ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 62-րդ և 63-րդ կետերով.
«62) արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության պլան՝ արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթուղթ.
63) արտակարգ իրավիճակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգ՝ անկախ սեփականության ձևից` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ և միջոցառումներ՝ ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող հնարավոր հետևանքների կանխարգելմանը, նվազեցմանը և վերացմանը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 8.1
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 42.1. | Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները |
1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները սահմանում են արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության հիմնական սկզբունքները, արտակարգ իրավիճակի հետևանքների կանխարգելման, նվազեցման և վերացման համար անհրաժեշտ միջոցառումները:
2. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները մշակում և հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:
3. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները վերանայվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից:
Հոդված 42.2. |
Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության և սպասարկման կարգը |
1. Արտակարգ իրավիճակի դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմինը, արտակարգ իրավիճակի առաջացման հիմքով պայմանավորված, ողջամիտ ժամկետում մշակում և հաստատում է արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, որը պարտադիր է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 27 Երևան ՀՕ-379-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական: