Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Լոռու մարզի առաջին ատյանի

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2/1812-2006թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-149 (Ա)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Բ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արգենյա Մարգարի Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 23.11.2006 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Կարինե Իգնատի Ավագյանի ընդդեմ Ռոբերտ Ալեքսանի Բաղդասարյանի, Արգենյա Մարգարի Բաղդասարյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վանաձորի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի վկայականում մասնակի փոփոխություն կատարելու, հայցվորի և նրա երեխայի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է մասնակի փոփոխություն կատարել Արգենյա և Ռոբերտ Բաղդասարյանների անվամբ տրված Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի 1-ին շենքի թիվ 27 բնակարանի սեփականության իրավունքի վկայականում և ճանաչել իր ու երեխայի՝ Արգենյա Ռոբերտի Բաղդասարյանի սեփականության իրավունքը Վանաձորի Ներսիսյան փողոցի 1-ին շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արգենյա Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Ավագյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ գործի քննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն Արգենյա Բաղդասարյանին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Վճռաբեկ բողոքի այն փաստարկները, որ Դատարանը բողոք բերած անձին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որ գործում առկա չէ այդ փաստը հաստատող որևէ ապացույց չի համապատասխանում իրականությանը, քանի որ գործում առկա են ծանուցագրեր՝ բողոք բերած անձին դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման մասին: Բացի այդ, պատասխանողը դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել է նաև հեռախոսով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

23.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արգենյա Մարգարի Բաղդասարյանը պատշաճ ձևով տեղեկացված չէ, Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. ՀՀ վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ծանուցում): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Արգենյա Մարգարի Բաղդասարյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 23.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 23.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արգենյա Մարգարի Բաղդասարյանին պատշաճ ձևով ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 23.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան