ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 սեպտեմբերի 2013 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» 2004 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 25 հունիսի 2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» 2004թ. հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2012թ. դեկտեմբերի 19-ին` Մոսկվայում:
Արձանագրությունը նախատեսում է իրականացնել պայմանագրային բնույթի առանձին ձևակերպումների և եզրույթների խմբագրական փոփոխություններ և լրացումներ 2004թ. հունիսի 18-ի Համաձայնագրում: Մասնավորապես, առաջարկվում է ներածության մեջ օգտագործվող «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» բառերից հետո ավելացնել «ՀԱՊԿ» բառերը, 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «նորմատիվ իրավական ակտերով» բառերով, «նմուշների» բառը փոխարինել «պատկերի» բառով:
Առաջարկվում է նաև բացել առանձին ձևակերպումների բովանդակությունը: Մասնավորապես, ըստ Արձանագրության` «լիազորված մարմիններ» ասելով` այսուհետ պետք է հասկանալ պետական մարմիններ և/կամ իրավաբանական անձինք (կազմակերպություններ, մշտապես գործող աշխատանքային մարմիններ), որոնք լիազորված են Կողմերի կողմից ստանալու, փոխանցելու, պահպանելու, օգտագործելու և պաշտպանելու փոխանցված (ստացված) և/կամ համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվությունը»:
Արձանագրությունը նախատեսում է նաև առանձին ձևակերպումների ճշգրտում, օրինակ` 1-ին հոդվածում առաջարկվում է` «Կողմ - պետություններում» բառերը փոխարինել «Կողմերից յուրաքանչյուրին» բառերով, «նման տեղեկատվության տարածման» բառերը փոխարինել «այդպիսի տեղեկատվության դիմելու» բառերով և այլն:
Նախատեսվում է նաև 1-ին հոդվածում ավելացնել նոր` տասներկուերորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ. «ՀԱՊԿ մշտական գործող աշխատանքային մարմիններ» - քարտուղարություն և ՀԱՊԿ միավորված շտաբ», իսկ 3-րդ հոդվածի սկզբում ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում օգտագործվում են գաղտնիության հետևյալ աստիճանները և իրենց համապատասխան գաղտնիության կնիք-մակագրությունները` «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի», «Գաղտնի», որոնք համադրելի են ՀԱՊԿ անդամ պետությունների գաղտնիության աստիճանների և գաղտնիության կնիք-մակագրությունների հետ»:
Տարաբնույթ ձևակերպումների և եզրույթների խմբագրական փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև Համաձայնագրի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 14-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածներում:
Ավելացել է նոր` 14.1 հոդված, որը սահմանում է Համաձայնագրին միջազգային իրավունքի նոր սուբյեկտների միանալու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» 2004 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
10 սեպտեմբերի 2013 թ. ՍԴՈ-1109 |