ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3998/02/16 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3998/02/16 |
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան |
Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան |
Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի փետրվարի 07-ին
քննարկելով ըստ հայցի Երևան քաղաքի դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Արծրուն Նաջարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արծրուն Նաջարյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 8.320.000 ՀՀ դրամ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2017 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.08.2017 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Հ. Ասլանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, համարելով, որ Արծրուն Նաջարյանին և Դատարանին հասցեագրված պատվիրված առաքանու ու փոստային անդորրագրի պատճենները չեն կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ, և դրա արդյունքում ձևական նկատառումներով վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրաիրավական նորմերն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի հիմնարար պահանջները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցը վերաքննիչ բողոքին կից բնօրինակի ձևով ներկայացնելու պարտականություն չի նախատեսում:
Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, այն որևէ իրավական ակտով չի հիմնավորել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածների խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին նախադասության համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները:
Նշված հոդվածների վերլուծությունից նաև բխում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները:
Սույն գործով Դատախազությունը Դատարանի 19.06.2017 թվականի վճռի դեմ 06.07.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրա եզրափակիչ մասում նշելով, որ կից ներկայացնում է բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցները՝ մեկ թերթից, մինչդեռ այն չի կցել (հատոր 1-ին, գ.թ. 94-103): Դրա վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից կազմվել է համապատասխան ակտ (հատոր 1-ին, գ.թ. 105):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 14.07.2017 թվականին որոշում է կայացրել Դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն եղել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ սահմանվել է ժամկետ՝ այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 107-108):
Դատախազությունը 17.07.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է մուտքագրել 03.07.2017 թվականի պատվիրված առաքանու և փոստային անդորրագրի պատճենները՝ հասցեագրված Արծրուն Նաջարյանին և Դատարանին (հատոր 1-ին, գ.թ. 111-112):
Դատախազությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ստացել է 25.07.2017 թվականին, և 28.07.2017 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նշելով, որ չնայած առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է եղել, որ վերը նշված ապացույցի պատճենը կցված է վերաքննիչ բողոքին, սակայն այն առանձին գրությամբ 14.07.2017 թվականին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բողոքին կից ներկայացվել է բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցների պատճենները (հատոր 2-րդ, գ.թ. 1-2, 6-16, 19):
24.08.2017 թվականին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Դատախազության կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես այդպիսին ներկայացվածին` արձանագրել է, որ այն պատճենի տեսքով է, ուստի չի կարող դիտվել որպես վերը նշված փաստաթղթերն ուղարկելու փաստը հաստատող ապացույց: Դրա հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում է կատարել այն մասին, որ 14.07.2017 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները չեն վերացվել (հատոր 2-րդ, գ.թ. 21-22):
Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել են վերաքննիչ բողոքի պատճենները 03.07.2017 թվականին գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցների բնօրինակները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 14.07.2017 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցները վերաքննիչ բողոքին կցված չլինելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, ըստ էության Դատախազությանն առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն: Ավելին` դատարանը ժամկետ է տվել վերը նշված թերությունը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:
Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերը նշված պատճառաբանությամբ վերադարձնելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ պետական մարմինների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին կից բողոքի պատճենները դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցներ կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների երաշխավորմանը՝ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը՝ իրենց իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտի՝ բողոքարկված լինելու վերաբերյալ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացվել է ապացույց, որից միանշանակորեն հետևում է, որ Դատախազությունը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս, այն է՝ թե՛ առաջին անգամ, և թե՛ կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելիս կատարել է օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունը՝ վերաքննիչ բողոքի պատճենը դեռևս 03.07.2017 թվականին ուղարկելով Դատարանին և Արծրուն Նաջարյանին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից պարտադիր է համարվել այնպիսի ապացույցի ներկայացումը, որից միանշանակորեն պարզ կլինի, որ բողոք բերող անձը բողոքի պատճեններն ուղարկել է դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց: Այսինքն՝ էականը տվյալ դեպքում բողոքի պատճեններն ուղարկված լինելու վերաբերյալ հավաստիանալն է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով Դատախազությունը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքի պատճեններն ուղարկել է Դատարանին և Արծրուն Նաջարյանին, որպիսի պարագայում Դատախազությանը վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես ՄԻԵԴ-ի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող' |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ' |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |