Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3096

Քաղաքացիական գործ թիվ 3-222 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

                   Մ. Ասատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Նիկողոս Դաբաղյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Նիկողոս Դաբաղյանի հայցի ընդդեմ Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյանների` բնակելի տնից վտարելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Նիկողոս Դաբաղյանը պահանջել է սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տնից վտարել Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյաններին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Նշան և Մարի Դաբաղյանների մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկողոս Դաբաղյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.     

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 225-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը, Տաթևիկ Դաբաղյանին վեճի առարկա բնակարանից չվտարելով, խախտել է Նիկողոս Դաբաղյանի սեփականության իրավունքը` նրան զրկելով սեփականությունը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Տաթևիկ Դաբաղյանի համար նույնպես անհրաժեշտ էր, որ նա (օրինական ներկայացուցիչը) սեփականատիրոջ` Նիկողոս Դաբաղյանի հետ կնքեր համապատասխան պայմանագիր, ինչը կոնկրետ դեպքում չի արվել: Բացի այդ, Տաթևիկ Դաբաղյանի խնամքը հանձնվել է մորը` Մարի Դաբաղյանին, այսինքն՝ Տաթևիկ Դաբաղյանի խնամքով, այդ թվում՝ բնակարանային ապահովությամբ, պետք է հոգ տանի մայրը, քանի որ նա հանդիսանում է նրա ընտանիքի անդամը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը՝ Տաթևիկ Դաբաղյանի մասով և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Նիկողոս Դաբաղյանին:

2) 15.06.1990 թվականին ծնված Տաթևիկ Դաբաղյանը Նիկողոս Դաբաղյանի դուստրն է:

3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 13.12.2002 թվականի վճռով փոխհատուցմամբ դադարեցվել է Մարի Դաբաղյանի բնակտարածության օգտագործման իրավունքը վիճելի տան նկատմամբ: Վերջինս վտարվել է այդ բնակարանից:

4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 25.03.2004 թվականի վճռով Տաթևիկ Դաբաղյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է մորը՝ Մարի Դաբաղյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ծնողների հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքի անդամներ են նաև երեխաները: Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

Վերոգրյալ հոդվածներից հետևում է, որ երեխան ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու իրավունք:

Ծնողների զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքի ապահովումը միաժամանակ ծնողների պարտականությունն է, նրանք հավասարապես պարտավոր են երեխային ապահովել բնակելի տարածությունում ապրելու իրավունքով:

Ծնողի հետ ապրելու երեխայի իրավունքը չի կարող նույնացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված բնակելի տարածության օգտագործման իրավունքի հետ, քանի որ ապրելու իրավունքը անմիջականորեն կապված է ծնողի անձի հետ, այլ ոչ թե ծնողի սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող գույքի հետ: Ծնողի զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքը ծագում է օրենքի ուժով և պահպանվում է մինչև երեխայի 18 տարին լրանալը: Այսինքն՝ ծնողի հետ ապրելու իրավունքը երեխայի մոտ ծագում է ծնող-երեխա ազգակցական կապի ուժով:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու երեխայի իրավունքը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, երբ նրա խնամքը հանձնված է ծնողներից մեկին, այսինքն՝ անգամ ամուսնալուծված ծնողը պարտավոր է թույլատրել երեխային բնակվել իր կողմից զբաղեցրած բնակարանում:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Նիկողոս Դաբաղյանը վիճելի բնակարանի սեփականատերն է, իսկ անչափահաս Տաթևիկ Դաբաղյանը՝ նրա դուստրը:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահաս Տաթևիկ Դաբաղյանն օրենքի ուժով ապրելու իրավունք ունի Նիկողոս Դաբաղյանի սեփականության ներքո գտնվող բնակարանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան