Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.1313
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1530-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1941-Ա և 2004 թվականի մարտի 31-ի N 397-Ա որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Դալմայի այգիներում գտնվող 256.0 հեկտար մակերես ունեցող անտառային հողերից առանց մրցույթի, մինչև 10 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել Երևանի Շահումյանի նախկին շրջգործկոմի և Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հետ մինչև 2004 թվականի մարտի 31-ը կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա հողամասերն զբաղեցնող քաղաքացիներին:

2. Երևանի քաղաքապետին`

ա) երկամսյա ժամկետում Դալմայի այգիների անտառային նշանակության 256,0 հեկտար մակերես ունեցող հողատարածքում կատարել փաստացի հողօգտագործողների (վարձակալության պայմանագրերով և ինքնակամ հողօգտագործողներ), ինչպես նաև գույքային ծանրաբեռնվածությունների` ինքնակամ շենքերի ու շինությունների հաշվառման և գույքագրման աշխատանքներ.

բ) գույքագրման արդյունքների հիման վրա կազմված հողօգտագործողների հաշվառման ցուցակներն ամփոփելուց և հաստատելուց հետո 10 օրվա ընթացքում  դրանց մեկական օրինակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե.

գ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում գույքագրման արդյունքների հիման վրա ներկայացնել  առաջարկություններ Դալմայի այգիների տարածքում 2005-2007 թվականների ընթացքում, ըստ տարիների, առաջնահերթ անտառատնկումների վերաբերյալ.

դ) ըստ անհրաժեշտության, գույքագրման արդյունքների և նախատեսվող անտառատնկումների հաշվառման հիման վրա ներկայացնել առաջարկություններ Դալմայի այգիների առանձին հատվածների նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ:

3. Սահմանել, որ`

ա) հողամասերի վարձակալության պայմանագրերը, որպես կանոն, կնքվում են ելնելով նախկինում շրջգործկոմների և (կամ) թաղապետարանների հետ կնքված  պայմանագրերում նշված հողամասերի չափերից` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 397-Ա որոշման համաձայն հողամասը բաժանվել է տարբեր նպատակային նշանակության հողամասերի.

բ) առանց համապատասխան պայմանագրերի առկայության ինքնակամ հողօգտագործողների հետ վարձակալության պայմանագրեր չեն կնքվում.

գ) հողամասերում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների առկայության դեպքում, ինչպես նաև ինքնակամ հողօգտագործողների հետ հողամասերի վարձակալության պայմանագրեր կնքելու հարցերին ընթացք են տրվում միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շենքերի, շինությունների կարգավիճակի և ինքնակամ զբաղեցված հողամասերի  խնդիրներին լուծում տալուց հետո, ընդ որում, այն շենքերն ու շինությունները, որոնք չեն համապատասխանում անտառային հողերի նպատակային նշանակությանը, ենթակա են քանդման` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան.

դ) հողամասերի վարձակալության պայմանագրերը ենթակա են սահմանված կարգով նոտարական վավերացման, իսկ պայմանագրերից ծագող իրավունքները` պետական գրանցման:

Նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալների կողմից:

4. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում մշակել հողամասի վարձակալության պայմանագրի ձևը` դրանում ամրագրելով հողօգտագործման բնապահպանական, պատմամշակութային, քաղաքաշինական բնույթի սահմանափակումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 12
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան