Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0021/01/19

Գործ թիվ ԼԴ/0021/01/19

Նախագահող դատավոր՝  Լ. Աբգարյան

Դատավորներ՝

Ա․ Դանիելյան

Մ. Հարությունյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

2020 թվականի հոկտեմբերի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հրաչյա Արամի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 71106618 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության մարմնի` 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Հրաչյա Արամի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

2019 թվականի ապրիլի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2019 թվականի հուլիսի 25-ի դատավճռով Հրաչյա Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Հ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի նոյեմբերի 11-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին: Ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով՝ նշված ժամանակահատվածում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն սահմանելով:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մարտի 12-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հրաչյա Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2018 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20-ի սահմաններում, իր կողմից վարած «Nissan Teana 2.3» մակնիշի 01 VQ 020 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու և Նաիրի փողոցների հատման խաչմերուկում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ և վազանց կատարել արգելված վայրում՝ խաչմերուկում, այդ կերպ թույլ է տվել ՀՀ «Ճանապարհային երթևեկության կանոնների» 65 և 77 կետերի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնային անցման գոտով հատող, հետիոտն Սևակ Հրանտի Մարտիրոսյանին՝ ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի արդյունքում Սևակ Մարտիրոսյանին անզգուշությամբ պատճառվել է մահ»1։

6. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, փաստել է. «() [Առաջին ատյանի դատարանը] որպես Հ.Խաչատրյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ նա երիտասարդ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, սպորտային մրցաշարերում ունեցել է ակտիվ մասնակցություն, ունի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր:

[Առաջին ատյանի դատարանը], հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես ամբաստանյալ Հ.Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար:

[Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ Հ.Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

()

[Առաջին ատյանի դատարանը], հաշվի առնելով ամբաստանյալ Հ.Խաչատրյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, և հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները, գտնում է, որ ամբաստանյալ Հ.Խաչատրյանն իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման և որոշակի գործունեությամբ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման ձևով:

Անդրադառնալով ամբաստանյալ Հ.Խաչատրյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցին` [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է հետևյալը.

[Առաջին ատյանի դատարանը], հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը, գտնում է, որ ամբաստանյալ Հ.Խաչատրյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են և միայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում է հնարավոր ապահովել պատժի նպատակները»2։

7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «() Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, նրա անձը բնութագրող հանգամանքները, ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, հանցագործության կատարման հանգամանքները, հանցանքը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը թույլ են տալիս գալու եզրահանգման, որ () կոնկրետ պատժատեսակի և պատժաչափի նշանակման հարցում Առաջին ատյանի դատարանի հետևությանը չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր տվյալ պարագայում առկա չեն:

() [Ա]յնուհանդերձ Հ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը փաստացի չկրելու նպատակահարմարության համատեքստում նրա վերաբերյալ վերոնշյալ տվյալները պատշաճ գնահատման չի ենթարկել, որի արդյունքում եկել է սխալ հետևության:

Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի երիտասարդ լինելը, դրականորեն բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը և անձը բնութագրող մյուս հանգամանքները, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, դեպքից հետո դրսևորած վարքագիծը, իրեն լիովին մեղավոր ճանաչելը, խոստովանական ցուցմունքներ տալը և անկեղծորեն զղջալը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը՝ ամբաստանյալից բողոք կամ որևէ պահանջ չունենալու մասին, իրենց համակցության մեջ, էապես նվազեցնում են ինչպես ամբաստանյալ Հ.Խաչատրյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բավարար հիմքեր են տալիս գալու հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և ըստ այդմ՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիությանը»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ։

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։

Այսպես` Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն գործով հաստատված այն հանգամանքը, որ ամբաստանյալ Հ.Խաչատրյանը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, գերազանցել է սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը և վազանց կատարել արգելված վայրում՝ խաչմերուկում, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնային անցման գոտիով հատող Ս.Մարտիրոսյանին և նրան անզգուշությամբ մահ պատճառել։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ամբաստանյալ Հ.Խաչատրյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, դրանց նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, այն է` հանցավոր ինքնավստահությամբ գործելու հանգամանքը, որպիսիք ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցավորի անձի և արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմելու հարցում ունեն առանցքային նշանակություն։

8.1. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքների համակցությունը սույն գործով որևէ կերպ չի նվազեցնում ամբաստանյալի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բավարար չէ հանգելու հետևության, որ պատժի նպատակները կարող են իրականացվել առանց նրա կողմից նշանակված պատիժը փաստացի կրելու։

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 25-ի դատավճռին։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն` «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս (…):

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (…)»:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշումները, Գագիկ Ղուկասյանի վերաբերյալ որոշման շրջանակներում փաստել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով «դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն`

ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները (...),

բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթևեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը (...): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ, ի թիվս այլոց, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: (...),

գ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում փաստել է, որ դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել (...):

Զարգացնելով սույն իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթևեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-11-րդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին,

դ. հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (...),

ե. հանցագործությամբ պատճառված վնասը (...),

զ. հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը (...):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքների` իրենց ամբողջության մեջ վերլուծության հիման վրա կառուցելն ունի առանձնապես կարևոր նշանակություն: Ուստի այդ հանգամանքները հաշվի չառնելը, դրանք անտեսելը կարող է հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը (...)»4:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, իր կողմից վարած «Nissan Teana 2.3» մակնիշի 01 VQ 020 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու և Նաիրի փողոցների հատման խաչմերուկում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ և վազանց կատարել արգելված վայրում՝ խաչմերուկում` այդ կերպ թույլ տալով ՀՀ «Ճանապարհային երթևեկության կանոնների» 65-րդ և 77-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնային անցման գոտիով հատող հետիոտն Ս.Մարտիրոսյանին և նրան անզգուշությամբ մահ պատճառել5։

Գնահատելով կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալ Հ.Խաչատրյանի անձը բնութագրող տվյալները՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակներին6։

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշմանը, նշել է, որ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի երիտասարդ լինելը, դրականորեն բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը և անձը բնութագրող մյուս հանգամանքները, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, դեպքից հետո դրսևորած վարքագիծը, իրեն լիովին մեղավոր ճանաչելը, խոստովանական ցուցմունքներ տալը և անկեղծորեն զղջալը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը՝ ամբաստանյալից բողոք կամ որևէ պահանջ չունենալու մասին, իրենց համակցության մեջ էապես նվազեցնում են ինչպես ամբաստանյալ Հ.Խաչատրյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բավարար հիմքեր են տալիս գալու հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու7։

13. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, որոնք վկայում են վերջինիս անձի և նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել ՝

ա) ամբաստանյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես՝ ամբաստանյալ Հ.Խաչատրյանը երթևեկել է թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ և վազանց է կատարել արգելված վայրում՝ խաչմերուկում, որպիսի հանգամանքներն ավելի հավանական են դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը,

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես՝ ամբաստանյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դիտավորությամբ կատարվող իրավախախտում,

գ) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Այդ առումով Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ ճանապարհային երթևեկության տվյալ իրադրությունում տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումն ապահովելու համար թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ ընթանալով, արգելված վայրում՝ խաչմերուկում, վազանց կատարելով, ամբաստանյալ Հ.Խաչատրյանը նախատեսել է իր գործողության արդյունքում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, այսինքն՝ հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ վերջինս դրսևորել է հանցավոր ինքնավստահություն8:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից համարժեք իրավական գնահատականի չի արժանացվել նաև այն փաստը, որ ամբաստանյալը տուժողին վրաերթի է ենթարկել հետիոտնային անցման գոտին հատելիս, այսինքն՝ Ս.Մարտիրոսյանին անզգուշությամբ մահ է պատճառվել այնպիսի իրադրությունում, երբ նա ճանապարհի երթևեկելի մասը հատում էր օրենքով սահմանված կարգով` հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատվածով, որպիսի հանգամանքը ևս բարձրացնում է կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը։

14. Ընդհանրացնելով նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մինչդեռ, ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորությունը, ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացմանը հասնելու համար։

15. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով գործում առկա՝ ամբաստանյալ Հ.Խաչատրյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության՝ իրավաչափորեն արձանագրելով, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակներին:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի սխալ կիրառում, արդյունքում կայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ:

Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի դատավճռին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 418-419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հրաչյա Արամի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հուլիսի 25-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 231-241:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 302-307:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 36-46:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նաև, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի վերաբերյալ գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Էդմոն Ասատրյանի վերաբերյալ գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեսյանի վերաբերյալ գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: