ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-1-Ո-5
2012 թ. |
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ դատավոր` |
Ռ. Մելքոնյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2012 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր
Ռ. Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 12.12.2011թ. թիվ N-Կ-2-11/2011թ. որոշմամբ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 08.12.2011թ. թիվ Ե-7098 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
Դատարանի 20.06.2011թ. դատավճռով Ռիմա Գուրգենի Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ռիմա Դավթյանն ազատվել է նշանակված պատժից:
Դատարանի 20.06.2011թ. դատավճռի դեմ 07.12.2011թ. վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը` խնդրելով բեկանել Դատարանի դատավճիռը և վերացնել համաներման կիրառումը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.12.2011թ. որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 20.06.2011թ. դատավճիռը:
Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը որոշել է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց:
Համաներման ակտի 9-րդ կետի 2-ի «դ» ենթակետի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը որոշել է համաներումը չկիրառել կրկին անգամ դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ քրեական հետապնդումը վերջին տասը տարվա ընթացքում դադարեցվել է ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա:
Ըստ գործի նյութերի՝ դատարանի կողմից 31.05.2011թ. գրավոր տեղեկատվություն է հայցվել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից՝ Ռիմա Գուրգենի Դավթյանի նկատմամբ համաներում կիրառելու հնարավոր սահմանափակումների վերաբերյալ:
08.06.2011թ. դատարանում ստացվել է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 03.06.2011թ. տեղեկանքը, համաձայն որի՝ նախաքննության մարմնի 25.06.2009թ. որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիմքով (ընդունվել է համաներման ակտ) դադարեցվել է Ռիմա Գուրգենի Դավթյանի վերաբերյալ քրեական հետապնդումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Արդյունքում դատարանն իր տրամադրության տակ ունենալով պատշաճ տեղեկատվություն այն մասին, որ Ռիմա Գուրգենի Դավթյանի նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և նա կրկին կատարել է դիտավորյալ հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշումը: Մինչդեռ, նույն որոշման 9-րդ կետի 2-ի «դ» ենթակետն իմպերատիվ կերպով բացառում է համաներման կիրառումը կրկին անգամ դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ քրեական հետապնդումը վերջին տասը տարվա ընթացքում դադարեցվել է ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա:
Այսպիսով, Դատարանը, կիրառելով Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որով անտեսել է օրենսդրի կողմից նախատեսված ակնհայտ բացառությունը, և դրա արդյունքում ամբաստանյալն ազատվել է պատժի կրումից:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանի կողմից թույլ տրված խախտումը հանգեցրել է նրան, որ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել, և վերջինս արդարացի հատուցում չի ստացել իր կատարած արարքի համար:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ.Մելքոնյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես
նշել է.
«ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը իմ նախագահությամբ 20.06.2011թ. դատավճռով Ռիմա Գուրգենի Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել է ազատազրկման 1 տարի ժամկետով: «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ռիմա Դավթյանը ազատվել է նշանակված պատժից:
2011թ. դեկտեմբերի 12-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը իմ նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել այն հիմնավորմամբ, որ դատարանն իր տրամադրության տակ ունենալով պատշաճ տեղեկատվություն այն մասին, որ Ռիմա Գուրգենի Դավթյանի նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և նա կրկին կատարել է դիտավորյալ հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ կիրառել է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշումը: Մինչդեռ, նույն որոշման 9-րդ կետի 2-ի «դ» ենթակետն իմպերատիվ կերպով բացառում է համաներման կիրառումը կրկին անգամ դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ քրեական հետապնդումը վերջին տասը տարվա ընթացքում դադարեցվել է ՀՀ Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա:
Հայտնում եմ, որ Ռիմա Գուրգենի Դավթյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ ընդունելուց հետո` 31.05.2011թ. գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն թվով 56 ամբաստանյալների, ներառյալ` Ռիմա Դավթյանի նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում համաներման հնարավոր կիրառման փաստը ճշտելու համար: 08.06.2011թ. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան են ստացվել հարցման պատասխանները, որոնք ստորագրությամբ ստացել է իմ օգնական Նելլի Ղալթախչյանը: 20.06.2011թ. Ռիմա Դավթյանի վերաբերյալ քրեական գործը քննության առնելիս նյութերում առկա է եղել միայն նախաքննական մարմնի կողմից ներկայացված դատվածության տեղեկանքը, ըստ որի` Ռիմա Դավթյանը նախկինում դատապարտված չի եղել, նրա նկատմամբ համաներում չի կիրառվել և ներում չի շնորհվել, ինչ վերաբերում է 31.05.2011թ. հարցման պատասխանին, ապա այն գործի նյութերում առկա չի եղել, որի կապակցությամբ Նելլի Ղալթախչյանը գրել և ՀՀ դատական դեպարտամենտ է ներկայացրել բացատրագիր:
Նշված պայմաններում ելնելով դատական պրակտիկայից «ՏԴ-0208-01-10, ՏԴ-0045-01-11 գործերը», նպատակ հետապնդելով թույլ չտալ գործերի կուտակում ու քննության ժամկետի ողջամտության պահանջի խախտում` դատարանը իմ նախագահությամբ Ռիմա Գուրգենի Դավթյանի նկատմամբ կիրառել է ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. համաներում հայտարարելու մասին որոշումը` միաժամանակ վերջինիս բացատրելով, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից այլ պատասխան ստանալու դեպքում սույն դատավճիռը կարող է բողոքարկվել ու բեկանվել: Հետագայում Ռիմա Դավթյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործերը կազմելիս հայտնաբերվել է Ռիմա Դավթյանի դատվածության մասին 08.06.2011թ. ստացված պատասխանը, որը կարվել է քրեական գործում ու միաժամանակ ՀՀ Տավուշի մարզի դատախազությանը տեղեկացվել է Ռիմա Դավթյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկելու անհրաժեշտության մասին: Դատավճիռը արդեն իսկ բողոքարկվել է ու քրեական գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթում:
Փաստորեն, Ռիմա Դավթյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռ կայացնելիս առերևույթ թույլ տրված նյութական իրավունքի նորմի խախտումը բացառապես կապված է քննության ժամկետի ողջամտության պահանջը ապահովելու հետ, միտում չի եղել օրենքի կիրառմամբ բարելավելու ամբաստանյալի վիճակը, դատավորի օգնականի անզգուշությունը պայմանավորված է եղել դատարանի վարույթում առկա գործերի թվաքանակով: Ընդ որում, 2011թ. հունիս ամսին իմ վարույթում գտնվել է 75 քրեական գործ և 116 միջնորդություն, և համաներում կիրառվել է 109 անձի նկատմամբ, որոնցից մեկը հանդիսանում է Ռիմա Գուրգենի Դավթյանը, իսկ վերջինիս նկատմամբ դատավճիռ կայացնելու օրը` 2011թ. հունիսի 20-ին ՏԴ-0063-01-11 քրեական գործով իմ նախագահությամբ դատարանը ամբաստանյալի նկատմամբ համաներման կիրառումը մերժել է այն հիմքով, որ վերջին տասը տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ ԱԺ 07.07.2006թ. համաներում հայտարարելու մասին որոշումը»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) 31.05.2011թ. գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն թվով 56 ամբաստանյալների, ներառյալ` Ռիմա Դավթյանի նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում համաներման հնարավոր կիրառման փաստը ճշտելու համար:
2) Դատարանի 20.06.2011թ. դատավճռով Ռիմա Գուրգենի Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման
1 (մեկ) տարի ժամկետով: Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ռիմա Դավթյանն ազատվել է նշանակված պատժից:
3) 08.06.2011թ. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան են ստացվել հարցման պատասխանները, որոնցում առկա էր տեղեկություն այն մասին, որ նախաքննության մարմնի 25.06.2009թ. որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիմքով (ընդունվել է համաներման ակտ) դադարեցվել է Ռիմա Գուրգենի Դավթյանի վերաբերյալ քրեական հետապնդումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հարցման պատասխաններն ստորագրությամբ ստացել է դատավոր Ռ. Մելքոնյանի օգնական Նելլի Ղալթախչյանը:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պատժից ենթակա են ազատման առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք:
Համաներման ակտի 9-րդ կետի 2 «դ» ենթակետի համաձայն` համաներումը ենթակա չէ կիրառման կրկին անգամ դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ քրեական հետապնդումը վերջին տասը տարվա ընթացքում դադարեցվել է ՀՀ Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա:
Համաներման կիրառման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման մեջ, որի 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն»:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանի 20.06.2011թ. դատավճռով Ռիմա Գուրգենի Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ռիմա Դավթյանն ազատվել է նշանակված պատժից: Գործում առկա` 08.06.2011թ. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկության համաձայն` Ռիմա Գուրգենի Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը նախաքննության մարմնի 25.06.2009թ. որոշմամբ դադարեցվել է` համաներման ակտի հիման վրա:
Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 9-րդ կետի 2 «դ» ենթակետի լույսի ներքո՝ Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Ռ. Մելքոնյանը Համաներման ակտով նախատեսված սահմանափակումն անտեսելու հետևանքով, մասնավորապես այն, որ Ռիմա Դավթյանի նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում (նախաքննության մարմնի 25.06.2009թ. որոշմամբ) արդեն մեկ անգամ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, հետևապես համաներումը նրա նկատմամբ կիրառելի չէր, այնուհանդերձ, Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ամբաստանյալ Ռիմա Դավթյանին ազատել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ազատազրկման ձևով մեկ տարի ժամկետով նշանակված պատժից:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ռ. Մելքոնյանի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտման արդյունքում, Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Դատարանը Ռիմա Դավթյանի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշումը, որը կիրառելի չէր:
Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ.Մելքոնյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Մ. Մակյան Հ. Փանոսյան Ս. Օհանյան |