Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ԳԱՍՊԱՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 44769/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
20 սեպտեմբերի 2018թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Թիմ Այքե [Tim Eicke],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
Սիրանուշ Սահակյան [Siranush Sahakyan]` ad hoc (ժամանակավոր) դատավոր,
և Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,
2018 թվականի օգոստոսի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վարդգես Գասպարիի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի սեպտեմբերի 10-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 44769/08) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ. Շուշանյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ 2008 թվականի մարտի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրեն կալանքի տակ պահելու պայմանները հավասարազոր են եղել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, և որ իրեն կալանավորելու համար ներպետական դատարանները հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել:
4. Դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանների, 2008 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իր կալանքի ենթադրյալ անօրինականության, ինչպես նաև իրեն կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելու վերաբերյալ բողոքները 2011 թվականի նոյեմբերի 22-ին ուղարկվել են Կառավարություն, իսկ գանգատի մնացած մասը հայտարարվել է անընդունելի:
5. Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու գործի քննությանը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն): Հետևաբար Պալատի նախագահը որոշել է տկն Սիրանուշ Սահակյանին նշանակել որպես ad hoc դատավոր (29-րդ կանոնի 1(ա) կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուն ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում:
7. Դիմումատուն ազգությամբ հայ է, ծնվել և մեծացել է Իրանում, հետագայում մեկնել է Հայաստան՝ բնակություն հաստատելու նպատակով:
Ա. Դիմումատուի ձերբակալումը, կալանավորումը և դատապարտումը
8. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Այս կապակցությամբ բողոքի ցույցերն ի վերջո դադարեցվել են 2008 թվականի մարտի 1-ին՝ ոստիկանության միջամտությունից հետո, ինչը հանգեցրել է ցուցարարների ու իրավապահ մարմինների ծառայողների միջև բախումների և բազմաթիվ ձերբակալությունների:
9. 2008 թվականի մարտի 1-ին դիմումատուն, ով, ըստ էության, ոստիկանության կողմից միջամտության ժամանակ մոտ է եղել բողոքի ցույցի հիմնական վայրին, տարվել է ոստիկանության բաժանմունք՝ ոստիկանության ծառայողի վրա հարձակվելու կասկածանքով: Պարզվում է, որ երբ ոստիկանության բաժանմունքում դիմումատուից պահանջել են ներկայանալ, նա ներկայացել է որպես Վարդգես Գասպարյան:
10. 2008 թվականի մարտի 2-ին կազմված՝ դիմումատուի ձերբակալման արձանագրության մեջ նրա անունը նշված է թե՛ որպես Վարդգես Գասպարի և թե՛ որպես Վարդգես Գասպարյան:
11. 2008 թվականի մարտի 3-ով թվագրված արձանագրության մեջ քննիչը նշել է, որ դիմումատուի կինը ներկայացրել է նրա անձնագիրը, և որ դիմումատուի կողմից իր ինքնության վերաբերյալ ներկայացված տվյալները չեն համընկնում նրա անձնագրային տվյալների հետ:
12. 2008 թվականի մարտի 5-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, և բերվել է Երևան քաղաքի Արաբկիր և
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարան: Դատարանը քննության է առել դիմումատուի նկատմամբ երկու ամիս ժամկետով մինչդատական կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունն այն հիմքով, որ եթե նա մնար ազատության մեջ, ապա կարող էր թաքնվել քննությունից, խոչընդոտել արդարադատության իրականացումը, կատարել մեկ այլ հանցանք և խուսափել քրեական պատասխանատվությունից:
13. Դիմումատուն Վարչական շրջանի դատարանում պնդել է, որ միջնորդությունն անհիմն էր: Նա ուներ բարձրագույն կրթություն, ամուսնացած էր, ընկերության ղեկավար էր, իր խնամքի տակ ուներ անչափահաս երեխա և նախկինում դատվածություն չի ունեցել: Նրան մեղսագրվող արարքները դասվում էին միջին ծանրության հանցանքների շարքին, և հիմնավորում չի ներկայացվել, որ եթե նա մնար ազատության մեջ, ապա կխուսափեր քրեական պատասխանատվությունից:
14. Վարչական շրջանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ հաշվի առնելով մեղսագրվող հանցանքի վտանգավորության աստիճանը և այն հանգամանքը, որ եթե դիմումատուն մնար ազատության մեջ, ապա կարող էր թաքնվել քննությունից, խոչընդոտել վարույթի իրականացումը, կատարել մեկ այլ հանցանք և ազդել վկաների վրա:
15. 2008 թվականի մարտի 11-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ չի եղել որևէ ապացույց, ըստ որի, եթե նա մնար ազատության մեջ, ապա կթաքնվեր քննությունից, կխոչընդոտեր արդարադատության իրականացումը, ապօրինաբար կազդեր վկաների վրա, կկատարեր մեկ այլ հանցանք կամ կխուսափեր քրեական պատասխանատվությունից: Նա հասարակության շրջանում հարգված և վստահություն վայելող մարդ էր, հայտնի էր իր բարի համբավով, ուներ մշտական բնակության վայր, իր խնամքի տակ գտնվող անչափահաս երեխա և միշտ հարգել է օրենքը:
16. 2008 թվականի մարտի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործի նյութերից երևում է, որ ոստիկանության բաժանմունք բերվելուց հետո դիմումատուն Վարդգես Գասպարիի փոխարեն ներկայացել է որպես Վարդգես Գասպարյան՝ այդպիսով կեղծ տեղեկություններ ներկայացնելով իր ինքնության վերաբերյալ: Նրա իրական անունը պարզվել է միայն այն ժամանակ, երբ ներկայացվել է նրա անձնագիրը: Սա բավարար հիմքեր է տվել կարծելու, որ եթե դիմումատուն մնար ազատության մեջ, ապա կարող էր թաքնվել քննությունից, կեղծել կամ թաքցնել ապացույցներ և խոչընդոտել քննությունը՝ չներկայանալով քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչվելու դեպքում:
17. 2008 թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքի Կենտրոն և
Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը որոշել է գործը նշանակել դատական քննության և դիմումատուին պահել կալանքի տակ:
18. 2008 թվականի մայիսի 14-ին, հունիսի 17-ին, հուլիսի 17-ին և օգոստոսի 5-ին դիմումատուն դիմել է Վարչական շրջանի դատարան՝ իրեն ազատ արձակելու խնդրանքով:
19. Վարչական շրջանի դատարանը մերժել է մայիսի 14-ի և հունիսի 17-ի դիմումները՝ գտնելով, որ դիմումատուի կալանավորման հիմքերը դեռևս պահպանվում են։ Վարչական շրջանի դատարանը հետաձգել է հուլիսի 17-ի և օգոստոսի 5-ի դիմումների քննությունը մինչև կայացվելիք որոշման համար անհրաժեշտ հանգամանքները պարզվելը:
20. 2008 թվականի սեպտեմբերի 23-ի նիստի ժամանակ դիմումատուն ևս մեկ անգամ պնդել է, որ դատարանն իրեն ազատ արձակի, և խնդրել է, որ հիմնավորի իր որոշումը: Նախագահող դատավորը մերժել է որոշում կայացնել՝ նշելով, որ հուլիսի 17-ին դատարանն արդեն որոշել է հետաձգել այդ հարցի քննությունը: Պարզվում է, որ մի կողմից՝ վեճ է ծագել դիմումատուի ու վերջինիս փաստաբանի միջև, ով պնդում էր, որ դատավորը պետք է կա՛մ դիմումատուի պահանջի վերաբերյալ որոշում կայացնի, կա՛մ հեռացվի գործով վարույթից, իսկ մյուս կողմից՝ դատավորի ու դատախազի միջև, ով առարկում էր դատավորի՝ գործով վարույթից հեռացվելու պահանջի դեմ: Այնուհետև դիմումատուն ցանկացել է հեռանալ դատական նիստերի դահլիճից՝ որպես բողոք դատավորի ենթադրյալ անօրինական գործողությունների դեմ: Դատավորը որոշել է դիմումատուի նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ հեռացնելով նրան դատական նիստերի դահլիճից այն հիմքերով, որ նա խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքը, անբարեխղճորեն օգտվում է իր դատավարական իրավունքներից և անհարգալից կերպով հրաժարվում է կատարել դատավորի կարգադրությունները: Նիստը հետաձգվել է մինչև 2008 թվականի սեպտեմբերի 29-ը։
21. 2008 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի ժամանակ նախագահող դատավորը հրաժարվել է դիմումատուի փաստաբանին թույլտվություն տրամադրել, որպեսզի վերջինս դիմումատուին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնի: Դրանից հետո դիմումատուն հայտարարել է, որ ցանկանում է բացարկ հայտնել դատավորին: Ի պատասխան՝ դատավորը որոշել է ևս մեկ անգամ դատական սանկցիա կիրառել դիմումատուի նկատմամբ նույն հիմքերով, ինչպես և նախկինում՝ հեռացնելով նրան դատական նիստերի դահլիճից և նիստը հետաձգելով մինչև 2008 թվականի հոկտեմբերի 3-ը:
22. 2008 թվականի հոկտեմբերի 22-ին դիմումատուն մեկ այլ դիմում է ներկայացրել՝ խնդրելով գրավի դիմաց իրեն ազատ արձակել: Պարզվում է, որ այդ դիմումի մասով ոչ մի որոշում չի կայացվել:
23. 2008 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել և դատապարտել է ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով: Նրա պատժի սկիզբը պետք է հաշվարկվեր 2008 թվականի մարտի 2-ից: 2008 թվականի սեպտեմբերի 23-ից 29-ը և սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածները, որոնց ընթացքում դատական նիստերը հետաձգվել էին դիմումատուին դատական նիստերի դահլիճից հեռացնելու պատճառով, չպետք է հաշվարկվեին որպես նրա պատժի մաս՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 314.1-րդ հոդվածի 6-րդ մասի:
24. 2009 թվականի փետրվարի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով, որ միաժամանակ փոփոխություններ էին կատարվում ՔԴՕ-ի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասում (տե՛ս ստորև՝ 35-րդ պարբերությունը), և որի արդյունքում այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում դատական նիստերը հետաձգվել էին, պետք է հաշվարկվեին որպես դիմումատուի պատժի մաս, որոշում է կայացրել նրան ազատ արձակել այն հիմքով, որ նա արդեն կրել է իր մեկ տարի ժամկետով պատիժը:
Բ. Դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները
25. 2008 թվականի մարտի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պահվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
26. 2008 թվականի մարտի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պահվել է թիվ 9 խցում, որի մակերեսը կազմել է մոտավորապես 20-25 քմ, և որը բնակեցված է եղել 7-ից 8 խցակիցներով: Խուցը տեղակայված է եղել կիսանկուղային հարկում, եղել է շատ խոնավ և հակասանիտարական վիճակում: Օդը ծանր է եղել, քանի որ օդափոխության միակ աղբյուրը եղել է մեկ քմ մակերեսով պատուհանը, որի առջև եղել է աղբահոր՝ լցված մի քանի սանտիմետր բարձրության հասնող աղբով և վազվզող առնետներով: Երեկոյան խցի անկյունում գտնվող զուգարանը խցանվում էր, և վերևի հարկերի կեղտաջրերը հեղեղում էին խցի ամբողջ հատակը: Խցակիցների՝ բանտապահներին ներկայացված բողոքները ոչ մի արդյունք չեն տվել, և նրանց միայն թույլատրվել է հեղեղն ուղղել դեպի միջանցք: Դիմումատուն նամակ է հղել քրեակատարողական հիմնարկի պետին՝ բողոքելով խցում տիրող հակասանիտարական պայմաններից և մասնավորապես՝, հեղեղից և խնդրել է այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:
27. Մարտի 7-ի կեսօրին դիմումատուին տեղափոխել են թիվ 29 խուց, որի մակերեսը կազմել է մոտավորապես 20-25 քմ, և որը բնակեցված է եղել տասը խցակիցներով: Այդ խցում գտնվելու ժամանակ դիմումատուն հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք Հայաստանում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների դեմ:
28. Նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, դիմումատուն տեղափոխվել է թիվ 4 խուց, որտեղ նա պահվել է մինչև 2008 թվականի մարտի 14-ը: Նրա հետ խցում գտնվում էր հացադուլ հայտարարած մեկ այլ խցակից: Խցի մակերեսը կազմել է մոտավորապես 20 քմ և կրկին գտնվել է կալանավորված անձանց պահելու վայրի կիսանկուղային հարկում: Պայմանները, ենթադրաբար, եղել են հակասանիտարական, օդը եղել է խոնավ և լցված՝ գարշահոտությամբ: Նկուղային հարկի խցի միակ պատուհանը կազմել է 1քմ, որի առջև եղել է հոր և թույլ չի տվել, որ բնական լույսը ներթափանցի խուց: Խցերից դուրս որևէ տեսակի զբաղմունքն արգելված է եղել:
29. 2008 թվականի մարտի 14-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պահվել է թիվ 79 խցում, որի մակերեսը կազմել է 20 քմ: Խցում եղել է համեմատաբար հանգիստ, և [այն] ապահովված է եղել օդափոխությամբ:
30. 2008 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պահվել է թիվ 20 խցում, որի մակերեսը կազմել է մոտավորապես 20 քմ, և որը բնակեցված է եղել 10-12 խցակցով: Գրեթե բոլոր իր խցակիցները ծխող են եղել: Լինելով չծխող՝ նա շարունակաբար շնչահեղձ է եղել, և աչքերն անընդհատ լցվել են արցունքով: Հեռուստացույցը միացված է եղել 24 ժամ շարունակ, ինչը նրա քունը խանգարել է: 2008 թվականի ապրիլի 15-ին զուգարանը խցանվել է, և վերևի հարկերից կեղտաջրերը հեղեղել են խցի հատակը: Դիմումատուն բողոքել է, և նրան տեղափոխել են հաջորդ հարկում գտնվող թիվ 42 խուց:
31. 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պահվել է թիվ 42 խցում, որի մակերեսը կազմել է մոտավորապես 25 քմ, և որը բնակեցված է եղել մինչև 14 խցակցով: Խցում եղել է միայն ութ մահճակալ, ուստի խցակիցները ստիպված են եղել քնել հերթով: Խցում թարմ օդի խիստ պակաս է եղել, քանի որ գրեթե բոլոր իր խցակիցները ծխող են եղել: Սանիտարական պայմանները եղել են համեմատաբար բավարար:
32. 2008 թվականի սեպտեմբերի 4-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պահվել է թիվ 10 խցում, որի մակերեսը կազմել է մոտավորապես 12 քմ, և որը բնակեցված է եղել 3-4 խցակցով:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քրեական օրենսգիրք (2003 թվականի օգոստոսի 1–ի դրությամբ գործող)
33. 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու մեկ օրը հաշվարկվում է ազատազրկման ձևով նշանակված պատժի մեկ օրվա դիմաց:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրք (1999 թվականի հունվարի 12-ի դրությամբ գործող)
34. Տվյալ ժամանակահատվածում գործող 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում էր նիստերի դահլիճից հեռացնելը որպես սանկցիա, որը դատարանն իրավունք ունի կիրառելու դատավարությանը մասնակցող անձանց, դատավարության մյուս մասնակիցների և դատական նիստին ներկա գտնվող անձանց նկատմամբ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում: 314.1-րդ հոդվածի 6-րդ հոդվածով նախատեսվում էր, որ մեղադրյալի նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացնելը որպես սանկցիա կիրառելու դեպքում նիստը հետաձգվում է մինչև երկու շաբաթ ժամկետով: Հետաձգման ժամկետը չի հաշվվում պատժի ժամկետի մեջ:
35. 2009 թվականի փետրվարի 5-ին հետադարձ ուժ ունեցող փոփոխություն է կատարվել 314.1-րդ հոդվածի 6-րդ մասում՝ ուժը կորցրած ճանաչելով այն մասը, որը վերաբերում էր հետաձգման ժամկետը պատժի ժամկետի մեջ չհաշվարկելուն:
Գ. Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենք (2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործող)
36. 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դիմումներ և բողոքներ: Դիմումը կարող է ներկայացվել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին:
37. 20-րդ հոդվածով նախատեսվում է, որ ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ նորմերին: Հատկացված բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից` յուրաքանչյուր անձի համար:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ). Զեկույց Հայաստանի կառավարությանը` 2008 թվականի մարտի 15-ից 17-ը ԽԿԿ-ի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ, CPT/Inf(2010)7
38. 2008 թվականի մարտի 15-ից 17-ը ԽԿԿ-ն հատուկ այց է կատարել Հայաստան: Այցի հիմնական նպատակը «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների կապակցությամբ կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքի դեպքերն ուսումնասիրելն էր այն բանից հետո, երբ տարբեր աղբյուրներից ստացվեցին բազմաթիվ հաղորդումներ այն պնդմամբ, որ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ ուժ է գործադրվում, և որ մտահոգիչ է կալանավորված անձանց ճակատագիրը»: Այցի ընթացքում ԽԿԿ-ն, ի թիվս այլ հիմնարկների, այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերոնշյալ անձանցից մի քանիսի հետ հարցազրույց է անցկացրել նրանց ձերբակալման հանգամանքների, այդ թվում՝ վատ վերաբերմունքի ցանկացած ենթադրյալ դեպքի առնչությամբ: Ինչ վերաբերում է նշված հիմնարկում կալանքի տակ պահելու պայմաններին, ապա ԽԿԿ-ի զեկույցում նշված է՝
«Հաշվի առնելով այցի բնույթը՝ ԽԿԿ-ի պատվիրակությունը մանրամասնորեն չի ուսումնասիրել այցելված երեք հիմնարկներում կալանքի տակ պահելու պայմանները: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի շարք բանտարկյալներ, որոնցից հարցազրույց է վերցվել, բողոքել են, որ իրենց բացօթյա զբոսանքի հնարավորություն չի տրվել (մինչև 10 օրվա ընթացքում)»:
Բ. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2008 թվականի մարտի 12-ից 15-ը Հայաստան կատարած իր հատուկ առաքելության զեկույց, CommDH(2008)11REV, 2008 թվականի մարտի 20
39. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը 2008 թվականի մարտի 12-ից 15-ը հատուկ այց է կատարել Հայաստան: Այցի նպատակը «մարդու իրավունքների հետ կապված ընդհանուր իրավիճակը և հետընտրական բախումներից հետո հայտարարված արտակարգ դրության ազդեցությունը դիտանցելն էր»: Պարզվում է, որ իր այցի ընթացքում Հանձնակատարն այդ դեպքերի կապակցությամբ հարցազրույցներ է անցկացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող մի շարք անձանց հետ: Հանձնակատարի՝ իր այցից հետո կազմված զեկույցում անդրադարձ չի կատարվել այդ հիմնարկում կալանքի տակ պահելու պայմաններին:
Գ. ԽԿԿ. Զեկույց Հայաստանի կառավարությանը՝ 2010 թվականի մայիսի 10-ից 21-ը ԽԿԿ-ի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ, CPT/Inf(2011)24
40. Այդ զեկույցի համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ՝
«61. … Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը ընդհանուր երևույթ էր այցելված բոլոր քրեակատարողական հիմնարկներում. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը դրա ամենացայտուն օրինակն էր: Պատվիրակությունն ականատես է եղել, թե ինչ բացասական ազդեցություն է թողել գերբնակեցումը քրեակատարողական հիմնարկում կյանքի շատ ոլորտների վրա. խցակիցների՝ առկա մահճակալների վրա հերթով քնելը, նեղ և հակահիգիենիկ կացարանները, կոնստրուկտորական աշխատանքների գրեթե լրիվ բացակայությունը և բացօթյա զբոսանքների հնարավորության սահմանափակումները ...
81. Ինչ վերաբերում է նյութակենցաղային պայմաններին, ապա խցերի մեծ մասը լրջորեն գերբնակեցված էր, խցակիցների մեծ մասը քնում էր հերթով՝ առկա մահճակալների, հատակի վրա (օր.՝ 26 քմ մակերեսով խցում 19 բանտարկյալի համար դրված էր 12 մահճակալ):
Խցերի մեծ մասը (և խցերում տեղադրված զուգարանները) գտնվում էին կիսաքանդ վիճակում ... Օդափոխությունը վատ էր իրականացվում, և հոսող ջուրը մատակարարվում էր օրական առավելագույնը չորս ժամ (երկու ժամ՝ առավոտյան և երկու ժամ՝ երեկոյան):
Ավելին, ցնցուղներն ընդհանուր առմամբ գտնվում էին վերանորոգման անմխիթար վիճակում, և բանտարկյալները հնարավորություն ունեին օգտվելու դրանցից լավագույն դեպքում շաբաթը մեկ, իսկ ավելի հաճախ՝ միայն երկու շաբաթը մեկ անգամ:
82. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բացօթյա զբոսանքի հարցը ԽԿԿ-ի 2002 թվականի առաջին այցից ի վեր շարունակում էր մնալ չլուծված: Բացօթյա զբոսանքը մինչ այժմ չէր կազմակերպվում շաբաթ և կիրակի օրերին հիմնականում անձնակազմի սակավաթիվ լինելու պատճառով, և հարցազրույց անցած բանտարկյալներից շատերը նշել էին, որ գործնականում, նրանց թույլատրվում էր զբոսնել միայն մեկ անգամ՝ շաբաթական երեք անգամ զբոսանքի փոխարեն:
Բացի քիչ թվով բանտարկյալներից, որոնք աշխատում էին հիմնարկի ընդհանուր սպասարկման ոլորտում (օրինակ՝ մաքրություն, վերանորոգման աշխատանքներ, խոհանոցային աշխատանք), խցակիցների գերակշիռ մեծամասնությունը փակված էր իրենց խցերում օրական 23 կամ նույնիսկ 24 ժամ՝ չունենալով այլ զբաղմունք, քան հեռուստացույց դիտելը, սեղանի խաղեր խաղալը կամ ընթերցանությունը»:
Դ. ԽԿԿ. Զեկույց Հայաստանի կառավարությանը՝ 2015 թվականի հոկտեմբերի 5-ից 15-ը ԽԿԿ-ի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ, CPT/Inf(2016)3 41. Այդ զեկույցի համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ՝
«63. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նյութական պայմանները հիմնականում նույնն էին մնացել, ինչպիսին որ կային 2010 թվականի պարբերական այցի ժամանակ, այսինքն՝ դրանք անընդունելի էին: Չնայած տեղի ուժերով (հիմնականում հենց բանտարկյալների կողմից ու շատ դեպքերում իրենց սեփական միջոցների կամ իրենց ընտանիքների միջոցների հաշվին) ձեռնարկված ջանքերին, քրեակատարողական հիմնարկը գտնվում էր ծայրահեղ վատթար վիճակում: Ավելին, այն չափից դուրս գերբնակեցված էր (նույնիսկ հաշվի առնելով 2010 թվականին բնակչության թվի նվազումը), իսկ որոշ բանտարկյալներ չունեին իրենց սեփական մահճակալն ու հերթով էին քնում: Պատվիրակության կողմից դիտարկված մի շարք ստանդարտ՝ 12 մահճակալ ունեցող խցերում կարող էին լինել մինչև անգամ 17 բանտարկյալներ, ու բացառություն չէր նաև 14 խցակիցներ տեսնելը, հատկապես կալանավորված անձանց պահելու մասնաշենքերում (օրինակ՝ թիվ 16, 34 և 51 խցերում):
Շատ խցեր (հատկապես առաջին հարկում) խոնավ էին, թաց, բորբոսապատ, թույլ լուսավորված և վատ օդափոխվող, կեղտոտ ու վնասատուներով վարակված: Դեռևս առկա էին ջրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ (ջուրը շարունակում էր հասանելի լինել օրական առավելագույնը 4 ժամով): Ընդհանուր օգտագործման լողասենյակները/ցնցուղները կիսաքանդ վիճակում էին, իսկ ցնցուղ ընդունելու հնարավորությունն ընձեռվում էր առավելագույնը շաբաթական մեկ անգամ: Խցերի մեծ մասում միայն կիսով չափ առանձնացված սանհանգույցներ կային: Խոհանոցը և լվացքատունը նույնպես կիսաքանդ վիճակում էին:
Բացի դրանից, բացօթյա զբոսանքները դեռևս անհասանելի էին շաբաթ և կիրակի օրերին, իսկ եթե դրա հնարավորությունը տրվում էր, ապա, ըստ հաղորդումների, այն միշտ չէ, որ մեկ ժամ էր տևում: Բանտարկյալների մեծ մասն ստիպված էր օգտվել հիմնարկի տանիքին գտնվող նույն փոքր և անհարմար բակերից:
...
65. Ընդհանուր առմամբ, Կոմիտեն այն կարծիքին է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կառուցվածքն ու ներկայիս վիճակն այնքան անհամապատասխան են, որ լուրջ մտածելու տեղիք են տալիս հիմնարկի ապագայի և դրանում հետագա ներդրումների նպատակահարմարության առնչությամբ (փոխարենը դիտարկելով առկա ռեսուրսները մեկ այլ վայրում կալանքի տակ պահելու պատշաճ պայմաններ ապահովելուն ուղղելու տարբերակը): Ամեն դեպքում, եթե որոշում կայացվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը ներկայիս տարածքում շարունակելու վերաբերյալ, ապա կենսականորեն անհրաժեշտ կլինի իրականացնել զանգվածային և համապարփակ հիմնանորոգման աշխատանքներ, որոնցով կլուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են բնական լույսի, արհեստական լուսավորության, օդափոխության ապահովումը, սանհանգույցների լրիվ առանձնացումը, ջրամատակարարումը, ընդհանուր օգտագործման լողասենյակների/ցնցուղների վիճակը, վերաներկումը, վարակազերծումը, խցերում և խոհանոցում հիգիենայի ապահովումը»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
42. Դիմումատուն բողոքել է, որ իրեն կալանքի տակ պահելու պայմանները եղել են այնպիսին, որ հանգեցրել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման, որում ամրագրված է՝
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
Ա. Ընդունելիությունը
43. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նա «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով երբեք բողոք չի ներկայացրել դատարան, համաձայն որի՝ ազատությունից զրկված անձինք իրավունք ունեն իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներով դիմել դատարան:
44. Դիմումատուն Կառավարության առարկության վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել:
45. Դատարանը կրկին նշում է, որ չսպառելու մասին պնդող Կառավարությունը պարտավոր է Դատարանում ապացուցել, որ իրավական պաշտպանության այդ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի, այսինքն` այն մատչելի է եղել, դրա միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև դրանով ընձեռվել է հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար։ Այն դեպքում, երբ ապացուցման այս պարտականությունը բավարարված է, դիմումատուն պարտավոր է ապացուցել, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառված է եղել կամ որոշ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ, կամ որ առկա են եղել հատուկ հանգամանքներ, որոնք նրան ազատել են այդ պահանջի կատարումից (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Kalashnikov v. Russia (dec.)], թիվ 47095/99, 2001 թվականի սեպտեմբերի 18, Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի [Melnik v. Ukraine], թիվ 72286/01, § 67, 2006 թվականի մարտի 28 և Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և ևս 29-ը, § 77, 2014 թվականի մարտի 25):
46. Դատարանը նշում է, որ նախորդ գործի շրջանակներում ուսումնասիրել է այն առարկությունը, որ դիմումատուն չի սպառել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավական պաշտպանության ներպետական միջոցը, և որոշել է, որ իրավական պաշտպանության այդ միջոցն արդյունավետ չի եղել (տե՛ս Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի [Kirakosyan v. Armenia], թիվ 31237/03, §§ 57-58, 2008 թվականի դեկտեմբերի 2): Թեև այդ գործի և սույն գործի միջև առկա են անհերքելի տարբերություններ, այնուամենայնիվ, Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ նոր ապացույց, որով կհիմնավորվեր Կառավարության կողմից վկայակոչվող իրավական պաշտպանության ներպետական միջոցի արդյունավետությունը: Այդ իսկ պատճառով Դատարանը մերժում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը:
47. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
48. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի մարտի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրեն կալանքի տակ պահելու պայմանները հավասարազոր են եղել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի՝ խախտելով 3-րդ հոդվածը:
49. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները եղել են ԽԿԿ ստանդարտներին համապատասխան: Հղում կատարելով ԽԿԿ-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2008 թվականի մարտին Հայաստան, այդ թվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցերից հետո կազմված զեկույցներին՝ Կառավարությունը պնդել է, որ եթե այդ հիմնարկում կալանքի տակ պահելու պայմանների առնչությամբ նշված զեկույցներում որևէ բացասական եզրահանգում տեղ չի գտել, ապա պայմանները եղել եմ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված և կալանավորված անձանց համար ապահովված է բավարար բնակելի տարածություն:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
50. Անձին ազատությունից զրկելու համատեքստում Դատարանը հետևողականորեն ընդգծել է, որ 3-րդ հոդվածի ներքո դասակարգվելու համար, պատճառված տառապանքը և նվաստացումը ցանկացած դեպքում պետք է անցնեն կալանքի հետ կապված տառապանքի և նվաստացման անխուսափելի սահմանը: Պետությունը պետք է ապահովի, որ անձը կալանքի տակ պահվի այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են նրա արժանապատվությունը հարգելու հետ, որ միջոցի կիրառման եղանակի և մեթոդի հետևանքով նա չենթարկվի այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որը գերազանցում է կալանքի տակ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը, ինչպես նաև այն, որ նրա առողջությունն ու բարեկեցությունը պատշաճորեն պահպանվի՝ հաշվի առնելով ազատությունից զրկելու հետ կապված գործնական պահանջները (տե´ս, ի թիվս այլ վճիռների, Մուրշիչն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Muršić v. Croatia [GC]], թիվ 7334/13, § 99, ՄԻԵԴ 2016):
51. Դատարանը վճռել է, որ երբ բանտերի բազմատեղանոց խցերում կալանավորվածին հատկացվող անձնական տարածքը 3 քմ-ից պակաս է լինում, ապա անձնական տարածքի բացակայությունն այնքան լուրջ է համարվում, որ առաջանում է 3-րդ հոդվածի խախտման հիմնավոր կանխավարկած: Ապացուցման պարտականությունը դրված է պատասխանող Կառավարության վրա, որը, այնուամենայնիվ, կարող է հերքել այդ կանխավարկածը՝ մատնանշելով այն գործոնները, որոնցով հնարավոր կլիներ բավարար չափով փոխհատուցել անձնական տարածքի փոքր լինելը: Որպես կանոն՝ 3-րդ հոդվածի խախտման հիմնավոր կանխավարկածը հնարավոր կլինի հերքել միայն, եթե հետևյալ գործոններն ապահովվեն միասին՝ 1) 3 քմ մակերեսով՝ պահանջվող նվազագույն անձնական տարածքի կրճատումները կարճ, պատահական և աննշան են. 2) այդ կրճատումներին զուգահեռ տրամադրվում է խցից դուրս գալու բավարար ազատություն, և ապահովվում է խցերից դուրս բավարար զբաղմունք, և 3) դիմումատուն, ընդհանուր առմամբ դիտարկելիս, փակված է պահման բավարար պայմաններ ունեցող հիմնարկում, և նրան կալանքի տակ պահելու պայմանները վատթարացնող այլ հանգամանքներ առկա չեն (նույն տեղում, §§ 137-38):
52. Այն դեպքերում, երբ քննվում է մի բանտախցի հարց, որտեղ անձնական տարածքի մակերեսը յուրաքանչյուր խցակցի հաշվով տատանվում է 3-ից 4 քմ, ապա տարածքի բաղադրիչը մնում է ծանրակշիռ գործոն կալանքի տակ պահելու պայմանների բավարար լինելու մասով Դատարանի գնահատականում: Նման դեպքերում կհամարվի, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում, եթե տարածքի գործոնը զուգորդվի կալանքի տակ պահելու այնպիսի ոչ բավարար ֆիզիկական պայմանների մյուս հայեցակետերի հետ, ինչպիսիք են, մասնավորապես, բացօթյա զբոսանքների, բնական լույսի կամ օդի, օդափոխության, բավարար սենյակային ջերմաստիճանի առկայությունը, առանց այլ անձանց ներկայության զուգարանից օգտվելու հնարավորությունը և հիմնական սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանությունը (նույն տեղում, § 139):
53. Դատարանը նաև ընդգծել է, որ այն դեպքերում, երբ բանտերի բազմատեղանոց խցերում կալանավորվածներին հատկացվում է 4 քմ մակերեսից ավելի անձնական տարածք, և հետևաբար երբ անձնական տարածքի խնդրի հետ կապված հարց չի առաջանում, ապա կալանքի տակ պահելու ֆիզիկական պայմանների հետ կապված մյուս հայեցակետերը մնում են կարևոր՝ կալանքի տակ պահելու պայմանները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով բավարար լինելու մասով Դատարանի գնահատականում (նույն տեղում, § 140):
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
54. Սույն գործով դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի մարտի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրեն կալանքի տակ պահելու պայմանները չեն համապատասխանել 3-րդ հոդվածի պահանջներին: Դատարանն ի սկզբանե նշում է, որ թեև Կառավարությունը վիճարկել է դիմումատուի՝ այդ հիմնարկում իրեն կալանքի տակ պահելու պայմանների մասին պնդումները, այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել իր փաստարկները հիմնավորող որևէ ապացույց կամ չի տրամադրել դիմումատուին պահելու կոնկրետ պայմանների մասին որևէ մանրամասն տեղեկություն: Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նշված երկու զեկույցներին, ապա Դատարանը նշում է, որ նրանցից ոչ մեկում կոնկրետ անդրադարձ չի կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահելու պայմաններին: Այս առնչությամբ ԽԿԿ-ի զեկույցում տեղ գտած միակ դիտարկումը հիմք էր տալիս ենթադրելու, որ հնարավոր է, որ որոշ կալանավորված անձինք չունեն խցից դուրս զբաղմունք (տե՛ս վերևում՝ 38-րդ և 39-րդ պարբերությունները): Միևնույն ժամանակ Դատարանը չի կարող անտեսել ԽԿԿ-ի՝ 2015 թվականին կատարած իր պարբերական այցից հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահելու ընդհանուր պայմանների մասով արված եզրահանգումները, համաձայն որոնց՝ ԽԿԿ-ի 2010 թվականին կատարած պարբերական այցից հետո դրանք մնացել էին նույնը և առաջացրել էին բազմաթիվ հարցեր (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը): Դատարանը մտահոգված է այն փաստով, որ երկու պարբերական այցերն էլ տեղի են ունեցել սույն գործի հանգամանքներից հետո: Այնուամենայնիվ, չկա ոչինչ, որը թույլ կտար ենթադրել, որ այդ հիմնարկում կալանքի տակ պահելու պայմանները զգալիորեն տարբեր էին այն ժամանակ, այսինքն՝ 2008 թվականին, երբ դիմումատուն պահվում էր այնտեղ: Այս պարագայում Դատարանը չունի դիմումատուի պնդումները կասկածի տակ դնելու որևէ հիմք և կշարունակի իր քննությունը՝ հիմք ընդունելով դրանք:
55. Դատարանը նշում է, որ դիմումատուն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում պահվել է յոթ տարբեր խցերում, որտեղ կալանքի տակ պահվելու պայմանները տարբեր են եղել (տե՛ս վերևում՝ 26-32-րդ պարբերությունները): Դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ ուսումնասիրել այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում դիմումատուին հատկացվել է 3 քմ-ից պակաս անձնական տարածք, այնուհետև այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում նրան հատկացված անձնական տարածքը կազմել է 3 և 4 քմ մակերես և վերջապես մնացած բոլոր ժամանակահատվածները: Քանի որ Դատարանն այս առնչությամբ Կառավարությունից չի ստացել որևէ տեղեկություն, և քանի որ դիմումատուի կողմից այս առնչությամբ ներկայացված փաստարկները բավականաչափ ճշգրիտ չեն, ուստի խցերի չափսերի և խցակիցների թվի վերաբերյալ Դատարանին հասանելի տեղեկությունները միայն մոտավոր են: Այնուամենայնիվ, Դատարանի մոտ առկա տեղեկությունները թույլ են տալիս նրան հանգել հետևյալ եզրակացությունների:
i) Այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում դիմումատուին հատկացվել է 3 քմ-ից պակաս անձնական տարածք
56. Եղել են երկու ժամանակահատվածներ, որոնց ընթացքում դիմումատուին հստակ հատկացվել է 3 քմ-ից պակաս անձնական տարածք՝ 2008 թվականի մարտի 7, թիվ 29 խցում (մոտավորապես երկու ժամ՝ մոտավորապես 2-ից 2.5 քմ մակերեսում) և 2008 թվականի մարտի 20-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատված, թիվ 20 խցում (քսանվեց օր՝ մոտավորապես 1.6-ից 2 քմ մակերեսում) (տե՛ս վերևում՝ 27-րդ և 30-րդ պարբերությունները):
57. Ինչ վերաբերում է առաջին ժամանակահատվածին, ապա Դատարանը նկատում է, որ այն բավականին կարճ է եղել, այսինքն՝ տևել է մոտավորապես երկու ժամ: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ դիմումատուն թիվ 29 խցից տեղափոխվել է թիվ 9 խուց, որը եղել է գերբնակեցված և հակասանիտարական վիճակում (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը): Թիվ 29 խցից հետո նա տեղավորվել է թիվ 4 խցում, որտեղ պայմանները նույնպես չեն բավարարել 3-րդ հոդվածի պահանջները (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը): Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը ցույց չի տվել, որ առկա են եղել այնպիսի գործոններ, որոնցով հնարավոր կլիներ հերքել 3-րդ հոդվածի խախտման հիմնավոր կանխավարկածը: Ուստի, չնայած այն հանգամանքին, որ դիմումատուն թիվ 29 խցում, ընդհանուր առմամբ, երկար չի գտնվել, այնուամենայնիվ, Դատարանը կարծում է, որ այդ խցում նրա կալանքը պետք է համարվի որպես ավելի երկար, տևական իրավիճակի մաս և այդ պատճառով
3-րդ հոդվածի իմաստով հավասարազոր է եղել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:
58. Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածին, ապա հաշվի առնելով դրա տևողությունը և դիմումատուի տրամադրության տակ գտնվող անձնական տարածքի չափսը, Դատարանը բավարար է համարում եզրակացնել, որ այդ ժամանակահատվածը կասկածի տակ չի դնում 3-րդ հոդվածի խախտման հիմնավոր կանխավարկածը: Ուստի թիվ 20 խցում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանների հետևանքով նա ենթարկվել է այնպիսի ծանրության զրկանքների, որը գերազանցում է կալանքի տակ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը՝ այսպիսով հավասարազոր լինելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված նվաստացնող վերաբերմունքի (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում նշված՝ Մուրշիչի գործը, §§ 151-153):
ii) Այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում դիմումատուին կարող է հատկացված լիներ կամ թվում է, թե հատկացվել է 3 քմ-ից պակաս անձնական տարածք
59. Դատարանն այստեղ անդրադառնում է այն ժամանակահատվածներին, որոնք դիմումատուն անցկացրել է թիվ 9 (2008 թվականի մարտի 6-ից 7-ը) և թիվ 42 (2008 թվականի ապրիլի 15-ից սեպտեմբերի 4-ը) խցերում (տե՛ս վերևում՝ 26-րդ և 31-րդ պարբերությունները):
60. Ինչ վերաբերում է առաջին ժամանակահատվածին, ապա դիմումատուի փաստարկները թույլ չեն տալիս Դատարանին պարզելու, թե արդյոք թիվ 9 խցում գտնվելու ընթացքում նրան հատկացվել է 3 քմ-ից ավելի, թե դրանից պակաս անձնական տարածք: Ամեն դեպքում ակնհայտ է, որ նրան վատագույն դեպքում պետք է հատկացված լիներ 2.5 քմ և լավագույն դեպքում՝ 3.57 քմ անձնական տարածք: Եթե նույնիսկ ենթադրենք, որ նրան հատկացվել է 3.57 քմ անձնական տարածք, այնուամենայնիվ, այն 4 քմ-ից պակաս է և հետևաբար հավասարազոր է Դատարանի գնահատականում ծանրակշիռ գործոնի: Ճիշտ է, որ դիմումատուն թիվ 9 խցում գտնվել է բավականին կարճ ժամանակ, այսինքն՝ միայն մեկ օր: Այնուամենայնիվ, հաշվի առնելով խցում կալանքի տակ պահելու ֆիզիկական պայմանների մյուս հայեցակետերը, այդ թվում՝ խցում բնական լույսի և թարմ օդի ենթադրյալ պակասությունն ու հակասանիտարական վիճակը՝ Դատարանը կարծում է, որ թիվ 9 խցում պայմանները միասին եղել են այն շեմի սահմաններում, որով կարելի է արձանագրել, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում:
61. Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածին, ապա Դատարանը նշում է, որ այն տևել է ընդհանուր 143 օր, որի ընթացքում, ինչպես երևում է, եղել են ժամանակահատվածներ, երբ դիմումատուի տրամադրության տակ եղել է ընդամենը 1.78 քմ անձնական տարածք այն դեպքում, երբ խցում տեղավորված են եղել 14 խցակիցներ: Ճիշտ է, որ դիմումատուն չի նշել այդ ժամանակահատվածների հաճախականությունը և տևողությունը: Այնուամենայնիվ, Դատարանը հաշվի է առնում դիմումատուի այն պնդումը, որ այդ ժամանակահատվածում անհատական քնելու տեղ չի ունեցել, ինչը, բացի այն, որ ինքնին խնդիր է, նաև վկայում է այն մասին, որ, հաշվի առնելով մահճակալների թիվը, խցում մշտապես տեղավորված է եղել առնվազն ինը խցակից՝ դիմումատուին թողնելով ոչ ավելի, քան 2.77 քմ անձնական տարածք: Նշված հանգամանքները, ինչպես նաև ենթադրաբար ծխի մշտական ազդեցության տակ գտնվելը բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ թիվ 42 խցում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները 3-րդ հոդվածի իմաստով հավասարազոր են եղել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:
iii) Այն ժամանակահատվածը, որի ընթացքում դիմումատուին հատկացվել է 3-ից 4 քմ անձնական տարածք
62. 2008 թվականի սեպտեմբերի 4-ից 23-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պահվել է թիվ 10 խցում, որտեղ նրան հատկացված է եղել 3-ից 4 քմ անձնական տարածք (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, դիմումատուն այդ խցում իրեն կալանքի տակ պահելու պայմանների հետ կապված որևէ այլ պնդում չի ներկայացրել: Թեև տարածքի բաղադրիչը Դատարանի գնահատականում մնում է ծանրակշիռ գործոն, այնուամենայնիվ, միայն այդ գործոնը բավարար չէ, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ թիվ 10 խցում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները 3-րդ հոդվածի իմաստով հավասարազոր են եղել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:
iv) Մնացած ժամանակահատվածները
63. Դատարանն անդրադառնում է կալանքի՝ մնացած վերջին երկու ժամանակահատվածներին, հատկապես՝ 2008 թվականի մարտի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածին` թիվ 4 խցում, և 2008 թվականի մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածին` թիվ 79 խցում (տե՛ս վերևում՝ 28-րդ և 29-րդ պարբերությունները)։
64. Ինչ վերաբերում է առաջին ժամանակահատվածին, ապա Դատարանը նշում է, որ թիվ 4 խուցը եղել է բազմատեղանոց, և այդ ժամանակահատվածում դիմումատուն իր տրամադրության տակ ունեցել է 10 քմ անձնական տարածք: Ուստի անձնական տարածքի հարցի վերաբերյալ որևէ խնդիր չի ծագում՝ կապված այդ խցում դիմումատուի գտնվելու հետ: Այնուամենայնիվ, Դատարանը պետք է հաշվի առնի տվյալ խցում նրան կալանքի տակ պահելու ֆիզիկական պայմանների մյուս հայեցակետերը: Դատարանը նշում է, որ այդ ամբողջ ժամանակահատվածում, որը տևել է յոթ օր, դիմումատուին չի թույլատրվել ունենալ խցից դուրս որևէ տեսակի զբաղմունք, և [նա] փակված է եղել իր խցում: Թեև նա կոնկրետ չի նշել խցի ենթադրյալ հակասանիտարական վիճակի, խցից դուրս որևէ տեսակի զբաղմունքի բացակայության մասին, ինչը զուգորդվել է կեղտաջրերի ենթադրյալ գարշահոտությամբ և բնական լույսի բացակայությամբ, այնուամենայնիվ, այս ամենը ստիպել են Դատարանին եզրակացնել, որ այդ խցում նրան կալանքի տակ պահելու պայմանները 3-րդ հոդվածի իմաստով հավասարազոր են եղել նվաստացնող վերաբերմունքի:
65. Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուն որևէ տեղեկություն չի տրամադրել թիվ 79 խցում պահվող խցակիցների թվի վերաբերյալ: Նա նաև չի պնդել, որ խուցը եղել է գերբնակեցված: Ընդհակառակը նա պնդել է, որ խցում եղել է «համեմատաբար հանգիստ, և [այն] ապահովված է եղել օդափոխությամբ»: Ուստի հիմքեր չկան եզրակացնելու, որ այդ խցում նրան կալանքի տակ պահելու պայմաններով խախտվել են 3-րդ հոդվածի պահանջները:
v) Եզրակացություն
66. Դատարանը գտնում է, որ թիվ 29, 20, 9, 42 և 4 խցերում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանների առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
67. Մյուս կողմից՝ թիվ 10 և 79 խցերում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանների մասով Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
68. Դիմումատուն բողոքել է, որ այն փաստը, որ դատական նիստի հետաձգման ժամանակ, մասնավորապես՝ 2008 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածը, որը նա անցկացրել է կալանքի տակ, և որը չի հաշվարկվել որպես նրա պատժի մաս, խախտել է Կոնվենցիայի
5-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները:
69. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չէր կարող հանդես գալ որպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման զոհ: Առաջին՝ Վարչական շրջանի դատարանի` դատական նիստը հետաձգելու ընթացքում կալանքի ժամանակահատվածը որպես նրա պատժի մաս չհաշվարկելու մասին որոշումը կայացվել է տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրությանը, մասնավորապես՝ ՔԴՕ-ի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Երկրորդ՝ 2009 թվականի փետրվարի 5-ին ՔԴՕ-ի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասում հետադարձ ուժ ունեցող փոփոխություն է կատարվել, որի արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վարչական շրջանի դատարանի որոշումը և տվյալ ժամանակահատվածը հաշվարկել է որպես դիմումատուի պատժի մաս:
70. Դիմումատուն Կառավարության առարկության վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել, սակայն պնդել է, որ Վարչական շրջանի դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված սանկցիաները չեն բավարարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով օրինականության սկզբունքը: Մասնավորապես, թեև սանկցիաները կիրառվել են օրենքով նախատեսված նպատակներով, դրանք եղել են ռեպրեսիվ միջոցներ՝ իր իրավունքների իրացումը խոչընդոտելու նպատակով:
71. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն գանգատ ներկայացնելու համար անձը պետք է կարողանա պնդել, որ ինքը դարձել է Կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման «զոհ». պնդելու համար, որ դարձել է խախտման զոհ, անձը պետք է անմիջականորեն տուժած լինի վիճարկվող միջոցից (տե՛ս Բրդենն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Burden v. The United Kingdom [GC]], թիվ 13378/05, § 33, ՄԻԵԴ 2008): Սույն գործով ՔԴՕ-ի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներն ըստ էության չեն կիրառվել դիմումատուի գործով, քանի որ այդ դրույթի համապատասխան մասը ճանաչվել է ուժը կորցրած այն ժամանակահատվածում, երբ դիմումատուն դեռևս կրում էր իր պատիժը: Արդյունքում այն ժամանակահատվածը, որի ընթացքում դիմումատուն անցկացրել է կալանքի տակ, չի գերազանցել ի սկզբանե սահմանված նրա պատժի ժամկետը: Այդպիսի հանգամանքներում Դատարանը համաձայն է Կառավարության հետ, որ դիմումատուն չի կարող պնդել, որ ինքը եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման զոհ:
72. Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասը ratione personae (պետության պատասխանատվության) հիմքով անհամատեղելի է և ենթակա է մերժման՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին և 4-րդ կետին համապատասխան։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
73. Դիմումատուն բողոքել է, որ իրեն կալանավորելու համար ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, որն այնքանով, որքանով վերաբերում է սույն գործին, ունի հետևյալ բովանդակությունը՝
«Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք …… ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննության ավարտն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։
Ա. Ընդունելիությունը
74. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
75. Դիմումատուն նշել է, որ իրեն կալանավորելու համար դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ: Նրանք դիմումատուի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորվելու վտանգը հիմնավորված համարելիս չեն հիմնվել որևէ ապացույցի վրա, և նրանց եզրահանգումները եղել են պարզապես ներպետական օրեսնդրության համապատասխան դրույթների մեջբերումներ: Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից իր ինքնությունը թաքցնելու մտադրության առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2008 թվականի մարտի 20-ի իր որոշմամբ կայացված եզրահանգմանը, ապա դիմումատուն պնդել է, որ ինքն ազգությամբ հայ է, ծնվել և մեծացել է Իրանում, իր իսկական հայկական անունը Վարդգես Գասպարյան է, որն «իրանացվել» և դարձել է Վարդգես Գասպարի: Հայաստան տեղափոխվելուց հետո նա միշտ ներկայացել է որպես Վարդգես Գասպարյան և նույնիսկ իր՝ մինչև 2006 թվականի կացության քարտը տրված է եղել իր անվան այդ տարբերակով: Ուստի իր ձերբակալման արձանագրության մեջ իր անվան երկու տարբերակներն էլ ներառվել և նշվել են: Այսպիսով, նրա կալանավորումը հիմնավորելու համար Վերաքննիչ դատարանը միտումնավոր կերպով աղավաղել է փաստերը՝ նշելով, որ նրա ինքնությունը բացահայտվել է միայն նրա անձնագիրը ներկայացվելուց հետո: Քննիչի 2008 թվականի մարտի 3-ի արձանագրությունը եղել է կեղծ և հետապնդել է միևնույն նպատակը:
76. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին կալանավորելու համար Վարչական շրջանի դատարանը ներկայացրել է հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես, օրինակ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությունը խոչընդոտելու ռիսկը: Վարչական շրջանի դատարանն իր որոշումը կայացնելիս հիմնվել է գործի այն մեծածավալ նյութերի վրա, որոնք ներկայացվել էին քննիչի կողմից՝ դիմումատուի կալանավորման վերաբերյալ իր միջնորդությունը հիմնավորելու համար: Ավելին, դիմումատուն իր ինքնության վերաբերյալ կեղծ տեղեկություններ է ներկայացրել, որոնք քննիչը և դատարաններն արդարացիորեն մեկնաբանել են որպես նրա՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությունը խոչընդոտելու մտադրության հիմնավորում:
77. Դատարանն անդրադառնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված՝ մինչև դատական քննության ավարտն ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին (տե՛ս Բուզադջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ) և Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v Armenia], թիվ 629/11, §§ 48-53, 2016 թվականի հոկտեմբերի 20) և նշում է, որ արդեն իսկ եզրահանգել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97‑100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2 և Արա Հարությունյանի գործը՝ վերևում հիշատակված, §§54-59): Գործը քննող դատարանների՝ սույն գործով բոլոր որոշումները կայացվել են նույն տրամաբանությամբ. դրանք կամ չեն պարունակել որևէ հիմնավորում, կամ եղել են պարզապես ներպետական օրենսդրությամբ ամրագրված համապատասխան սկզբունքների մեջբերումներ՝ հղում կատարելով հանցանքի ծանրությանը և առանց անդրադառնալու դիմումատուի գործի կոնկրետ փաստերին կամ առանց ներկայացնելու որևէ մանրամասն տեղեկություն, թե ինչով էին հիմնավորված քննությունից թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկերը (տե՛ս վերևում՝ 14-րդ, 17-րդ և 19-րդ պարբերությունները):
78. Ինչ վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից իր 2008 թվականի մարտի 20-ին կայացված որոշման մեջ ներկայացված հիմնավորմանը, ապա Դատարանն ընդունում է, որ երբ կասկածյալն իր ինքնության վերաբերյալ կանխամտածված կերպով տրամադրում է մոլորեցնող տեղեկություններ, դա կարող է լինել կարևոր գործոն, որը պետք է հաշվի առնվի նրա կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վտանգի մասով որոշում կայացնելիս: Այնուամենայնիվ, Դատարանը չի կարծում, որ սույն գործով տվյալ որոշումը բավարար կերպով հիմնավորված էր: Մասնավորապես, առաջինը՝ պարզ չէ, թե ինչ հիմքերով է Վերաքննիչ դատարանը եզրակացրել, որ դիմումատուն, իր ինքնության հետ կապված, կանխամտածված կերպով մոլորության մեջ է գցել քննությունն իրականացնող մարմնին, և որ իր իսկական ինքնությունը պարզվել է միայն 2008 թվականի մարտի 3-ին, երբ դիմումատուի ձերբակալման մասին 2008 թվականի մարտի 2-ին կազմված արձանագրության մեջ արդեն իսկ նշված էր թե՛ նրա պաշտոնական անունը և թե՛ այն անունը, որով դիմումատուի պնդմամբ նա միշտ ներկայացել է: Այդ փաստի, այդ թվում՝ դիմումատուի ձերբակալման արձանագրության մեջ ներառված տեղեկությունների և քննիչի կողմից 2008 թվականի մարտի 3-ին կազմված արձանագրության միջև անհամապատասխանության առնչությամբ ոչ մի բացատրություն չի ներկայացվել: Ավելին, Դատարանը նշում է, որ ո՛չ քննիչը և ո՛չ էլ գործը քննող դատարանը դիմումատուին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորելիս (տե՛ս վերևում՝ 12-րդ և 14-րդ պարբերությունները) չեն հիմնվել այդ փաստի վրա: Վերաքննիչ դատարանն իր որոշումը կայացրել է դիմումատուի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա, ով պնդել է, որ գործը քննող դատարանն իրեն կալանավորելու համար ոչ մի պատճառ չի ներկայացրել (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունում): Վերաքննիչ դատարանը դիմումատուի կողմից ներկայացված ոչ մի փաստարկի չի անդրադարձել, փոխարենը, դիմումատուին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորել է՝ նշելով, որ դիմումատուն իր ինքնության վերաբերյալ կեղծ տեղեկություն է տրամադրել: Չկա ոչինչ, որը կհուշեր, որ կալանավորման այդ հիմքը Վերաքննիչ դատարանում եղել է քննության առարկա, և պարզ է դառնում, որ դատարանը հանգել է համապատասխան եզրահանգման՝ հիմք ընդունելով գործի նյութերը: Դրանով Վերաքննիչ դատարանը զրկել է դիմումատուին այդ հիմքով կալանավորման դեմ առարկություն ներկայացնելու հնարավորությունից, այդ թվում՝ ներկայացնելով նրա կողմից Դատարան բերված փաստարկները: Ուստի, հաշվի առնելով դիմումատուի գործի բոլոր հանգամանքները և ներկայացված պատճառները, Դատարանը կարծում է, որ ներպետական դատարանները դիմումատուի նկատմամբ կալանք կիրառելու և դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ իրենց որոշումների համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել:
79. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
80. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
81. Դիմումատուն պահանջել է 100 000 ԱՄՆ դոլար` որպես նյութական վնասի հատուցում՝ պնդելով, որ դա կազմում է այն վնասի չափը, որը կրել է մինչև ազատությունից զրկվելն իր կողմից ղեկավարվող մասնավոր ընկերությունը: Դիմումատուն նաև պահանջել է 60 258 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
82. Կառավարությունը նշել է, որ նշված վնասների և ենթադրյալ խախտումների միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չէ: Ոչ էլ դիմումատուն որևէ ապացույց է ներկայացրել՝ նյութական և ոչ նյութական վնասների մասով իր պահանջները հիմնավորելու համար: Վերջապես, ոչ նյութական վնասի մասով պահանջվող գումարի չափը ուռճացված է:
83. Դատարանը նշում է, որ դիմումատուն նյութական վնասի մասով իր պահանջն իսկապես չի հիմնավորել որևէ փաստաթղթային ապացույցով: Ուստի այս պահանջը պետք է մերժվի։ Մյուս կողմից՝ Դատարանը կարծում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար այն դիմումատուին շնորհում է 4 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
84. Դիմումատուն ծախսերի և ծախքերի մասով որևէ պահանջ չի ներկայացրել։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
85. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանների և նրան կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելու վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ թիվ 4, 9, 20, 29 և 42 խցերում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ թիվ 10 և 79 խցերում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանների մասով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում.
5. Վճռում է, որ`
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 4 000 եվրո (չորս հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Աբել Կամպոս Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս Քարտուղար Նախագահ