ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 209.1-ին և 209.2-րդ հոդվածներով.
«Հոդված 209.1. | Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության առանձնահատկությունները |
1. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կարող է կատարվել, եթե՝
1) վկան և տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին.
2) անհրաժեշտ է ապահովել վկայի և տուժողի անվտանգությունը.
3) հարցաքննության կատարումն անհնարին է, կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:
2. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմին՝ սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
3. Հանձնարարության հիման վրա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:
4. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ և 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության դեպքում՝ հաշվի առնելով նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները: Հարցաքննությունից առաջ վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ստուգում և հաստատում է վկայի և տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:
5. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով՝ սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:
6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվեն պատկերի և ձայնի պատշաճ որակը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը:
7. Տեսակապի միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 29-րդ և 209-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը՝ նշում կատարելով այդ մասին և ստորագրելով:
8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի և տուժողի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան և տուժողը հարցաքննության են ներկայացել փաստաբանի հետ, վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:
9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության արձանագրությունը՝ կից նյութերով, և ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը:
Հոդված 209.2. | Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի՝ տեսակապի միջոցով հարցաքննության առանձնահատկությունները |
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի հարցաքննությունը նախաքննության մարմնի որոշմամբ կարող է կազմակերպվել տեսակապով՝ օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով՝ այդ մարմին վկայի կամ տուժողի ներկայանալու դեպքում։ Հարցաքննությունից առաջ դիվանագիտական ծառայության մարմինն ստուգում և հաստատում է վկայի կամ տուժողի ինքնությունը և ապահովում տեսակապը՝ նախաքննության մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները կատարելու նպատակով։
2. Տեսակապի միջոցով վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ և 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության դեպքում՝ հաշվի առնելով նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա հարցաքննվում, և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, տեղեկացնում է իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին, եթե վկան ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ, ինչպես նաև այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է հարցաքննվող անձի փոխհարաբերության բնույթը կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի հետ և սկսում է հարցաքննությունը:
4. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները, հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով՝ սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:
5. Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված հարցաքննության վերաբերյալ կազմվում է արձանագրություն և ուղարկվում օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին՝ հարցաքննվող անձին ծանոթացնելու նպատակով: Հարցաքննվող անձն ստորագրում է արձանագրությունը, իսկ լրացումներ և ուղղումներ ունենալու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ուղարկվում է քննիչին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-301-Ն |