ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 հունիսի 2024 թ. |
«ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (CMR)՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԵՌՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի ապրիլի 18-ի N 539-Ա որոշմամբ հավանություն է տվել «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 20-ին՝ տվյալների էլեկտրոնային գրանցման և մշակման համար օգտագործվող ընթացակարգերով բեռնագրի կամընտիր կազմման գործընթացը դյուրացնելու նպատակով:
«Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 2006 թվականի հունիսի 9-ին՝ վավերացնելով այն 2006 թվականի մարտի 23-ին՝ Ազգային ժողովի Ն-267-3 որոշմամբ (ՍԴՈ-594, 26.08.2005 թ.):
Արձանագրությամբ նախատեսված բեռնագրերի էլեկտրոնային կառավարումը հնարավորություն կտա նվազեցնելու տրանսպորտային ծառայությունների ծախսերը, արդիականացնելու ապրանքատրանսպորտային ծառայությունները, դյուրացնելու տեղեկատվության հասանելիությունը, բարձրացնելու բեռնափոխադրումների ծառայությունների թափանցիկությունը, բարելավելու դրանց կառավարումն ու հսկողությունը՝ խթանելով տնտեսական մրցունակությունը:
Արձանագրությունը կազմված է նախաբանից և 16 հոդվածներից:
Արձանագրության՝ «Վեճը» վերտառությամբ 11-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի կողմերի միջև ծագած ցանկացած վեճ, որը կողմերը չեն կարողանում կարգավորել բանակցությունների կամ այլ միջոցներով, տվյալ կողմերից որևէ մեկի խնդրանքով կարգավորման համար կարող է փոխանցվել Արդարադատության միջազգային դատարան»:
Արձանագրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Ցանկացած պետություն կարող է արձանագրությունը ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հայտարարել, որ չի համարում, որ սույն արձանագրության 11-րդ հոդվածն իր համար պարտադիր ուժ ունի»: Վերապահում անելու նպատակահարմարության դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներկայացնել նաև վերապահման տեքստի նախագիծ:
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
1) Արձանագրության դրույթներին համապատասխանող էլեկտրոնային բեռնագիրը համարել Կոնվենցիայում նշված բեռնագրին հավասարազոր, որն ունի նույն ապացուցողական արժեքը և առաջացնում է նույն ազդեցությունը, ինչ այդ բեռնագիրը (հոդված 2, պարբերություն 2),
2) որպես փոխադրման պայմանագրի կողմ՝ ապահովել, որ էլեկտրոնային բեռնագրի իսկությունը հաստատվի հուսալի էլեկտրոնային ստորագրության միջոցով, որն ապահովում է էլեկտրոնային բեռնագրի հետ դրա կապը (հոդված 3, պարբերություն 1),
3) երաշխավորել էլեկտրոնային բեռնագրում պարունակվող տվյալների ցանկացած կողմին հասանելիությունը, որն ունի դրա իրավունքը (հոդված 3, պարբերություն 3),
4) երաշխավորել, որ էլեկտրոնային բեռնագիր տրամադրելու համար կիրառվող ընթացակարգով կապահովվի դրա վերջնական տարբերակն առաջին անգամ գեներացնելու պահից դրանում պարունակվող տվյալների ամբողջականությունը (հոդված 4, պարբերություն 2),
5) երաշխավորել, որ էլեկտրոնային բեռնագրում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար կիրառվող ընթացակարգով կապահովվի էլեկտրոնային բեռնագրում կատարված ցանկացած լրացման կամ փոփոխության հայտնաբերելի լինելը և կպահպանվեն դրանում ի սկզբանե պարունակված տվյալները (հոդված 4, պարբերություն 3, մաս 2),
6) որպես փոխադրման պայմանագրի կատարմամբ շահագրգռված կողմ՝ Արձանագրության և Կոնվենցիայի պահանջները կատարելու նպատակով համաձայնություն ձեռք բերել ընթացակարգերի և դրանց իրականացման վերաբերյալ, մասնավորապես՝ Արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունում շարադրված ընթացակարգերի առնչությամբ, ինչպես նաև ապահովել, որ վերոհիշյալ ընթացակարգերը նշվեն էլեկտրոնային բեռնագրում և հասանելի լինեն ստուգման համար (հոդված 5),
7) որպես փոխադրող կողմ՝ ապահովել, որ ուղարկողի պահանջով նրան հանձնվի բեռների անդորրագիրը և բոլոր այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են առաքումը նույնականացնելու և Արձանագրության մեջ նշված էլեկտրոնային բեռնագրին հասանելիություն ստանալու համար (հոդված 6, պարբերություն 1):
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված նպատակին, իսկ Արձանագրությանը միանալը կնպաստի բեռնափոխադրումների ծառայությունների թվայնացմանը, ինչը, իր հերթին, բխում է Հայաստանի Հանրապետության թվայնացման 2021-2025 թվականների ռազմավարությունից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. Դիլանյան |
4 հունիսի 2024 թվականի ՍԴՈ-1734 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ««ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (CMR)՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԵՌՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1734 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով ««Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1734 որոշմամբ որոշել է, որ «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1734 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1734 որոշմամբ «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
«04» հունիսի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական: