ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգի ձևավորման, պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրման և տարածման, համատարած հաշվառումների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Պաշտոնական վիճակագրության մասին օրենսդրությունը |
1. Պաշտոնական վիճակագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 3. | Պաշտոնական վիճակագրությունը |
1. Պաշտոնական վիճակագրությունը, օրենքով լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան, հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրությունն է, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են պաշտոնական վիճակագրության մասնակիցների՝ արտադրողների, ռեսպոնդենտների և օգտագործողների, նրանց միջև ծագող հարաբերությունների և նրանց տրամադրության տակ եղած բոլոր տվյալների վրա:
Հոդված 4. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) վիճակագրական նպատակներով օգտագործում՝ տվյալների բացառիկ օգտագործում պաշտոնական վիճակագրության մշակման և արտադրության, վիճակագրական ծառայությունների մատուցման նպատակով, ներառյալ՝ սույն օրենքով կարգավորվող ողջ գործունեությունը.
2) վիճակագրական տվյալներ՝ վիճակագրական նպատակներով հավաքված և վիճակագրական ծրագրերով տարածված տվյալներ.
3) վիճակագրական հետազոտություն՝ պաշտոնական վիճակագրություն արտադրողի կողմից վիճակագրական մեթոդաբանության պարբերական կիրառման հիման վրա ռեսպոնդենտների որոշակի համակցությամբ անվանական տվյալների սկզբնական հավաքում` բացառապես վիճակագրական նպատակներով.
4) վարչական տվյալներ՝ տվյալներ, որոնք հավաքված են վարչական նպատակներով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կամ նրանց անունից, որոնք այլ են, քան պաշտոնական վիճակագրության արտադրողներինը, և որոնց հավաքման իրավական հիմքն այլ է, քան վիճակագրական օրենսդրությունը.
5) վիճակագրական միավոր՝ վիճակագրական բնութագրիչների կրող.
6) անվանական տվյալներ՝ վիճակագրական միավորին բնութագրող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի նույնականացնել նրան.
7) նույնացուցիչ՝ խորհրդանիշների հաջորդականություն, որն ապահովում է վիճակագրական միավորի եզակիության նույնականացումը՝ իր անվան, գտնվելու և գործունեության վայրերի կամ նույնականացման համարի հիման վրա: Նույնացուցիչը կարող է ապահովել ուղղակի նույնականացում, այսինքն՝ վիճակագրական առանձին միավորի նույնականացում միայն մեկ նույնացուցիչի կամ նույնացուցիչների համակցության հիման վրա: Այլ միջոցներով տեղի ունեցող նույնականացումը անուղղակի նույնականացում է: Անուղղակի նույնականացում է համարվում, երբ վիճակագրական միավորի անհատականությունը հնարավոր է լինում պարզել անվանական տվյալների բացակայության ժամանակ, սակայն այլ լրացուցիչ տվյալների միջոցով, ժամանակի, ծախսերի և մարդկային ռեսուրսների գործադրման ողջամիտ պայմաններում.
8) ագրեգացված տվյալներ՝ մեկից ավելի ռեսպոնդենտների վերաբերյալ անվանական տվյալների հանրագումարային, այդ թվում՝ միջինացված ամփոփ տվյալներ.
9) արտադրություն՝ պաշտոնական վիճակագրություն կազմելու նպատակով անհրաժեշտ բոլոր գործողությունները, որոնք կապված են տվյալների հավաքման, պահպանման, մշակման և վերլուծության հետ.
10) մշակում՝ պաշտոնական վիճակագրության արտադրության և տարածման համար կիրառվող վիճակագրական մեթոդների, հայեցակարգերի, ստանդարտների ու ընթացակարգերի ստեղծմանը, բարելավմանը և կատարելագործմանն ուղղված գործունեություն.
11) մեթատվյալներ՝ մեթոդաբանական փաստաթղթեր, որոնք նկարագրում են վիճակագրական տվյալները և վիճակագրական գործընթացները ստանդարտացված ձևով՝ տվյալների աղբյուրների, մեթոդաբանությունների, սահմանումների, դասակարգումների և տվյալների որակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման եղանակով.
12) տարածում՝ վիճակագրական տվյալների, վիճակագրական ծառայությունների և մեթատվյալների՝ օգտագործողների համար հասանելի դառնալը.
13) վերանայված վիճակագրություն՝ տարածված պաշտոնական վիճակագրության վերանայում՝ ռեսպոնդենտների կատարած ճշգրտումների, պաշտոնական վիճակագրություն կազմելու նպատակով լրացուցիչ գործողությունների, մեթոդաբանական, այդ թվում՝ սահմանումների, դասակարգումների և տեղեկատվության աղբյուրների փոփոխությունների արդյունքով.
14) թողարկում՝ պաշտոնական վիճակագրական, այդ թվում՝ վերանայված, տվյալների առաջին հրապարակային տարածումը:
Հոդված 5. | Ազգային վիճակագրական համակարգը և պաշտոնական վիճակագրության հետ կապված հարաբերությունների մյուս մասնակիցները |
1. Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության արտադրողներից բաղկացած ազգային վիճակագրական համակարգը ներառում է՝
1) Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ վիճակագրական կոմիտե), որը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմինն է.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որը պաշտոնական վիճակագրության հարաբերությունների հետ կապված իր գործունեությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն.
3) պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների, որոնք կազմված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ սույն օրենքին համապատասխան պաշտոնական վիճակագրություն մշակող, արտադրող և տարածող կազմակերպական ստորաբաժանումներից:
2. Պաշտոնական վիճակագրության հետ կապված հարաբերությունների մյուս մասնակիցներն են ՝
1) ռեսպոնդենտները՝ սույն օրենքի իմաստով վիճակագրական միավոր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները, անհատ ձեռնարկատերերը, տնային տնտեսությունները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական հիմնարկները, որոնք պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից տվյալների հավաքման շրջանակում տեղեկություններ են ներկայացնում իրենց և իրենց գործունեության մասին.
2) վարչական տվյալներ տրամադրողները՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պաշտոնական վիճակագրություն արտադրողներին տրամադրում են վարչական նպատակներով հավաքված տվյալներ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարչական տվյալների տրամադրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն.
3) պաշտոնական վիճակագրություն օգտագործողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, միջազգային կազմակերպությունները և այլ երկրների մարմիններ, որոնք ստանում են պաշտոնական վիճակագրություն կամ ունեն դրան հասանելիություն.
4) Հայաստանի Հանրապետության վիճակագրություն օգտագործողների խորհրդատվական մարմինները, որոնց կարգավիճակը, գործունեության կարգը և լիազորությունները սահմանված են սույն օրենքի 4-րդ գլխով:
ԳԼՈՒԽ 2
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 6. | Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքները |
1. Պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողները մշակում, արտադրում և տարածում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրությունը՝ համաձայն պաշտոնական վիճակագրության հետևյալ հիմնարար սկզբունքների և այլ համաձայնեցված վիճակագրական սկզբունքների.
1) պրոֆեսիոնալ անկախություն. պաշտոնական վիճակագրություն արտադրողները վիճակագրության մշակման, արտադրման և տարածման, այդ թվում՝ տվյալների աղբյուրների ընտրության, հայեցակարգերի, սահմանումների, մեթոդների և դասակարգումների, ինչպես նաև տարածման բոլոր ձևերի ժամկետների և բովանդակության հետ կապված իրենց որոշումները կայացնում են անկախ և առանց քաղաքական կամ այլ արտաքին աղբյուրներից որևէ ճնշման և միջամտության: Պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են իրենց իրավասության սահմաններում հրապարակավ մեկնաբանել վիճակագրական բնույթի հարցերը և պաշտոնական վիճակագրության ոչ պատշաճ օգտագործման դեպքերը.
2) անաչառություն ու օբյեկտիվություն. պաշտոնական վիճակագրությունը մշակվում, արտադրվում և տարածվում է չեզոք, հուսալի և անկողմնակալ՝ համաձայն պրոֆեսիոնալ ստանդարտների, և քաղաքական հայտարարություններից կամ նկատառումներից անկախ: Բոլոր օգտագործողներն ունեն հավասար և միաժամանակյա հասանելիություն պաշտոնական վիճակագրությանը.
3) ճշգրտություն և հուսալիություն. պաշտոնական վիճակագրությունը հնարավորության սահմաններում առավելագույնս ճշգրիտ, ոչ հակասական, արժանահավատորեն արտացոլում է առկա իրողությունը և աղբյուրների, մեթոդների ու ընթացակարգերի ընտրության հարցում հիմնվում է գիտական չափանիշների վրա.
4) ոչ հակասականություն և համադրելիություն. պաշտոնական վիճակագրությունը միջազգային մակարդակով, ժամանակի շարժընթացով և երկրների ու տարածաշրջանների կտրվածքով կրում է համաձայնեցված և համադրելի բնույթ.
5) պարզություն և թափանցիկություն. պաշտոնական վիճակագրությունը ներկայացվում է պարզ և հասկանալի, կիրառվող մեթոդները և ընթացակարգերն օգտագործողներին ներկայացվում են թափանցիկ՝ ապահովելով ճշգրիտ մեկնաբանություն.
6) վիճակագրական գաղտնիություն և բացառապես վիճակագրական նպատակներով օգտագործում. պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերող՝ հավաքված կամ ստացված բոլոր անվանական տվյալների խիստ գաղտնիություն, ինչպես նաև բացառապես վիճակագրական նպատակներով դրանց օգտագործում.
7) արդիականություն. պաշտոնական վիճակագրության համապատասխանեցում օգտագործողների ընթացիկ և առաջացող պահանջմունքներին և քաղաքացիների՝ հանրամատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքին:
ԳԼՈՒԽ 3
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 7. | Վիճակագրական կոմիտեն |
1. Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Վիճակագրական կոմիտեն որոշակի քաղաքական ուղղվածությամբ պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող պետական մարմին է: Քաղաքական, վարչական, գերատեսչական շահերի միջև առկա բախումներում պաշտոնական վիճակագրությունը չներքաշելու երաշխիքները սահմանված են պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներով:
3. Պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման գործառույթների մասով ազգային վիճակագրական համակարգի, այդ թվում՝ վիճակագրական կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ՝ Պետական խորհուրդ):
4. Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է և համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը և տարածմանն ուղղված ողջ գործունեությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
5. Վիճակագրական կոմիտեն գործունեությունն իրականացնում է իր կենտրոնական գրասենյակի, տարածքային և գործառնական ստորաբաժանումների միջոցով:
6. Վիճակագրական կոմիտեն ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
7. Պարբերական ընտրանքային հետազոտությունների միջոցով պաշտոնական վիճակագրության արտադրությունն ապահովելու նպատակով վիճակագրական կոմիտեն յուրաքանչյուր տարի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնում է վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագիրը:
8. Վիճակագրական կոմիտեի վրա չեն կարող դրվել պարտականություններ, որոնք հակասում են սույն հոդվածին, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հիմնարար սկզբունքներին:
Հոդված 8. | Վիճակագրական կոմիտեի ղեկավարը |
1. Վիճակագրական կոմիտեն ղեկավարում է դրա նախագահը, որին պաշտոնի է նշանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով:
2. Վիճակագրական կոմիտեի նախագահ կարող է նշանակվել բարձրագույն տնտեսագիտական կրթություն և վիճակագրության բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին` ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում), հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
3. Վիճակագրական կոմիտեի նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում:
5. Վիճակագրական կոմիտեի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հետևյալ հիմքերով.
1) անձնական դիմումի հիման վրա.
2) վեց ամիս անընդմեջ անաշխատունակության պատճառով իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
4) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
5) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում.
6) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
7) մահվան դեպքում:
6. Վիճակագրական կոմիտեի նախագահն իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջպետական և միջազգային կազմակերպություններում:
7. Վիճակագրական կոմիտեի նախագահը պատասխանատու է վիճակագրական կոմիտեի, այդ թվում՝ դրա կենտրոնական գրասենյակի, տարածքային և գործառնական ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարման համար՝ վիճակագրական օրենսդրությանը համապատասխան:
8. Վիճակագրական կոմիտեի նախագահն առաջարկություններ է ներկայացնում Պետական խորհուրդ հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերի, ինչպես նաև դրանց կատարման վերաբերյալ հաշվետվությունների բովանդակության վերաբերյալ՝ սույն օրենքի 14-17-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան:
9. Վիճակագրական կոմիտեի նախագահն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին վիճակագրական կոմիտեի աշխատողների քանակի վերաբերյալ:
10. Վիճակագրական կոմիտեի նախագահն իրավունք ունի պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման նպատակով Պետական խորհրդի հաստատմանը ներկայացնելու նորմատիվ և անհատական բնույթի իրավական ակտերի նախագծեր, որոնք կիրառելի կլինեն ազգային վիճակագրական ողջ համակարգի համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
11. Վիճակագրական կոմիտեի նախագահը կազմակերպում է վիճակագրական աշխատանքների ծրագրերի կատարումը:
12. Վիճակագրական կոմիտեի նախագահն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է անհատական և ներքին (լոկալ) բնույթի հրամաններ:
13. Վիճակագրական կոմիտեի նախագահն ունի երկու տեղակալ, որոնք միաժամանակ Պետական խորհրդի անդամ են:
Հոդված 9. | Պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները |
1. Պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներ են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այն կազմակերպական ստորաբաժանումները, որոնք բացառապես կամ հիմնականում զբաղվում են պաշտոնական վիճակագրության մշակմամբ, արտադրմամբ և տարածմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ստորաբաժանումների վրա չեն կարող դրվել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հիմնարար սկզբունքներին հակասող պարտականություններ:
3. Պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները պատասխանատու են պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման համար՝ տարեկան վիճակագրական ծրագրին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես պաշտոնական վիճակագրության արտադրող, իր գործունեությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն:
Հոդված 10. | Պետական խորհուրդը |
1. Ազգային վիճակագրական համակարգի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի), այդ թվում՝ վիճակագրական կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը Պետական խորհուրդն է:
2. Վիճակագրական կոմիտեի նախագահը միաժամանակ Պետական խորհրդի նախագահն է:
3. Պետական խորհուրդն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում՝
1) ընդունում է պաշտոնական վիճակագրության վերաբերյալ նորմատիվ և անհատական բնույթի որոշումներ` օրենքով նախատեսված դեպքերում.
2) հաստատում է վիճակագրական ծրագրերը.
3) իրականացնում է վերահսկողություն վիճակագրական ծրագրերի իրագործման նկատմամբ.
4) հաստատում վիճակագրական ծրագրերի կատարման հաշվետվությունները.
5) հաստատում է պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման սկզբունքները.
6) վիճակագրական կոմիտեի նախագահի ներկայացմամբ հաստատում է իր և հանրային խորհրդի աշխատակարգերը.
7) վիճակագրական կոմիտեի նախագահի ներկայացմամբ հաստատում է վիճակագրական կոմիտեի տարածքային ու գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունը.
8) հաստատում է վիճակագրական կոմիտեի կողմից տվյալների հավաքման կարգը (մեթոդները, ընդգրկումը, պարբերականությունը).
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Պետական խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ նախագահ և վեց անդամ, որոնց պաշտոնի է նշանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով:
5. Պետական խորհրդի անդամների պաշտոնները համարվում են ինքնավար պաշտոններ:
6. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Պետական խորհրդի անդամի պաշտոնում:
7. Պետական խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
8. Պետական խորհրդի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ (որից առնվազն երեք տարին` ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում) հետևյալ բնագավառներում՝
1) մակրոէկոնոմիկա և ֆինանսներ.
2) միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակներ.
3) ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտ.
4) բնապահպանություն.
5) միջազգային վիճակագրական համագործակցություն.
6) տեղեկատվական տեխնոլոգիաներ:
9. Պետական խորհրդի նախագահի առաջարկությամբ՝ Պետական խորհուրդն իր կազմից ընտրում է վիճակագրական կոմիտեի նախագահի երկու տեղակալ, որոնք միաժամանակ հանդիսանում են Պետական խորհրդի անդամ:
10. Պետական խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հետևյալ հիմքերով.
1) անձնական դիմումի հիման վրա.
2) վեց ամիս անընդմեջ անաշխատունակության պատճառով իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
4) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
5) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
6) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
7) մահվան դեպքում:
11. Պետական խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցվելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակում կատարվում է այդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Եթե այդ ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա այդ ժամկետով Պետական խորհրդի նոր անդամի նշանակում չի կատարվում:
12. Պետական խորհրդի նիստերը գումարում է Պետական խորհրդի նախագահը՝ առնվազն ամիսը մեկ: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել նաև Պետական խորհրդի առնվազն չորս անդամի պահանջով: Պետական խորհրդի նիստերն արձանագրվում են:
13. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Պետական խորհրդի անդամներից առնվազն հինգը:
14. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել Պետական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
15. Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալների ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ:
16. Պետական խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ստորագրում է Պետական խորհրդի նախագահը:
17. Պետական խորհրդի անդամների և վիճակագրական կոմիտեի աշխատողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 11. | Պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհուրդը |
1. Պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհուրդը (այսուհետ՝ Հանրային խորհուրդ) Պետական խորհրդի, վիճակագրական կոմիտեի նախագահի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների՝ հասարակական հիմունքներով գործող հիմնական խորհրդատվական մարմին է՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասով:
2. Հանրային խորհուրդը կազմված է 11 անդամից, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների օգտագործողների: Պետական հատվածի ներկայացուցիչները չպետք է հանրային խորհրդում մեծամասնություն կազմեն:
3. Վիճակագրական կոմիտեի նախագահն ի պաշտոնե Հանրային խորհրդի անդամ է: Վիճակագրական կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է Հանրային խորհրդի քարտուղարության գործառույթները:
4. Հանրային խորհրդի անդամները, բացառությամբ վիճակագրական կոմիտեի նախագահի, նշանակվում և ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պաշտոնական վիճակագրության հիմնական օգտագործողներ հանդիսացող պետական մարմինների՝ դրամավարկային, հարկաբյուջետային, տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական քաղաքականության լիազոր մարմինների և պաշտոնական վիճակագրության այլ օգտագործողների՝ գիտակրթական հաստատությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացմամբ:
5. Հանրային խորհրդի կազմում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
6. Հանրային խորհուրդն իր կազմից ընտրում է հանրային խորհրդի նախագահ, որը չի կարող լինել պետական մարմնի ներկայացուցիչ:
7. Հանրային խորհրդին օրենքով վերապահված են հետևյալ իրավասությունները.
1) ներկայացնում է առաջարկություններ վիճակագրական ծրագրերում հասարակության առաջնահերթ տեղեկատվական պահանջմունքների արտացոլման ուղղությամբ, վիճակագրական ծրագրերի իրականացման և ռազմավարական զարգացման վերաբերյալ.
2) խորհրդատվություն է մատուցում պաշտոնական վիճակագրության սկզբունքների պահպանման վերաբերյալ.
3) Պետական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հանրային խորհրդի աշխատակարգը.
4) առաջարկություններ է ներկայացնում վիճակագրական ծրագրերի վերաբերյալ.
5) գրավոր կարծիք է ներկայացնում վիճակագրական ծրագրերի կատարման հաշվետվությունների վերաբերյալ:
8. Հանրային խորհուրդը կարող է կազմակերպել քննարկումներ և տալ խորհրդատվություն ազգային վիճակագրական համակարգի ներսում համագործակցության արդյունավետության վերաբերյալ:
Հոդված 12. | Խորհրդատվական այլ միավորները |
1. Վիճակագրական կոմիտեի նախագահը կարող է վիճակագրական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների առաջարկությամբ պաշտոնական վիճակագրության առանձին ոլորտների ռազմավարական և մեթոդաբանական խորհրդատվական աջակցության նպատակով կազմավորել խորհրդատվական միավորներ՝ կազմված տվյալ ստորաբաժանման կազմից և տվյալ ստորաբաժանման գործունեության ոլորտի վիճակագրության հիմնական օգտագործողներից:
2. Խորհրդատվական միավորում կազմակերպված քննարկումների արդյունքով վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կազմում է արձանագրություն, որը ներկայացվում է վիճակագրական կոմիտեի նախագահին:
ԳԼՈՒԽ 5
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 13. | Ազգային վիճակագրական համակարգի գործունեության համակարգումը |
1. Պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողներն օգտագործում են միջազգայնորեն համաձայնեցված միատեսակ հասկացություններ, սահմանումներ, դասակարգումներ և մեթոդներ:
2. Վիճակագրական կոմիտեն համակարգում է ողջ ազգային վիճակագրական համակարգի ներսում միասնական փորձառության կիրառումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ համագործակցելով պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ:
Հոդված 14. | Ազգային վիճակագրական ծրագրերի կազմումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են:
2. Վիճակագրական ծրագրերը ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
3. Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
4. Վիճակագրական ծրագրերը մշակվում են պաշտոնական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:
5. Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:
6. Վիճակագրական կոմիտեն պատասխանատու է վիճակագրական ծրագրեր կազմելու համար՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների, օգտագործողների, ռեսպոնդենտների և վարչական տվյալներ տրամադրողների հետ:
7. Պետական խորհուրդը վիճակագրական ծրագրերի մեջ այլ արտադրողների, նրանց ծրագրավորած արդյունքների և համապատասխան միջոցառումների ներառման մասին որոշումներն ընդունում է թափանցիկ փաստաթղթավորված գործընթացի հիման վրա՝ ղեկավարվելով հետևյալ չափանիշներով.
1) արտադրողը պաշտոնական գրությամբ Պետական խորհրդին իրազեկում է սույն օրենքի դրույթների և սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահպանման ունակության և պատրաստակամության մասին.
2) ծրագրավորվող արդյունքները և միջոցառումները չեն կրկնօրինակում այլ արտադրողների արդյունքներն ու միջոցառումները և չեն հանգեցնում ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության ավելացմանը:
8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրագործվող պաշտոնական վիճակագրության միջոցառումները ծրագրերում ներառվում են ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված տեղեկատվության:
9. Վիճակագրական կոմիտեն, սերտորեն համագործակցելով պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ, պատասխանատու է տարեկան վիճակագրական ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար՝ անհրաժեշտության դեպքում ներառելով նաև բարելավման միջոցառումներ:
10. Հաշվետվությունները ներկայացվում են Պետական խորհրդի հաստատմանը: Կատարման վերաբերյալ հաշվետվությունները և Հանրային խորհրդի գրավոր կարծիքը կրում են հրապարակային բնույթ:
Հոդված 15. | Հնգամյա վիճակագրական ծրագիրը |
1. Հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով:
2. Հնգամյա վիճակագրական ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները:
Հոդված 16. | Տարեկան վիճակագրական ծրագիրը |
1. Ազգային վիճակագրական համակարգի տարեկան վիճակագրական ծրագիրը հիմնվում է տվյալ ժամանակաշրջանը ներառող հնգամյա վիճակագրական ծրագրի վրա և մշակվում է յուրաքանչյուր տարի պաշտոնական վիճակագրության արտադրողների ցանկի նորացման և ստորև թվարկվածի համար իրավական հիմք ապահովելու նպատակով ու ներառում է՝
1) տարածման ենթակա ողջ պաշտոնական վիճակագրությունը.
2) պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից իրականացվելիք վիճակագրական հետազոտությունները.
3) պաշտոնական վիճակագրություն արտադրողներին վարչական տվյալների կամ այլ աղբյուրների տվյալների տրամադրման բոլոր դեպքերը.
4) պաշտոնական վիճակագրության հիմնական մշակումները.
5) վիճակագրական ռեգիստրների վարման և մշակման միջոցառումները:
2. Տարեկան վիճակագրական ծրագիրը պարունակում է տարածման ենթակա ողջ պաշտոնական վիճակագրության ցանկը՝ ըստ յուրաքանչյուր արտադրողի, տեսակների և հաճախականության:
3. Տարեկան վիճակագրական ծրագիրը ներառում է պաշտոնական վիճակագրության արտադրողների կողմից իրականացվելիք բոլոր վիճակագրական հետազոտությունների նկարագրությունները և յուրաքանչյուր հետազոտության համար տվյալների հավաքման մեթոդները, ռեսպոնդենտների ընդգրկվածության աստիճանը, ռեսպոնդենտների մասնակցության պարտադիր կամ կամավոր բնույթը, ինչպես նաև վիճակագրության այն տեսակի կամ վիճակագրական ռեգիստրների թվարկումը, որոնց համար հետազոտությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվության ստացում:
4. Տարեկան վիճակագրական ծրագիրը պարունակում է պաշտոնական վիճակագրություն արտադրողներին տրամադրվող վարչական տվյալների բոլոր հավաքածուների ցանկը՝ ըստ անվանումների, դրանց տրամադրողների, դրանք ստացող պաշտոնական վիճակագրություն արտադրողների վիճակագրության կամ վիճակագրական ռեգիստրների տեսակների, որոնց տրամադրվելու է այդ տեղեկատվությունը, ինչպես նաև այդ տվյալների տրամադրման հաճախականությունը և վիճակագրական միավորների տեսակը: Տարեկան վիճակագրական ծրագրում տվյալ տեղեկատվության փոխարեն կարող է ներառվել հղում փոխըմբռնման հուշագրի կամ ցանկացած այլ համաձայնագրի, որը կարգավորում է վարչական տվյալների տրամադրումը պաշտոնական վիճակագրություն արտադրողներին և պարունակում է անհրաժեշտ տեղեկատվություն ու հանրամատչելի է:
5. Տարեկան վիճակագրական ծրագիրը պարունակում է տեղեկատվություն նախորդ տարիներին սկսված և տվյալ տարվա մասով շարունակական մշակումների վերաբերյալ:
6. Տարեկան վիճակագրական ծրագրում թվարկվում են բոլոր առկա և տվյալ տարվա ընթացքում ստեղծելիք վիճակագրական ռեգիստրները:
Հոդված 17. | Վիճակագրական ծրագրերի ընդունումը |
1. Վիճակագրական կոմիտեն հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերի նախագծերը տեղադրում է իր պաշտոնական կայքում՝ վիճակագրական տեղեկատվություն օգտագործողների առաջարկությունները և դիտողությունները ստանալու նպատակով: Ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակված նախագծերը ներկայացվում են Հանրային խորհրդին՝ կարծիքի:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջոցառումների ավարտից հետո վիճակագրական ծրագրերի լրամշակված նախագծերը ներկայացվում են Պետական խորհրդի հաստատմանը ոչ ուշ, քան վիճակագրական ծրագրի հաշվետու ժամանակաշրջանի սկզբից երկու ամիս առաջ: Տարեկան վիճակագրական ծրագիրն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում:
ԳԼՈՒԽ 6
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ
Հոդված 18. | Տվյալների հավաքման լիազորությունները |
1. Պաշտոնական վիճակագրություն արտադրողներն իրավունք ունեն ընտրելու տվյալների աղբյուրները՝ ելնելով պրոֆեսիոնալ նկատառումներից, և պաշտոնական վիճակագրություն կազմելու համար հավաքելու անհրաժեշտ տվյալներ ուղղակիորեն ռեսպոնդենտներից, եթե ազգային վիճակագրական համակարգում դեռևս առկա չեն բավարար տվյալներ, և դրանք չեն ստացվել ազգային վիճակագրական համակարգից դուրս գտնվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող տվյալների շտեմարաններից՝ վարչական ռեգիստրներից:
2. Տվյալների հավաքումը պլանավորվում է տվյալների որակի, տվյալների տրամադրման հետ կապված ծախսերի և ռեսպոնդենտի ծանրաբեռնվածության հաշվարկով:
3. Պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից հավաքված տվյալները, անկախ դրանց հավաքման մեթոդներից և տվյալների աղբյուրներից, մշակվում, պահպանվում և տարածվում են սույն օրենքի դրույթներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սույն կետում նշված գործընթացներն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի համաձայն:
4. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները վիճակագրական ծրագրով նախատեսված տվյալները, այդ թվում վարչական ռեգիստրներից, հավաքում են իրենց կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի (վիճակագրական հաշվետվությունների, հետազոտության հարցաթերթերի և այլն) միջոցով:
5. Փաստաթղթերի ձևերը ներառում են վիճակագրական տվյալների ծավալը, ներկայացնելու հասցեներն ու ժամկետները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների գործունեության վերաբերյալ այլ տվյալներ:
6. Սույն օրենքի 7-րդ գլխով սահմանված վիճակագրական գաղտնիության վերաբերյալ դրույթների սահմաններում պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են միմյանց փոխանցել տվյալներ և մեթատվյալներ ազգային վիճակագրական համակարգի շրջանակում՝ տվյալների հավաքման կրկնությունից խուսափելու և պաշտոնական վիճակագրության որակի բարելավման նպատակով:
Հոդված 19. | Ռեսպոնդենտների հետ հարաբերությունները տվյալների հավաքման գործընթացում |
1. Ռեսպոնդենտները տեղեկացվում են վիճակագրական հետազոտությունների նպատակի և ընդգրկման շրջանակի ու գաղտնիության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին:
2. Վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է վիճակագրական միավորների համար, բացառությամբ անհատների (անկախ քաղաքացիությունից) և տնային տնտեսությունների: Անհատների (անկախ քաղաքացիությունից), տնային տնտեսությունների և այլ ռեսպոնդենտների ընդգրկումը կոնկրետ վիճակագրական հետազոտության մեջ կարող է որպես պարտադիր հայտարարվել տարեկան վիճակագրական ծրագրով բոլորի կամ մի մասի համար, բոլոր կամ որոշ հարցերի գծով: Կենսաչափական անվանական տվյալների հավաքումը կարող է իրականացվել բացառապես անհատների (անկախ քաղաքացիությունից) համաձայնությամբ:
3. Վիճակագրական հետազոտության շրջանակում տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և տրամադրվի ժամանակին, պահանջվող ձևաչափով և անվճար: Պաշտոնական վիճակագրության արտադրողը որոշում է ընդունում ռեսպոնդենտ տնային տնտեսություններին փոխհատուցելու մասին՝ նրանց համար զգալի ծանրաբեռնվածություն ստեղծող, առանձնահատուկ բնույթի ընտրանքային հետազոտությունների մասնակցելու համար: Վիճակագրական կոմիտեի համար այդ հետազոտությունների ցանկը սահմանում է Պետական խորհուրդը:
4. Պաշտոնական վիճակագրություն արտադրողներն իրավունք ունեն հետագա աշխատանք տանելու ռեսպոնդենտների հետ, եթե պատասխանը չի ստացվում ժամանակին, կամ եթե տվյալներում հայտնաբերվել են հակասություններ կամ բացթողումներ:
Հոդված 20. | Վարչական տվյալների հասանելիությունը |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պաշտոնական վիճակագրության արտադրողներին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ եղող տվյալները, պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:
2. Այլ օրենքներով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Եթե վարչական տվյալներ տրամադրողները նախատեսում են էականորեն վերանայել տվյալների հավաքման կամ մշակման ընթացակարգերը կամ կազմակերպել տվյալների նոր հավաքում, որը կարող է անդրադառնալ պաշտոնական վիճակագրության նպատակներով տրամադրվող տվյալների վրա, ապա նրանք պարտավոր են խորհրդակցել վիճակագրական կոմիտեի հետ և, անհրաժեշտության դեպքում, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ՝ մինչև նման որոշում կայացնելը:
4. Սույն հոդվածով սահմանված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն:
Հոդված 21. | Համատարած հաշվառումները |
1. Համատարած հաշվառումը միջոցառում է, որն ապահովում է բնակչության քանակի և կառուցվածքի, սոցիալ-ժողովրդագրական որոշ բնութագրիչների, բնակարանային պայմանների, տնտեսական միավորների, շենքերի կամ տնտեսությունների համատարած հաշվառման եղանակով տվյալների ստացումը:
2. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:
3. Համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ:
4. Հաշվառումների մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար համատարած հաշվառումից առնվազն մեկ տարի առաջ անցկացվում է փորձնական հաշվառում:
5. Համատարած հաշվառումների նախապատրաստման և անցկացման համար ստեղծվում են ժամանակավոր գործառնական ստորաբաժանումներ, որոնց կազմը և կառուցվածքը հաստատվում են Պետական խորհրդի անհատական որոշմամբ:
6. Համատարած հաշվառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են համատարած հաշվառման հանրապետական և մարզային հանձնաժողովներ:
7. Համատարած հաշվառումներն անցկացվում են համատարած հաշվառումների անցկացման ժամանակահատվածում Վիճակագրական կոմիտեի կողմից ժամանակավոր գործառնական ստորաբաժանումներում ներգրավված և հրահանգավորված ժամանակավոր աշխատողների կողմից՝ Պետական խորհրդի անհատական որոշմամբ սահմանված կարգով:
8. Համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Պետական խորհուրդը:
9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված փաստաթղթերը չեն կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր: Համատարած հաշվառումների տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:
10. Համատարած հաշվառումների նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրապարակման պատասխանատուն վիճակագրական կոմիտեն է, որը պարտավոր է ապահովել`
1) համատարած հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին (մեթոդական ցուցումներին) և ստանդարտներին.
2) համատարած հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.
3) անվանական տվյալների գաղտնիությունը:
11. Համատարած հաշվառումները կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հարցաթերթի բոլոր հարցերին:
12. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են համատարած հաշվառման նախապատրաստումը և անցկացումը պատշաճ կարգով կազմակերպելուն օժանդակելու համար:
13. Համատարած հաշվառումների վերջնական արդյունքներն օգտագործվում և հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով, դրանց ընթացքում ձեռք բերված անվանական տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն: Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անվանական տվյալներին տիրապետող վիճակագրական կոմիտեի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել համատարած հաշվառման լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Համատարած հաշվառման սկզբնական (անվանական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում վիճակագրական կոմիտեի աշխատակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Համատարած հաշվառմամբ ձեռք բերված անվանական նյութերը (այդ թվում` տվյալները) չպետք է օգտագործվեն որևէ մարմնի կամ միջազգային կազմակերպության կողմից՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց առնչվող հետաքննության և նախաքննության, վերահսկողության, դատաքննության, վարչական որոշումների կայացման կամ նմանատիպ այլ գործընթացում:
15. Համատարած հաշվառման հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, բացառությամբ ազգության, լեզվին և կրոնական դավանանքին առնչվող հարցերի, առաջացնում է վարչական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
16. Համատարած հաշվառումների փաստաթղթերի պահպանման կարգը հաստատվում է Պետական խորհրդի անհատական որոշմամբ:
17. Համատարած հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների՝ ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
18. Համատարած հաշվառումների տվյալները կարող են հաշվարկվել վիճակագրական հետազոտությունների, վարչական կամ այլ աղբյուրների կամ միաժամանակ երկու տարբերակների հիման վրա:
19. Սույն օրենքն ամբողջությամբ կիրառելի է համատարած հաշվառման հետ կապված բոլոր աշխատանքների նկատմամբ:
Հոդված 22. | Վիճակագրական ռեգիստրները |
1. Վիճակագրական ռեգիստրները վիճակագրական միավորների և դրանց բնութագրիչների, ներառյալ՝ նույնացուցիչների ցանկերն են, որոնք անհրաժեշտ են վիճակագրական արտադրության համար:
2. Վիճակագրական կոմիտեն և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները կարող են ստեղծել և վարել բացառապես վիճակագրական նպատակներով օգտագործվող վիճակագրական ռեգիստրներ:
ԳԼՈՒԽ 7
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. | Տվյալներ, որոնց վրա տարածվում է վիճակագրական գաղտնիության սկզբունքը |
1. Անվանական տվյալները, որոնց վրա տարածվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված գաղտնիության սկզբունքը, այն տվյալներն են, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակի կամ անուղղակի նույնականացնել վիճակագրական միավորները՝ դրանով բացահայտելով անվանական տեղեկություններ: Վիճակագրական գաղտնիության սկզբունքը տարածվում է նաև հետևյալ ագրեգացված տվյալների վրա.
1) 1-3 միավորներից բաղկացած ագրեգացված ցուցանիշներ, որտեղ միավորը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, եթե այդ միավորներից մեկը կարելի է անուղղակիորեն նույնացնել՝ այդպիսով բացահայտելով այդ միավորի մասին տեղեկությունները: Ավելի քան երեք միավորից բաղկացած ագրեգացված ցուցանիշները Պետական խորհրդի որոշմամբ կարող են հայտարարվել գաղտնի, եթե դա պահանջվում է վիճակագրական գաղտնիքի ապահովման համար.
2) այն տեղեկությունները, որոնք պետական, ծառայողական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք են.
3) տեղեկությունների չհրապարակման կամ այլ ձևով չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ դրանք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հանդիսանում են բնական կամ այլ մենաշնորհային գործունեություն արտացոլող տեղեկություններ, որոնց չհրապարակումը (չտարածումը) էապես կազդի վիճակագրական տեղեկատվության ամբողջականության սկզբունքների պահպանման վրա.
4) տվյալները, որոնք հասանելի են հանրությանն այլ աղբյուրներից, վիճակագրական գաղտնիք չեն համարվում:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վերաբերող վիճակագրությունը պաշտպանված չէ վիճակագրական գաղտնիության սկզբունքով, եթե այն չի ճանաչվում պետական, ծառայողական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկություն:
3. Վիճակագրական նպատակներով հավաքված անվանական տվյալները չպետք է օգտագործվեն որևէ մարմնի կամ միջազգային կազմակերպության կողմից՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց առնչվող հետաքննության, նախաքննության, վերահսկողության, դատաքննության, վարչական որոշումների կայացման կամ նմանատիպ այլ գործընթացներում:
Հոդված 24. | Տվյալների անվտանգ մշակումը և պահպանությունը |
1. Պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողներն ապահովում են անվանական տվյալների, գաղտնի ագրեգացված ցուցանիշների և վիճակագրության պաշտպանությունը, ինչպես նաև վիճակագրության պաշտպանությունը մինչև դրա տարածումը, և ձեռնարկում են անհրաժեշտ կարգավորիչ, վարչական, տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ կանխելու այդպիսի տվյալներին հասանելիությունը լիազորություն չունեցող անձանց կողմից:
2. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են վիճակագրական նպատակների համար անհրաժեշտ ժամանակահատվածով մշակել և պահպանել անվանական տվյալները դրանց նույնացուցիչների հետ: Վիճակագրական կոմիտեում դա իրականացվում է Պետական խորհրդի սահմանած կարգով, իսկ այլ արտադրողներն իրականացնում են իրենց սահմանած կարգով: Նույնացուցիչներ պարունակող սկզբնական տվյալների հավաքման բոլոր ձևերը ոչնչացվում են վիճակագրական նպատակներով անհրաժեշտությունը վերանալուն պես:
Հոդված 25. | Ազգային վիճակագրական համակարգի անվանական տվյալներին հասանելիությունը |
1. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները օգտագործողների համար չեն բացահայտում անվանական տվյալները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում և 26-րդ հոդվածում նշված հանրամատչելի տեղեկատվության և հետազոտական նպատակներով անվանազերծված անվանական տվյալների հասանելիության դեպքերի:
2. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են արտադրել և հրապարակել անվանազերծված անվանական տվյալների հանրամատչելի հավաքածուներ միայն այն դեպքում, եթե տվյալների մշակումը նախատեսում է նույնացուցիչների հեռացում, կամ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձինք չեն կարող նույնականացվել ոչ ուղղակի, ոչ անուղղակի:
3. Վիճակագրական կոմիտեն իրավունք ունի վիճակագրության այլ արտադրողներից ստանալու անվանական տվյալները, ներառյալ՝ նույնացուցիչները՝ կողմերի միջև կնքված համաձայնագրի կամ փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները պաշտոնական վիճակագրության ոլորտներում իրենց իրավասությունների շրջանակներում բացառապես վիճակագրական նպատակներով օգտագործելու համար կարող են վիճակագրական կոմիտեից ստանալ հետևյալ տվյալները.
1) տվյալներ՝ առանց ֆիզիկական կամ իրավաբանական անձին նույնականացնելու հնարավորություն տվող նույնացուցիչների.
2) անվանական տվյալներ՝ վիճակագրական միավորներ նույնացուցիչների հետ՝ բացառապես վիճակագրության ռեգիստրներից, որոնք սահմանված են տարեկան վիճակագրական ծրագրում:
5. Տվյալների փոխանցումն իրականացվում է կողմերի միջև կնքված համաձայնագրի կամ փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
Հոդված 26. | Գաղտնի տվյալների հասանելիությունը հետազոտական նպատակներով |
1. Հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով հետազոտողների կողմից վիճակագրական կոմիտեին ներկայացված դիմումի հիման վրա և Պետական խորհրդի որոշմամբ վիճակագրական գաղտնիք պարունակող տվյալները բացառիկ դեպքերում վիճակագրական կոմիտեի կողմից կարող են տրամադրվել կամ հրապարակվել անվանական տվյալների ուղղակի կամ անուղղակի բացահայտման հնարավորություն չտվող՝ անվանազերծված ձևով:
2. Տվյալները սահմանափակվում են հետազոտական նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններով:
3. Տվյալներն օգտագործվում են բացառապես հետազոտական նպատակներով, չեն կարող փոխանցվել այլ անձանց, չեն կարող հրապարակել անվանական հարթության անվանազերծված որևէ տվյալ և չեն կարող համադրվել այլ աղբյուրներից ստացված անվանական տվյալների հետ, նշվում են բոլոր հրահանգավորված նյութերի աղբյուրները, այդ անվանազերծված տվյալները հետազոտություններից հետո ոչնչացվում են:
Հոդված 27. | Գաղտնիության պահպանման պարտավորագրերը |
1. Պաշտոնական վիճակագրության բնագավառում համապատասխան գործառույթներ ստանձնելիս գաղտնիության պահպանման պարտավորագրեր ստորագրում են՝
1) վիճակագրական կոմիտեի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ ժամանակավոր հիմունքներով աշխատողները.
2) բոլոր այն անձինք, որոնք ներգրավված են համատարած հաշվառումների աշխատանքներում.
3) այլ անձինք, որոնք հասանելիություն ունեն վիճակագրական գաղտնիության սկզբունքով պաշտպանված տվյալներին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտների համար վիճակագրական գաղտնիքի պահպանման պարտավորությունն անժամկետ է:
3. Սույն հոդվածով սահմանված դրույթները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն:
Հոդված 28. | Ենթակապալը |
1. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են վիճակագրության արտադրության հետ կապված խնդիրների մի մասը փոխանցել երրորդ անձանց ենթակապալի պայմաններով՝ միայն վիճակագրական գաղտնիության լիարժեք պահպանման պայմանով:
2. Երրորդ անձինք տվյալներն օգտագործում և վարում են միայն ծառայողական նպատակներով և միայն արտաքին կապալի պայմանագրի մեջ նշված պայմաններով և ժամանակահատվածում:
3. Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
ԳԼՈՒԽ 8
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
Հոդված 29. | Որակի ապահովման հանձնառությունը |
1. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները պարտավոր են մշտապես գնահատել և բարելավել պաշտոնական վիճակագրության որակը՝ արդիականության, ճշգրտության, հուսալիության, օպերատիվության, ճշտապահության, թափանցիկության, պարզության, ներդաշնակության և համադրելիության տեսանկյունից:
2. Որակի երաշխավորման նպատակով պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունն ու տարածումն իրականացվում են միասնական ստանդարտների և ներդաշնակեցված մեթոդների հիման վրա, որոնք վերաբերում են պաշտոնական վիճակագրության ընդգրկմանը, հայեցակարգերին, սահմանումներին, միավորներին և դասակարգումներին: Այդ աշխատանքն իրականացվում է սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներին և միջազգայնորեն համաձայնեցված վիճակագրական ստանդարտներին և ուղեցույցներին համապատասխան:
3. Պաշտոնական վիճակագրության որակի բարելավման նպատակով պաշտոնական վիճակագրություն արտադրողներն իրավունք ունեն խմբագրելու և ստուգաճշտելու տվյալները, համատեղելու տարբեր աղբյուրների տվյալները, իրականացնելու անվանական տվյալների կապակցում և համադրում բացառապես վիճակագրական նպատակներով և կիրառելու գնահատման և բացերի վերացման վիճակագրական մեթոդներ:
4. Պաշտոնական վիճակագրություն արտադրողներն ստանդարտ եղանակով փաստաթղթավորում են արտադրության գործընթացում կիրառվող աղբյուրներն ու մեթոդները, ինչպես նաև տվյալների վերջնական հավաքածուները: Օգտագործողները տեղեկացվում են վիճակագրական արտադրության բոլոր աղբյուրների և մեթոդների մասին, ինչպես նաև տարածվող վիճակագրական նյութերի որակի մասին՝ մեթատվյալների օգնությամբ:
Հոդված 30. | Որակի գնահատումը |
1. Պաշտոնական վիճակագրություն արտադրողներն օգտագործողների հետ կանոնավոր հիմունքներով անցկացնում են քննարկումներ՝ պաշտոնական վիճակագրության որակի հարցերով:
2. Պաշտոնական վիճակագրություն արտադրողներն իրականացնում են ռեսպոնդենտների կարծիքների հարցումներ տվյալների որակի բարելավման նպատակով:
3. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները համագործակցում են գիտակրթական հաստատությունների հետ վիճակագրական մեթոդաբանության գնահատման և կատարելագործման նպատակով:
4. Ազգային վիճակագրական համակարգի կառուցվածքային միջավայրի, գործընթացների և արդյունքների գնահատումներն իրականացվում են նաև արտաքին, այդ թվում՝ միջազգային փորձագետների կողմից, բացառապես պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների և միջազգային վիճակագրական ստանդարտների պահանջներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 9
ՏԱՐԱԾՈՒՄԸ
Հոդված 31. | Վիճակագրական տվյալների տարածումը |
1. Պաշտոնական վիճակագրությունը տարածվում է ստույգ ժամանակին՝ սույն օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներին և 6-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներին համապատասխան:
2. Վիճակագրական կոմիտեն և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները կազմում և հրապարակում են տվյալների տարածման նախնական օրացույց, որում նշվում են պաշտոնական վիճակագրական տվյալների տարածման նախատեսված ամիսը և ամսաթիվը: Տվյալների տարածման նախնական օրացույցից ցանկացած շեղման մասին հասարակությունը տեղեկացվում է մինչև նախատեսված տարածման օրը: Տարածման նոր ամսաթիվը հաստատվում և հրապարակվում է ողջամիտ ժամկետում:
3. Պաշտոնական վիճակագրության տարածումն ուղեկցվում է մեթատվյալներով և բացատրական մեկնաբանություններով, իսկ հասանելիությունն ապահովվում է վիճակագրական կոմիտեի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների պաշտոնական կայքերում հրապարակվելու միջոցով:
4. Տարածման ժամանակ պաշտոնական վիճակագրությունը և այլ վիճակագրական տվյալները հստակ տարանջատվում են:
5. Տարածված պաշտոնական վիճակագրության մեջ հայտնաբերված սխալները ենթակա են ուղղման, իսկ ուղղումները հրապարակվում և հաղորդվում են օգտագործողներին հնարավորինս սեղմ ժամկետում:
6. Օգտագործողներն իրավունք ունեն օգտագործելու պաշտոնական վիճակագրությունը և համապատասխան մեթատվյալները իրենց արտադրանքում՝ նշելով տվյալների աղբյուրը:
Հոդված 32. | Տարածման քաղաքականությունը |
1. Պետական խորհուրդը վիճակագրական կոմիտեի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների համար սահմանում է.
1) համակարգված տարածման քաղաքականությունը՝ թափանցիկ ընթացակարգերով ազգային վիճակագրական համակարգում կիրառման համար.
2) պաշտոնական վիճակագրության տարածման համար մեկ ընդհանուր տերմինաբանություն:
2. Վիճակագրական տվյալների նախնական թողարկումները, որոնք հետագայում ենթակա են վերանայման պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից, հստակ մատնանշվում են որպես այդպիսին:
3. Մեթոդաբանական փոփոխություններով պայմանավորված էական վերանայումների վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը հասցվում է ողջամիտ ժամկետներում:
ԳԼՈՒԽ 10
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. | Մասնակցությունը միջազգային համագործակցությանը և տվյալների փոխանցումը |
1. Վիճակագրական կոմիտեն և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներն իրենց իրավասությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում են վիճակագրական ստանդարտների և ուղեցույցների մշակմանն ու ներդրմանն ուղղված միջազգային գործունեությանը:
2. Վիճակագրական կոմիտեն համակարգում է պաշտոնական վիճակագրության բնագավառում տեխնիկական համագործակցության բոլոր միջոցառումները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրվող բոլոր այն գնահատականները, որոնք վերաբերում են պաշտոնական վիճակագրությանը՝ անկախ վիճակագրության ոլորտից և արտադրողից:
3. Վիճակագրական կոմիտեն համակարգում է պաշտոնական վիճակագրության տվյալների փոխանցումը միջազգային և այլ կազմակերպությունների:
4. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա:
ԳԼՈՒԽ 11
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 34. | Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների և պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
1. Պաշտոնական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
2. Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
3. Պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 12
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35. | Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պետական վիճակագրության մասին», «Մարդահամարի մասին» և «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:.
Հոդված 36. | Անցումային դրույթներ |
1. Մինչև սույն օրենքով սահմանված Պետական խորհրդի կողմից համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործում են պետական վիճակագրության բնագավառը կանոնակարգող իրավական ակտերը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-194-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|