ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0459/05/212025 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/0459/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Հ. Բ եդևյան | |
Ա. Թովմասյան | ||
Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի փետրվարի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.06.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Իքս-թիվի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Հանձնաժողովի 15.12.2020 թվականի ««Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 364-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ
Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 15.12.2020 թվականի ««Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 364-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 21․04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.06.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 21․04.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գեղամ Գևորգյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը, 114-րդ հոդվածի 5-րդ մասը, 124-րդ հոդվածի 1-ին մասը, 125-րդ հոդվածի 5-րդ մասը, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3‑րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որոշ հանգամանքներ կոնկրետ իրավախախտման բնույթի հաշվառմամբ պատասխանատվության միջոցի ընտրության հարցը որոշելիս օբյեկտիվորեն կարող են բացակայել, օրինակ՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը սահմանված ժամկետում տեղեկատվություն չտրամադրելու համար պատասխանատվության միջոցի ընտրության ժամանակ։
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ յուրաքանչյուր որոշում պետք է հիմնավորումներ պարունակի ինչպես որոշման շրջանակում հաստատված փաստերի, այնպես էլ բացակայող հանգամանքների վերաբերյալ։
Ավելին, թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 31․08․2022 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած և թիվ ՎԴ/1952/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 22.06.2022 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ։
Մասնավորապես՝ թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած 13.04.2022 թվականի որոշմամբ արձանագրել է, որ․ «(…) իրավաչափ չի համարում դատարանի եզրահանգումներն առ այն, որ պատասխանատվության միջոցը ընտրելիս վարչական մարմինը պետք է Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բոլոր հանգամանքները քննարկեր առանց բացառության, որը, սակայն, չի կատարել, ինչով էլ պայմանավորված դատարանը գտել է, որ հայցվորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցը համաչափ չէ կատարված իրավախախտման հետ (…)»: Իսկ թիվ ՎԴ/1952/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած 22.06.2022 թվականի որոշմամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը․ «(…) խնդրո առարկա խախտմանը վերաբերելի առանձին հանգամանքների, օրինակ, տուգանքի չափի՝ հայցվոր ընկերության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հիմնավորումները վիճարկվող վարչական ակտում չարտացոլելն իր բնույթով ընթացակարգային խախտում է, ինչը վիճարկվող որոշման անվավերության չի հանգեցնում (…)»։
Մինչդեռ, սույն վարչական գործով 15.06.2023 թվականի որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով կիրառելիության և մեկնաբանության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների համադրությունից բխում է, որ դրանք կիրառվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով 13.04.2022 թվականի (օրինական ուժի մեջ մտած) որոշմամբ և թիվ ՎԴ/1952/05/20 վարչական գործով 22.06.2022 թվականի (օրինական ուժի մեջ մտած) որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.06.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․
1) Ընկերության 08․05․2020 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում 22․05․2020 թվականին թիվ ԳԳ-1856 գրությամբ Հանձնաժողովը դիմել է Ընկերությանը՝ խնդրելով գրությունը ստանալուն հաջորդող օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը (հատոր 1-ին, գ.թ. 22-23)։
2) Թիվ ԳԳ-1856 գրությանն ի պատասխան՝ Ընկերությունը 05․06․2020 թվականին Հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ Ընկերության կողմից 08․05․2020 թվականին ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 24-25)։
3) Հանձնաժողովը 14․07․2020 թվականին ընդունել է ««Իքս-թիվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տեղեկատվության տրամադրման հարցում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին» թիվ 283-Ա որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 30-32):
4) Հանձնաժողովը 15․12․2020 թվականին կայացրել է ««Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 364-Ա որոշումը, որի համաձայն՝ պահանջված տեղեկատվությունը Ընկերության կողմից չներկայացնելը դիտարկվել է օրենքի խախտում, որի համար Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 14-21):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է սույն գործով բողոքարկվող դատական ակտում միևնույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառման հանգամանքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառման կարգի առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է յուրաքանչյուրի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։
Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը ներառված են տնտեսական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակների մեջ։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:
Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ Հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու որոշումներ՝ (…) վարչական վարույթ հարուցելու, ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու, (…) տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Միաժամանակ նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:
Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքում ընկած տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը կոչված են նպաստելու Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների կայուն զարգացմանը և քաղաքակիրթ շուկայի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով բարեխիղճ, ազատ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից տնտեսական մրցակցության կարգավորման կարևորությունը՝ օրենսդիրը հստակեցրել է Հանձնաժողովի խնդիրները և գործառույթները։ Ըստ այդմ, Օրենքի 18-րդ հոդվածում ամրագրված խնդիրների և գործառույթների լիարժեք իրացման նպատակով Հանձնաժողովին վերապահվել են որոշակի հայեցողական լիազորություններ։
Վերոգրյալի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Օրենքով նախատեսված այն հատուկ պայմաններին ու պահանջներին, որոնցով պարտավոր է առաջնորդվել Հանձնաժողովն իր հայեցողական լիազորությունների իրականացման ժամանակ։
Այսպես, Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) տնտեսվարող սուբյեկտի պատմությունը:
Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում հանգել է այն եզրակացության, որ․ «(․․․) տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու բնագավառում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայեցողական լիազորություններն իրականացնելիս Հանձնաժողովը` որպես վարչական մարմին, պարտավոր է առաջնորդվել ինչպես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավական սկզբունքներով ու չափանիշներով և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախանշված նպատակներով, այնպես էլ նույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` պատասխանատվության կոնկրետ միջոցի կիրառման ժամանակ պարզման ենթակա հանգամանքներով (․․․)» (տե´ս, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/6329/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերը նշված իրավակարգավորումների հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնտեսական մրցակցության բնագավառում յուրաքանչյուր կոնկրետ իրավախախտում ունի որոշակի առանձնահատկություններ՝ նկատի ունենալով վերջինիս բնույթը, տեսակը և բովանդակությունը։ Միևնույն ժամանակ, Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հանգամանքներն այն անհրաժեշտ և ելակետային պայմաններն են, որոնց հաշվառմամբ պայմանավորված է Հանձնաժողովի կողմից կոնկրետ պատասխանատվության միջոցի կիրառումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ հետևության համար հիմք է ընդունել այն, որ Օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված են միմյանցից էապես տարբերվող ծավալ ընդգրկող իրավախախտումներ, այն է՝ հակամրցակցային համաձայնություն կնքելու, տնտեսական գործունեության արգելված համակարգման, գերիշխող դիրքի չարաշահման, Հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու, Համակենտրոնացումը չհայտարարագրելու, անբարեխիղճ մրցակցության գործողության, արգելված պետական օժանդակություն ստանալու, տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու, Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու, տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու վերաբերյալ իրավախախտումները։ Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերոթվարկյալ իրավախախտումները միմյանցից տարբերվում են ոչ միայն իրենց բնույթով, տեսակով, այլև մրցակցային իրավիճակի վրա իրենց հնարավոր ներգործությամբ։ Այլ կերպ ասած՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումները միմյանցից տարբերվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից դրսևորվող գործողության կամ վարքագծի, որպես «տնտեսությանը վնաս պատճառող» արարքի «վտանգավորության աստիճանով», որպիսի հանգամանքի հաշվառմամբ տարբերակված են նաև պատասխանատվության միջոցները (նախազգուշացում կամ տուգանք (կիրառման չափերը))։
Ավելին՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «կամ» շաղկապով բաժանված պայմաններով»:
Այսպիսով, վերոշարադրյալի հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ յուրաքանչյուր կոնկրետ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովը պետք է բացահայտի և գնահատման ենթարկի Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հանգամանքներից նրանք, որոնք առարկայապես վերաբերելի կլինեն կոնկրետ տվյալ իրավախախտմանը (տե´ս, «Ռիթմ Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թիվ ՎԴ/3753/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 15.12.2020 թվականի ««Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 364-Ա որոշումը:
Դատարանը հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(…) Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվությանն ի պատասխան վարչական վարույթը կարճելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի կարող դիտարկվել որպես պահանջվող տեղեկատվության տրամադրում: (…) Հետևաբար հայցվորի այն պնդումը, որ ինքը ոչ թե չի ներկայացրել պահանջվող տեղեկատվությունը, այլ օբյեկտիվորեն հայտնել է վարույթի կարճման վերաբերյալ դիրքորոշում, նրա կողմից կատարված գործողությունը չի դարձնում իրավաչափ: Ընդ որում ‹‹Իքս-թիվի›› ՍՊԸ-ի ներկայացուցիչները, մասնակցելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված լսումներին, կրկին պնդել են վարույթի կարճման վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Հանձնաժողովը, հայտնաբերելով Օրենքի 28-րդ հոդվածի պահանջի խախտում, այն է սահմանված ժամկետում պահանջվող տեղեկատվության չներկայացնելը, իրավաչափորեն կիրառել է այդ իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության միջոց՝ ‹‹Իքս-թիվի›› ընկերությանը տուգանելով 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով»։
Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 21․04.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը բավարարել է՝ հետևյալ հիմնավորմամբ. «(…) Հանձնաժողովը՝ որպես վարչական մարմին, պարտավոր էր անդրադառնալ օրենքով իրեն վերապահված հայեցողական լիազորությունների կիրառման համար հիմք հանդիսացող բոլոր պայմանների և հանգամանքների բացահայտմանը՝ առաջնորդվելով ինչպես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավական սկզբունքներով ու չափանիշներով և Օրենքի 1-ին հոդվածով նախանշված նպատակներով, այնպես էլ Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ պատասխանատվության կոնկրետ միջոցի կիրառման ժամանակ պարզման ենթակա հանգամանքներով:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախ այն հարցը՝ թե արդյո՞ք պարտադիր է Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բոլոր հանգամանքները քննարկման առարկա դարձնել, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ բոլոր հանգամանքները պարզման ենթակա են (…)։
Փաստորեն, Օրենքով սահմանված 12 հանգամանքներից քննարկման առարկա է դարձվել միայն չորսը՝ իրավախախտման բնույթը, իրավախախտման տևողությունը, դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը: Տվյալ պարագայում նախ վիճարկվող որոշումից պարզ չէ, թե ինչու է հենց այդ հանգամանքները հաշվի առնվել, ինչու, օրինակ, չի քննարկվել կրկնակիության հանգամանքը, եթե նույնիսկ դա առկա չէ, ապա պետք է այն ամրագրվի որոշմամբ, որը հնարավորություն կտա դատարանին գնահատելու հիմնավորվածությունը և համաչափությունը կիրառված տուգանքի, քննարկելու շարժառիթները, հանգամանքները: Նշվածը հատկապես կարևորվում է այն համատեքստում, որ փաստացի հայցվոր կողմը հայցադիմումում ներկայացրել է շարժառիթներ, թե ինչու իրենց կողմից չի կատարվել Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվության տրամադրումը:
(…) Տվյալ պարագայում վարչական մարմնի կողմից թույլ տրված խախտումն ընթացակարգային բնույթի չէ, այն էական նշանակություն ունի հայցվորի իրավունքների տեսակետից, քանի որ միայն վարչական ակտի հիմնավորված լինելու դեպքում անձը հնարավորություն կունենա հասկանալ այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն իր նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց։ (…)»:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Ընկերության 08․05․2020 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում 22․05․2020 թվականին թիվ ԳԳ-1856 գրությամբ Հանձնաժողովը դիմել է Ընկերությանը՝ խնդրելով գրությունը ստանալուն հաջորդող օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը:
Վճռաբեկ դատարանը նկատում է, որ տվյալ դեպքում Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվություն տրամադրելու պահանջի հիմքում ընկած են՝
ա) պահանջվող տեղեկատվության անհրաժեշտությունը՝ իրականացվող ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար, և
բ) Հանձնաժողովի նախագահի գրությունը՝ որպես Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականության ծագման հիմք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին՝ նշել է, որ․ «(․․․) տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հանձնաժողովի կողմից հարուցվում է վարչական վարույթ, որն ուղղված է տվյալ տնտեսվարող սուբյեկտի՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պատասխանատվության հարցը լուծելուն: Նշված հարցը լուծվում է առանձին վարչական վարույթով. այդ վարչական վարույթն ունի իր ինքնուրույն փուլերը (հարուցման, ընթացիկ) և եզրափակվում է տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկող առանձին վարչական ակտի ընդունմամբ: Հետևաբար, տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտի իրավաչափությունը պայմանավորված չէ տնտեսական մրցակցության ոլորտում առերևույթ թույլ տրված խախտման հիմքով հարուցված վարչական վարույթի ընթացքում կատարված գործողությունների իրավաչափությամբ: Փաստորեն, Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության պայմանները կանխորոշված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության պայման՝ նախատեսված է միայն (1) վարչական մարմնի մոտ տեղեկատվություն պահանջելու լիազորության ծագման և իրականացման նախադրյալի առկայությունը, այն է՝ պահանջվող տեղեկատվության անհրաժեշտությունը Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար, և (2) Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականության ծագման հիմքերից (Հանձնաժողովի նախագահի գրություն կամ Հանձնաժողովի որոշում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջ) որևէ մեկի առկայությունը: Այսինքն՝ անկախ տնտեսական մրցակցության ոլորտում առերևույթ թույլ տրված խախտման հիմքով հարուցված վարչական վարույթի ընթացքում կատարվող գործողությունների իրավաչափությունից, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը՝ օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում (․․․)» (տե՛ս, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/0807/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին փաստել, որ Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն պահանջելու Հանձնաժողովի իրավասության իրացմանը համապատասխանում է տնտեսվարող սուբյեկտի պարտականությունը՝ տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը հայցվող ժամկետում և բովանդակությամբ։ Ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրման վերաբերյալ իր պարտականությունները չկատարելը Հանձնաժողովը կարող է գնահատել որպես Օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում և տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել որոշակի դրամական չափով պատասխանատվության միջոց, այն է՝ տուգանք մինչև 5․000․000 ՀՀ դրամի չափով։
Սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերը նշված իրավակարգավորումների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 15.12.2020 թվականի ««Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 364-Ա որոշմամբ՝ պահանջվող տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը որակվել է Օրենքի խախտում և Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամի չափով: Վիճարկող վարչական ակտում Հանձնաժողովը, քննարկելով Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման հարցը, նշել է, որ․ «(…) Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում․ իրավախախտման բնույթը (…), իրավախախտման տևողությունը (…), իրավախախտման դիտավորության աստիճանը (…), տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը (…)»։ Վերաքննիչ դատարանը, միևնույն ժամանակ անդրադառնալով Հանձնաժողովի վիճարկվող որոշման իրավաչափությանը, նշել է․ «(…) Օրենքով սահմանված 12 հանգամանքներից քննարկման առարկա է դարձվել միայն չորսը՝ իրավախախտման բնույթը, իրավախախտման տևողությունը, դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը: Տվյալ պարագայում նախ վիճարկվող որոշումից պարզ չէ, թե ինչու է հենց այդ հանգամանքները հաշվի առնվել, ինչու, օրինակ, չի քննարկվել կրկնակիության հանգամանքը, եթե նույնիսկ դա առկա չէ, ապա պետք է այն ամրագրվի որոշմամբ, որը հնարավորություն կտա դատարանին գնահատելու հիմնավորվածությունը և համաչափությունը կիրառված տուգանքի, քննարկելու շարժառիթները, հանգամանքները: Նշվածը հատկապես կարևորվում է այն համատեքստում, որ փաստացի հայցվոր կողմը հայցադիմումում ներկայացրել է շարժառիթներ, թե ինչու իրենց կողմից չի կատարվել Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվության տրամադրումը: (…)»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հարուցված վարչական վարույթը վերաբերում է Օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պատասխանատվության հարցը լուծելուն, հետևաբար Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտի իրավաչափությունը պետք է դիտարկել քննարկվող վարչական վարույթի ընթացակարգային առանձնահատկությունների հաշվառմամբ ևս։ Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելու պարտականությունը չկատարելու համար հարուցված վարչական վարույթը տնտեսական մրցակցության ոլորտում հարուցվող մյուս վարույթներից տարբերվում է թե՛ իրավական հիմքով, թե՛ ընթացակարգային առանձնահատկություններով։ Մասնավորապես, պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելու պարտականությունը չկատարելու համար հարուցված վարչական վարույթի իրավական հիմքն Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումն է, առարկան՝ տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը, նպատակը՝ Հանձնաժողովի կողմից իր գործառույթների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությանը հասու դառնալը, ինչպես նաև Օրենքի հնարավոր այլ խախտումների կանխարգելումը կամ բացահայտումը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, Վերաքննիչ դատարանը վիճարկվող վարչական ակտի անվավերության հարցը գնահատել է հայցվորի նկատմամբ նշանակված տուգանքի չափի վերաբերյալ վարչական ակտում հիմնավորումների բացակայության համատեքստում։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչարարության իրականացման համաչափության սկզբունքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը։ Այսպես․
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
ՀՀ սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին: Ամփոփելով իր մի շարք իրավական դիրքորոշումների էությունը` Սահմանադրական դատարանը 18.06.2020 թվականի թիվ ՍԴՈ-1546 որոշմամբ արձանագրել է, որ.
▪
համաչափության սկզբունքը բխում է Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք) (ՍԴՈ–917),▪
«(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունների և պատասխանատվության տեսակների, չափերի ու հարկադրանքի միջոցների սահմանման (…) իր լիազորությունն իրականացնելիս օրենսդիրն ինքնուրույնաբար որոշում է, մասնավորապես, (…) օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է (…) պատասխանատվության, ․․․ պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, սահմանում է (…) պատասխանատվության միջոցներն ու չափերը։ Նշված հարցերում օրենսդրի հայեցողությունը, սակայն, ունի իր սահմանադրական շրջանակները, և օրենսդիրն իր նշած լիազորությունն իրականացնելիս կաշկանդված է առանձին սահմանադրական սկզբունքներով։ (…) Հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով (…)» (ՍԴՈ–920),▪
«(…) Համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»։«(…) Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից (…)» (ՍԴՈ–924),▪
«(…) այդչափ լայն սահմանափակումը (…) բավարար չափով հիմնավորված չէ առարկայական չափանիշներով։ Այն (…) սահմանադրական իրավունքի ոչ համաչափ սահմանափակում է՝ Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք) բխող համաչափության սկզբունքի (…) տեսանկյունից (…)» (ՍԴՈ–917),▪
«(…) օրենսդիրը, իրացնելով իրավունքների և ազատությունների սահմանափակումներ նախատեսելու իր իրավասությունը, պետք է այնպիսի համամասնությամբ դա կատարի, որ ընտրված սահմանափակումը համահունչ լինի ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար (…)» (ՍԴՈ-1293):Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նկատում է, որ համաչափությունը, ի թիվս այլնի, ենթադրում է կիրառված միջոցի չափավորություն։ Այսինքն՝ իրավասու մարմնի կողմից ընտրված տվյալ միջոցը պետք է լինի ամենամեղմ միջամտությունը որևէ հիմնական իրավունքի կամ ազատության։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումներն իրավաչափ չեն` նկատի ունենալով, որ իրավախախտման բնույթից և հարուցված վարչական վարույթի առանձնահատկությունից ելնելով՝ օբյեկտիվորեն կարող է բացակայել պատասխանատվության միջոց կիրառելիս Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում հաջորդաբար նշված բոլոր հանգամանքներին անվերապահորեն անդրադառնալու անհրաժեշտությունը։
Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 15.12.2020 թվականի ««Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 364-Ա որոշման մեջ «(…) իրավախախտման բնույթը (…), իրավախախտման տևողությունը (…), իրավախախտման դիտավորության աստիճանը (…), տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը (…)» հատվածում շարադրվել են միայն փաստական տվյալներ, որոնք ինքնին բավարար չեն Ընկերության նկատմամբ նշանակված տուգանքի չափը հիմնավորելու համար։ Այսինքն վիճարկվող վարչական ակտում առկա չեն համապատասխան հիմնավորումներ Ընկերության նկատմամբ նշանակված տուգանքի չափի ընտրության համատեքստում։
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման` Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան նորմի մեկնաբանության առումով:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն վարչական գործի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը՝ սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, և առկա ապացույցները և հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերը բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկներ, վկայակոչվել են թիվ ՎԴ/1952/05/20 և թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտերը, որոնցով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծության ենթարկելով Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը, եզրահանգում է արել այն մասին, որ ելնելով կոնկրետ իրավախախտման տեսակից՝ պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովն Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր հանգամանքներն առանց բացառության անդրադառնալու օբյեկտիվ հնարավորություն կարող է չունենալ։
Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման վերը վկայակոչված թիվ ՎԴ/1952/05/20 և ՎԴ/7185/05/20 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշումներում արտահայտված ու սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վերահաստատված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառման հանգամանքների գնահատման վերաբերյալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.06.2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան ա. Թովմասյան Ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2025 թվական: