ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԵԿԴ/0026/01/17 ԵԿԴ/0026/01/17 Դատավորներ՝
Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան
Ն. Հովակիմյան
Ա. Մնացականյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. ԱՎԵՏԻՍյանի մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի ե. դԱՆԻԵԼյանի Լ. Թադևոսյանի ա. պողոսՅԱՆԻ Ս. Օհանյանի Մ. Ավագյանի մասնակցությամբ ամբաստանյալ` Է. Գրիգորյանի
քարտուղարությամբ`
2018 թվականի հունվարի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էդգար Հարությունի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի և նույն թվականի հոկտեմբերի 3-ի որոշումների դեմ ամբաստանյալ Է.Գրիգորյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի հունիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 15119215 քրեական գործը`ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի`2016 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Էդգար Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2017 թվականի փետրվարի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ`նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի`2017 թվականի հուլիսի 4-ի դատավճռով Է.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման`2 տարի 6 ամիս ժամկետով: Նույն դատավճռով ամբաստանյալ Է.Գրիգորյանից հօգուտ տուժողի բռնագանձվել է 1.141.995 ՀՀ դրամ գումար`որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
3. Վերոնշյալ դատավճռի դեմ փաստաբան Լ.Բալյանը բերել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ`նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:
3.1. Նույն դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել նաև ամբաստանյալ Է.Գրիգորյանը`միաժամանակ միջնորդելով հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը: Վերաքննիչ դատարանի`2017 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Է.Գրիգորյանի միջնորդությունը մերժվել է, իսկ վերաքննիչ բողոքը`թողնվել առանց քննության`ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
4. 2017 թվականի օգոստոսի 28-ին ամբաստանյալ Է.Գրիգորյանը միջնորդություն է ներակայացրել Առաջին ատյանի դատարան`խնդրելով հարգելի համարել և վերականգնել նույն դատարանի` 2017 թվականի հուլիսի 4-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը: Առաջին ատյանի դատարանի`2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ (դատական գործ թիվ ԵԿԴ/0073/15/17) Է.Գրիգորյանի միջնորդությունը մերժվել է:
5. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Է.Գրիգորյանը բերել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ մերժվել է:
6. Վերաքննիչ դատարանի`2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 և նույն դատարանի`2017 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ ԵԿԴ/0073/15/17 որոշումների դեմ ամբաստանյալ Է.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի`համապատասխանաբար 2017 թվականի դեկտեմբերի 15-ի և նույն թվականի դեկտեմբերի 22-ի որոշումներով վարույթ են ընդունվել: Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ այդ երկու գործերը վերաբերում են նույն անձին և նույն հանգամանքներին, թիվ ԵԿԴ/0026/01/17 և թիվ ԵԿԴ/0073/15/17 գործերը միացվել են մեկ վարույթում`թիվ ԵԿԴ/0026/01/17 համարի տակ:
Վճռաբեկ բողոքների վերաբերյալ դատավարության մասնակիցների կողմից պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 9-ի որոշման համաձայն` «(...) [Ք]րեական գործով վարույթի ընթացքում ամբաստանյալ Էդգար Գրիգորյանի շահերի պաշտպանությունն իրականացվել է փաստաբան Մակբեթ Կարապետյանի կողմից: 2017 թվականի հուլիսի 28-ին թիվ ԵԿԴ/0026/01/17 դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել փաստաբան Լիանա Բալյանը: Միևնույն ժամանակ, քրեական գործի նյութերում բացակայում է, իսկ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել փաստաբան Լիանա Բալյանի` որպես ամբաստանյալ Էդգար Գրիգորյանի պաշտպանի իրավավիճակը հաստատող` ամբաստանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը, կամ ամբաստանյալի որևէ ազգականի կողմից նրա շահերի պաշտպանությունն իրականացնելու համար փաստաբան Լիանա Բալյանին արված հրավերի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը: Հետևաբար` նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ փաստաբան Լիանա Բալյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` վերաքննիչ բողոքը բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ» (տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 25-26):
8. Ամբաստանյալ Է.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի մաս կազմող` բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին միջնորդության համաձայն` «18.07.2017 թվականին ես և հայրս` Հարություն Գրիգորյանը, դիմել ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիանա Վլադիկի Բալյանին (...), որ ստանձնի թիվ ԵԿԴ/0026/01/17 քրեական գործով իմ պաշտպանությունը, բողոքարկի [Առաջին ատյանի դատարանի] (...) դատավճիռը [Վերաքննիչ դատարան] և ստանձնի իմ պաշտպանությունը դատարանում: 18.07.2017 թվականին փաստաբան Լիանա Բալյանի հետ կնքել ենք թիվ 0-7 պայմանագիրը, համաձայն որի Լ.Բալյանը ստանձնել է իմ պաշտպանությունը (...): 28.07.2017 թվականին թիվ ԵԿԴ/0026/01/17 քրեական գործով դատավճռի դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Լ.Բալյանը: 09.08.2017 թվականին [Վերաքննիչ դատարանը] բողոքը թողել է առանց քննության: Հայտնում եմ, որ իմ և փաստաբանի փաստաթղթերը եղել են պատշաճ ձևակերպված, ես օրինական կարգով եմ դիմել փաստաբանին` ստանձնելու իմ պաշտպանությունը, որը վկայում են 2017թ. հուլիսի 18-ի դիմումները, պայմանագիրը և 27.07.2017թ. փաստաբանին վճարված գումարի անդորրագիրը: Ես ինքս հաստատում եմ և ստորագրել եմ փաստաբանի արտոնագրի պատճենի վրա: Վերը նշված փաստաթղթերը վերաքննիչ բողոքի հետ չէինք ներկայացրել, որպեսզի ես և փաստաբանս ներկայացնենք առաջին դատական նիստի ընթացքում ներկայանալու և իմ ու փաստաբանի անձը, տվյալները ճշտելու ժամանակ (...)» (տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 47-60):
8.1. Ամբաստանյալ Է. Գրիգորյանը վերաքննիչ բողոքին, ի թիվս այլ փաստաթղթերի, կցել է 2017 թվականի հուլիսի 27-ով թվագրված` Հ.Գրիգորյանի կողմից անհատ ձեռնարկատեր Լ.Բալյանին փաստաբանական ծառայության դիմաց վճարելու բանկային անդորրագիրը, Է.Գրիգորյանի և Հ.Գրիգորյանի անունից փաստաբան Լ.Բալյանին ուղղված դիմումները, Հ.Գրիգորյանի և Լ.Բալյանի միջև 2017 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագիրը, Լ.Բալյանի փաստաբանական արտոնագրի պատճենը` վերջինիս և Է.Գրիգորյանի ստորագրություններով (տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 61-65):
9. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի որոշման համաձայն` «(...) [Թ]եև ներկայացված վերաքննիչ բողոքը պարունակում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, այնուամենայնիվ դրանում բերված պատճառաբանությունը և կից ներկայացված փաստաթղթերը չեն վկայում ամբաստանյալի կողմից դատական ակտը ստանալուց հետո բողոքարկման մեկամսյա ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու մասին: Ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ներկայացված միջնորդությունը հիմնավորված չէ, հետևաբար այն ենթակա է մերժման:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել (...) վերաքննիչ բողոք բերելու ժամկետը, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էդգար Գրիգորյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` այն ժամկետանց լինելու պատճառաբանությամբ» (տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 72-74):
10. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման համաձայն` «(...) Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Էդգար Գրիգորյանի պաշտպանը միջնորդությունը պնդեց, խնդրեց այն բավարարել` պատճառաբանելով, որ Է.Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնել է վերջինիս հոր խնդրանքով, նրա հետ կնքած պայմանագրի հիման վրա, նախքան Վերաքննիչ դատարան մուտքագրելը վերաքննիչ բողոքը կազմել և ստորագրել է իր անունից` ամբաստանյալ Է.Գրիգորյանի վատառողջության և բողոքարկման ժամկետը լրանալու պատճառով դրան չկցելով Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու փաստը հաստատող փաստաթղթեր, որոնք նպատակ ուներ ներկայացնել դատարանին առաջին դատական նիստի ընթացքում: Նշեց, որ դատավճիռը բողոքարկելու համար սահմանված ժամկետը բաց են թողել վերոնշյալ հարգելի հանգամանքներով, սակայն օբյեկտիվորեն զրկվել են սահմանված ժամկետում այն բողոքարկելու հնարավորությունից:
(...) [Պ]աշտպան Լ.Բալյանի ներկայացրած պատճառաբանությունը բավարար և հիմնավոր չէ 2017թ. հուլիսի 4-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ։
Ավելին, տվյալ ինստիտուտը կարգավորող և սույն դատական ակտում մեջբերված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի և 380-րդ հոդված 1-ին մասի համադրված վերլուծության արդյունքներով [Առաջին ատյանի դատարանը] նաև փաստում է, որ շահագրգիռ անձը վերոնշյալ միջնորդություն կարող էր ներկայացնել կամ վարույթն իրականացնող մարմին` ՀՀ վերաքննիչ դատարան կամ դատական ակտը կայացրած դատարան` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Տվյալ պարագայում ամբաստանյալ Է.Գրիգորյանը նախընտրել է տվյալ միջնորդությամբ վարույթն իրականացնող մարմին` ՀՀ վերաքննիչ դատարան դիմելու տարբերակը, որը սակայն նրա միջնորդությունը մերժել է, և այդ որոշման առկայության պայմաններում դատավճիռ կայացրած դատարանը նույնիսկ տեսականորեն զրկված է վերոնշյալ միջնորդությունը բավարարելու հնարավորությունից» (տե'ս թիվ ԵԿԴ/0073/15/17 նյութեր, թերթեր 24-26):
11. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ (...) օրենսդիրն այս դեպքում Էդգար Գրիգորյանին հնարավորություն է տալիս վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը, այն դեպքում, երբ նա կներկայացնի հարգելի պատճառներ, որոնք կախված չեն եղել իրենից, այսինքն` բաց թողնված ժամկետը ամեն դեպքում վերականգման ենթակա է, երբ առկա է հարգելի պատճառ:
Հաշվի առնելով վերոգրյալը և բազմակողմանի ուսումնասիրության ենթարկելով գործում առկա նյութերը` Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Էդգար Գրիգորյանը դատարան չի ներկայացրել օբյեկտիվ այնպիսի փաստարկներ, որոնք թույլ կտային հետևություն անել այն մասին, որ վերջինս [Առաջին ատյանի դատարանի]` 04.07.2017թ. դատավճիռը Վերաքննիչ դատարան բողոքարկելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով և որ այն ենթակա է վերականգման (...)» (տե'ս թիվ ԵԿԴ/0073/15/17 նյութեր, թերթեր 46-51):
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Վճռաբեկ բողոքների հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանի որոշումները հակասում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 4-րդ, 38-րդ և 39-րդ հոդվածների պահանջներին:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ պնդումների`բողոքաբերը վկայակոչել է ՀՀ սահմանադրական դատարանի`թիվ ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և եզրահանգել, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, փաստացի հրաժարվել է արդարադատության իրականացումից`խախտելով դատարանի մատչելիության իր իրավունքը:
12.1. Բողոք բերած անձը փաստել է նաև, որ ինքն օրինական կարգով է դիմել փաստաբանին`իր պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով, ինչի մասին են վկայում Լ.Բալյանին ուղղված դիմումները: Բացի այդ, բողոքի հեղինակը մատնանշել է իր և փաստաբանի միջև կնքված պայմանագիրն ու վճարված անդորրագիրը`հայտնելով, որ նշված փաստաթղթերը պաշտպանության կողմը պատրաստվում էր ներկայացնել Վերաքննիչ դատարան առաջին դատական նիստի ընթացքում, սակայն վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու արդյունքում զրկվել է նման հնարավորությունից:
13. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է.
ա) բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան`նոր քննության,
բ) բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան`նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա±ծ են արդյոք ամբաստանյալ Է.Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի և նույն անձի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումները:
⚖15. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ`նաև Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում`սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից (...)»:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:
Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները`
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները`որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները`պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի`2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 և 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումները):
15.1. Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները» (տե'ս Արթուր Այվազյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը):
Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու`անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև (տե'ս Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50):
16. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:
Մեջբերված սահմանադրական նորմը նախատեսում է իրավունքների պաշտպանության համար հիմնարար նշանակություն ունեցող համաչափության սկզբունքը, որի իմաստով` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար կարող են օգտագործվել միայն այնպիսի միջոցներ, որոնք պիտանի և անհրաժեշտ են այդ նպատակին հասնելու համար: Մասնավորապես` հետապնդվող նպատակին հասնելու համար օգտագործվող միջոցը պիտանի է, եթե այն առնվազն կարող է նպաստել այդ նպատակին հասնելուն, իսկ հիմնական իրավունքին միջամտել անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ հետապնդվող նպատակին անհնար է հասնել մեկ այլ, սակայն նույնչափ արդյունավետ ճանապարհով, որն ավելի քիչ կսահմանափակի հիմնական իրավունքով պաշտպանված իրավական բարիքը: Բացի այդ, միջամտությունը պետք է համարժեք կամ չափավոր լինի, այսինքն` միջամտության սաստկությունը չպետք է անհամարժեք լինի սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը և կշռին:
Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը: Այլ կերպ` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռություն` բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
- Առաջին ատյանի դատարանի`2017 թվականի հուլիսի 4-ի դատավճռով Է.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման`2 տարի 6 ամիս ժամկետով (տե'ս սույն որոշման 2-րդ կետը),
- նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել փաստաբան Լ.Բալյանը (տե;ս սույն որոշման 3-րդ կետը),
- Վերաքննիչ դատարանը 2017 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ Լ.Բալյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ բողոք է բերել այն անձը, ով չուներ այդ իրավունքը, քանի որ Լ.Բալյանը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել իր` որպես Է.Գրիգորյանի պաշտպանի իրավավիճակը հաստատող` ամբաստանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ վերջինիս որևէ ազգականի կողմից նրա շահերի պաշտպանությունն իրականացնելու համար իրեն արված հրավերի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տե'ս սույն որոշման 7-րդ կետը),
- Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել նաև ամբաստանյալ Է.Գրիգորյանը`միաժամանակ միջնորդելով հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու`բաց թողնված ժամկետը: Վերաքննիչ բողոքին կից ամբաստանյալը ներկայացրել է 2017 թվականի հուլիսի 27-ով թվագրված` Հ.Գրիգորյանի կողմից անհատ ձեռնարկատեր Լ.Բալյանին փաստաբանական ծառայության դիմաց վճարման բանկային անդորրագիրը, Է.Գրիգորյանի և Հ.Գրիգորյանի անունից փաստաբան Լ.Բալյանին ուղղված դիմումները, Հ.Գրիգորյանի և Լ.Բալյանի միջև 2017 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագիրը, Լ.Բալյանի փաստաբանական արտոնագրի պատճենը` վերջինիս և Է.Գրիգորյանի ստորագրություններով (տե'ս սույն որոշման 8-8.1-րդ կետերը),
- Վերաքննիչ դատարանը 2017 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ ամբաստանյալ Է.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե'ս սույն որոշման 3.1-րդ և 9-րդ կետերը),
- 2017 թվականի օգոստոսի 28-ին ամբաստանյալ Է.Գրիգորյանը միջնորդություն է ներակայացրել Առաջին ատյանի դատարան`խնդրելով հարգելի համարել և վերականգնել նույն դատարանի` 2017 թվականի հուլիսի 4-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը, որն Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ մերժվել է (տե'ս սույն որոշման 4-րդ և 10-րդ կետերը),
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Է.Գրիգորյանը: Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Է.Գրիգորյանի բողոքը մերժվել է (տե'ս սույն որոշման 5-րդ և 11-րդ կետերը):
18. Վերոշարադրյալ փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո`Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից մերժելու և ամբաստանյալ Է.Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու պայմաններում վերջինս զրկվել է իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու հնարավորությունից, դատական պաշտպանության իրավունքի իրացման սահմանափակումները ձևական բնույթ են կրել, ինչի արդյունքում անձի իրավունքների սահամանափակման և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը չի ապահովվել:
Այսպես` Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Է.Գրիգորյանի` բողոքարկման համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելով և ամբաստանյալի վերաքննիչ բողոքը 2017 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ առանց քննության թողնելով, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի`2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման դեմ բերված բողոքը 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ մերժելով, որևէ գնահատականի չի արժանացրել Է.Գրիգորյանի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին միջնորդությամբ ներկայացված պատճառաբանությունները` կապված անհրաժեշտ փաստաթղթերն ավելի ուշ ներկայացնելու մտադրության հետ, ինչպես նաև չի գնահատել ամբաստանյալ Է.Գրիգորյանի կողմից վերաքննիչ բողոքին կցված համապատասխան փաստաթղթերը (տե'ս սույն որոշման 7-րդ և 8.1-րդ կետերը): Մինչդեռ Վճռաբեկ դատարանի համոզմամբ վերոնշյալ փաստաթղթերի վերլուծությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Է.Գրիգորյանի միջնորդությունը հիմնավոր է, իսկ հակառակի մասին Վերաքննիչ դատարանի պնդումները` ոչ իրավաչափ:
19. Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի և նույն անձի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումները օրինական և հիմնավորված չեն:
Սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 69-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքների հիմքերն ու հիմնավորումները և դրա արդյունքում կայացնի համապատասխան որոշում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով`Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Էդգար Հարությունի Գրիգորյանի բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի և հոկտեմբերի 3-ի որոշումները բեկանել ու գործն ուղարկել նույն դատարան`նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |