Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
04.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32324/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32324/02/19

Նախագահող դատավոր՝  Կ Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 04-ին,

գրավոր ընթացակարգով քննելով՝ ըստ հայցի Արևիկ Չալիկյանի, Արմեն Խաչատրյանի, Նորա Վանյանի, Մարինե Սաժումյանի և Մարտին Հարությունյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արևիկ Չալիկյանը, Արմեն Խաչատրյանը, Նորա Վանյանը, Մարինե Սաժումյանը և Մարտին Հարությունյանը պահանջել են Բանկից բռնագանձել 10,881,520.00 ՀՀ դրամ՝ որպես 10092015-17072019 թվականների Արևիկ Չալիկյանի ամսական միջին աշխատավարձի վրա հաշվարկվող տույժերի գումար, 12,778,704.00 ՀՀ դրամ՝ որպես 10092015-17072019 թվականների Արմեն Խաչատրյանի ամսական միջին աշխատավարձի վրա հաշվարկվող տույժերի գումար, 10,819,816.00 ՀՀ դրամ՝ որպես 10092015-17072019 թվականների Նորա Վանյանի ամսական միջին աշխատավարձի վրա հաշվարկվող տույժերի գումար, 22,550,032.00 ՀՀ դրամ՝ որպես 10092015-17072019 թվականների Մարինե Սաժումյանի ամսական միջին աշխատավարձի վրա հաշվարկվող տույժերի գումար, 12,971,468.00 ՀՀ դրամ՝ որպես 10092015-17072019 թվականների Մարտին Հարությունյանի ամսական միջին աշխատավարձի վրա հաշվարկվող տույժերի գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ Վարդանյան) 06.02.2020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2020 թվականի որոշմամբ Արևիկ Չալիկյանի, Արմեն Խաչատրյանի, Նորա Վանյանի, Մարինե Մաժումյանի և Մարտին Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և գործն ուղարկվել ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության։

Արևիկ Չալիկյանը, Արմեն Խաչատրյանը, Նորա Վանյանը, Մարինե Սաժումյանը և Մարտին Հարությունյանը միջնորդել են կասեցնել գործի վարույթը այն պատճառաբանությամբ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 31.03.2021 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/3857/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12012021 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 21.05.2021 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.07.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Վահագն Բաղրամյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, գործում առկա որևէ ապացույցի վրա հղում չկատարելով, եզրակացրել է, որ Բանկը վերաքննիչ բողոքում չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները և կիրառել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը ենթակա չէր կիրառման, ինչի արդյունքում վերջինս զրկվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս, Běleš-ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Եվրոպական դատարանի 12022003 թվականի որոշում, § 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս, Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):

«Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Philis-ն ընդդեմ Հունաստանի, application no. 12750/87; 13780/88; 14003/88, Եվրոպական դատարանի 27.08.1991 թվականի որոշում, § 59, De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 12964/87, Եվրոպական դատարանի 16.12.1992 թվականի որոշում, § 28, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 229):

Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս, Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս, Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի, application no. 69829/01, 2672/03, Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշում): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս, Cañete de Goñi-ն ընդդեմ Իսպանիայի, application no. 55782/00, Եվրոպական դատարանի 15012003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս, Miragall Escolano-ն ընդդեմ Իսպանիայի, Applications nos. 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, Եվրոպական դատարանի 25012000 թվականի որոշում, Zvolský-ն և Zvolská-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 46129/99, Եվրոպական դատարանի 12112002 թվականի որոշում, § 51):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «…հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ…»:

Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքարկման ինստիտուտի դերին և նշանակությանը, փաստում է, որ արդարադատության իրականացման ելակետային նպատակը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրացումը, ինչի ապահովման նպատակով գործում է դատական ակտերի բողոքարկման գործիքակազմը, ինչը հնարավորություն է տալիս շտկելու մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները ոտնահարող դատական սխալները։ Այսպիսով, մարդու հիմնական իրավունքները և ազատությունները անվերապահորեն պաշտպանվում են ինչպես գործն ըստ էության քննելու ընթացքում, այնպես էլ վերաքննության շրջանակներում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են՝

1) վերաքննիչ դատարանի անվանումը,

2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները,

3) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,

4) վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա,

5) վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները,

6) բողոք բերող անձի պահանջը,

7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցադիմումը, դիմումը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները հանդիսանում են դատական պաշտպանության իրացման համար անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր, որոնցում արտացոլվում է անձի պահանջը՝ ուղղված դատավարության կողմին և խնդրանքը դատարանին՝ պաշտպանելու խախտված, վիճելի և օրենքով պաշտպանվող շահը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց չպահպանումը հանգեցնում է վերաքննիչ բողոքի վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1447 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը«․․․վերաքննիչ բողոքի վերադարձման նախապայմաններն ըստ էության դասակարգվում են երկու խմբի. առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջներին: Օրենսգրքի համաձայն՝ բողոքը պետք է ներառի, մասնավորապես, վերաքննիչ դատարանի անվանումը, բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները, այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը, ինչպես նաև բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը, երկրորդը վերաքննիչ բողոքի ձևին ներկայացվող պայմաններն են, որոնց շարքին են դասվում, ի թիվս այլնի, բողոքին կցվող փաստաթղթերը»։

Դատարանների մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների (տե՛ս, Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 38, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 230): Սա կիրառելի է, մասնավորապես, բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ դրա բնույթից ելնելով՝ պահանջվում է դրա հետ կապված կարգավորում պետության կողմից, որին այս առնչությամբ վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ (տե՛ս, Luordo-ն ընդդեմ Իտալիայի, application no. 32190/96, Եվրոպական դատարանի 17.07.2003 թվականի որոշում, § 85):

 

Սույն գործի փաստերի համաձայն` 21052021 թվականին Դատարանը «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշում է կայացրել (հատոր 5-րդ, գթ 84)։

Վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը։

Վերաքննիչ դատարանի 13072021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում չի նշվել Մարինե «Մաժումյան»-ի անունը, փոխարենը նշվել է Մարինե «Սաժումյան», ինչպես նաև վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվոր Մարինե «Մաժումյան»-ին ուղարկելու փաստը հավաստող վերաբերելի ապացույց, ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (առաքանի թիվ 2078, կոդը` «RR299138250AM»), ապա դրանում նշված հասցեատերը «Մարինե Սաժումյանն» է, որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակը Մարինե «Մաժումյան»-ին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց (հատոր 5-րդ, գթ 123)։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Քաղաքացիական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կողմերի ներկայացրած բոլոր փաստաթղթերում, ինչպես նաև Դատարանի կողմից կայացված որոշումներում հայցվորի անունը գրված է Մարինե «Սաժումյան»։

Արևիկ Չալիկյանի, Արմեն Խաչատրյանի, Նորա Վանյանի, Մարինե «Սաժումյան»-ի, Մարտին Հարությունյանի ներկայացրած հայցադիմումում որպես հայցվորի ազգանուն նշվել է «Սաժումյան» ազգանունը և հայցադիմումն էլ ստորագրվել է վերջինիս կողմից (հատոր 1-ին, գթ 5, 19)։

Քաղաքացիական գործի նյութերում առկա է հայցվորի անձնագիրը, որտեղ ազգանվան դաշտում նշված է «Սաժումյան» (հատոր 1-ին, գթ 32):

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Մարինե «Սաժումյան»-ի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի վերջնամասում նույնպես առկա է վերջինիս ստորագրությունը (հատոր 1-ին, գթ 33, 35)։

Դատարանի 06022020 թվականին կայացրած վճռում, որպես սույն գործով հայցվոր, նշված է Մարինե «Սաժումյան»-ը (հատոր 1-ին, գթ 151)։

Վճռաբեկ դատարանը, համադրելով վերոգրյալ փաստերը և Վերաքննիչ դատարանի կողմից կատարված եզրահանգումները, հարկ է համարում արձանագրել, որ հայցադիմումի վերջնամասում Մարինե «Սաժումյան»-ի անուն-ազգանվան առկայությունը և վերջինիս դիմաց ստորագրության առկայությունն ինքնին ողջամտորեն հիմք են տալիս եզրակացնելու, որ հայցվոր հանդիսանում է Մարինե «Սաժումյան»-ը և ոչ թե Մարինե «Մաժումյան»-ը՝ որպես կանխավարկած ընդունելով այն հանգամանքը, որ անձն առնվազն հայցադիմումին ծանոթանալու և ստորագրելու ժամանակ կնկատեր ազգանվան սխալ լինելը։

Ի հավելումն վերոգրյալ պատճառաբանության՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա անձնագիրը, որի ազգանվան դաշտում նշված է «Սաժումյան», միանշանակ հանդիսանում է վերաբերելի ապացույց ի հավաստումն այն փաստի, որ հայցվորի ազգանունը «Սաժումյան» է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձնագիրը հանդիսանում է անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ և միջոց անձի նույնականացման համար։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, բողոքը վերադարձնելով, սահմանափակել է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է հնարավորություն՝ սահմանված ժամկետում շտկելու բողոքում առկա թերությունները։ Նշված կարգավորումը կիրառելի է բողոքում այնպիսի թերությունների առկայության դեպքում, որոնք ենթակա են շտկման, սակայն քննարկվող պարագայում Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված այն «թերության» շտկումը, որը հիմք է հանդիսացել բողոքի վերադարձման համար, իրատեսական չէ, քանի որ այդ դեպքում բողոքում որպես հայցվոր կմատնանշվի այն անձը, ով սույն գործով հայցվոր չի հանդիսանում։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 13072021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար։

Ընդ որում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ գործող օրենսդրությունը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարում չի նախատեսում, ուստի դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: