Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1401
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2395/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/2395/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթևոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Տեսչությունն ընդդեմ «Շինպրոգրես» ՁՏՄ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Ընկերության տնօրեն Էդուարդ Հարությունյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 44.736.900 ՀՀ դրամ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 29.961.400 ՀՀ դրամի մասով, իսկ 14.775.500 ՀՀ դրամ բռնագանձելու մասով մերժվել է։ Մերժվել է նաև Ընկերության տնօրեն Էդուարդ Հայրապետյանից որպես համապատասխանող լրացուցիչ հարկային պարտավորության գումար բռնագանձելու պահանջը։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 40-րդ, 41-րդ և 113-րդ հոդվածները, կիրառել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 90-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, վճիռ կայացնելիս հիմք ընդունելով Երևանի քրեական դատարանի կողմից նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը, այն ըստ էության քննության առարկա չի դարձրել։ Փորձաքննության եզրակացությունը Դատարանը պարզապես օգտագործել է վճիռ կայացնելու ժամանակ։

Սխալ են Դատարանի եզրահանգումներն Ընկերության տնօրեն Էդուարդ Հարությունյանից բռնագանձումը մերժելու վերաբերյալ, քանի որ Երևանի քրեական դատարանի՝ 22.01.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Էդուարդ Հարությունյանը, հանդիսանալով Ընկերության տնօրեն, չարամտորեն խուսափել է հարկեր վճարելուց։ Այսինքն` դատավճռով հաստատվել է Էդուարդ Հարությունյանի հանցավոր գործողություններով պետությանը նյութական վնաս պատճառելու փաստը, հետևաբար Էդուարդ Հարությունյանը պարտավոր է այն հատուցել։

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի վիճարկել ստուգման ակտը, սակայն հայցի մասնակիորեն մերժման հիմքում դրել է ակտի օրինականության հարցը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.12.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 09.10.2007 թվականի թիվ 1033595 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքներով 05.02.2008 թվականին կազմված թիվ 1033595 ակտով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով Ընկերությանն առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 44.628.200 ՀՀ դրամի չափով, ներառյալ տույժերի և տուգանքների գումարները (գ.թ. 21-29)։

2. Երևանի քրեական դատարանի 22.01.2009 թվականի թիվ ԵՔՐԴ/0456/01/08 դատավճռով Ընկերության տնօրեն Էդուարդ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Միաժամանակ, դատավճռով հաստատվել է, որ լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության արդյունքներով 22.12.2008 թվականին կազմված թիվ 49190809 եզրակացությամբ Ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները տույժ և տուգանքներով հանդերձ 2005թ., 2006թ. և 2007թ. առաջին եռամսյակի համար կազմում են 26.684,0 հազար ՀՀ դրամ, այդ թվում՝ հարկեր՝ 12.805,9 հազար ՀՀ դրամ, տույժեր և տուգանքներ՝ 13.878,1 հազար ՀՀ դրամ (գ.թ. 56-65)։

3. Դատարանի 22.07.2009 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Էդուարդ Հարությունյանը ներգրավվել է որպես երկրորդ պատասխանող (գ.թ. 95-97)։

4. 02.12.2009 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում Տեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ չի պնդում Ընկերության տնօրեն Էդուարդ Հարությունյանից լրացուցիչ հարկային պարտավորության գումար բռնագանձելու պահանջը (գ.թ. 146)։

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց՝ հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք։

Սույն գործով Դատարանը հայցը 14.775.500 ՀՀ դրամ բռնագանձելու մասով մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևանի քրեական դատարանի 02.12.2008 թվականի որոշմամբ նշանակված լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննությամբ փորձաքննության է ենթարկվել Ընկերությունում 05.02.2008 թվականին կազմված թիվ 1033595 ակտի դրվագները, որի արդյունքներով 22.12.2008 թվականին կազմված փորձագետի թիվ 49190809 եզրակացությամբ, Երևանի քրեական դատարանում և վարչական գործի դատաքննությամբ պարզվել է, որ 05.02.2008 թվականին կազմված թիվ 1033595 ակտի դրվագներով Ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով կազմել է 26.284.000 ՀՀ դրամ։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տեսչության 05.02.2008 թվականի թիվ 1033595 ակտով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով Ընկերությանն առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 44.628.200 ՀՀ դրամ, ներառյալ` տույժերի և տուգանքների գումարները, հետագայում Երևանի քրեական դատարանի 02.12.2008 թվականի որոշմամբ նշանակվել է լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննություն, որով փորձաքննության է ենթարկվել Տեսչության 05.02.2008 թվականի թիվ 1033595 ստուգման ակտը, և կազմվել է 22.12.2008 թվականի թիվ 49190809 եզրակացությունը։

Բացի այդ, սույն գործում առկա է Երևանի քրեական դատարանի 22.01.2009 թվականի թիվ ԵՔՐԴ/0456/01/08 դատավճիռը, որով Ընկերության տնօրեն Էդուարդ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Միաժամանակ, դատավճռով հաստատվել է, որ լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության արդյունքներով 22.12.2008 թվականին կազմված թիվ 49190809 եզրակացությամբ Ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները տույժ և տուգանքներով հանդերձ 2005թ., 2006թ. և 2007թ. առաջին եռամսյակի համար կազմում են 26.684,0 հազար ՀՀ դրամ, այդ թվում՝ հարկեր՝ 12.805,9 հազար ՀՀ դրամ, տույժեր և տուգանքներ՝ 13.878,1 հազար ՀՀ դրամ։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քրեական դատարանի 22.01.2009 թվականի թիվ ԵՔՐԴ/0456/01/08 դատավճռով հասատատվել է այն փաստը, որ Ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները տույժ և տուգանքներով հանդերձ կազմում են 26.684.000 ՀՀ դրամ, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պարտադիր է Դատարանի համար։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից հայցը մասնակիորեն՝ 29.961.400 դրամ բավարարելու մասով բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 27-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից։

 

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանն անհիմն է մերժել Էդուարդ Հարությունյանից որպես համապատասխանող լրացուցիչ հարկային պարտավորության գումարի բռնագանձումը, քանի որ դատավճռով հաստատվել է, որ նրա հանցավոր գործողություններով պետությանը նյութական վնաս է պատճառվել, ուստի Ընկերության տնօրեն Էդուարդ Հարությունյանը պարտավոր է այն հատուցել, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող վարչական մարմինը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է վարչական դատարանում գործի քննության ժամանակ։ Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ վարչական դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ վճռաբեկության կարգով բողոքարկված վարչական դատարանի դատական ակտերը Վճռաբեկ դատարանը վերանայում է վճռաբեկ բողոքի սահմաններում։ Ընդ որում, վարչական մարմնի կողմից բերված վճռաբեկ բողոքը կամ դրա մի մասը ենթակա չէ Վճռաբեկ դատարանում քննության, եթե բողոք բերող վարչական մարմինը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը չի հայտնել վարչական դատարանում գործի քննության ժամանակ։ Օրենսդրի կողմից որպես բացառություն սահմանվել է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։

Սույն գործում առկա 02.12.2009 թվականին նշանակված դատական նիստի արձանագրության ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած վարչական մարմինը Դատարանում գործի քննության ժամանակ այդ հարցի կապակցությամբ չի հայտնել որևէ դիրքորոշում։ Ավելին, վերջինս հայտնել է, որ չի պնդում Ընկերության տնօրեն Էդուարդ Հարությունյանից լրացուցիչ հարկային պարտավորության գումար բռնագանձելու պահանջը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մասով վճռաբեկ բողոքը ենթակա չէ քննության, քանի որ Դատարանում գործի քննության ժամանակ վարչական մարմինը դիրքորոշում չի հայտնել, թեև զրկված չի եղել իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վարչական դատարանի 15.12.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան