ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրված միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մարտի 28 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2022 թվական: