները չեն կատարվել կամ խախտվել են: Տեղեկանքը երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստային առաքմամբ) ներկայացվում է դիտարկվող ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Դիտարկվող ուսումնական հաստատության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ և առարկություններ կազմված տեղեկանքի վերաբերյալ:
7. Դիտարկման արդյունքով տեսչական մարմնի ղեկավարը ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կարող է ներկայացնել առաջարկություններ, տալ հանձնարարականներ կամ կարգադրագրեր՝ բացահայտված խախտումները վերացնելու, օրենսդրությանը չհակասող այլ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ սահմանելով ժամկետներ:
8. Դիտարկման արդյունքով սահմանված կարգով կազմված տեղեկանքը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Գրասենյակին, ինչպես նաև շահագրգիռ պետական կառավարման մարմիններին, մարզպետին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի:
9. Դիտարկվող ուսումնական հաստատությունը տրված հանձնարարականի (կարգադրագրի) կատարման մասին պարտավոր է հանձնարարականի (կարգադրագրի) կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին:
10. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում եռօրյա ժամկետում պարտադիր տեղադրում է իրականացված դիտարկումների արդյունքների մասին տեղեկատվություն, որը ներառում է դիտարկված ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, դիտարկման առարկան, հրապարակման ենթակա դիտարկման արդյունքները:
11. Դիտարկման արդյունքներն օգտագործվում են ուսումնական հաստատության ռիսկը գնահատելիս:
Հոդված 10. | Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելը |
1. Ուսումնական հաստատության կողմից «Լիցենզավորման մասին» օրենքով և կրթական ծրագրի համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզիայի տրման համար սահմանված պայմանները խախտելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին՝ տեսչական մարմնի իրականացրած վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Լիազոր մարմինը միջնորդագրի քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան վարչական ակտն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է տեսչական մարմնին:
Հոդված 11. | Տեսչական մարմնի փաստաթղթերի ծանուցման կարգը |
1. Տեսչական մարմնի հաշվետվությունները, միջնորդագրերը, հանձնարարականները, ակտերը, եզրակացությունները, տեղեկանքները, արձանագրությունները և վերլուծությունները (այսուհետ՝ թղթակցություն) ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
2. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվում է վարույթի մասնակիցներին նրանց՝ վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով: Թղթակցությունն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ։
3. Առձեռն հանձնելու դեպքում թղթակցությունը հանձնվում է վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին՝ ծանուցվողի ստորագրությամբ:
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա բացակայություն դեպքում՝ նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող հասցեատիրոջը թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է հասցեատերը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ուղարկվելու անհնարինության պարագայում թղթակցությունն ուղարկվում է փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն՝ ծանուցվողի ստորագրությամբ:
6. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկվելու մասին ծանուցվողի կողմից ստացվելու վերաբերյալ ապացույցը:
7. Թղթակցությունն առձեռն հանձնելու դեպքում վարչական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
8. Թղթակցությունը պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում է ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառման դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում են ծանուցումն ուղարկվելու (հաղորդվելու) փաստը հաստատող ապացույցները (արձանագրությունը, հեռախոսագիրը, ձայնագրությունը և այլն):
9. Թղթակցությունը էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:
10. Տեսչական մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի մասնակիցները պարտավոր են տեսչական մարմնին անհապաղ հայտնել վարչական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով վարչական վարույթի շրջանակում կատարվել է ծանուցումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով այն համարվում է պատշաճ հանձնված:
11. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվել է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ նրա նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով ուղարկվելու դեպքում ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, տեսչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված՝ տեսչական մարմնի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակվելու օրվան հաջորդող երրորդ օրը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 12. | Տեսչական մարմնի ծառայողների իրավունքները |
1. Տեսչական մարմնի ծառայողներն իրավունք ունեն՝
1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնելու կրթության բնագավառի տեսչական վերահսկողություն, իսկ սույն օրենքով սահմանված դեպքում՝ բարձրագույն կրթության ոլորտի տեսչական վերահսկողություն.
2) ծառայողական պարտականությունների կատարման նպատակով անարգել մուտք գործելու վերահսկվող սուբյեկտների համապատասխան շենք (տարածք, գրասենյակ, ստորաբաժանումներ և այլ շինություններ).
3) իրենց իրավասության շրջանակում ստանալու վերահսկողության նպատակներին առնչվող փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ և այլ տեղեկություններ.
4) վերցնելու փաստաթղթեր, կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողության նպատակներին և չեն խոչընդոտում վերահսկվող սուբյեկտների բնականոն աշխատանքը: Փաստաթղթերի կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ կամ տեղեկանքներ վերցնելու անհրաժեշտության դեպքում տեսչական մարմնի ծառայողները դրանց կրկնօրինակները և պատճենները ներկայացնում են վերահսկվող սուբյեկտների ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Այլ նյութեր վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է վերահսկվող սուբյեկտների ներկայացուցչին։ Այլ նյութեր վերցնելու դեպքում դրանք վերադարձվում են վերահսկվող սուբյեկտներին դրանց անհրաժեշտությունը վերանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում.
5) օրենքով սահմանված դեպքերում հանձնարարականներ և կարգադրագրեր տալու վերահսկվող սուբյեկտներին վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ՝ դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ.
6) վերահսկողության ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնելու կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձին, որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկացնում է տեսչական մարմնին:
2. Տեսչական մարմնի ծառայողների համար նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ իրավունքներ:
Հոդված 13. | Տեսչական մարմնի ծառայողների պարտականությունները |
1. Տեսչական մարմնի ծառայողներն օրենքով սահմանված դեպքում և կարգով իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են՝
1) գործել բացառապես օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում՝ պահպանելով բարեվարքության կանոնները.
2) ապահովել սովորողների (սաների) կրթական իրավունքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
3) ծառայողական պարտականությունները կատարելիս չխոչընդոտել վերահսկվող սուբյեկտների բնականոն գործունեությունը.
4) պահպանել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջները, այդ թվում՝ պահանջել այնպիսի անձնական տվյալներ, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են երեխայի լավագույն շահի պաշտպանության համար.
5) պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները օրենքով սահմանված գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.
6) կրթության բնագավառի օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ:
2. Տեսչական մարմնի ծառայողները պատասխանատվություն են կրում վերահսկվող սուբյեկտներից վերահսկողության նպատակով ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականությունը պահպանելու և սահմանված ժամկետում դրանք վերադարձնելու համար:
Հոդված 14. | Վերահսկվող սուբյեկտների պաշտոնատար անձանց իրավունքները |
1. Վերահսկվող սուբյեկտների պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝
1) ծանոթանալու վերահսկողության իրականացման ընթացքում կազմված ակտերին, տեղեկանքներին, եզրակացություններին և այլ փաստաթղթերի.
2) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու տեսչական մարմնի ծառայողների գործողությունները.
3) չկատարելու տեսչական մարմնի ծառայողների իրավասություններից, ինչպես նաև վերահսկողության նպատակներից չբխող պահանջները.
4) վերահսկվող սուբյեկտների շահերի պաշտպանության նպատակով վերահսկողության ցանկացած փուլում մասնակից դարձնելու մասնագետների կամ լիազորված ներկայացուցիչների:
Հոդված 15. | Վերահսկվող սուբյեկտների պաշտոնատար անձանց պարտականությունները |
1. Վերահսկվող սուբյեկտների պաշտոնատար անձինք պարտավոր են՝
1) չխոչընդոտել վերահսկողության իրականացման ընթացքը, կատարել տեսչական մարմնի ծառայողների օրինական պահանջները.
2) տեսչական մարմնի ծառայողների պահանջով ներկայացնել փաստաթղթեր, տվյալներ, բանավոր և գրավոր բացատրություններ, տեղեկանքներ, տրամադրել դրանց պատճենները, կրկնօրինակները, տեղեկությունները և այլ անհրաժեշտ նյութեր.
3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել տեսչական մարմնի ծառայողների գործունեության համար.
4) սահմանված ժամկետում կատարել վերահսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տրված հանձնարարականները (կարգադրագրերը) և ցուցումները՝ այդ մասին դրանց կատարման համար սահմանված ժամկետում գրավոր տեղեկացնելով տեսչական մարմնին:
Հոդված 16. | Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
1. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Կրթության պետական տեսչության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն օրենքը:
3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետով սահմանված կրթական ծրագրի համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և յուրաքանչյուր որակավորման կամ կրթական ծրագրի աստիճանի լիցենզիայի համար սահմանված պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության դրույթն ուժի մեջ է մտնում «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո։ Մինչ այդ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում կրթական ծրագրի համապատասխան մակարդակի իրականացման լիցենզիայի պահանջների հիման վրա.
2) 3-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված նոր կանոնակարգումներն ուժի մեջ են մտնում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքից բխող գործողությունների ժամանակացույցին համապատասխան՝ դրանք ընդունվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի 31-ից։ Մինչ այդ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում համապատասխանաբար՝
ա. սույն կետի «ա» և «բ» ենթակետերի մասով՝ մասնագիտական կրթության պետական չափորոշչի համապատասխանության նկատմամբ,
բ. սույն կետի «գ» և «դ» ենթակետերի մասով՝ պետության կողմից կրթաթոշակի լրիվ կամ մասնակի (զեղչ) փոխհատուցման և տրամադրման պայմանների պահպանման նկատմամբ։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-107-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
