Գլխավոր տեղեկություն
Համար
N 1795-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2017-01.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.12/14(249) Հոդ. 47
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1795-Ն

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ՈՒ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների բազմազանությունը, շուկայում դրանց ծավալները և օգտագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից՝

ա) 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների արտադրության և իրացման սանիտարական կանոններն ու նորմերը.

բ) 3 ամսվա ընթացքում մշակել հիգիենիկ եզրակացության տրամադրման կարգը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման.

գ) մեկ տարվա ընթացքում մակերևութաակտիվ միջոցներ և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներ արտադրող այն պետությունների առողջապահական մարմինների հետ, որոնց արտադրանքը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն, կնքել հիգիենիկ եզրակացությունների փոխճանաչման պայմանագրեր։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 17
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ՈՒ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ


I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող  լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ միջոցների վրա՝

մակերևութաակտիվ միջոցներ

3402 20 200, 3402 90 100,

լվացող ու մաքրող միջոցներ, որոնք պարունակում են

մակերևութաակտիվ նյութեր

3402 20 900, 3402 90 900։

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված մակերևութաակտիվ միջոցները և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցները (այսուհետ՝ լվացող միջոցներ) նախատեսված են գործվածքների և ամանեղենի բոլոր տեսակների, ինչպես նաև սալիկների, հատակի, խոհանոցային ու սանհանգույցի պարագաների, արդյունաբերական ու բժշկական սարքավորումների լվացման ու մաքրման համար։

3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված լվացող միջոցների անվտանգությունը բնութագրող, ինչպես նաև մակնշմանն ու փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերը։

(3-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

4. Լվացող միջոցները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման։

(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)


II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

լվացող միջոց՝ արտադրանք, որի բաղադրությունը հատուկ ընտրված է լվացող ազդեցության միջոցով աղտոտվածությունների հեռացման համար։ Լվացող միջոցները ներառում են հիմնական (մակերևութաակտիվ նյութեր կամ օճառ) և լրացուցիչ (ակտիվ հավելանյութեր) բաղադրիչներ։

լվացող միջոցները կարող են ունենալ ցանկացած տեսք (հեղուկ, փոշի, մածուկ, կտոր, բրիկետ, թափծու կտոր, ձևավոր կտոր և այլն).

մաքրող միջոց՝ փոքր քանակությամբ օճառ կամ ուրիշ մակերևութաակտիվ նյութ պարունակող արտադրանք, որն օգտագործվում է հատակների, սալիկների, պատուհանների և այլ մակերեսների մաքրման համար.

մակերևութաակտիվ միջոց՝ մակերևութաակտիվ նյութերի (անիոնային, կատիոնային, ոչ իոնածին, ամֆոլիտիկ) խառնուրդները, օրգանական լուծիչում դրանց լուծույթները կամ դիսպերսիաները, մակերևութաակտիվ նյութի հիման վրա օճառ պարունակող կամ չպարունակող այլ խառնուրդները, ինչպես նաև օրգանական լուծիչում օճառի լուծույթները.

մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութային ակտիվությամբ օժտված քիմիական միացություն, որը հեղուկում (մասնավորապես, ջրում) լուծելիս հեղուկ-գոլորշի կամ միջֆազային այլ մակերևույթների վրա նախընտրելի մակակլանման շնորհիվ իջեցնում է դրա մակերևութային կամ միջֆազային լարվածությունը.

մակերևութային ակտիվություն՝ լուծույթում մակերևութաակտիվ նյութի գործողություն, որը սովորաբար հանգեցնում է մակերևութային և միջֆազային լարվածության իջեցման.

անիոնային մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութաակտիվ նյութ, որը ջրային լուծույթում իոնացվում է մակերևութային ակտիվությունը պայմանավորող բացասական լիցքավորված իոնների.

կատիոնային մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութաակտիվ նյութ, որը ջրային լուծույթում իոնացվում է մակերևութային ակտիվությունը պայմանավորող դրական լիցքավորված իոնների.

ոչ իոնածին մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութաակտիվ նյութ, որը ջրային լուծույթում իոններ չի առաջացնում, և որի լուծելիությունը ջրում պայմանավորված է մոլեկուլում ջրի նկատմամբ խիստ խնամակցություն ունեցող գործառութային խմբերի առկայությամբ.

ամֆոլիտ մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութաակտիվ նյութ մի քանի գործառութային խմբերով, որը ջրային միջավայրում, կախված պայմաններից, իոնացվում է՝ առաջացնելով բացասական լիցքավորված կամ դրական լիցքավորված իոններ.

մակերևութային լարվածություն՝ լարվածություն հեղուկի մակերևութային շերտում, որն արտահայտվում է երկարության միավորին ընկնող ուժով։ Մակերևութային լարվածությունը մակերևույթի և այդ մակերևույթի տակ գտնվող մոլեկուլների միջև փոխադարձ ձգողականությունն է, որն ուղղված է դեպի հեղուկի ներքին ծավալը։

Մակերևութային լարվածությունը չափվում է միլինյուտոնով մետրում (մՆ/մ)։

Մակերևութային լարվածությունը հեղուկ և գոլորշի ֆազերի բաժանման մակերևույթին առաջացող ուժերի մասնավոր դեպք է.

միջֆազային լարվածություն՝ լարվածություն երկու հեղուկի բաժանման մակերևույթին, որն արտահայտվում է երկարության միավորին ընկնող ուժով։

Միջֆազային լարվածությունը չափվում է միլինյուտոնով մետրում (մՆ/մ).

առաջնային կենսատարրալուծում՝ մանրէների ազդեցությամբ մակերևութաակտիվ նյութի քայքայումը (սովորաբար ջրային միջավայրում), որի հետևանքով այն կորցնում է իր մակերևութային ակտիվությունը.

լրիվ կենսատարրալուծում՝ մակերևութաակտիվ նյութի կենսատարրալուծման աստիճան, երբ ջրային միջավայրում օդի ներկայությամբ մանրէների ազդեցությամբ այն ամբողջովին տարրալուծվում է ածխածնի երկօքսիդի, ջրի, առկա այլ տարրերի հանքային աղերի և մանրէների կենսագործունեության այլ միացությունների.

լվացող ազդեցություն՝ լվացման գործողություն իրականացնելու՝ լվացող միջոցի ունակություն.

լվացման գործողություն՝ աղտոտվածքների հեռացման գործընթաց հիմքից՝ դրանք վերածելով լուծույթ կամ դիսպերս վիճակի.

հավելանյութ՝ ակտիվ (լվացող միջոցների համար)՝ լվացող միջոցի օժանդակ բաղադրիչ, սովորաբար անօրգանական կառուցվածքով, որի բնութագրական հատկությունները, զուգակցվելով հիմնական բաղադրիչների հատկություններին, ի հայտ են գալիս լվացման ժամանակ։

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում լվացող միջոցների իրացումն առանց համապատասխանության գնահատման՝ արգելվում է։

(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող լվացող միջոցները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով։

(7-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

8. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան լվացող միջոցներն արտադրման և իրացման փուլերում պետք է ունենան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի դրական եզրակացություն։

(8-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն)

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Լվացող միջոցներին ներկայացվող հիգիենիկ պահանջները

9. Լվացող միջոցները պետք է անվնաս լինեն ինչպես արտադրության, այնպես էլ պահման, փոխադրման և օգտագործման ժամանակ՝ մարդու կյանքի և առողջության համար, չառաջացնեն տեղային մաշկագրգռիչ ազդեցություններ, ինչպես նաև չպետք է ունենան թունավոր, մաշկաներծծվող, ալերգիկ, մուտագեն, քաղցկեղածին ազդեցություններ օրգանիզմի վրա։

(9-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն)

10. Լվացող միջոցները չպետք է ունենան օրգանիզմում կուտակվելու (կումուլյատիվ) հատկություններ։

(10-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն)

11. Լվացող միջոցները պետք է հեշտ և արագ մաքրվեն (հեռացվեն) մարդու մաշկածածկույթից և լվացվող-մաքրվող արտադրատեսակների վրայից։

(11-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն)

12. Լվացող միջոցները պետք է լավ լուծվեն ջրում և չունենան սուր հոտ։

(12-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն)

13. Լվացող միջոցները չպետք է ունենան մակակլանվելու հատկություն՝ մաշկը և լվացման-մաքրման ենթակա իրերը դրանցով մշակելու ժամանակ։

(13-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն)

(ենթաբաժինը խմբ. 15.02.07 N 174-Ն)

 

Լվացող միջոցներին ներկայացվող անվտանգության պահանջները

 

14. Լվացող միջոցների արտադրման համար օգտագործվող մակերևութաակտիվ նյութերի առաջնային կենսատարրալուծման աստիճանը պետք է լինի 80 տոկոսից ոչ պակաս։

(14-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն)

15. Լվացող միջոցների արտադրման համար օգտագործվող մակերևութաակտիվ նյութերի լրիվ կենսատարրալուծման աստիճանը 28 օրվա ընթացքում պետք է հասնի առնվազն 60 տոկոսի (ըստ ածխածնի երկօքսիդի)։

(15-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն)

16. Լվացող միջոցներում կամ դրանց մեկ տոկոսանոց ջրային լուծույթում ջրածնի իոնների խտությունը (pH) պետք է լինի`

3-ից պակաս` ձեռքերի մաշկի հետ չշփվող թթվային լվացող միջոցների համար,

3-ից մինչև 11,5` ձեռքերի մաշկի հետ շփվող լվացող միջոցների համար,

11,5-ից ավելի` ձեռքերի մաշկի հետ չշփվող հիմնային լվացող միջոցների համար:

16ա. Լվացող միջոցներում ֆոսֆոր պարունակող միացությունների զանգվածային մասը (վերահաշվարկված ըստ P2O5) պետք է լինի`

17 տոկոսից ոչ ավելի` ֆոսֆատներ պարունակող լվացող միջոցներում (բացառությամբ ջուրը փափկացնող լվացող միջոցների),

30 տոկոսից ոչ ավելի` ջուրը փափկացնող լվացող միջոցներում:

16բ. Քլորակտիվ միացություններ պարունակող լվացող միջոցներում ակտիվ քլորի զանգվածային մասը պետք է լինի 8 տոկոսից կամ 200 գ/դմ3-ից ոչ ավելի:

16գ. Փոշենման լվացող միջոցներում փոշու զանգվածային մասը չպետք է լինի 3 տոկոսից ավելի:

(16-րդ կետը խմբ. 15.02.07 N 174-Ն)

(ենթաբաժինը խմբ. 15.02.07 N 174-Ն)

Լվացող միջոցների մակնշմանը ներկայացվող պահանջները

17. Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող լվացող միջոցների փաթեթվածքի կամ պիտակների վրա տեսանելի տեղում և ընթեռնելի ձևով պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները՝

ա) լվացող միջոցի անվանումը, պիտանիության ժամկետը, պահման պայմանները (անհրաժեշտության դեպքում), զտաքաշը.

բ) արտադրողի (մատակարարի) անվանումը, ապրանքային նշանը (առկայության դեպքում), գտնվելու վայրը.

գ) լվացող միջոցի բաղադրությունը, որը նշվում է հետևյալ բաղադրամասերի 0,2 տոկոսից ավելի պարունակության դեպքում՝

ֆոսֆատներ,

ֆոսֆոնատներ,

անիոնային մակերևութաակտիվ նյութեր,

կատիոնային մակերևութաակտիվ նյութեր,

ոչ իոնածին մակերևութաակտիվ նյութեր,

ամֆոլիտ մակերևութաակտիվ նյութեր,

թթվածին պարունակող սպիտակեցնող բաղադրիչներ,

քլոր պարունակող սպիտակեցնող բաղադրիչներ,

ԷԴՏԱ (EDTA) (տրիլոն Բ),

նիտրիլեռքացախաթթու,

ֆենոլներ և հալոգենացված ֆենոլներ,

պարադիքլորբենզոլ,

արոմատիկ ածխաջրածիններ,

ալիֆատիկ ածխաջրածիններ,

հալոգենացված ածխաջրածիններ,

օճառ,

զեոլիտներ,

պոլիկարբօքսիլատներ։

Մականշվածքում բաղադրամասերի տոկոսային պարունակությունը պետք է նշվի հետևյալ ձևով՝

5 տոկոսից պակաս (0,2-ից մինչև 5 տոկոս պարունակության դեպքում),

5-15 տոկոս,

15-30 տոկոս,

30 տոկոսից բարձր։

Պոտենցիալ ալերգենները նշվում են լվացող միջոցներում դրանց 0,01 տոկոսից ավելի պարունակության դեպքում:

Ջրածնի իոնների ակտիվությունը նշվում է 3-ից ցածր կամ 11,5-ից բարձր pH-ի արժեքի դեպքում` «Ձեռքերի մաշկի հետ շփման ենթակա չէ» մակագրությամբ կամ այդ պահանջը բնութագրող նշանի մակնշմամբ:

«Պարունակում է ակտիվ քլոր» մակագրությունը` քլոր պարունակող սպիտակեցնող բաղադրիչներով լվացող միջոցների համար:

Ֆերմենտների, պահպանող (կոնսերվացնող) նյութերի, ինչպես նաև ախտահանող նյութերի պարունակությունը նշվում է անկախ դրանց քանակությունից.

դ) ցուցումներ՝ օգտագործման վերաբերյալ (լվացվող և մաքրվող օբյեկտը, լվացման եղանակը, ջրի ջերմաստիճանը, ջրի և լվացող միջոցի քանակությունը և այլն).

ե) լվացքի համար նախատեսված լվացող միջոցի փաթեթվածքի վրա լրացուցիչ նշվում է նաև լվացքի մեքենայի ստանդարտ բեռնաչափերի համար լվացող միջոցի առաջարկվող քանակությունը (չափաբաժինը)՝ հաշվի առնելով ջրի կոշտությունը և լվացման ցիկլերը.

զ) լվացքի մեքենայի ստանդարտ բեռնաչափեր են համարվում՝ 4,5 կգ չոր գործվածքը՝ ուժեղ լվացող միջոցի համար, և 2,5 կգ չոր գործվածքը՝ թույլ լվացող միջոցի համար։

Լվացող միջոցը համարվում է ուժեղ, եթե արտադրողը կամ մատակարարը փաթեթվածքի վրա չի նշել, որ այն հիմնականում նախատեսված է գործվածքների խնամքի համար, բայց այն կարող է օգտագործվել  նաև նուրբ և գունավոր գործվածքների լվացման համար՝ ցածր ջերմաստիճանում։

(17-րդ կետը լրաց., փոփ. 15.02.07 N 174-Ն)

18. Արդյունաբերական նպատակով օգտագործվող լվացող միջոցների փաթեթվածքների վրա պարտադիր չէ նշել 17-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված պահանջները, եթե այդ տեղեկությունները տրվում են ապրանքաուղեկից փաստաթղթերում։

19. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող լվացող միջոցների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում սահմանված տեղեկատվության տրամադրումը սպառողին՝ հայերենով։

20. Լվացող միջոցի փաթեթավորումը և դրա համար օգտագործվող նյութերը պետք է ապահովեն արտադրանքի պահպանվածությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը դրա փոխադրման, պահման, իրացման և օգտագործման ժամանակ։

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)

21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լվացող միջոցների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`

1) ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 ընթացակարգով հավաստված համապատասխանության հայտարարագիր.

2) մակնշի համապատասխանության ազգային նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(21-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

22. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ լվացող միջոցի տվյալ խմբաքանակի յուրաքանչյուր փոխադրական տարայից ընտրում է մեկական փաթեթվածք (սպառողական տարա), բայց ոչ պակաս 9 հատից։ Ընտրված փաթեթվածքների պարունակությունը միացնում են, լավ խառնում և կրճատում են մինչև 1 կգ զանգվածով միջին նմուշի ստացումը։

Փոշենման լվացող միջոցների նմուշը կրճատում են քառորդացման մեթոդով։ Ստացված միջին նմուշը տեղավորում են մաքուր, չոր, կիպահղկված խցանով բանկայում կամ այլ հերմետիկ փակվող տարողությունում։

Միջին նմուշով տարային փակցնում են պիտակ, որի վրա պետք է նշվեն՝

լվացող միջոցի անվանումը, դրա նշանակումը,

արտադրողի (մատակարարի) կամ դրա լիազոր ներկայացուցչի անվանումը, ապրանքային նշանը (առկայության դեպքում),

նորմատիվ փաստաթղթի նշագիրը,

արտադրման թվականը,

խմբաքանակի համարը,

նմուշառման թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը),

նմուշառման վայրը,

նմուշառումն իրականացնողի ազգանունը և ստորագրությունը։

23. Լվացող միջոցների նույնականացման գործընթացում ստուգվում են փաթեթավորման տարաների կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը։

24. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան:

(24-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

25. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)

26. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 24 ամիս՝ հաշվի առնելով լվացող միջոցների պիտանիության ժամկետը, բայց ոչ պակաս 3 ամսվանից:

(26-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)

28. Համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության հայտարարագիր տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

(28-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

29. Լվացող միջոցների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լվացող միջոցների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտի նշագիրը Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը
ԳՕՍՏ 22567.5 Միջոցներ լվացող սինթետիկ և մակերևութաակտիվ նյութեր.
Ջրածնական իոնների խտության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 30024
(ԻՍՕ 607-80)
Նյութեր մակերևութաակտիվ և միջոցներ լվացող սինթետիկ.
Նմուշի բաժանման մեթոդներ
ԳՕՍՏ Ռ 50595 Նյութեր մակերևութաակտիվ. Ջրային միջավայրում կենսաքայքայման որոշում
ԳՕՍՏ Ռ 50550 Ապրանքներ կենցաղային քիմիայի. Ջրածնական իոնների ակտիվության ցուցիչի (pH) որոշման մեթոդ
ԳՕՍՏ 22567.7 Սինթետիկ լվացող միջոցներ. Ֆոսֆորաթթվական աղերի զանգվածային մասի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 25644

(հավելված Բ`
փորձարկման մեթոդ)

Սինթետիկ լվացող փոշենման միջոցներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ
ԳՕՍՏ Ռ 50551 Կենցաղային քիմիայի ապրանքներ. Ակտիվ քլորի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51023 Կենցաղային քիմիայի ապրանքներ. Ֆոսֆոր պարունակող միացությունների որոշման մեթոդներ

(ցանկը լրաց. 15.02.07 N 174-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. փոփ. 15.02.07 N 174-Ն, փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան