108.0131.13.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
13.05.1998 թ. |
N 131-ԳՄ |
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ (ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ, ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԼՈՒԾԱՐՄԱՆ, ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ)» ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշմամբ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀ Էներգետիկայի նախարարության համակարգի ձեռնարկությունների և պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման (աճուրդի միջոցով վաճառքի, հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնելու, լուծարման միջոցների դուրս գրման)» կարգը (կցվում է):
2. Սույն հրամանի 1 կետով հաստատված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Ուժը կորցրած համարել ՀՀ Էներգետիկայի նախարարության 1994 թ. մայիսի 27-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի մասին» թիվ 115-ՄՇ հրամանը:
Նախարար |
Գ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ (ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ, ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԼՈՒԾԱՐՄԱՆ, ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ)
1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92, 1995 թ. հուլիսի 4-ի «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի թիվ 92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 400 որոշումների և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1997 թ. փետրվարի 7-ին հաստատված «Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրս գրման մասին» կարգի համաձայն:
2. Նախարարության համակարգի բոլոր ձեռնարկությունները` մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերում ընդգրկված և չընդգրկված, կարող են օտարել օգտագործման համար ոչ շահութաբեր, ոչ պիտանի, բարոյապես մաշված, ինչպես նաև ֆիզիկապես 100 % մաշված հիմնական միջոցները ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվության առկայության դեպքում, իսկ ավտոտրանսպորտային միջոցները` նախարարության հրամանով:
3. Նախարարության համակարգի ձեռնարկությունները, որոնք նախատեսում են օտարել տեղակայման ենթակա սարքավորումները, պետք է նախարարություն ներկայացնեն սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը:
4. Հիմնական միջոցների օտարման անհրաժեշտությունը հիմնավորելու, պահանջվող փաստաթղթերը ձևակերպելու և ձեռնարկությունների վերադասի (հիմնադրի) քննարկմանը ներկայացնելու համար ձեռնարկություններում ղեկավարի հրամանով ստեղծվում են հանձնաժողովներ:
5. Հիմնական միջոցների օտարման թույլտվություն ստանալու համար ձեռնարկությունները պետք է ուղեկցող նամակով նախարարություն (հիմնադրին) ներկայացնեն.
5.1. ՊՓԲԸ-ների (ձեռնարկությունների) հանձնաժողովի արձանագրությունը, հաստատված գործադիր տնօրենի (տնօրենի) կողմից պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման անհրաժեշտության հիմնավորմամբ:
5.2. Օտարվող հիմնական միջոցների ցուցակները նրանց բնութագրող տվյալներով սույն կարգի 5.3., 5.4., 5.5. կետերի: Նշված ցուցակների հետ միասին ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչություն են ներկայացվում ձեռնարկության նույնատիպ միջոցների քանակը:
5.3. Օտարվող հիմնական միջոցների տեխնիկական վիճակի մանրամասն նկարագրությունը, անհրաժեշտության դեպքում նաև լուսանկարները:
5.4. Գործադիր տնօրենի (տնօրենի) կողմից հաստատված տեղեկանք օտարման ներկայացվող հիմնական միջոցները ձեռնարկության հաշվեկշռում գտնվելու մասին:
5.5. Օտարվող հիմնական միջոցների առաջարկվող նվազագույն մեկնարկային գինը:
5.6.Ավտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում են նաև մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը, շարժիչի համարը, թափքի համարը, ամրաշրջանակի համարը, շահագործման սկզբից կատարած վազքը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը (ըստ կից ՀՄՕ ձևի):
5.7. Շենքերի, կառույցների, մեքենաների, սարքավորումների և այլ հիմնական միջոցների համար ներկայացվում են լրիվ անվանումը, մակնիշը և մոդելը (որտեղ կիրառելի է), չափերը շահագործման հանձնման տարեթիվը, տեղադրման վայրը, գույքային և գործարանային համարը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգի ՊՓԲԸ-ների, ՊՁ-ների և կազմակերպությունների (այսուհետև` ձեռնարկություն) հիմնական միջոցների օտարման վերաբերյալ առաջարկությունները քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով նախարարության ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչությունը ստանում է նախարարության մյուս վարչությունների (ստորաբաժանումների) գրավոր եզրակացությունները: Ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչությունը անհրաժեշտության դեպքում որոշում է կայացնում սահմանված կարգով մասնագիտական հանձնաժողովներ ստեղծելու մասին` կոնկրետ հարցերի համալիր ուսումնասիրման և դրանց վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով:
7. Հիմնական միջոցների օտարման թույլտվությունը տրվում է նախարարի կողմից, նախարարության ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչության եզրակացության հիման վրա:
8. Հիմնական միջոցների վաճառքը իրականացվում է աճուրդային եղանակով:
8.1. Ձեռնարկության ղեկավարությունը աշխատավորական կոլեկտիվի անդամներին նախօրոք իրազեկ է դարձնում ձեռնարկության հիմնական միջոցներին սպասվելիք աճուրդային վաճառքի մասին, տեսանելի վայրերում հայտարարություններ փակցնելով, նշելով հիմնական միջոցները բնութագրող տվյալները, աճուրդի անցկացման հասցեն, օրը և ժամը:
8.2. Բոլոր հիմնական միջոցների վաճառքն իրականացվում է նախարարության որոշմամբ, ձեռնարկությունում փակ աճուրդի եղանակով, տվյալ ձեռնարկության աշխատողների միջև: Աճուրդն անցկացնում է ձեռնարկության ղեկավարի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը:
8.3. Փակ աճուրդում չվաճառված հիմնական միջոցների վաճառքն իրականացվում է բաց աճուրդային եղանակով կամ ապրանքա-ֆոնդային բորսայի միջոցով` պայմանագրի հիման վրա:
9. Ապրանքա-ֆոնդային բորսայի կողմից անցկացվող աճուրդները իրականացվում են գործող օրենսդրության, կնքված պայմանագրի և բորսայի կանոնադրության պահանջներին համապատասխան:
10. Հիմնական միջոցների աճուրդային վաճառքի մեկնարկային գների որոշման և աճուրդի հետ կապված հիմնական միջոցների վաճառքից գոյացած գումարների օգտագործման համար անձնական պատասխանատվություն են կրում ընկերության ղեկավարը և գլխավոր հաշվապահը:
11. Ձեռնարկություններում կազմակերպվող աճուրդին կարող է մասնակցել նաև նախարարության (հիմնադրի) ներկայացուցիչը:
12. Հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը.
ա) նախարարության համակարգի ձեռնարկությունների հիմնական միջոցները միմյանց են հանձնվում հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց, նրանց մնացորդային արժեքով, նախարարության թույլտվությամբ.
բ) նախարարության համակարգի ձեռնարկություններից մինչև 3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հիմնական միջոցները հաշվեկշռից հաշվեկշիռ, անհատույց հանձնումն այլ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տեղական մարմինների ձեռնարկություններին, բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, նախարարության թույլտվության առկայության դեպքում, իսկ 3 մլն դրամ հաշվեկշռային արժեքը գերազանցող հիմնական միջոցների անհատույց հանձնումը` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.
գ) ձեռնարկությունների հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումը ոչ պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
13. Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրսգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշման հիման վրա և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված 1997թ. փետրվարի 7-ից գործող կարգի համաձայն:
14. Եթե սույն կարգի 8-րդ և 12-րդ կետերի արդյունքում հիմնական միջոցների վաճառքը ապրանքա-ֆոնդային բորսայում կամ հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը չի իրականացվում, ապա ձեռնարկությունները նախարարություն են ներկայացնում լուծարվող, դուրս գրման ենթակա հիմնական միջոցների ցուցակը` ձև ՀՄ-4 ակտով (վթարի, շահագործման պայմանների խախտման դեպքում ակտին կցվում են նաև այդ դեպքերի առաջացման պատճառները և ներկայացվում են մեղավոր անձանց, եթե այդպիսիք կան, նրանց նկատմամբ կիրառված միջոցները):
Ներկայացրած տեղեկանքների և նախարարության թույլտվության հիման վրա ձեռնարկությունը կարող է հաշվեկշռից դուրս գրել տվյալ հիմնական միջոցը:
15. Ձեռնարկությունները վերահսկում են դուրս գրվող հիմնական միջոցների լուծարումից (քանդումից) առաջացած պիտանի ագրեգատների, համակարգերի, պահեստամասերի, հանգույցների և այլ շրջանառու միջոցների գույքագրման, գնահատման և ձեռնարկության (ընկերության) պահեստ մուտքագրման գործընթացը:
Դուրս գրվող հիմնական միջոցների լուծարումից (քանդումից) առաջացած, գունավոր և թանկարժեք մետաղներ պարունակող ագրեգատների, համակարգերի, պահեստամասերի, հանգույցների և այլ շրջանառու միջոցների գույքագրումն ու գնահատումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 մայիսի1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 109800128