ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 40.2-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո՝ մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթի արդյունքներն ամփոփվում են մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում, ինչպես նաև տվյալ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում սույն օրենքով և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:».
2) 4-րդ մասից հանել «առավելագույնը երեք» բառերը.
3) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանում է Հանձնաժողովը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով կատարվող փոփոխության արդյունքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունում է սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև դրա ուժի մեջ մտնելու պահը։ Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-519-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական: