«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010471
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 328-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/02) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 3/02-ի 27-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, սույն ենթակետում նշված վերաապահովագրողի պարտավորությունը Ն3 նորմատիվի հաշվարկից կարող է նվազեցվել 100%-ով, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.
ա. վերաապահովագրողի պարտավորության կատարումն ապահովված է սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20% կամ 50% ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի կողմից տրված երաշխիքով կամ երաշխավորությամբ,
բ. առկա են երաշխիքի կամ երաշխավորության առկայությունը հավաստող փաստաթղթեր,
գ. երաշխիքի կամ երաշխավորության տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագրի (պայմանագրերի) գործողության ժամկետին,
դ. երաշխիքի կամ երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»:
2) Կանոնակարգ 3/02-ը լրացնել 27.1 և 27.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«27.1 Սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 400% ռիսկի կշռին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորությունը Ն3 նորմատիվի հաշվարկից կարող է մինչև 2013 թվականի հունվարի 1-ը նվազեցվել 100%-ով, 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը՝ 80%-ով, 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը՝ 60%-ով, եթե բավարարված է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
1) Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում ապահովագրական ընկերությունն առնվազն 3 տարի համագործակցել է տվյալ վերաապահովագրողի հետ և այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 2 ապահովագրական պատահար, որի գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք:
2) Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ վերաապահովագրողի հետ ապահովագրական ընկերության համագործակցության փորձը 3 տարուց պակաս է, սակայն այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 1 ապահովագրական պատահար, որի գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք:
3) Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ վերաապահովագրողի հետ համագործակցության ողջ ժամանակահատվածում (առկայության դեպքում) չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք և Ն3 նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ առկա է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերություն, որի համագործակցության փորձը տվյալ վերաապահովագրողի հետ բավարարում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմաններին:
27.2 Սույն կանոնակարգի 27.1-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված համագործակցությունը համարվում է առկա, եթե Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում առկա է սույն կանոնակարգի 27.1-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տևողությամբ ժամանակահատված, որի ընթացքում տվյալ ապահովագրական ընկերությունը (3-րդ ենթակետում նախատեսված այլ ապահովագրական ընկերության համագործակցության փորձը հաշվի առնելու դեպքում` այդ ապահովագրական ընկերությունը) ունեցել է գործող վերաապահովագրության պայմանագրեր տվյալ վերաապահովագրողի հետ:»:
3) Կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետից հանել «ընկերության ակտիվներն ապահովագրական» բառերը:
4) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 1-ի 4-րդ կետում «հաշվետու ամսվա վերջին և առաջին օրերի» բառերը փոխարինել «հաշվետու և դրան նախորդող ամսվա վերջին օրերի» բառերով:
5) Կանոնակարգ 3/02-ի 2-րդ կետի 14-րդ ենթակետից հանել «(օրինակ` սուբրոգացիա և այլն)» բառերը:
6) Կանոնակարգ 3/02-ի 2-րդ կետի 14-րդ ենթակետը «գումար» բառից հետո լրացնել «(օրինակ` սուբրոգացիա և այլն)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|