ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 մարտի 2011 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻ ՊԵՐՃ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 13.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ`
դիմողի ներկայացուցիչ Ժ. Խաչատրյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Պերճ Հակոբյանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի և 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը քաղաքացի Պ. Հակոբյանի` 06.10.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 6-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1995 թվականի նոյեմբերի 16-ին և ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 28-ին:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը» վերտառությամբ 1-ին հոդվածի` վիճարկվող 5-րդ մասը սահմանում է.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն»:
Նույն օրենքի` «Երկքաղաքացիություն» վերտառությամբ 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի` վիճարկվող 2-րդ պարբերությունը սահմանում է.
«Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա»:
2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմողը 1992թ. մեկնել է Հայաստանի Հանրապետությունից և դիմել է Բելգիայի Թագավորության իրավասու մարմիններին` Բելգիայի քաղաքացիություն ստանալու խնդրանքով: 1997թ. ապրիլի 10-ին դիմողը ձեռք է բերել Բելգիայի քաղաքացիություն: ՀՀ Նախագահին ուղղված` ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ նրա դիմումը չի քննարկվել, և ՀՀ քաղաքացիությունը չի դադարեցվել:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում 06.05.2002թ. դիմող Պ. Հակոբյանի նկատմամբ հարուցվել է թիվ 16217802 քրեական գործը` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` 23.05.2002թ. որոշմամբ Պ. Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով: 03.06.2002թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 06.06.2002թ.` հայտարարվել է հետախուզում:
16.08.2004թ. Պ. Հակոբյանի արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին: Պ. Հակոբյանը ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվել է 08.06.2009թ. և ներկայացվել նախաքննության մարմնին: 09.06.2009թ. Շահումյանի զինկոմիսարիատի կողմից Պ. Հակոբյանի դիմումը և անձնական գործն ուղարկվել են սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Վերջինիս կողմից Պ. Հակոբյանի կողմից վճարման ենթակա գումարը հաշվարկվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով, որը վճարվել է:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի` 10.12.2009թ. որոշմամբ Պ. Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ թիվ 16217802 քրեական գործի վարույթը կարճվել` իրադրության փոփոխման հիմքով:
Հիշյալ որոշումը Պ. Հակոբյանի պաշտպանի կողմից 17.12.2009թ. բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի` 29.12.2009թ. որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է: Նշված որոշումը բողոքարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի` 04.02.2010թ. որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի` 19.04.2010թ. որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է, իսկ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 04.02.2010թ. որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի` 17.06.2010թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ` ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
3. Դիմող կողմը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը և 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը հակասում են ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 2-րդ մասին և 43-րդ հոդվածին: Իր դիրքորոշումը դիմողը հիմնավորում է նրանով, որ քաղաքացիություն ձեռք բերելը, քաղաքացիությունը փոխելը, քաղաքացիությունից հրաժարվելը մարդու համար իրավունք են, որոնք իրականացվում են վերջինիս ազատ կամաարտահայտությամբ: Հետևաբար, քաղաքացիությունից հրաժարվելու կամ փոխելու առնչությամբ անձի կամաարտահայտությունը, եթե հիմքեր չկան ենթադրելու, որ կամաարտահայտությունն ազատ չի եղել, պետք է ընդունվի որպես անձի` քաղաքացիությունը փոխելու, քաղաքացիությունից հրաժարվելու սահմանադրական իրավունքի իրականացում:
Դիմող կողմը գտնում է, որ օրենքը կարող է սահմանել քաղաքացիությունից հրաժարվելու որոշակի կարգ, սակայն օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձի կողմից իր քաղաքացիությունը փոխելը, երբ կասկածներ չկան նրա կամաարտահայտման ազատ լինելու վերաբերյալ, չի կարող հիմք հանդիսանալ քաղաքացիությունը փոխած լինելու նրա իրավունքը չճանաչելու համար:
Դիմողի գնահատմամբ` վիճարկվող նորմերը կարող են գնահատվել որպես ՀՀ քաղաքացիությունը պահպանելու իրավունքի ընդարձակում և ոչ թե ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու իրավունքի սահմանափակում:
4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկների դեմ` նշում է, որ քաղաքացիության ինստիտուտին բնորոշ` իրավունքների ու պարտականությունների փոխադարձությունից բխում է, որ պետությունն առանց քաղաքացու համաձայնության չի կարող դադարեցնել նրա քաղաքացիությունը, մյուս կողմից` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ստանալն ինքնին չի կարող հանգեցնել ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: Քաղաքացիությունը պետության հետ անձի կայուն իրավական կապն է, որն առաջ է բերում փոխադարձ իրավունքներ, պարտականություններ ու պատասխանատվություն: Հետևաբար, քաղաքացիությունից դուրս գալու և քաղաքացիությունը փոխելու ազատությունը չպետք է ընկալել որպես բացարձակ հնարավորություն: Պետությունը, ելնելով իր շահերից, կարող է նախատեսել որոշակի սահմանափակումներ: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու և քաղաքացիությունը փոխելու ազատությունը սահմանափակող երկու խումբ հիմքեր, որոնք ամրագրված են օրենքի 24-րդ հոդվածում:
Պատասխանողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածով երաշխավորված` քաղաքացիությունը փոխելու յուրաքանչյուրի իրավունքը բացարձակ չէ և կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով նաև օրենքով նախատեսված սահմանափակումները:
5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005թ. նոյեմբերի 27-ի փոփոխությունների արդյունքում վերացվեց 1995թ. հուլիսի 5-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածում սահմանված` ՀՀ քաղաքացու` միաժամանակ այլ երկրի քաղաքացի լինելու արգելքը և Հայաստանի Հանրապետությունում ճանաչվեց երկքաղաքացիության ինստիտուտը: Նշված սահմանադրական փոփոխության արդյունքում համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, լրացվեց օրենքի 1-ին հոդվածի վիճարկվող դրույթը: Օրենքը լրացվեց նաև 13.1-րդ հոդվածով: Վերջինս կանոնակարգելով ՀՀ երկքաղաքացու կարգավիճակը` միաժամանակ հստակեցնում է 1995թ. հունվարի 1-ից հետո մինչև երկքաղաքացիության արգելքի վերացումն ընկած ժամանակահատվածում այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած ՀՀ քաղաքացիների կարգավիճակը: Օրենքի 13.1-րդ հոդվածի բովանդակությունը հանգում է հետևյալին: Հաշվի առնելով, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի` այդ դրույթում նշված անձինք, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված արգելքի պայմաններում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելով, պահպանել են ՀՀ քաղաքացիությունը և չի ճանաչվել նրանց կողմից այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու փաստը, երկքաղաքացիության արգելքի վերացման պայմաններում ճանաչվում է նրանց կողմից նախկինում ՀՀ օրենսդրության խախտմամբ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու փաստը և նրանք ևս համարվում են երկքաղաքացի: Այսինքն` այս դրույթի միջոցով օրինականացվել է այն անձանց կարգավիճակը, ովքեր այլ երկրի քաղաքացիություն էին ձեռք բերել ՀՀ Սահմանադրության խախտմամբ: Այս առնչությամբ անհիմն է դիմողի այն պնդումը, որ 1995թ. հուլիսի 5-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված` երկքաղաքացիության արգելքի պայմաններում այլ երկրի քաղաքացիության ձեռքբերումը հանգեցրել է ՀՀ քաղաքացիության դադարմանը:
6. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի և 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության սահմանադրականությունը վիճարկելու միջոցով առաջադրում է հետևյալ սահմանադրաիրավական վեճը. արդյո՞ք անձի կամաարտահայտությունը` հրաժարվելու ՀՀ քաղաքացիությունից և/կամ ձեռք բերելու այլ երկրի քաղաքացիություն, բավարար նախապայման չէ ՀՀ քաղաքացիության դադարման համար, և կարող է, արդյո՞ք, անձի ազատ կամաարտահայտությամբ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և/կամ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում ՀՀ քաղաքացիության դադարումը կախվածության մեջ դրվել որոշակի պարտականությունների կատարման փաստից:
Քննության առարկա գործի շրջանակներում նշված սահմանադրաիրավական վեճի լուծումը պահանջում է վիճարկվող դրույթները «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներին համապատասխան դիտարկել դրանց հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի և 24-րդ հոդվածի հետ համակարգային ամբողջականության մեջ:
Դիմումում բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում սահմանադրական դատարանը նախ անհրաժեշտ է համարում բացահայտել ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` քաղաքացիությունը փոխելու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը: Այդ նպատակով հարկ է նշված իրավունքը դիտարկել քաղաքացիության ինստիտուտի բովանդակության համատեքստում և ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով» դրույթի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի հետ համակցության մեջ:
Որպես կանոն, քաղաքացիությունը բնութագրվում է որպես անձի և պետության միջև առկա իրավական կայուն կապ, ինչն արտահայտվում է փոխադարձ իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության համակցության մեջ: Քաղաքացիության ինստիտուտի նման բովանդակությունը ենթադրում է, որ քաղաքացի-պետություն հարաբերություններում, ուր նշված սուբյեկտները միմյանց նկատմամբ ունեն փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ, այդ հարաբերություններն ընդհատելու կապակցությամբ կողմերից որևէ մեկի միակողմանի կամաարտահայտությունը դեռևս բավարար հիմք չէ անձի քաղաքացիության դադարման համար: Քաղաքացիության ինստիտուտի նշված բովանդակությունից է բխում նաև ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածով պետությանը հասցեագրված այն արգելքը, համաձայն որի` ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Նման արգելք նախատեսված է նաև միջազգային իրավական փաստաթղթերով: Մասնավորապես, 1997թ. նոյեմբերի 6-ի` Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` օրենքի ուժով կամ պետության նախաձեռնությամբ քաղաքացիության դադարեցումը թույլատրվում է միայն նշված հոդվածում սպառիչ կերպով նշված բացառիկ դեպքերում:
Նմանապես, այն դեպքում, երբ քաղաքացիության դադարման գործընթացի նախաձեռնողը քաղաքացին է, պետության նախաձեռնությամբ քաղաքացիության դադարեցումն արգելող ընդհանուր կանոնի տրամաբանությանը համահունչ, քաղաքացու կողմից դրսևորված նախաձեռնությունը չի կարող անվերապահորեն հանգեցնել քաղաքացիության դադարմանը` հաշվի առնելով պետության հանդեպ քաղաքացու պարտականությունների ու պարտավորությունների առկայության հանգամանքը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ, պայմանավորված քաղաքացիության ինստիտուտի վերոհիշյալ բովանդակությամբ, քաղաքացու կամաարտահայտությունը` հրաժարվելու իր երկրի քաղաքացիությունից, դեռևս բավարար հիմք չէ քաղաքացիության դադարման համար, և, որպես կանոն, դադարման հնարավորությունը կախվածության մեջ է դրվում տվյալ քաղաքացու` պետության հանդեպ ունեցած որոշակի պարտականությունների ու պարտավորությունների առկայության փաստից: Մասնավորապես, մի շարք երկրներում քաղաքացիությունից հրաժարումը չճանաչելու հիմք է հանդիսանում զինվորական ծառայության պարտականության առկայությունը (Ավստրիա, Էստոնիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Մոլդովա): Առանձին երկրներում հրաժարման ճանաչումը պայմանավորում են պետության առջև հարկային պարտավորությունների բացակայությամբ (Բուլղարիա, Խորվաթիա, Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա): Ռուսաստանի Դաշնությունում, Ալբանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում և Լատվիայում քաղաքացիությունից հրաժարումը չի ճանաչվում, եթե տվյալ քաղաքացին պետության հանդեպ ունի ցանկացած չկատարված պարտավորություն: Մի շարք երկրներում քաղաքացիությունից հրաժարումը չի ճանաչվում, եթե անձը ենթակա է քրեական պատասխանատվության (Ալբանիա, Ավստրիա, Բուլղարիա, Հունաստան, Հունգարիա, Լիտվա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սլովակիա, Ուկրաինա): Իռլանդիայի օրենսդրությունը նույնիսկ հստակորեն տարանջատում է կատարում քաղաքացիությունից հրաժարվելու և պետության առջև ունեցած պարտավորությունների միջև` նախատեսելով, որ քաղաքացիությունից հրաժարումն անձին չի ազատում որևէ պարտականությունից կամ պարտավորությունից:
7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասում ամրագրված` վիճարկվող դրույթի բովանդակությունը հանգում է նրան, որ քաղաքացու կամաարտահայտությունը` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, դեռևս բավարար հիմք չէ ՀՀ քաղաքացիությունը կորցնելու համար, ուստի օրենքով նախատեսվում են որոշակի պայմաններ: Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով: ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարման կարգի սահմանումը վերապահում է օրենքին: Այս սահմանադրական դրույթին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի նորմերը սահմանում են ՀՀ քաղաքացիության դադարեցման կարգը: Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու, ՀՀ քաղաքացիությունից զրկվելու դեպքերում, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:
Բացահայտելով ՀՀ քաղաքացիությունը փոխելու իրավունքի բովանդակությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` քաղաքացիությունը փոխելու իրավունքը ներառում է նաև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու մտադրությամբ և այլ պետության քաղաքացիության ձեռքբերման երաշխիքների առկայությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը, որը ենթակա է իրացման քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ առկա իրավակարգավորումներին համապատասխան:
8. ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու իրավունքը: Այս իրավունքը պատկանում է այն սահմանադրական իրավունքների թվին, որոնք բացարձակ չեն և կարող են սահմանափակվել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով սահմանված պայմաններով ու հիմքերով:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը վերարտադրելով ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավունքը, միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությանը համապատասխան և հաշվի առնելով տվյալ իրավունքը ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի պայմաններով և հիմքերով սահմանափակելու թույլատրելիությունը, նախատեսում է նույն օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքը սահմանափակելու հնարավորությունը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը քաղաքացիությունը փոխելու իրավունքի սահմանափակման դեպքերն ըստ էության նախատեսում է այդ օրենքի 24-րդ հոդվածում` սահմանելով ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժելու հիմքերը: Օրենքի 24-րդ հոդվածը, ամրագրելով Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացու` իր քաղաքացիությունը փոխելու, այն է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը, միաժամանակ ամրագրում է ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժելու հիմքերը: Այդ հիմքերն են` տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու փաստը, դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հակասությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարած պարտավորությունների առկայությունը:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` խնդրո առարկա իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասում նաև անուղղակիորեն ամրագրված է հիմնական իրավունքների պաշտպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը` համաչափության սկզբունքը, որի համաձայն` օրենքը կարող է նախատեսել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք համապատասխանում են Սահմանադրությամբ սահմանված նպատակներին և պիտանի, անհրաժեշտ ու իրավաչափ են դրանց հասնելու համար:
Սահմանադրական դատարանը, հետազոտելով ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժելու հիմքերը, գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված` ՀՀ քաղաքացիությունը փոխելու իրավունքի սահմանափակումները բխում են Սահմանադրության 43-րդ հոդվածի պահանջներից:
Միաժամանակ, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված` «պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ» հասկացության ներքո իրավակիրառական պրակտիկայում պետք է նկատի ունենալ միայն այն պարտավորությունները, որոնք իրենց բնույթով անխզելիորեն կապված են քաղաքացու կարգավիճակի հետ: Քաղաքացիությունից դուրս գալու դիմումի մերժումն այնպիսի չկատարած պարտավորություններ ունենալու հիմքով, որը տվյալ անձը պարտավոր է կատարել նաև ՀՀ քաղաքացիության կորստի դեպքում, կարող է քաղաքացիությունից դուրս գալու` անձի իրավունքը սահմանափակել անհամաչափորեն, քանզի նման իրավիճակում քաղաքացիությունից դուրս գալու մերժումը կարող է դառնալ ոչ անհրաժեշտ միջոց տվյալ պարտավորության կատարումն ապահովելու համար:
Սահմանադրական դատարանը գտնում է նաև. որպեսզի իրավակիրառական պրակտիկայում քաղաքացիությունը փոխելու կամ քաղաքացիությունից դուրս գալու` անձի իրավունքներն իրացվեն իրավաչափորեն, անհրաժեշտ է, որպեսզի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նույնպես հստակ ներդաշնակեցվի ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների չափորոշիչներին:
9. Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ըստ որի` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակներում առաջադրված իրավական խնդիրը դիտարկել նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած համապատասխան միջազգային պարտավորությունների, ինչպես նաև քաղաքացիության հետ կապված հարցերին առնչվող միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված սկզբունքների ու նորմերի համատեքստում:
Ապաքաղաքացիության կրճատման մասին 1961թ. կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994թ. մարտի 16-ին) 7-րդ հոդվածին համապատասխան` տվյալ պետության քաղաքացիությունից հրաժարումը չի առաջացնում քաղաքացիության կորուստ, եթե տվյալ անձը չունի կամ ձեռք չի բերել այլ երկրի քաղաքացիություն: Համարժեք նորմ է բովանդակում նաև 1997թ. նոյեմբերի 6-ի` Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիան: Այդ կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր անդամ պետություն թույլատրում է իր քաղաքացիությունից հրաժարում, պայմանով, որ դրանով այդ անձը չի դառնում քաղաքացիություն չունեցող անձ: Ընդ որում, նույն հոդվածն անդամ պետություններին թույլատրում է քաղաքացիությունից հրաժարվելու իրավունքը վերապահել միայն արտասահմանում մշտական բնակություն ունեցող իր քաղաքացիներին: Նշված միջազգային իրավական փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ նման իրավակարգավորման միջոցով միջազգային իրավունքը ձևավորել է երաշխիք, որը, ի թիվս մյուս երաշխիքների, նպատակաուղղված է ապաքաղաքացիության առաջացման հնարավորությունը կանխարգելելուն: Այս իրավակարգավորմանը համապատասխան` մի շարք երկրների` քաղաքացիության վերաբերյալ օրենքները նախատեսում են, որ քաղաքացիությունից հրաժարումը կարող է ընդունվել միայն, եթե տվյալ անձը ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն կամ ներկայացնում է այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու երաշխիքներ: Առանձին երկրներում նույնիսկ հրաժարման ընդունման համար որպես նախապայման է դիտվում այլ երկրում մշտական բնակության փաստը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու իրավական հետևանքների մասով, դիտարկելով վերոհիշյալ միջազգային իրավակարգավորման և դրանով հետապնդվող նպատակի լույսի ներքո` սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված վիճարկվող դրույթը համահունչ է միջազգային իրավակարգավորմանը, բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից և նախևառաջ հետապնդում է քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում ապաքաղաքացիության վիճակի առաջացումը կանխելու իրավաչափ նպատակ:
Ինչ վերաբերում է այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու ուժով քաղաքացիության դադարմանը, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս առնչությամբ միջազգային իրավունքում առկա մոտեցումները Բազմաքաղաքացիության դեպքերի կրճատման և բազմաքաղաքացիության դեպքերում զինվորական պարտավորությունների մասին 1963թ. կոնվենցիայի ընդունումից ի վեր որոշակի զարգացում են ապրել: Նշված կոնվենցիան հիմնվում էր այն գաղափարի վրա, որ երկքաղաքացիությունը կամ բազմաքաղաքացիությունն անցանկալի երևույթ է, և ըստ այդմ իր 1-ին հոդվածում ամրագրում է, որ իր կամքով այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձը կորցնում է իր նախկին քաղաքացիությունը: Սակայն նշված կոնվենցիայի ընդունումից ի վեր Եվրոպայում տեղի ունեցած որոշակի փոփոխությունների ազդեցությամբ Եվրոպայի խորհուրդը վերանայեց երկքաղաքացիությունից խուսափելու հարցում իր մոտեցումը` ըստ էության հրաժարվելով երկքաղաքացիությունից խուսափելու սկզբունքի խիստ կիրառումից: Նշված հարցում որդեգրված նոր մոտեցումն իր կոնվենցիոնալ ամրագրումն ստացավ Քաղաքացիության մասին 1997թ. եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածում, որի համաձայն` կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում անդամ պետությունների իրավունքը` իր ներպետական օրենսդրությամբ որոշելու` այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձը պահպանում է իր քաղաքացիությունը, թե` ոչ: Այսինքն` միջազգային իրավունքը պետություններին չի պարտավորեցնում որոշակի կոնկրետ վերաբերմունք դրսևորել իր քաղաքացիների կողմից այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հետևանքների առնչությամբ` այդ հարցում ճանաչելով պետությունների հայեցողության ազատությունը:
Ելնելով վերոհիշյալից, հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած համապատասխան միջազգային պարտավորությունները և խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային փորձը` ՀՀ սահմանադրական դատարանն իրավաչափ է համարում ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու` անձի կամաարտահայտության դեպքում ՀՀ քաղաքացիության կորուստը ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված սահմանադրական արժեքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորելը:
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումները պայմանավորված չեն վեճի առարկա նորմերի սահմանադրականությամբ, այլ առնչվում են պետական իշխանության մարմինների պարտականությունների ժամանակին ու պատշաճ կատարմանը, որոնց քննությունն ու գնահատումը դուրս է ՀՀ սահմանադրական դատարանի իրավազորությունից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա` վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
15 մարտի 2011 թ. |