ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածում`
1) 8-րդ մասի «ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «անկանխիկ եղանակով» բառերով, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա:».
2) 9-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով նպաստի գումարը ծնողի հաշվարկային հաշվին» բառերով.
3) 11-րդ մասի «վճարվում է» բառերը փոխարինել «կանխիկ եղանակով վճարվում է» բառերով:
Հոդված 2. Օրենքի 28.1-ին հոդվածի 6.1-ին մասից հանել «կամ կանխիկ» բառերը և «Այդ ժամկետում չվճարված խնամքի նպաստի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.
«9. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե նպաստը նշանակվել է՝
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը:
11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ և 12-րդ մասերով նախատեսված բացառությունները:
12. Մինչև սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով՝
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Օրենքի 39-րդ հոդվածի 10-րդ մասում նշված ցանկը հաստատելու մասին և 12-րդ մասում նշված՝ բանկը կամ Ազգային օպերատորին ընտրելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-323-Ն |