ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 նոյեմբերի 2011 թ. |
թիվ 560-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2011 թվականի նոյեմբերի 22-ի դռնբաց նիստում Թելեսեթ Նեթվորկս Լիմիթեդ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) լիազորված անձ Արեգ Լազարյանի (այսուհետ՝ Դիմող) 2011 թվականի նոյեմբերի 10-ի դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա քննարկեց համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը:
Դիմումով Դիմողը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցի կապակցությամբ:
Ընկերությունը, որը գործում է Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համաձայն, ցանկանում է ձեռք բերել Սեյշելյան Կղզիների Հանրապետությունում հիմնադրված և գործող ընկերության (այսուհետ՝ Վաճառող) բաժնետոմսերի 75 տոկոսը, որն իր հերթին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման ծառայություններ մատուցող ընկերության բաժնետեր: Միևնույն ժամանակ Ընկերությունը և Վաճառողը Հայաստանի Հանրապետությունում որևէ գործունեություն չեն իրականացնում:
Դիմումի մեջ նշվում է, որ Դիմումի առարկան հանդիսանում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների» արտահայտության անորոշությունը: Ըստ Դիմումի՝ այդ մասում հատկապես անորոշ է, թե ինչ իմաստով է կիրառված նշված արտահայտությունը, և արդյոք այդ իմաստով «ապրանքային շուկայում գործել» արտահայտությունը նշանակում է միայն, որ օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտը ինքնուրույն իրականացնում է վաճառքներ, կատարում է աշխատանքներ, կամ մատուցում է ծառայություններ Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում, թե նշված արտահայտությունը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում անմիջապես գործող (ապրանք իրացնող, աշխատանք կատարող, ծառայություն մատուցող) ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն ունենալը: Դիմողի համար հստակ չէ, թե արդյոք համակենտրոնացումը կայացվում է միայն այն դեպքում, երբ համակենտրոնացման մասնակից են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում անմիջապես կամ ուղղակիորեն (մասնաճյուղի կամ ուղղակի վաճառքների միջոցով) գործող տնտեսվարող սուբյեկտները, թե համակենտրոնացումը կայացված և առկա է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող օտարերկրյա կազմակերպության փայաբաժնի ձեռքբերման գործարքների արդյունքում, որի հետևանքով օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ստանում որոշակի տնտեսական շահ հետապնդել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներում իրենց ունեցած մասնակցության ուժով, պայմանով, որ այդպիսի օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում անմիջականորեն չեն գործում և որևէ ներկայացուցչություն չունեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի «ը» կետը՝ Դիմողը խնդրում է պաշտոնապես պարզաբանել՝
1. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «ապրանքային շուկայում գործող» արտահայտությունը արդյոք ներառում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա ապրանքային շուկայում գործունեություն չիրականացնող օտարերկրյա կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում փայաբաժին ունենալը,
2. արդյոք Օրենքի 8-րդ հոդվածի իմաստով համակենտրոնացում է կայացվում և առկա է, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա ապրանքային շուկայում գործունեություն չիրականացնող օտարերկրյա կազմակերպության կողմից ձեռք են բերվում բաժնետոմսեր մեկ այլ օտարերկրյա կազմակերպության կանոնադրական կապիտալում, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի սեփականատեր:
Ելնելով վերոգրյալից՝ Դիմողը Դիմումի մեջ առաջարկում է խնդրի պարզաբանման իրենց տարբերակը, ըստ որի Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով «ապրանքային շուկայում գործել» արտահայտությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում անմիջականորեն գործունեություն իրականացնելը, այն է՝ մասնաճյուղի կամ ուղղակի վաճառքների միջոցով գույք իրացնելը, աշխատանքներ կատարելը և ծառայություններ մատուցելը և չի ներառում օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում գույք իրացնող, աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների կանոնադրական կապիտալում ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցությունը, որից ելնելով՝ Դիմողը եզրակացրել է, որ օտարերկրյա կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող մեկ այլ օտարերկրյա կազմակերպության կանոնադրական կապիտալում փայաբաժնի ձեռքբերման արդյունքում Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով համակենտրոնացում չի կայացվում և, հետևաբար, համակենտրոնացում առկա չէ:
Քննարկելով դիմումը՝ Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը: Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ համակենտրոնացումը կայացվում է՝
1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող՝ տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).
3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):
Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները սահմանում են համակենտրոնացումների մասնակիցների ապրանքային շուկաներում գործելու հնարավոր տարբերակները և առանձնահատկությունները, ինչից էլ ելնելով սահմանվում են այն շեմերը, որոնք հիմք են հանդիսանում համակենտրոնացման մասնակիցների համակենտրոնացումները հայտարարագրելու համար:
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1272-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարերկրյա իրավաբանական անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ իրավաբանական անձը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի անձնական օրենքի հիման վրա նախ պարզվում է տվյալ կազմակերպությունն իրավաբանական անձ է, թե՝ ոչ, և ապա որոշվում են իրավաբանական անձի՝
1) կազմակերպական-իրավական ձևը.
2) անվանմանն առաջադրվող պահանջները.
3) ստեղծման և դադարման հարցերը.
4) վերակազմակերպման՝ ներառյալ իրավահաջորդության հարցերը.
5) իրավունակության բովանդակությունը.
6) քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ ստանձնելու կարգը.
7) ներսում ծավալվող հարաբերությունները՝ ներառյալ իրավաբանական անձի հարաբերություններն իր մասնակիցների հետ.
8) պատասխանատվությունը:
Օրենսգրքի 1273-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող ձեռնարկատիրական և այլ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց նման գործունեության համար օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան, եթե օտարերկրյա իրավաբանական անձանց համար այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով:
Օրենսգրքի 1276-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ու այլ գույքային իրավունքների բովանդակությունը, դրանց իրականացումը և պաշտպանությունը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:
Օրենսգրքի 1281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքի ձևը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ այն կնքվել է:
Օրենսգրքի 1284-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը կարգավորվում է կողմերի համաձայնությամբ ընտրված պետության իրավունքով:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «ապրանքային շուկայում գործող» արտահայտությունը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա ապրանքային շուկայում գործունեություն չիրականացնող օտարերկրյա կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում փայաբաժին ունենալը:
2. Պաշտոնապես պարզաբանել, որ այն դեպքում, երբ օտարերկրյա կազմակերպության կողմից ձեռք են բերվում բաժնետոմսեր մեկ այլ օտարերկրյա կազմակերպության կանոնադրական կապիտալում, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի սեփականատեր և նշված գործարքը կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա այն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ չի համարվում համակենտրոնացում և ենթակա չէ հայտարարագրման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Նախագահ |
Ա. Շաբոյան |