Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1218
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.24/36(1125) Հոդ.489
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

11 հունիսի 2015 թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (բանավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված` «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի հունիսի 5-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության` մյուս կողմից, միջև:

 

2. Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը միանում է «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր):

 

3. Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն` այն ուժի մեջ է մտնում Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն Արձանագրության մասնակից պետությունների կողմից իրականացնելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի կողմից ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը:

 

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ըստ Պայմանագրի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության` միանալ Ղրղզստանի Հանրապետության միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և պայմանագրի հավելվածում նշված միջազգային պայմանագրերում կատարված փոփոխություններին` Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրությանը համապատասխան,

- ըստ Պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերության` Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Պայմանագրի հավելվածով նախատեսված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացնել առանձին արձանագրությամբ սահմանված պայմաններին և անցումային դրույթներին համապատասխան և հաշվի առնելով այդ արձանագրությամբ սահմանված ցանկով նախատեսված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունները,

- ըստ Պայմանագրի 4-րդ հոդվածի` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, կիրառել Հայաստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով Պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում նշված արձանագրությամբ սահմանված դրույթները և Պայմանագրի 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը:

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագների կիրառումից սկսած երեք տարի ժամկետով «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) մեջ կատարվող փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվը 1,13%-ից նվազում է 1.11%-ի:

 

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված` «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

11 հունիսի 2015 թ.

ՍԴՈ-1218

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան