ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 1-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված կանոններով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգով սահմանված կարգի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 413-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու այն մինչև բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 414.4-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:»։
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 415.1-ին հոդվածով.
«Հոդված 415.1. | Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը և ժամկետը |
1. Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
2. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:
3. Վճռաբեկ դատարանում բողոքը քննվում է ողջամիտ ժամկետում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 417-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենսգրքի 418-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 418. | Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում |
1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և դատավարության մյուս մասնակիցները ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է գործի հանգամանքները, դատավճռի կամ որոշման բովանդակությունը, վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած դատավարության մասնակիցներին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:»:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 418.1-ին հոդվածով.
«Հոդված 418.1. | Վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգը |
1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի կայացման օրվա մասին:
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:
4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:
5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 423-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 423. | Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը և օրինական ուժի մեջ մտնելը |
1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
2. Դատական նիստում վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը, ինչպես նաև սույն օրենսգրքի 414․1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414․3-րդ հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:»:
Հոդված 9. Օրենսգրքի 424-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 424. | Վճռաբեկ դատարանի որոշումը դատավարության մասնակիցներին և համապատասխան դատարան ուղարկելը |
1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին և համապատասխան դատարանին ողջամիտ ժամկետում:»:
Հոդված 10. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների քննության վրա, որոնք քննվում են սույն օրենքով նախատեսված գրավոր ընթացակարգով, եթե վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում չի կայացվել:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 1 Երևան ՀՕ-344-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2020 թվական: