ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 6-րդ մասը՝
1) «ուշ ներկայացնելու» բառերից հետո լրացնել «կամ հարկը (վճարը) ուշ վճարելու» բառերով, իսկ «հաշվարկի ներկայացման» բառերից հետո՝ «կամ հարկի (վճարի) վճարման» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն ֆիզիկական անձը, որը մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչև նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչև նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում և 4.1-ին մասում «մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ֆիզիկական անձինք 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 4.1-ին մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում են համապատասխանաբար 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պետական բյուջե են վճարում համապատասխանաբար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ և 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. ապրիլի 25 Երևան ՀՕ-76-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2025 թվական:
