ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0161/05/11 |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0161/05/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան | |
Դատավորներ` Ա. Առաքելյան |
|
Գ. Ղարիբյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.03.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) հայցի ընդդեմ Հրանտ Վարձելյանի` 250.000 ՀՀ դրամի վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ոստիկանությունը պահանջել է Հրանտ Վարձելյանի կողմից Ոստիկանության համապատասխան հաշվին 250.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակել։
ՀՀ վարչական դատարանը 22.04.2010 թվականին արձակել է Հրանտ Վարձելյանի կողմից Ոստիկանության համապատասխան հաշվին 250.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանի 02.06.2011 թվականի որոշմամբ վերադարձվել է Հրանտ Վարձելյանի` 27.05.2011 թվականին ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը, և նույն օրվա մեկ այլ որոշմամբ վճարման կարգադրությունը վերացվել է, և անցում է կատարվել հայցային վարույթի:
ՀՀ վարչական դատարանի 23.06.2011 թվականի որոշմամբ մերժվել է Հրանտ Վարձելյանի` 22.06.2011 թվականին կրկին ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի ընդունումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա.Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 29.09.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 230.000 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 06.03.2012 թվականի որոշմամբ Հրանտ Վարձելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 29.09.2011 թվականի վճիռը 80.000 ՀՀ դրամի մասով բեկանվել է և այդ մասով հայցը մերժվել։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հրանտ Վարձելյանը Ոստիկանության 25.09.2009 թվականի թիվ ԱԲ 118399 որոշումը չի բողոքարկել, տուգանքը տարաժամկետելու դիմում չի ներկայացրել, հետևաբար տուգանքի գումարի չափը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով հնգապատկվել է և ենթակա է բռնագանձման: Այն, որ Հրանտ Վարձելյանը վճարել է տուգանքի մի մասը` 20.000 ՀՀ դրամ, չի կարող հիմք հանդիսանալ այդ չափով պակաս գումար հնգապատկելու համար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը հստակ սահմանում է, որ տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափն է հնգապատկվում, այլ ոչ թե դրա մնացորդը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.03.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.09.2011 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ոստիկանության 25.09.2009 թվականի թիվ ԱԲ 118399 որոշմամբ Հրանտ Վարձելյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով: Նշված որոշումը Հրանտ Վարձելյանին հանձնվել է 25.09.2009 թվականին (գ.թ. 4)։
2) Ի կատարումն Ոստիկանության 25.09.2009 թվականի թիվ ԱԲ 118399 որոշման` Հրանտ Վարձելյանը 26.10.2009 թվականին վճարել է 20.000 ՀՀ դրամ (գ.թ. 2)։
3) Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տուգանքի գումարը չի վճարվել, տուգանքի գումարը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով հնգապատկվել է։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:
Նույն օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 123-1292-րդ, 132-1341-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 123-1292-րդ, 131-133-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 60 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: Վերոնշյալ նորմերից հետևում է, որ դրանցով սահմանված տուգանքի գումարի վճարման պարտականությունը, ինչպես նաև այն չվճարելու արդյունքում նախատեսված հետևանքները վերաբերում են տուգանքի գումարի ամբողջ չափին, այլ ոչ թե դրա մի մասին: Վերոգրյալ դրույթներում տառացիորեն նշված է, որ սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում եռապատկվում, ապա հնգապատկվում է տուգանքի չափը, այլ ոչ թե տուգանքի չվճարված մասը: Հետևաբար տուգանքի գումարի մի մասի վճարումը չի կարող համարվել տուգանքի վճարում:
Սույն գործի փաստերի համաձայն` Ոստիկանության 25.09.2009 թվականի թիվ ԱԲ 118399 որոշմամբ Հրանտ Վարձելյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով: Նշված որոշումը Հրանտ Վարձելյանին հանձնվել է 25.09.2009 թվականին: Վերջինս, ի կատարումն Ոստիկանության 25.09.2009 թվականի թիվ ԱԲ 118399 որոշման, 26.10.2009 թվականին վճարել է 20.000 ՀՀ դրամ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տուգանքի գումարը չի վճարվել, այն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով հնգապատկվել է։
Դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված տուգանքի գումարի հնգապատկման կարգը կիրառել է տուգանքի գումարի ողջ չափի նկատմամբ` ստացվածից հանելով արդեն իսկ վճարված 20.000 ՀՀ դրամը` պատճառաբանելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը վերաբերում է ոչ թե տուգանքի գումարի մասնակի, այլ ամբողջական վճարմանը:
Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Հրանտ Վարձելյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոնշյալ դրույթներում «տուգանքը չվճարելու» բառակապակցությունը չի կարող կիրառվել տուգանքի վճարված մասի նկատմամբ, ուստի տուժանքային հետևանքերը կիրառման են ենթակա որոշակի ժամկետներում տուգանքի չվճարված մասի նկատմամբ:
Մինչդեռ վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի դիրքորոշումն այն հարցում, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` «տուգանքի չափը հնգապատկվում է» արտահայտությունը վերաբերում է տուգանքի գումարի ողջ չափին` անկախ տուգանքի գումարի որևէ չափի վճարված լինելու հանգամանքից: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուգանքի գումարի մի մասի վճարումը չի կարող համարվել տուգանքի վճարում, ուստի այն սահմանված ժամկետում ամբողջությամբ չվճարելը հանգեցնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված իրավական հետևանքներին:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով վերաքննիչ բողոքը, հանգել է այն եզրակացության, որ վճարման կարգադրություն արձակելու վարույթից հակընդդեմ հայցի հիման վրա հայցային վարույթի անցնելուց հետո դադարել է գործել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետով սահմանված արտոնությունը, և դիմողի համար առաջ է եկել հայցադիմումի համար պետական տուրքի վճարման հետաձգված պարտավորություն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Վճռաբեկ դատարանը նախկինում արդեն անդրադարձել է նշված հարցին: Մասնավորապես, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն (տես` ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հայցի ընդդեմ Գարեգին Գալոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ6/0035/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Հետևաբար, սույն գործով Ոստիկանությունն ազատված է պետական տուրքի վճարումից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.03.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 29.09.2011 թվականի վճռին։
2. Հրանտ Վարձելյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |