ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 331-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 1048-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում որակավորված հաշվապահի վկայականի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:».
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա, հաշվի առնելով սույն կարգի 16-րդ կետի պահանջները, քննությանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին (այսուհետ՝ նաև նախարար)՝ հաստատման: Ներկայացված եզրակացության հիման վրա նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման: Ընդ որում, նախարարը կաշկանդված չէ հանձնաժողովի եզրակացությամբ: Որակավորման տրամադրումը մերժվում է սույն կարգով նախատեսված մերժման հիմքերի առկայության դեպքում:
18. Որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական (այսուհետ` վկայական): Վկայականը տալիս է հանձնաժողովի քարտուղարը՝ որակավորման մասին հրամանի ընդունման օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».
3) կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Դիմողի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմողին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են հանձնաժողովի անդամների և համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից վկայականը տրվելուց հետո, ապա վերջիններս պարտավոր են դրա մասին գրավոր տեղյակ պահել հանձնաժողովին: Եթե փաստերն այնպիսին են, որ դրանք դիմում ներկայացնելու ժամանակ հանձնաժողովին հայտնի լինելու դեպքում դիմողին չէր թույլատրվի մասնակցել քննությանը, ապա հանձնաժողովը 10-օրյա ժամկետում կազմում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում նախարարին՝ հաստատման: Նախարարը ներկայացված եզրակացության հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրաման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, նախարարը կաշկանդված չէ հանձնաժողովի եզրակացությամբ:».
4) կարգի 24-րդ կետում «հանձնաժողովի համապատասխան որոշման» բառերը փոխարինել «նախարարի համապատասխան հրամանի» բառերով.
5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 3 |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 331-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԻ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N _______
|
Կ.Տ. |
______________________________________________ (հաշվապահի անունը, հայրանունը, ազգանունը) |
Վկայականն ուժի մեջ է մինչև 20XX թ. ___________ ____ -ը ներառյալ:
__________________________________________________________________________
(հաշվապահի քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)
Հանձնաժողովի նախագահ |
_________________ (ստորագրությունը) |
____________________ »: (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |