ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1093-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ պետական կառավարչական հիմնարկներն իրենց իրավասությունների սահմաններում ընթացիկ աշխատանքներում տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման ընթացքում ղեկավարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (համաձայնությամբ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պաշտոնական ինտերնետային կայքերի, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով համատեղ իրականացնում են միջոցառումներ` ուղղված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի գործնական կիրառման վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին իրազեկելուն:
3. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայությունը վերահաշվարկում է ժամանակագրական (պատմական) շարքերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. օգոստոսի 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|