ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԳԴ1/0058/01/16 ԳԴ1/0058/01/16
Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան
դատավորներ՝ Մ. Արղամանյան
Ռ. Մխիթարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. ԱՎԵՏԻՍյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի ե. դԱՆԻԵԼյանի Լ. Թադևոսյանի ա. պողոսՅԱՆԻ Ս. Օհանյանի Մ. Պետրոսյանի պաշտպան` Ա. Խաչիկյանի
քարտուղարությամբ`
մասնակցությամբ
2018 թվականի մարտի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ Տիգրան Գերասիմի Գասպարյանի պաշտպան Ա.Խաչիկյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի
դատավարական նախապատմությունը.1. 2016 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 43105516 քրեական գործը։
2016 թվականի սեպտեմբերի 9-ին Տիգրան Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ Տ.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը 2016 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ երկարացվել է ևս 2 (երկու) ամիս ժամկետով։
Նախաքննական մարմնի` 2016 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման վարույթ։
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Տ.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Տ.Գասպարյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառվել հոգեբուժական հաստատությունում տեղավորելը։
2016 թվականի դեկտեմբերի 26-ին բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ Տ.Գասպարյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում։
3. Տ.Գասպարյանի պաշտպան Ա.Խաչիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հունիսի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 28-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ։
4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Տ.Գասպարյանի պաշտպան Ա.Խաչիկյանը։
Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Տիգրան Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքի համար, որ «նա, 2016 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 15։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն Գյուղի Վերին Դուրան թաղամասի 16-րդ փողոցի 6-րդ տանը վիճաբանել է իր մայր Օֆիկ Պատվականի Խաչատրյանի հետ և ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Օֆիկ Խաչատրյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին` կրծքավանդակի հետին կեսին, պարանոցի և ձախ թիկունքային շրջաններին։ Տիգրան Գասպարյանի հարվածների հետևանքով Օֆիկ Խաչատրյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է» 1 ։
5.1 Ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության 2016 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 109 եզրակացության հետևությունների համաձայն` «(...) Տիգրան Գերասիմի Գասպարյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ։ (...)
Իրավախախտումը կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։
Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։
Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Տիգրան Գերասիմի Գասպարյանին հարկ է ճանաչել անմեղսունակ։
Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոց. վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, ուստի կարիք ունի բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանքունքի պայմաններում» 2 ։
5.2 Տ.Գասպարյանի պաշտպան Ա.Խաչիկյանը վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ և 456-րդ հոդվածները` 2017 թվականի փետրվարի 16-ին Առաջին ատյանի դատարան է ներկայացրել հետևյալ բովանդակությամբ միջնորդություն. «Հարգելի դատարան, Ձեր վարույթում քննվող թիվ ԳԴ1/0058/01/16 գործով 16.02.2017թ. նշանակված է դատական նիստ։ Տիգրան Գասպարյանը չի ծանուցվել դատական նիստին։
(…) Օրենքն այս պարագայում որևէ բացառություն և սահմանափակում չի նախատեսում, ուստի միջնորդում եմ Տ.Գասպարյանին մասնակից դարձնել նրա վերաբերյալ քննվող գործին» 3 ։
5.3 Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 28-ի դատական նիստի արձանագրության համաձայն` «(…) Դատարանը քննարկելով միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքը, հանգում է այն եզրակացության, որ միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ համաձայն փորձագիտական եզրակացության, վերջինս չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, քանի որ վտանգ է ներկայացնում ինչպես շրջապատի, այնպես էլ իր համար, ուստի ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր.-ի 313-րդ հոդվածով, միջնորդությունը մերժել։ (…)» 4 ։
6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(…) Կատարված հանցագործության համար Տիգրան Գերասիմի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում, առաջադրված մեղադրանքում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ Տիգրան Գերասիմի Գասպարյանն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք է տվել (…)։
Տիգրան Գերասիմի Գասպարյանի կողմից քրեական օրենքով արգելված արարքի կատարումը հիմնավորվեց նաև հետևյալ ապացույցներով.
(…)
Հանցագործության գործիք դանակն իրեղեն ապացույց ճանաչելու որոշմամբ։ (…)
(...)
Այսպիսով, դատարանը հիմնավորված է համարում, որ Տիգրան Գերասիմի Գասպարյանը անմեղսունակության վիճակում կատարել է քրեական օրենքով արգելված արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին։
(…)
Ինչ վերաբերում է Տիգրան Գասպարյանի պաշտպան Ա.Խաչիկյանի միջնորդությանը Տիգրան Գասպարյանի նախաքննական ցուցմունքը և դրանից բխող ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, դատարանը գտնում է, որ միջնորդությունը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջներից։ Դատարանը նաև արձանագրում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ, հիմնավորում են Տիգրան Գասպարյանի կողմից հանցավոր արարքի կատարումը։ Հետևաբար պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման։ (…)» 5 ։
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով պաշտպանի միջնորդությունը` Տիգրան Գասպարյանի ներկայությունը դատական նիստին ապահովելու մասին, իրավացիորեն գտել է, որ այն ենթակա է մերժման։
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի փաստարկներին առ այն, որ դատարանը մերժել է Տիգրան Գասպարյանի նախաքննական ցուցմունքը և դրանից բխող ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, խախտելով գործի քննությանը Տ.Գասպարյանի մասնակցելու իրավունքը` դրանով իսկ իրեն զրկել է ապացույցների թույլատրելիությունը ճիշտ գնահատելու հնարավորությունից` հանգելով չհիմնավորված եզրահանգման, ապա վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ սույն գործով ապացույցներ ձեռքբերելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի խախտում թույլ չի տրվել։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի առնելով, որ Տիգրան Գասպարյանն իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, վերջինիս նախաքննական ցուցմունքը գնահատելով ապացույցների համակցության մեջ` ապացուցված է համարել նրա կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարելը։
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկին առ այն, որ դատարանում չի հետազոտվել իրեղեն ապացույց ճանաչված դանակը, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն Առաջին ատյանի դատարան չի ուղարկվել, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշման համաձայն` դանակը մանրաթելային, դատակենսաբանական, դատահետքաբանական կրիմինալիստիկական համալիր փորձաքննության համար գտնվում է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում (…)» 6 ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որպիսի պարագայում, կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։
8.1 Մասնավորապես բողոքաբերը հղում կատարելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ և 462-րդ հոդվածներին` նշել է, որ անմեղսունակության վիճակում գտնվող Տ.Գասպարյանին մասնակից չդարձնելով իրեն վերաբերող գործի դատական քննությանը դատարանները խախտել են Տ.Գասպարյանի իրավունքները։ Այսպես, բողոք բերած անձը հայտնել է, որ Տ.Գասպարյանն իր հոգեկան հիվանդության պատճառով մասնակից չդարձվելով գործի դատական քննությանը` զրկվել է իր իրավունքներից օգտվելու հնարավորությունից։ Մինչդեռ բողոքաբերն ընդգծել է, որ միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն` հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց համար ևս պետք է երաշխավորված լինեն արդար դատաքննության իրավունքի տարրերը, այդ թվում` լսված լինելու իրավունքը։
8.2 Բողոք բերած անձը նաև նշել է, որ սույն գործով պարզման ենթակա հանգամանքները հաստատելիս, ի թիվս այլոց, օգտագործվել են Տ.Գասպարյանի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, որոնք Տ.Գասպարյանի բացակայությամբ հրապարակվել են դատաքննության ժամանակ և համարվել արժանահավատ` գործի հանգամանքները հաստատված համարելու համար։ Մինչդեռ ՀՀ քրեական դատավարությունում «անմեղսունակի ցուցմունք» ապացույցի տեսակ նախատեսված չէ, հետևաբար, այն անթույլատրելի է և չէր կարող օգտագործվել դատարանի կողմից Տ.Գասպարյանին մեղսագրվող քրեական օրենքով արգելված արարքի կատարման փաստը հաստատված համարելիս։
8.3 Բացի այդ, բողոք բերած անձը հայտնել է, որ Առաջին ատյանի դատարանում չի հետազոտվել իրեղեն ապացույց ճանաչված դանակը։ Դրա փոխարեն դատարանը Տ.Գասպարյանի կողմից քրեական օրենքով արգելված արարքի կատարումը հիմնավորող ապացույց է դիտել «հանցագործության գործիք դանակն իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը», մինչդեռ այդ որոշումը բողոքաբերի պնդմամբ ապացույցի տեսակ չի հանդիսանում։
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին մասնակցելու իրավունքի իրացման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար։
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Տիգրան Գասպարյանը չի կարող մասնակցել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին։
12. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի« հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ« ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները նշանակվում են միայն այն դեպքերում« երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածի համաձայն` «Այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից։ Նա իրավունք ունի, կախված հիվանդության աստիճանից և բնույթից, (…) մասնակցել դատական քննությանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածի համաձայն` «[Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու] գործով որոշում կայացնելիս դատարանը պետք է լուծի հետևյալ հարցերը`
(...)
3) արարքը կատարվել է արդյոք անմեղսունակության վիճակում, անձը գտնվում է արդյոք տվյալ վիճակում դատական քննության պահին.
4) անձը կարիք ունի արդյոք իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու և հատկապես ինչպիսի միջոցներ»։
⚖13. Հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց` բժշկական բնույթի իրավական ներգործության միջոցների կիրառման միջնորդությունների քննությանը մասնակցելու իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- Բժշկական հաստատությունում տեղավորվող անձին դատական քննությանը մասնակից դարձնելը, ինչպես նաև նրան իրավաբանական օգնություն տրամադրելը, հիմնարար երաշխիքներ են կամայականության դեմ 7 ։ Երաշխիքների կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնագիտացված բժշկական հաստատությունում տեղավորելու արդյունքում անձի կամքին հակառակ միջամտություն է տեղի ունենում նրա անձնական կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ 8 ,
- Հոգեկան հիվանդություն ունեցող անձը դատավարությունում ունի երկբնույթ դեր, մասնավորապես` նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ դատաքննության օբյեկտ։ Հետևաբար նրա մասնակցությունն անհրաժեշտ է ոչ միայն գործն անձամբ ներկայացնելու, այլ նաև դատավորին հնարավորություն տալու համար իր անձնական կարծիքը ձևավորել գործի և այդ անձի հոգեկան վիճակի վերաբերյալ 9 ։ Դատավորի համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը։ Եվրոպական դատարանը գտնում է, որ դատավորի կողմից գործի լուծումը միայն փաստաթղթավորված ապացույցների հիման վրա, առանց տեսնելու կամ լսելու անձին, հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցության սկզբունքի խախտում 10 ,
- Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում եվրոպական դատարանը ելնում է այն հանգամանքից, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց գործերով ներպետական դատարանները նույնպես օժտված են հայեցողության հարաբերական ազատությամբ։ Մասնավորապես, օրինակ` նրանք կարող են ընդունել դատավարական համապատասխան միջոցներ արդարադատության պատշաճ կազմակերպման, անձի առողջության պահպանման համար և այլն։ Սակայն այդպիսի միջոցները չպետք է խաթարեն անձի արդար դատաքննության իրավունքի բուն էությունը` երաշխավորված Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով։ Անձի մասնակցությունը բացառող կոնկրետ միջոցի կիրառման անհրաժեշտությունը քննարկելիս Եվրոպական դատարանը հիմք է ընդունում բոլոր համապատասխան հանգամանքները (ինչպիսիք են` ներպետական դատարանների կողմից քննարկվող հարցերի բնույթն ու բարդությունը, անձի համար դրանց կարևորությունը, նրա անմիջական մասնակցության պարագայում այլ անձանց կամ իր համար որևէ վտանգ ներկայացնելը և այլն) 11 ։
- Երբ դատական քննությունը ներառում է մեղադրյալի անձնական հատկանիշների, հանցանքը կատարելու պահին նրա մեղսունակության գնահատում, որը նաև կարող է էական բացասական հետևանքներ առաջացնել նրա համար, ապա դատական քննության արդարացիության ապահովման համար վերջինս պետք է ներկա գտնվի և հնարավորություն ունենա իր պաշտպանի հետ մասնակցելու դատալսումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ իր վարքագիծը, հոգեկան կամ ֆիզիկական վիճակը խոչընդոտ են նրան դատարան ներկայացնելու համար 12 ։
14. Հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների մասին Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- «(...)Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի ընթացքում (...) քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձինք, չհանդիսանալով մեղադրյալ, օգտվում են մեղադրյալի իրավունքներից» 13 ,
- «Անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի իրավավիճակ[ն] (...) ընդգրկում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված իրավունքները (ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդված, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդված, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված), այդ թվում` արդար դատաքննության իրավունքը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածը նույնպես ամրագրում է, որ անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձն օգտվում է մեղադրյալի բոլոր (...) իրավունքներից։ (...)» 14 ։
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումները հիմնված են նաև հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում դրսևորելու անթույլատրելիության, նրանց` որպես խոցելի անձանց, իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային-իրավական փաստաթղթերում ամրագրված պահանջների վրա 15 ։
15. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձինք ելնելով իրենց հոգեկան հիվանդության բնույթից և աստիճանից` օգտվում են այն նույն իրավունքներից և երաշխիքներից, որոնք նախատեսված են մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց համար։ Նշված պահանջն օրենսդրի կողմից նախատեսվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածում` հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների նկատմամբ տարբերակված մոտեցումը բացառելու նպատակով։ Ավելին, նույն հոդվածում օրենսդիրը բացահայտելով նշված կարգավորման էությունը նախատեսել է նաև անմեղսունակ անձանց իրավունքների ոչ սպառիչ ցանկը։
Հետևաբար ինչպես մեղադրյալի իրավունքներից օգտվելու անմեղսունակ անձանց համար նախատեսված իրավական երաշխիքը, այնպես էլ անմեղսունակ անձանց իրավունքների ոչ սպառիչ ցանկում ներառված` դատական քննությանը մասնակցելու իրավունքը հիմք են արձանագրելու, որ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձինք իրավունք ունեն մասնակցելու իրենց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին։ Այդ իրավունքն անմեղսունակ անձանց արդար դատաքննության իրավունքի ապահովման հիմնական նախապայմանն է, որի միջոցով կենսագործվում են դատարանի առջև կանգնելու և լսված լինելու իրավունքները։ Ավելին, այն երաշխիք է մրցակցության և «զենքերի հավասարության» սկզբունքների արդյունավետ կենսագործման համար։
Սակայն անմեղսունակ անձանց բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին մասնակցելու իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել այն բացառիկ դեպքերում, երբ անմեղսունակ անձի հոգեկան հիվանդությունն արգելք է հանդիսանում նրան դատարան ներկայացնելու և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին նրա մասնակցությունն ապահովելու համար։ Այլ կերպ, անմեղսունակ անձանց բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին մասնակցելու իրավունքի իրացման հնարավորությունը սահմանափակված է նրանց հոգեկան հիվանդության բնույթով և աստիճանով։
15.1 Նախորդ կետում արտահայտված դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման մինչդատական վարույթի ընթացքում նախաքննական մարմնի կողմից անձի անմեղսունակության վերաբերյալ ստացված փորձագիտական եզրակացությունն ինքնին բավարար չի կարող լինել հոգեկան հիվանդություն ունեցող անձին դատարան չներկայացնելու և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին նրա մասնակցության իրավունքը սահմանափակելու համար` անգամ եթե այն նշում է պարունակում անձի` իր կամ իրեն շրջապատող միջավայրի համար վտանգ ներկայացնելու մասին։
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի և 463-րդ հոդվածի 3-րդ կետի համադրված վերլուծությունից հետևում է« որ անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հնարավորությունը պայմանավորվում է ոչ թե փորձաքննության անցկացման պահի դրությամբ իր կամ իրեն շրջապատող միջավայրի համար վտանգ ներկայացնելու հանգամանքով« այլ մինչև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի դատական քննության ավարտը հասարակության համար վտանգավոր լինելու շարունակականության հանգամանքով։ Վերջինս սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ կարող է գնահատվել ոչ միայն բժշկական փաստաթղթերի հետազոտության, այլ նաև հոգեկան հիվանդությամբ տառապող անձի անհատական հատկանիշների, դատական նիստերի դահլիճում նրա դրսևորած վարքագծի« ունեցած հոգեվիճակի անմիջական գնահատման արդյունքում։
Ավելին, հարկ է նաև նշել, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման մինչդատական վարույթի ընթացքում անձի հոգեկան առողջության վիճակին վերաբերող փորձաքննության անցկացման և գործը դատարանում քննելու պահերի միջև հնարավոր է երկար ժամկետային խզում։ Ուստի անձի` դատարան ներկայանալու և դատական քննությանը մասնակցելու «անկարողության» վերաբերյալ դատարանի եզրահանգումը չի կարող հիմնվել բացառապես մինչդատական վարույթի ընթացքում ստացված փորձագիտական եզրակացության հետևությունների վրա։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք որպես կանոն պետք է մասնակից դարձվեն իրենց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ միայն մինչդատական վարույթի ընթացքում հավաքված, այլ նաև դատական քննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների համակցությունը համոզիչ կերպով կվկայի այն մասին, որ անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան դատարան ներկայացնել։ Ընդ որում, այդ դեպքերում դատարանները պետք է քննարկեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բժշկական հաստատությունում արտագնա դատական նիստ անցկացնելու հնարավորության հարցը։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը քննարկելով Տիգրան Գասպարյանին բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին մասնակից դարձնելու վերաբերյալ պաշտպան Ա.Խաչիկյանի միջնորդությունը` 2017 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ գտել է, որ այն ենթակա չէ բավարարման, քանի որ համաձայն փորձագիտական եզրակացության 16, վերջինս չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, քանի որ վտանգ է ներկայացնում ինչպես շրջապատի, այնպես էլ իր համար 17 ։
Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հունիսի 27-ի որոշմամբ քննարկելով պաշտպան Ա.Խաչիկյանի վերաքննիչ բողոքը` գտել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն մերժել է պաշտպանի միջնորդությունը` Տիգրան Գասպարյանի ներկայությունը դատական նիստին ապահովելու մասին 18 ։
17. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Տիգրան Գասպարյանի մասնակցության վերաբերյալ պաշտպան Ա.Խաչիկյանի միջնորդությունը մերժելիս հիմնվելով միայն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման մինչդատական վարույթի ընթացքում ստացված փորձագիտական եզրակացության վրա` միջոցներ չեն ձեռնարկել գործի դատական քննության ընթացքում Տ.Գասպարյանի հոգեկան առողջության վիճակը գնահատելու ուղղությամբ։ Մասնավորապես, չի պարզվել, թե գործը դատարան ուղարկելուց հետո արդյոք Տիգրան Գասպարյանի հոգեկան հիվանդությունը շարունակում է խոչընդոտ լինել նրան վարույթին մասնակից դարձնելու համար, թե ոչ։ Արդյունքում ստորադաս դատարանները Տ.Գասպարյանին բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման դատական քննությանը մասնակից դարձնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելիս նկատի չեն ունեցել, որ Տ.Գասպարյանի հոգեկան հիվանդության վերաբերյալ մինչդատական վարույթի ընթացքում ձեռքբերված համալիր փորձագիտական եզրակացությունն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար փաստական տվյալ է ներկայացված միջնորդության պատշաճ քննությունն ապահովելու համար։
Հետևաբար, ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Տիգրան Գասպարյանը չի կարող մասնակցել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին, հիմնավոր չեն։
18. Անդրադառնալով պաշտպանի` սույն որոշման 8.2-րդ կետում նշված փաստարկին, Վճռաբեկ դատարանը. հիմք ընդունելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` արձանագրում է, որ անմեղսունակ անձն օգտվելով մեղադրյալի բոլոր իրավունքներից` պետք է իրավունք ունենա նաև ցուցմունք տալ, որը պետք է դիտարկվի որպես ապացույց` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով։ Վճռաբեկ դատարանի նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի հոգեկան հիվանդությամբ տառապելը չի կարող ի սկզբանե կանխորոշել նրա կողմից տրված ցուցմունքի անթույլատրելիությունը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում թվարկված` դատավարական խախտումների բացակայության պատճառով։ Հոգեկան հիվանդության առկայությունը կարող է հաշվի առնվել անձի տված ցուցմունքները բովանդակային գնահատման ենթարկելիս` դրանց վերաբերելիությունն ու արժանահավատությունը որոշելուց։
Ինչ վերաբերում է Տ.Գասպարյանի նախաքննական ցուցմունքները դատաքննության ընթացքում հրապարակելու և որպես ապացույց օգտագործելու իրավաչափության վերաբերյալ պաշտպանի փաստարկին, ապա այն ենթակա է քննարկման mutatis mutandisՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների համատեքստում։ Այսինքն` դրանց հրապարակման և որպես ապացույց օգտագործման հարցը կարող էր քննարկվել սույն որոշմամբ վկայակոչված ընթացակարգի պահպանմամբ Տ.Գասպարյանի` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին մասնակցությունն ապահովելուն ուղղված միջոցները սպառելուց հետո։
19. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 8.3-րդ կետում նշված փաստարկին` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի հետ և փաստում, որ այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ իրեղեն ապացույց ճանաչված դանակը չի հետազոտվել, քանի որ Առաջին ատյանի դատարան չի ուղարկվել և գտնվում է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, չի կարող համարվել հիմնավոր փաստարկ` իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը որպես ապացույց դիտարկելու համար։ Գործի նյութերից երևում է, որ իրեղեն ապացույց ճանաչված դանակը քննիչի կողմից ուղարկվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ` մանրաթելային, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատակրիմինալիստիկական համալիր փորձաքննության անցկացման համար։ Սակայն վարույթն իրականացնող մարմինը, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից չստանալով ինչպես իրեղեն ապացույց ճանաչված դանակը, այնպես էլ փորձագիտական եզրակացությունը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար գործն ուղարկել է դատարան 19 ։ Մինչդեռ դանակը կարող էր որպես ապացույց օգտագործվել միայն անմիջական հետազոտման արդյունքում 20 ։
20. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Առաջին ատյանի դատարանի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու հիմք է։
Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է լուծի Տիգրան Գասպարյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հարցը` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տիգրան Գերասիմի Գասպարյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը պետք է թողնել անփոփոխ, քանի որ բացակայում են այն փոփոխելու կամ վերացնելու հիմքերը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.
Վճռաբեկ բողոքը բավարարել։ Տիգրան Գերասիմի Գասպարյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 28-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։2. Տիգրան Գերասիմի Գասպարյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը թողնել անփոփոխ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
__________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 76:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 209-214:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 83:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 109-114:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 115-117:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 191-196:
7 Տե՛ս Եվրոպական դատարանի` Beiere v. Latvia գործով 2011 թվականի նոյեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 30954/05, կետ 52, Zagidulina v. Russia գործով 2013 թվականի մայիսի 2-ի վճիռը, գանգատ թիվ 1173/06, կետեր 60-62:
8 Տե՛ս Եվրոպական դատարանի` Trutko v. Russia գործով 2016 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 40979/04, կետ 39:
9 Տե՛ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Kovalev v. Russia գործով 2007 թվականի մայիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 78145/01, կետեր 35-37:
10 Տե՛ս Եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետեր 72-73:
11 Տե՛ս Եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետ 68:
12 Տե՛ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Kremzow v. Austria գործով 1993 թվականի սեպտեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 12350/86, կետ 67, Pobornikoff v. Austria գործով 2000 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 28501/95, կետ 31, Zana v. Turkey գործով 1997 թվականի նոյեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ, կետեր 71-73, Romanov v. Russia գործով 2005 թվականի հոկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 63993/00 , կետեր 108-109:
13 Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Սերգեյ Ստեփանյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԳԴ5/0014/01/13 որոշումը, կետ 23:
14 Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Արա Շուշանյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0030/01/15 որոշումը, կետ 14:
15 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» թիվ REC(2004)10 հանձնարարականի 7-րդ հոդվածի 1-ին մասը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 1999 թվականի փետրվարի 23-ի` «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանության մասին» թիվ R(99)4 հանձնարարականի 1-ին սկզբունքը, Միավորված ազգերի կազմակերպության՝ 1991 թվականի դեկտեմբերի 17-ի «Հոգեկան հիվանդների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման» թիվ 46/119 բանաձևի 1-ին սկզբունքի 5-րդ մասը:
16 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը:
18 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
19 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 90-95:
20 Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Հարություն Հակոբյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱՔԴ/0128/01/09 որոշումը, կետեր 23-24, Համայակ Սահակյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշումը, կետ 19:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան