Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները այսուհետ՝ անդամ պետություններ,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր), այդ թվում՝ Պայմանագրի 31-րդ հավելվածի, և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի դրույթներով,
հաշվի առնելով «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի Մարաքեշի համաձայնագրին Ղազախստանի Հանրապետության միանալու վերաբերյալ 2015 թվականի հուլիսի 27-ին ստորագրված արձանագրությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Արձանագրությամբ սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և շրջանառության կարգավորման առանձնահատկությունները՝ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ:
Հոդված 2
Սույն Արձանագրության նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
«ցանկ»՝ երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկ, որոնց համար կիրառվում են տուրքերի ցածր դրույքաչափեր, ինչպես նաև այդ դրույքաչափերի ցանկը,
«տուրքի ցածր դրույքաչափ»՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղազախստանի Հանրապետության պարտավորություններով նախատեսված՝ դրույքաչափի առավելագույն մակարդակի վրա սահմանվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ, որը Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (այսուհետ՝ ԵԱՏՄ ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքի գործող դրույքաչափի համեմատ առավել ցածր է:
Հոդված 3
1. Տուրքերի ցածր դրույքաչափերը կիրառվում են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման և Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով դրանց ձևակերպման դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատվող ցանկին համապատասխան՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնք նախատեսված են Ղազախստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցերով աշխատանքային խմբի զեկույցի 307-րդ պարբերությամբ՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու պայման:
2. Ցանկի վարումը՝ ներառյալ դրա թարմացումը, և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) հետ համապատասխանեցումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից:
3. Ցանկում ներառված ապրանքները, որոնք երրորդ երկրների տարածքներից Ղազախստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ցանկով նախատեսված դրույքաչափերով ներմուծման մաքսատուրքերի վճարմամբ և ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքներ են հանդիսանում:
4. Ղազախստանի Հանրապետությունն ապահովում է անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը՝ չթույլատրելու համար սույն հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքների արտահանումն այլ անդամ պետությունների տարածք:
5. Ցանկում ներառված ապրանքները երրորդ երկրների տարածքներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը կարող են վճարվել՝ ելնելով ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից: Այդ դեպքում համապատասխան ապրանքը Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ է ձեռք բերում Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
6. Ազգային օրենսդրությանը համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետությունը տրամադրում է իրավասու մարմիններին հարցմամբ դիմելու և ներմուծման մաքսատուրքի վճարման մասին այն տեղեկատվությունը նրանցից ստանալու իրավունքը, որն անհրաժեշտ է ցանկում ներառված ապրանքները Ղազախստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ տեղափոխելու համար:
7. Հայտարարատուն, համապատասխան ապրանքները տիրապետելու իրավունք ունեցող այլ անձ, ցանկում ներառված և Ղազախստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ տեղափոխվող ապրանքներ փոխադրողը պարտավոր են ապահովել այդպիսի ապրանքների տեղափոխմանն առնչվող՝ սույն Արձանագրությամբ և դրան համապատասխան սահմանված պահանջների պահպանումը, և պատասխանատվություն են կրում դրանց խախտման համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
8. Ցանկում ներառված ապրանքների շրջանառության դիտանցման և հսկողության նպատակներով անդամ պետությունների մաքսային մարմինները 2016 թվականի դեկտեմբերի 1-ից իրական ժամանակի ռեժիմում իրականացնում են այդ ապրանքները ներմուծելու և Ղազախստանի Հանրապետության տարածքում մաքսային ընթացակարգերով ձևակերպելու վերաբերյալ հայտարարագրերի տվյալների և տեղեկությունների փոխանակումն էլեկտրոնային եղանակով՝ «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագրի 1-ին հավելվածով նախատեսված տվյալների կազմին համապատասխան:
Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը տվյալների և տեղեկությունների նշված փոխանակումն իրականացվում է 2 օրը 1 անգամ:
9. Ղազախստանի Հանրապետությունն ապահովում է ցանկում ներառված ապրանքների հետագծելիությունը՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում դրանց շրջանառության դեպքում մաքսային հայտարարագրերի համարները և ըստ մաքսային հայտարարագրի ապրանքների հերթական համարները նշելու մասով:
10. Ղազախստանի Հանրապետությունը ստեղծում է այլ անդամ պետություններ արտահանվող՝ ցանկում ներառված ապրանքների հաշվառման համակարգ (այսուհետ՝ հաշվառման համակարգ): Հաշվառման համակարգում պետք է նախատեսվի ցանկում ներառված և այլ անդամ պետություններ արտահանվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների համադրումը այն ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հետ, որոնց համար ներմուծման մաքսատուրքերը վճարվել են ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով:
Հաշվառման համակարգում պետք է նախատեսվի ապրանքների, դրանց քանակի մասին տեղեկությունները, սույն հոդվածի 9-րդ կետում նշված տեղեկությունները, ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափով ներմուծման մաքսատուրքերի վճարման մասին տեղեկությունները պարունակող ապրանքաուղեկից փաստաթղթի ձևավորման և Ղազախստանի Հանրապետության պետական տվյալների բազայում գրանցման հնարավորությունը: Հաշվառման համակարգում գրանցված այդ փաստաթղթի առկայությունը պայման է հանդիսանում համապատասխան ապրանքները այլ անդամ պետություններ արտահանելու համար:
Այդ փաստաթղթի բացակայությունը փոխադրողի համար հիմք է հանդիսանում փոխադրման համար համապատասխան ապրանքների ընդունումը մերժելու համար:
Հաշվառման համակարգում պարունակվող տեղեկատվությունը Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից փոխանցվում է այլ անդամ պետությունների լիազոր մարմիններին: Անդամ պետությունների լիազոր մարմինները մշակում և հաստատում են հաշվառման համակարգում պարունակվող տեղեկատվության փոխանցման կարգը և տեխնիկական պայմանները:
11. Ապրանքների տեղափոխման իրավաչափության հսկողության նպատակներով անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն ապրանքների հաշվառում իրականացնելու անդամ պետությունների անդրսահմանային փոխադարձ առևտրի շրջանակներում դրանց տեղափոխման դեպքում, պահանջ սահմանելու, որ սույն հոդվածի 10-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված՝ ցանկում ներառված ապրանքներին առնչվող փաստաթուղթն առկա լինի պարտադիր ապրանքաուղեկից փաստաթղթերի թվում, որոնց առկայությունը նախատեսվում է փոխադարձ առևտրի հաշվառման ազգային համակարգերի գործունեության շրջանակներում:
12. Անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ պատասխանատվություն են սահմանում սույն Արձանագրությամբ և դրան համապատասխան սահմանված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Հոդված 4
1. Ներմուծման մաքսատուրքերի ցածր դրույքաչափերի կիրառմամբ երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 12 - 1701 91 ենթադիրքերում ներառված շաքարի հումքը, ինչպես նաև այդ շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը, ենթակա չեն արտահանման այլ անդամ պետությունների տարածքներ: Ղազախստանի Հանրապետությունը կապահովի շաքարի հումքի և դրանից արտադրված սպիտակ շաքարի շրջանառության նկատմամբ հսկողության անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածի համար Ղազախստանի Հանրապետությունում շաքարի արտադրության և սպառման հաշվեկշիռների՝ ամենամյա կտրվածքով ներկայացումը Հանձնաժողով:
2. Ցանկում նշված ապրանքների համար տուրքերի ցածր դրույքաչափերի կիրառումը սկսելու ամսաթվից Ղազախստանի Հանրապետությունն ապահովում է դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի ներմուծման, մեծածախ և մանրածախ իրացման և դրոշմավորման կանոնները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի կիրառումը, որոնք բացառում են սույն Արձանագրության 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքները Ղազախստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ արտահանելու հնարավորությունը:
3. Անկախ սույն Արձանագրության 3-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմոբիլները և այլ շարժիչային տրանսպորտային միջոցները, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում դասակարգվող՝ 12-ից ոչ ավելի մարդու, այդ թվում՝ վարորդի, փոխադրման համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք Ղազախստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ են բաց թողնվել ներմուծման մաքսատուրքերի ցածր դրույքաչափերի կիրառմամբ, կարող են ժամանակավոր ներմուծվել այլ անդամ պետությունների տարածքներ այն անձանց (Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կամ այլ անձանց) կողմից, որոնք մշտապես բնակվում են Ղազախստանի Հանրապետությունում, և այն դեպքում, երբ այդպիսի թեթև մարդատար ավտոմոբիլները և այլ շարժիչային տրանսպորտային միջոցները նշված անձանց անունով Ղազախստանի Հանրապետության տարածքում գրանցված են տրանսպորտային միջոցները նույնականացնելու հնարավորություն տվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա՝ ներմուծման մաքսատուրքերի ցածր դրույքաչափերի կիրառմամբ շրջանառության մեջ բաց թողնելու մասին նշումով:
4. Անասնաբուժասանիտարական միջոցառումների ոլորտի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող նորմատիվ ակտերի պահանջներից տարբերվող պահանջների պահպանմամբ երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետություն ներմուծված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները և դրանցից արտադրված արտադրանքը չեն կարող տեղափոխվել այլ անդամ պետությունների տարածքներ:
Այդ նպատակով Ղազախստանի Հանրապետությունն ապահովում է համապատասխան ազգային իրավական ակտերի ընդունումը և բոլոր մյուս անդամ պետությունների կողմից հավանություն ստացած համակարգի ներդրումը, որով ապահովվում է անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների հետագծելիությունը, որոնց համար Ղազախստանի Հանրապետության կողմից կիրառվում են անասնաբուժասանիտարական միջոցառումների ոլորտի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող նորմատիվ ակտերի պահանջներից տարբերվող պահանջներ, և դրանցից արտադրված արտադրանքի հետագծելիությունը:
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները, որոնց համար Ղազախստանի Հանրապետության կողմից կիրառվում են անասնաբուժասանիտարական միջոցառումների ոլորտի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող նորմատիվ ակտերի պահանջներից տարբերվող պահանջներ, և դրանցից արտադրված արտադրանքը Ղազախստանի Հանրապետությունից այլ անդամ պետություններ տեղափոխելու դեպքում այդ ապրանքների և դրանցից արտադրված արտադրանքի ծագման հետագծելիության վերաբերյալ տվյալները պետք է փոխանցվեն այն անդամ պետության համապատասխան ազգային համակարգ, որի տարածք տեղափոխվում է ապրանքի տվյալ խմբաքանակը: Վերը նշված ապրանքների ներմուծումն առանց դրանց հետագծելիության վերաբերյալ տվյալների փոխանցման արգելվում է:
Այդ պահանջները խախտողների նկատմամբ կիրառվելու են անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության համապատասխան միջոցներ:
Հոդված 5
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
2. Սույն Արձանագրության մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
4. Սույն Արձանագրությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասն է կազմում։
Կատարված է Բուրաբայ քաղաքում, 2015 թվականի հոկտեմբերի 16-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ղրղզստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 11-ին