ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 1999 թվականի N 3
Ղեկավարվելով ՀՀ Դատարանակազմության մասին օրենքի 27, 28 հոդ. հոդ., և ի կատարումն այդ օրենքի պահանջների, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը որոշում է
Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհրդի աշխատակազմի Կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. ՀՀ դատարանների նախագահների Խորհրդի (այսուհետև` Խորհուրդ) աշխատակազմը կոչված է աջակցելու Խորհրդին` վերջինիս օրենքով նախատեսված լիազորությունները իրականացնելու համար:
2. Խորհրդի աշխատակազմը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության Դատարանակազմության մասին» օրենքով, այլ օրենքներով, Խորհրդի Կանոնակարգով և որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:
3. Խորհրդի աշխատակազմի Կանոնադրությունը հաստատվում և փոփոխվում է Խորհրդի որոշմամբ:
4. Խորհրդի աշխատակազմը որպես առանձին կառուցվածքային միավոր, ստեղծվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում:
5. Խորհրդի աշխատակազմը աշխատում է իր աշխատանքային ծրագրին համապատասխան, որը հաստատում և փոփոխում է Խորհուրդը:
6. Խորհրդի աշխատակազմի աշխատանքը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը, որը նշանակվում և ազատվում է Խորհրդի որոշման հիման վրա` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով:
7. Խորհրդի աշխատակազմի աշխատողները համապատասխան պաշտոնի են նշանակվում և ազատվում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
8. Խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ, հաստատվում և փոփոխվում է Խորհրդի որոշմամբ:
9. Խորհրդի աշխատակազմը ունի իր անվամբ բլանկ:
10. Խորհրդի աշխատակազմը տեղավորված է ՀՀ Վճռաբեկ դատարանի շենքում` ք. Երևան, Խորհրդարանի 6:
ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
11. Խորհրդի աշխատակազմը, պատասխանատու լինելով Խորհրդի բնականոն գործունեության իրականացումն ապահովող կազմակերպական բոլոր հարցերի համար`
- նախապատրաստում և կազմակերպում է Խորհրդի նիստերը.
- Խորհրդի կողմից հաստատված աշխատանքային ծրագրին համապատասխան, ինչպես նաև Խորհրդի կամ Խորհրդի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության դատարաններում աշխատանքի կազմակերպման հարցերը` ըստ բնագավառների, ամփոփ ուսումնասիրությունների արդյունքները և դրանք համապատասխանաբար ներկայացնում կամ Խորհրդին, կամ Խորհրդի նախագահին.
- ուսումնասիրում է հանրապետության դատական պրակտիկան` ըստ իրավունքի ճյուղերի, հանցագործությունների և քաղաքացիական վեճերի առանձին կատեգորիաների, ուսումնասիրությունների արդյունքներով կազմում տեղեկանքներ և դրանք ներկայացնում Խորհրդի նախագահին կամ վերջինիս մատնանշած պաշտոնատար անձին.
- կազմում է օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների նախագծեր և ներկայացնում Խորհրդի նախագահին կամ վերջինիս մատնանշած պաշտոնատար անձին.
- կազմում և Խորհրդի նախագահին է ներկայացնում Հանրապետության Նախագահին` օրենքի, Ազգային Ժողովի որոշման, Հանրապետության Նախագահի հրամանագրի, կարգադրության, կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության նախագիծը.
- վարում է հանրապետության դատական վիճակագրությունը.
- կազմում և Խորհրդի նախագահին է ներկայացնում «Դատավորի վարքագծի կանոնագրքի» և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծեր.
- մշակում և Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջին ատյանի դատարաններում գործերի բախշման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և նախագահների նշանակման, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանների նախագահների և դատավորների փոխարինման կարգերի նախագծերը.
- կազմում և Խորհրդի նախագահին է ներկայացնում դատարանների բյուջետային ֆինանսավորման հայտերը` ըստ առանձին դատարանների.
- կազմակերպում է դատարանների (ըստ առանձին դատարանների) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ և արդյունքները ներկայացնում Խորհրդի նախագահին.
- մշակում և Խորհրդի նախագահին է ներկայացնում դատարանների (ըստ առանձին դատարանների) նյութատեխնիկական ապահովվածության հարցերի վերաբերյալ եզրակացություններ.
- կազմակերպում է դատարանների (ըստ առանձին դատարանների) շենքերի կապիտալ շինարարության, կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը.
- ուսումնասիրում է դատարանների կահավորման և տեխնիկական հագեցվածության վիճակը: Ըստ դատարանների կազմում և Խորհրդի նախագահին է ներկայացնում տեղեկանքներ` կահույքի և ժամանակակից տեխնիկական միջոցների անհրաժեշտ քանակի, դրանց ձեռքբերման աղբյուրների, պահանջվող ծախսերի մասին.
- մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների աշխատակազմերի` օրենքով չնախատեսված աշխատողների նորմատիվները, նրանց ծառայողական պարտականությունների շրջանակները.
- մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործավարության կարգի մասին հրահանգներ.
- մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում թարգմանիչների, այլ մասնագետների վարձատրության նորմատիվները.
- ապահովում է դատավորների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման գործի կազմակերպման հարցերի լուծումը.
- նախապատրաստում է Խորհրդի որոշումների նախագծերը.
- ապահովում է Խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
- Խորհրդի լիազորությունների շրջանակներում կատարում է Խորհրդի կամ Խորհրդի նախագահի այլ հանձնարարություններ:
ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
12. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը անմիջականորեն ենթարկվում է Խորհրդի նախագահին:
13. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը`
- իրականացնում է Խորհրդի աշխատակազմի ղեկավարումը և պատասխանատու է աշխատակազմին տրված հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով կատարելու համար.
- մասնակցում է Խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով, տալիս է զեկույցներ.
- իրավասու է դատարաններից պահանջելու դատարանների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկություններ.
- մշակում և Խորհրդի հաստատմանն ու փոփոխմանն է ներկայացնում Խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը.
- ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին է ներկայացնում Խորհրդի աշխատակազմում համապատասխան պաշտոնի նշանակվող կամ ազատվող անձանց.
- մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Խորհրդի աշխատակազմի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը և աշխատակազմի գործավարության մասին հրահանգը.
- իր իրավասության սահմաններում ստորագրում է ծառայողական փաստաթղթերը:
14. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը Խորհրդի նախագահի հանձնարարությամբ ներկայացնում է Խորհուրդը պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում:
15. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և Խորհրդի Կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ: