Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-376-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (11.09.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.09.10/68(1426) Հոդ.940
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին

 

 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ ընտրություններին առաջադրվելու համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ընտրական գրավի մեկ քառորդի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 40.6-րդ հոդվածը «գրանցամատյանը» բառից հետո լրացնել «սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 40.10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.15-րդ հոդվածով.

 

«Հոդված 40.15.

Տեղամասային կենտրոնում գտնվելու կանոնները խախտելը

 

1. Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը (եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո) կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը (եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջը ներկայացնելուց հետո)՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը դիտավորությամբ տեսանելի ձևով չկրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 223-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետից հանել «40.1-40.4, 40.6-40.14» թվերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական մարմինների (պաշտոնատար անձանց) կամ համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերի հայցադիմումով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «40.13, 40.14,» թվերը փոխարինել «40.13-40.15» թվերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ մասում «40.13 և 40.14» թվերը փոխարինել «40.13-40.15» թվերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. սեպտեմբերի 7

Երևան

ՀՕ-376-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան