ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1149/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1149/02/09 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարինա Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարինա Պողոսյանի հայցի ընդդեմ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի /այսուհետ` Ընկերություն/ և Վոլոդյա Անթառանյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մարինա Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության և Վոլոդյա Անթառանյանի միջև 01.05.2008 թվականին կնքված թիվ YER_116 պայմանագիրը /այսուհետ` Պայմանագիր/, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողին հատուցելու 30.000.000 ՀՀ դրամ` որպես իր և իր ընտանիքի անդամների առողջությանը և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասներ։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ` Դատարան/ 16.02.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 16.02.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարինա Պողոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ Ազգային ժողովի և Երևանի քաղաքապետարանի N 45/Պ-393 29.04.2010 թվականի համատեղ պաշտոնական պատասխանը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է։ Այդ փաստաթղթով ապացուցվում է, որ Պայմանագիրը կնքելու իրավունք ունի միայն բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը, իսկ կառավարման մարմնի բացառիկ լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ անձանց։ Օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բացառիկ լիազորություններ կառավարման մարմնին չեն կարող տրվել, իսկ նշված կետի խախտմամբ տրված լիազորություններն անվավեր են։ Հետևաբար, Վոլոդյա Անթառանյանը Պայմանագիրը կնքելու իրավունք չուներ։
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, 135-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ, 23-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Պայմանագրով Ընկերությունն իրավունք է ստացել որոշակի տարածքում սարքավորումներ տեղադրել և շահագործել, հետևաբար անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք չի բերում, ուստի Պայմանագրի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի և 135-րդ հոդվածի պահանջները կիրառելի չեն։ Մինչդեռ, Ընկերությունը, Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 47 շենքի կտուրին 50 սմ հաստությամբ բետոնապատված հիմքերի վրա ստացիոնար գործարկմամբ սարքավորումները տեղադրելով և օգտագործելով, օգտագործում և ամսական նույն շենքի թիվ 3 բնակարանի բնակիչ Վոլոդյա Անթառանյանին է վճարում 180.000 ՀՀ դրամ, հետևաբար Ընկերության կողմից այդ շենքի կտուրին զբաղեցրած տարածքի նկատմամբ իրավունքը համարվում է պետական գրանցման օբյեկտ։ Չնայած դրան` Պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել, պետական գրանցման ևս չի ենթարկվել։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2010 թվականի որոշումը և փոփոխել` հայցը բավարարել։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հայցվորի կողմից ներկայացված այն փաստարկը, որ Ընկերությունը անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք չի բերել, այլ ընդամենն իրավունք է ստացել սեփականատերերի տիրապետման ներքո գտնվող տարածքում տեղադրել և շահագործել սարքավորումներ, ենթակա չէ Վճռաբեկ դատարանում քննության, քանի որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ հայցի հիմքում այն չի դրվել։
Ինչ վերաբերում է հայցվորի վկայակոչած նոր երևան եկած հանգամանքներին, ապա այն, ըստ էության, չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված նոր երևան եկած հանգամանքի բնորոշմանը, քանի որ վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել, թե ինչու ներկայացված գրությունը չէր կարող ձեռք բերվել և ներկայացվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, ինչ էական նշանակություն ունի այն գործի քննության համար։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Մարինա Պողոսյանը Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 47-րդ շենքի թիվ 89 բնակարանի սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ. 113)։
2) Վոլոդյա Անթառանյանը Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 47-րդ շենքի թիվ 3 բնակարանի սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ. 15)։
3) Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 47-րդ շենքի ընդհանուր ժողովի 23.04.2008 թվականի հարցման միջոցով ընդունված որոշման համաձայն` Ընկերությանը տրվել է թույլտվություն` այդ շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տանիքային որոշ հատվածներ օգտագործելու բջջային հեռախոսակապի ցանցի կառուցման համար, իսկ դրա դիմաց ստացված գումարները պետք է ուղղվեն շենքի կառավարման բյուջե, դրանից 20 տոկոսը կարող է օգտագործվել վարչական նպատակներով։ Այդ որոշմամբ Վոլոդյա Անթառանյանը լիազորվել է ստորագրել համապատասխան պայմանագիրը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր (հատոր 1-ին, գ.թ. 98)։
4) 01.05.2008 թվականին Ընկերության և սեփականատերերի կողմից լիազորված անձ Վոլոդյա Անթառանյանի միջև կնքվել է Պայմանագիրը, որի 1.1-րդ կետի համաձայն` պատվիրատուն պատվիրում է, իսկ կատարողը հանձն է առնում վճարի դիմաց ապահովել հնարավորություն` ՀՀ, ք. Երևան, Վ. Համաբարձումյան 47 հասցեում գտնվող շենքի տանիքային հատվածում նույն պայմանագրի Հավելված ««Ա»-ում նկարագրված սարքավորումները տեղադրելու և շահագործելու համար` համաձայն նույն պայմանագրի պայմանների։ Պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն` Պայմանագրով նախատեսված ծառայությունների դիմաց Ընկերությունը կատարողին /Վոլոդյա Անթառանյանին/ ամսական վճարելու է 180.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12-16)։
5) Սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված Երևանի քաղաքապետարանի 29.04.2010 թվականի թիվ 45/Պ-393 գրությամբ հայտնվել է, որ Մարինա Պողոսյանի դիմումում բարձացված հարցերը կարգավորվում են ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 15-րդ և 21-րդ հոդվածներով։ Մարինա Պողոսյանի կողմից նշված ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի ե) ենթակետը վերաբերում է օտարման, գրավադրման մասին որոշում ընդունելուն և կարող է ընդունվել ժողովի գումարման կամ հարցման միջոցով` միաձայն։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանագամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե
1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ
4) վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել վճռի կայացման համար։
Մինչդեռ, բողոք բերած անձը չի հիմնավորել և ապացուցել վերոնշյալ հիմքերից որևէ մեկի առկայությունը։ Մասնավորապես, վճռաբեկ բողոք բերած անձը չի հիմնավորել, որ ներկայացված` Երևանի քաղաքապետարանի 29.04.2010 թվականի թիվ 45/Պ-393 գրությամբ նշված հանգամանքները գործին մասնակցող անձին չէին կարող հայտնի լինել կամ դատարան չեն ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով և չէին կարող ներկայացվել Վերաքննիչ դատարանում այն պայմաններում, երբ դրանում լոկ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի իրավական վերլուծությունն է։
2. Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ։ Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։
Սույն գործով հայցվորը վճռաբեկ բողոքում ներկայացրած փաստարկները ներկայացրել է Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ հայցվորը նման փաստարկ Դատարանում չի ներկայացրել և չի նշել դրա անհնարինության վերաբերյալ որևէ հիմնավորում։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը նույնպես չի անդրադառնում բողոքի այդ հիմքին և դրա վերաբերյալ բողոք բերած անձի ներկայացրած փաստարկներին։
Պետական տուրքի հարցին անդրադառնալիս Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գանձման ենթակա է միայն Պայմանագիրն անվավեր ճանաչելու համար սահմանված պետական տուրքը։ Ինչ վերաբերում է հայցվորի և իր ընտանիքի անդամների առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջի մասով պետական տուրքի գանձմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով պետական տուրքը պետք է համարել լուծված հետևյալ պատճառաբանությամբ.
Առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջով դատարան դիմելիս պետական տուրք չի գանձվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ««գ» կետի ուժով, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով։
Ինչ վերաբերում է բարոյական վնասի հատուցման պահանջի մասով պետական տուրքին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով օրենսդիրը հստակ սահմանել է, թե ինչն է համարվում վնաս, և ակնհայտ է, որ դրանց շարքում բացակայում է բարոյական վնասը։ Այսինքն` ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի, ինչպես նաև դրա փոխհատուցման ինստիտուտ նախատեսված չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մարինա Պողոսյանի վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2010 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Մարինա Պողոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրք։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
|
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |