«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10218090
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 մարտի 2018 թ. ք. Երևան |
N 107-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՏԱՐԻ ՍՏԱԺՈՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 189 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել նոտարի ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2001 թվականի հունիսի 4-ի «Պետական նոտարական գրասենյակում նոտարի մոտ ստաժավորում անցնելու կարգի մասին» N 189 հրամանը:
|
Դ. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԻ ՍՏԱԺՈՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
1. Նոտարի ստաժավորումն ուղղված է նոտարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում և աշխատանքային փորձ ձեռք բերելուն:
2. Ստաժորի թեկնածուն նոտարին ներկայացնում է`
1) դիմում, որում պետք է նշվեն`
ա) դիմողի անունը, ազգանունը և նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
բ) դիմողի հաշվառման վայրի հասցեն (այդ թվում՝ բնակության վայրի, եթե տարբերվում է հաշվառման վայրից),
գ) հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի hասցեն,
2) անձնագիր (այդ թվում՝ պատճենը),
3) երկու գունավոր լուսանկար` 4 X 6 չափսի,
4) բարձրագույն կամ թերի բարձրագույն իրավաբանական կրթություն ունենալը հավաստող փաստաթուղթ (այդ թվում՝ պատճենը),
5) հայտարարություն դատվածություն չունենալու մասին,
6) ինքնակենսագրական:
3. Ստաժորի թեկնածուն կարող է իր նախաձեռնությամբ նոտարին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
4. Նոտարի ստաժորի թեկնածուները մասնակցում են նոտարի կողմից կազմակերպված հարցազրույցին՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները ստուգելու նպատակով:
5. Ստաժոր ներգրավելու համար նոտարը կարող է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և նոտարական պալատի պաշտոնական ինտերնետային կայքէջերում հայտարարություն հրապարակել հարցազրույց անցկացնելու վերաբերյալ: Նոտարը կարող է հայտարարությունը հրապարակել նաև հանրությանը հասանելի զանգվածային լրատվության այլ միջոցներով:
6. Հարցազրույցի արդյունքում լավագույն արդյունքներ դրսևորած անձին ընտրում է նոտարը՝ դիմողի հետ կնքելով պայմանագիր:
7. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:
8. Նոտարը պայմանագրի կնքման պահից եռօրյա ժամկետում գրությամբ ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և նոտարական պալատ ստաժորի ներգրավման մասին՝ կցելով կնքված պայմանագրի պատճենը:
9. Նոտարի և ստաժորի միջև կնքված պայմանագրում նշվում են`
1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,
2) ստաժորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
3) նոտարի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
4) նոտարական տարածքը, նստավայրը և գրասենյակի հասցեն,
5) ստաժավորումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,
6) ստաժորի գործառույթները,
7) նոտարական գրասենյակ հաճախելու և գտնվելու ժամանակահատվածը, որը չի կարող պակաս լինել շաբաթական քսան ժամից,
8) պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում):
10. Պայմանագրում կարող են ներառվել կողմերի համաձայնությամբ նաև այլ պայմաններ:
11. Ստաժավորման ժամանակի մեջ չի ընդգրկվում ստաժորի հիվանդության կամ այլ պատճառներով նրա բացակայության ժամկետը:
12. Ստաժորը պարտավոր է պահպանել նոտարական գրասենյակի աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, բարեխղճորեն վերաբերվել նոտարի և այլ աշխատողների գույքին, չհրապարակել նոտարական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, որը հայտնի է դարձել ստաժավորման շրջանակներում:
13. Ստաժորն իրավունք ունի իրականացնել հետևյալ գործողությունները.
1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում,
2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում,
3) նոտարական գործավարության իրականացում,
4) գործարքների և իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում,
5) նոտարական պրակտիկայի ամփոփում,
6) աշխատանք արխիվի հետ,
7) նոտարական գործողությունների կատարումն ապահովող կամ նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, որոնք նախատեսված են պայմանագրով, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:
14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված գործողություններին ներկայացվող պահանջները որոշում է ստաժորի աշխատանքները ղեկավարող նոտարը:
15. Նոտարը պարտավոր է`
1) ստաժորին ապահովել սույն կարգի 13-րդ կետում սահմանված գործողությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններով,
2) ստաժավորման ընդունելու ժամանակ, ինչպես նաև ստաժավորման ընթացքում ստաժորին ծանոթացնել նոտարական գրասենյակի ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.
3) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով և պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:
16. Պայմանագիրը կնքվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանված ժամկետով կամ անորոշ ժամկետով:
17. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել նոտարի որոշմամբ`
1) ստաժորի դիմումի համաձայն,
2) անհարգելի պատճառով տասն օր անընդմեջ ստաժավորում չանցնելու դեպքում,
3) նոտարական գրասենյակի ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելու դեպքում,
4) ստաժավորման համար կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացնելու դեպքում,
5) նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը չպահպանելու դեպքում,
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ստաժորի անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում,
7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա դիտավորությամբ հանցանք կատարելու համար դատապարտվելու դեպքում,
8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում:
18. Ստաժորի աշխատանքները ղեկավարող նոտարը ստաժավորման ավարտի կապակցությամբ, երբ դադարում է նոտարի և ստաժորի միջև կնքված պայմանագիրը, կազմում է եզրակացություն՝ ստաժավորման արդյունքների մասին, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով և սույն հրամանով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները: Եզրակացության մեկ օրինակը պահվում է նոտարի մոտ, մյուս օրինակը՝ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում, իսկ մյուսը տրվում է ստաժորին:
19. Նոտարը եզրակացությունը նոտարական պալատ է ուղարկում այն կազմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, իսկ գրությամբ ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ստաժորի հետ կնքված պայմանագրի դադարման վերաբերյալ:
20. Ստաժավորման արդյունքների մասին եզրակացությունը կցվում է որակավորման քննություններ հանձնելու դիմումին: