ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. Երևան 10 սեպտեմբերի 2019 թ. |
ԲԴԽ-57-Ո-Կ-13 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.
նախագահությամբ` Բարձրագույն |
Ռ. Վարդազարյանի, |
մասնակցությամբ` |
Գ. Բեքմեզյանի, Հ. Հովհաննիսյանի, Մ. Մակյանի, Լ. Մելիքջանյանի, Ա. Մխիթարյանի, Վ. Քոչարյանի, |
Արդարադատության նախարարի |
Ռ. Գրիգորյանի, |
Արդարադատության նախարարի խորհրդական |
Դ. Գասպարյանի, |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր |
Կ. Պետրոսյանի, |
փաստաբաններ՝ |
Գ. Մուղնեցյանի, Ս. Մադաթյանի, |
քարտուղարությամբ՝ |
Մ. Թելոյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 10.07.2019թ. N 24-Ա որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Կարինե Պետրոսյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
ՀՀ արդարադատության նախարարի 24.05.2019թ. թիվ 19-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար առիթ է հանդիսացել Դատական դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) ղեկավար Կարեն Փոլադյանի կողմից Արդարադատության նախարարին ուղղված 10.05.2019թ. թիվ ԴԴ-1 Ե-3949 գրությամբ ներկայացված Սնանկության դատարանում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից (սկսած 12.02.2019թ.-ից) ստացված սնանկության գործերի ամբողջականության կապակցությամբ Դեպարտամենտի կողմից կատարված ստուգման արդյունքները՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Արդարադատության նախարարը վկայակոչել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և նշել, որ նշված հոդվածի վերլուծությունից ակնհայտ է, որ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից կառավարիչը պարտավորություն է ստանձնում դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին: Ընդ որում, հաշվետվությունների ներկայացման համար օրենքը սահմանում է հստակ ժամկետներ: Այսինքն, օրենսդիրը հաշվետվություններ ներկայացնելու առումով սահմանափակել է կառավարչի գործողությունները որոշակի ժամանակահատվածով՝ նշելով, որ յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ: Թիվ ԵԿԴ/0022/04/16, թիվ ԵԿԴ/0428/04/15, թիվ ԵԿԴ/0166/04/16 սնանկության գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պարտապանի լուծարման վարույթ սկսելու որոշումների կայացումից հետո սնանկության գործերով կառավարիչների կողմից որևէ հաշվետվություն Դատարան չի ներկայացվել: Ուստիև, Դատավորը խախտել է Օրենքի 32-րդ հոդվածից բխող իր պարտականությունը:
Օրենքի նույն հոդվածով նախատեսված պարտականության չկատարման առնչությամբ Արդարադատության նախարարը վկայակոչել է նաև հետևյալը. թիվ ԵԿԴ/0271/04/14, թիվ ԵԿԴ/0274/04/14, թիվ ԵԿԴ/0199/04/17 սնանկության գործերով պահանջների վերջնական ցուցակները հաստատելու մասին որոշումների կայացումից հետո այլ գործողություններ, այդ թվում՝ սնանկության գործերով կառավարիչների կողմից, չեն իրականացվել, իսկ թիվ ԵԿԴ/0301/04/15, թիվ ԵԿԴ/0144/04/17, թիվ ԵԴ/0194/04/18 սնանկության գործերով պահանջների վերջնական ցուցակների հաստատման վերաբերյալ որոշումների կայացումից հետո սնանկության գործերով կառավարիչների կողմից Դատարան ներկայացվել է տեղեկատվություն պարտատերերի առաջին ժողովը չկայանալու, ինչպես նաև պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացված չլինելու վերաբերյալ, որից հետո այլ գործողություն, այդ թվում՝ կառավարիչների կողմից, չի կատարվել:
Թիվ ԵԴ/0509/04/18 սնանկության գործով 14.08.2018թ., թիվ ԵԴ/0843/04/18 սնանկության գործով 27.12.2018թ., թիվ ԵԴ/0846/04/18 սնանկության գործով 24.12.2018թ. կայացվել են պատասխանողի և նրա գույքի հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ, թերևս պատասխանողի և նրա գույքի հետախուզում հայտարարելը սնանկության վարույթի կասեցման հիմք չէ՝ ըստ Օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի: Բացի դրանից, թիվ ԵՔԴ/0487/04/08, թիվ ԵԿԴ/0247/04/16 սնանկության գործերով վարույթը վերսկսելու մասին որոշումները կայացվել են վարույթը կասեցնելու հիմք հանդիսացող հանգամանքները վերանալուց ավելի քան համապատասխանաբար՝ 8 և 2 տարի անց:
Անդրադառնալով կարգապահական խախտման էությանը՝ Արդարադատության նախարարը գտել է, որ առկա են հիմքեր դատավորի կողմից թույլ տրված խախտումն էական բնորոշելու համար: Այս առնչությամբ Արդարադատության նախարարը վկայակոչել է էական կարգապահական խախտման բնորոշման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրություն Արդարադատության նախարարին և գրավոր պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին ու Արդարադատության նախարարին:
Արդարադատության նախարարին ներկայացված գրությունում Դատավորը նշել է, որ թիվ 19-Ա որոշմամբ վկայակոչված սնանկության գործերն այլևս իր վարույթում չեն գտնվում, և այն պայմաններում, երբ իր վարույթում եղել է 600-ից ավելի քաղաքացիական և սնանկության գործեր, հնարավոր չէ հիշել բոլոր գործերի փաստական տվյալները և կայացրած ակտերը: Դատավորը նաև նշել է, որ պատշաճ կարգով դիրքորոշում ներկայացնելու իր իրավունքն իրացնելու համար խնդրում է ուսումնասիրության համար տրամադրել թիվ 19-Ա որոշմամբ վկայակոչված բոլոր նյութերը, իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի սկիզբը (10-օրյա ժամկետում գրավոր բացատրություն ներկայացնելու ժամկետը) հաշվել վերը նշված նյութերը տրամադրելու պահից:
Դատավորը նաև խնդրել է, որ հաշվի առնելով թիվ 19-Ա որոշմանը կից ներկայացված «Տեղեկանք» վերտառությամբ փաստաթղթի անստորագիր լինելը՝ տրամադրել նաև տեղեկություններ, թե ում կողմից են կատարվել այդ ուսումնասիրությունները, որ նորմատիվ-իրավական ակտերի հիման վրա և ինչ հիմքով են ուսումնասիրության առարկա դարձել դեռևս չարխիվացված սնանկության գործերը:
Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված գրավոր պատասխանում Դատավորը կարգապահական պատասխանատվության հիմքերի վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացրել՝ այն հիմնավորելով նրանով, որ իրեն չեն տրամադրվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված նյութերը՝ ամբողջությամբ:
Բարձրագույն դատական խորհրդում սույն գործի քննության ժամանակ՝ 10.09.2019 թվականին, Դատավորը ներկայացրել է միջնորդություն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին՝ դրա քննության ժամկետն անցած լինելու հիմքով: Դատավորը նշել է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է սույն թվականի հուլիսի 10-ին և այն պետք է քննության առարկա դառնար մինչև սույն թվականի օգոստոսի 10-ը: Դատավորը վկայակոչել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ և 92-րդ հոդվածները և նշել, որ սույն թվականի օգոստոսի 5-ին Բարձրագույն դատական խորհուրդը չէր կարող կայացնել որոշում նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ նիստն իրավազոր չէր, ուստիև գործի քննության մեկամսյա ժամկետն սպառվել է սույն թվականի օգոստոսի 10-ին:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. Թիվ ԵԴ/0509/04/18, թիվ ԵԴ/0864/04/18, թիվ ԵԴ/0843/04/18, թիվ ԵԴ/0846/04/18 սնանկության գործերով պատասխանողի հետախուզում հայտարարելը գործի վարույթը կասեցնելու հիմք չհանդիսանալու պայմաններում Դատավորի կողմից կայացվել են պատասխանողի և նրա գույքի հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ:
2. Թիվ ԵՔԴ/0487/04/08 սնանկության գործով դեռևս 31.03.2010թ-ից սնանկության գործի վարույթը վերսկսելու հիմքի (կատարողական վարույթն ավարտելու մասին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության 26.03.2010թ. որոշումը, որը Դատարան մուտքագրվել է 31.03.2010թ-ին) առկայության պայմաններում Դատավորի կողմից գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ որոշում է կայացվել միայն 08.10.2018թ-ին: Ավելին, թեև մինչև նշված սնանկության գործը Դատավորին մակագրվելը, այլ դատավորի վարույթում գտնվելու շրջանակներում պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին 08.07.2008թ. որոշում կայացնելիս սնանկության գործով վարույթը կասեցնելու մասին որոշում չի կայացվել, Դատավորի կողմից 11.03.2009թ. սնանկության գործը վարույթ ընդունելիս նշում է կատարվել կասեցումը պահպանելու վերաբերյալ:
3. Թիվ ԵԿԴ/0247/04/16 սնանկության գործով թեև պարտապանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին 10.08.2016թ. որոշման արդյունքում հարուցված կատարողական վարույթն ավարտվել է 13.09.2016թ-ին, որի վերաբերյալ կայացված որոշումը Դատարանում ստացվել է 22.09.2016թ-ին, Դատավորի կողմից գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացվել է 08.11.2018թ-ին՝ վարույթը կասեցնելու հիմք հանդիսացող հանգամանքը վերանալուց ավելի քան երկու տարի անց:
4. Թիվ ԵԿԴ/0166/04/16, թիվ ԵԿԴ/0027/04/13, թիվ ԵԿԴ/0022/04/16, թիվ ԵԿԴ/0086/04/14, թիվ ԵԿԴ/0278/04/15, թիվ ԵԿԴ/0428/04/15, թիվ ԵԿԴ/0065/04/14 սնանկության գործերով լուծարման վարույթ սկսելու մասին որոշումների կայացումից հետո սնանկության գործերով կառավարիչները թեև չեն կատարել պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իրենց իրականացրած միջոցառումների մասին դատարան հաշվետվություն ներկայացնելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը, Դատավորը միջոցներ չի ձեռնարկել կառավարիչների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ուղղությամբ:
5. Թիվ ԵԿԴ/0144/04/17, թիվ ԵԴ/0194/04/18, թիվ ԵԿԴ/0274/04/14, թիվ ԵԿԴ/0199/04/17, թիվ ԵԿԴ/0271/04/14, թիվ ԵԿԴ/0362/04/15, թիվ ԵԿԴ/0301/04/15 սնանկության գործերով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումների կայացումից հետո, թեև սնանկության գործերով կառավարիչների կողմից չի կատարվել օրենքով սահմանված մի շարք գործողություններ իրականացնելու պարտականությունը, Դատավորը միջոցներ չի ձեռնարկել կառավարիչների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ուղղությամբ:
6. Արդարադատության նախարարի 24.05.2019թ. թիվ 19-Ա որոշմամբ Դեպարտամենտի հաղորդման հիման վրա Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
7. Արդարադատության նախարարը 10.07.2019թ. N 24-Ա որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել միջնորդություն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
8. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդության քննությունը Բարձրագույն դատական խորհրդում նշանակվել է 05.08.2019 թվականին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում, իսկ 05.08.2019 թվականին հրավիրված նիստի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից 2-ը գտնվել են արձակուրդում, ուստի հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող հանգամանքով պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նիստը հետաձգվել է՝ մյուս անդամների ներկայությունն ապահովելու նպատակով, և նշանակվել է 05.09.2019 թվականին:
9. 05.08.2019 թվականի նիստին ներկա է եղել Բարձրագույն դատական խորհրդի 6 անդամ:
10. 05.09.2019 թվականին նշանակված նիստը կայացել է: Միջնորդություն է ներկայացվել վկա ներգրավելու մասին: Նիստը հետաձգվել է և նշանակվել 10.09.2019 թվականին:
11. 10.09.2019 թվականի նիստի ընթացքում Դատավորը միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարարի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին՝ այն ժամկետանց լինելու հիմքով:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. ի՞նչ ժամկետներ է օրենքը նախատեսում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության և դրա երկարաձգման համար.
2. արդյո՞ք պահպանվել են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետները:
Առաջին հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նշված մեկամսյա ժամկետը երկարաձգելու հնարավորություն, մասնավորապես՝ բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածը նիստերի հետաձգման հնարավորություն է սահմանում, մասնավորապես՝
« (…)
4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել աշխատանքային օրն ավարտվելու դեպքում, բացառությամբ անհապաղ քննություն պահանջող հարցերի:
5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաև՝
1) հարցի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե խորհրդի անդամը պնդում է այդ մասին.
2) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում»:
Վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից պետք է քննվի և լուծվի մեկամսյա ժամկետում, և միայն բացառիկ կամ օրենքով սահմանված այլ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել: Տվյալ մեկամսյա ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ հնարավորություն ընձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը՝ ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ նշված օրենսդրական կարգավորումների դիտարկումից բխում է, որ օրենսդիրը, խնդրո առարկա կարգապահական վարույթի ժամկետների հետ կապված սահմանելով վերոնշյալ կարգավորումները, կիրառում է երկու տարբեր՝ «հետաձգում» և «երկարաձգում» եզրույթները, ինչն էական նշանակություն ունի մեջբերված կարգավորումների բովանդակությունը բացահայտելու համար:
Ակներև է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի կարգավորումներում խոսքը վերաբերում է ցանկացած, այդ թվում՝ կարգապահական վարույթին վերաբերող, նիստի՝ օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում, հետաձգմանը, առանց ժամկետների մասին նշումների: Իսկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ այլ իրավակարգավորմամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը կարգապահական վարույթներ քննելու համար սահմանել է մեկամսյա ընդհանուր ժամկետ, ուստի կարգապահական վարույթներին վերաբերող նիստերի անհրաժեշտ հետաձգումները չեն կարող գերազանցել այդ ժամկետը:
Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի կարգավորումներին, որոնցում անդրադարձ է կատարվում «հարցի քննության ժամկետի երկարաձգմանը», ապա այս դեպքում խոսքը վերաբերում է հարցի քննության համար սահմանված մեկամսյա ժամկետը ևս մեկ ամիս ժամկետով, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով երկարաձգելու հնարավորությանը:
Փաստորեն, օրենսդիրը նախատեսել է երկու տարբեր իրավիճակներ և դրանց տարբերակված կարգավորումներ: Ընդ որում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածով նախատեսված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ որպես բացառիկ դեպք՝ հարցի քննության համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հնարավորությունը կարող է գնահատվել և գործադրվել միայն հարցի քննությունն սկսված լինելու պայմաններում:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին (…) կարգապահական պատասխանատվության ենթարկելու (…) վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քվորում չլինելու դեպքում նիստը համարվում է չկայացած:
2019 թվականի օգոստոսի 5-ին Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հանդես գար որպես դատարան, ինչի համար նիստին անհրաժեշտ էր Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայությունը:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2019 թվականի օգոստոսի 5-ին հրավիրված նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով, և փաստացի գործի քննությունը չի սկսվել:
Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվել է, իսկ հաջորդ նիստը նշանակվել՝ քվորումի ապահովման հնարավորություն ընձեռող ժամկետի հաշվառմամբ՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով...:
Բարձրագույն դատական խորհուրդը, հարցի քննության համար իրավազոր կազմով գնահատելով համապատասխան օրենսդրական կարգավորումները և ստեղծված փաստացի իրավիճակը, հանգել է եզրակացության առ այն, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության մեկամսյա ժամկետը լրացել է դեռևս 2019 թվականի օգոստոսի 10-ին, իսկ քննության ժամկետը երկարաձգելու համար «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ, 94-րդ և 150-րդ հոդվածներով նախատեսված վավերապայմաններն առկա չեն եղել, ինչն էլ հիմք է վարույթ հարուցած մարմնի միջնորդությունը մերժելու համար՝ Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 156-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել՝ Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհրդի նախագահ | Ռ. Վարդազարյան | |
Անդամներ` | Գ. Բեքմեզյան | |
Հ. Հովհաննիսյան | ||
Մ. Մակյան | ||
Լ. Մելիքջանյան | ||
Ա. Մխիթարյան | ||
Վ. Քոչարյան |